Շուկայական խորշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շուկայական խորշ (կամ որմնախորշ), շուկայի առանձին հատված է, որի համար թիրախավորվում է կոնկրետ ապրանքը։

Շուկայական խորշ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շուկայական խորշը սահմանում է ապրանքի հատկանիշները, որոնք ուղղված են թիրախային լսարանի առանձնահատուկ պահանջմունքները բավարարելուն։ Որպես այդպիսի պահանջմունքներ կարող են հանդես գալ ապրանքի գնային միջակայքը, որակը, լսարանի ժողովրդագրական կազմը։ Շուկայական խորշը ամբողջ շուկայի փոքր սեգմենտ է, և երբեմն որոշակի ապրանք կամ ծառայություն կարող է ստեղծվել բավարարելու համար հենց որոշակի շուկայական խորշի[1]։ Ի տարբերություն զանգվածային լսարանների, որոնք ներառում են մեծ թվով մարդկանց, որմնախորշային լսարանը առավել քիչ թվով անձանցից է կազմված[2]։

Ոչ բոլոր ապրանքները կարող են բնութագրվել իրենց շուկայական խորշով։ Շուկայական խորշը շատ առանձնահատուկ է ու ենթադրում է մասնագիտացված արտադրանքի պահանջարկ։ Որոշ կայացած ընկերություններ էլ արտադրում են ապրանքներ հատուկ որևէ շուկայական խորշի համար․ Hewlett-Packard֊ը ունի բազմաֆունկցիոնալ սարքավորմներ նախատեսված տպագրության, ծրման (սքանավորման) և ֆաքսի համար միաժամանակ, որոնց թիրախը տնային գրասենյակների շուկայական խորշն է, այնինչ ունի նաև այս գործողություններից յուրաքանչյուրի համար նախատեսված առանձին սարքավորումներ մեծ բիզնեսների համար[3]։

Սովորաբար փոքր կապիտալով մատակարարաներն ու վաճառքով զբաղվող բիզնեսները ընտրում են որոշակի ժողովրդագրական հատկանիշներով նեղ շուկայական խորշ որպես իրենց շահույթի մարժայի մեծացման միջոց։ Այստեղ ոչ թե վերջնական ապրանքի որակն է (բարձր կամ ցածր) կախված պահանջարկի ճկունությունից, այլ առանձնահատուկ պահանջմունքերը, որոնց բավարարմանն են դրանք ուղղված, իսկ որոշ դեպքերում նաև ապրանքանիշի համբավը (ճանաչվածություն, կիրառելիություն, խնայողականություն, թանկություն, բնապահպանական կամ սոցիալական պատասխանատվություն)։ Երբ կան առանձնահատուկ և նույնիսկ բարդ հատկանիշներ ունեցող կարիքներ կամ պահանջմունքներ, շուկայական խորշը պահանջում է մասնագիտացված մատակարարներ, որոնք ընդունակ են բավարարել նման սպասումները։

Մարքեթինգը շուկայական խորշերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնախորշերի մարքեթինգը ընկերության կողմից ապրանքների և ծառայությունների առաջարկի ձևավորումն է, որը զգալիորեն հարմարեցված է շուկայի մեկ կամ մի քանի ենթահատվածների սպառողների առանձնահատուկ կարիքներին և հաճախ բնութագրվում է մրցակցության ավելի ցածր աստիճանով[4]։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը բերել է փոփոխությունների նաև մարքեթինգի բնագավառում, այդ թվում՝ որմնախորշային մարքեթինգի։ Որմնախորշային վեբ կայքերը կարող են երբեմն զարգանալ ավելի արագ՝ սպասարկելով շուկայի խիստ որոշակի հատվածի։ Սրանք կարող են ապահովել համեմատաբար քիչ եկամուտ, բայց հիմնականում՝ առավել կայուն։ Ոչ մեծ որմնախորշային վեբ կայք է SewingSpot֊ը։ Մեծ խորշերի համար առավել բարդ է իրացնել իրենց շուկայում, քանի որ գովազդային ծախսերը մեծանում են օգտագործվող բանալի բառերի տարածվածությանը համամասնորեն։ Նույնիսկ հեռուստատեսային ոլորտը խորշավորվում է լսարանի առանձնահատուկ պահանջմունքների ձևավորմանը զուգահեռ․ սա հնարավորություն է տալիս գովազդատուներին ունենալ ավելի ուղիղ լսարան[5]։

Որոշակի խորշեր կարող են գերհագեցվել շուկայավարողներից `ավելացնելով մրցակցությունը և այդպիսով նվազեցնելով յուրաքանչյուր մրցակցի համար շուկայական մասնաբաժինը։ Լուծման եղանակ է դեռևս անհայտ բայց եկամտաբեր խորշերի բացահայտումը։ Սրա իրականացման ամենատարածված եղանականերից է ամենաորոնվող բանալի բառերի ուսումնասիրությունը։ Որմնախորշային խաղացող դառնալու առավելություն է ոչ միայն լրացուցիչ եկամտի ապահովումն ու լոյալ լսարանի ձեռքբերումը, այլև այդ շրջանակի համար հիմնական դերակատար դառնալու հնարավորությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Thivierge (2021 թ․ մարտի 20). «Digital Niche Marketing:Definition». Digital HEC Montréal. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 27-ին.
  2. Chandler, Daniel; Munday, Rod (2011). A Dictionary of Media and Communication (1st ed.). New York: Oxford University Press. էջեր 290, 295, 421. ISBN 978-0-19-956875-8.
  3. «3 Rules for Niche Marketing». Entrepreneur. Վերցված է 2012 թ․ հուլիսի 9-ին.
  4. ԶԱՔԱՐՅԱՆ Ա. Ե. և այլք (2013). «ՄԱՐՔԵԹԻՆԳԻ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ» (PDF). Երևան: «ՏՆՏԵՍԱԳԵՏ». էջ 208.
  5. Lotz, A. (2007), The Television will be revolutionized, pg 180