Շողիկ Ասոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շողիկ Ասոյան
Ծնվել էփետրվարի 10, 1948(1948-02-10) (71 տարեկան)
ԾննդավայրԱրա, Հայաստան, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունպատմաբան և հասարակական գործիչ

Շողիկ Հարությունի Ասոյան (փետրվարի 10, 1948 թ., Ապարանի շրջան, Արա (գյուղ)), պատմաբան, հասարակական-քաղաքական գործիչ, ՀՀ ոստիկանության փոխգնդապետ (1995 թ.), ՀՀ կառավարությանն առընթեր հուշարձանների վարչության պետի տեղակալ, ՀՀ մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1966 թ-ին ավարտել է Երևան քաղաքի Պեյո Յավորովի անվան թիվ 131 միջնակարգ դպրոցը, 1977 թ-ին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի հնագիտության բաժինը։ 1974-1976 թթ-ին եղել է ՀԽՍՀ արխիվային գլխավոր վարչության կինո-ֆոտո-ֆոնո փաստաթղթերի պետական արխիվի մասնագետ, 1976-1983 թթ-ին Երևան քաղաքի պատմության պետական, "Խորհրդային Հայաստանը Հայրենական մեծ պատերազմում" թանգարանների գիտաշխատող, 1984-1992 թթ-ին՝ ՀԽՍՀ (ապա՝ ՀՀ) պատմական հուշարձանների պահպանության և օգտագործման գլխավոր վարչության գիտաարտադրական ինստիտուտի հուշարձանների պահպանության բաժնի հնագետ, 1994-1995 թթ-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ներքին զորքերի գիտաարտադրական բյուրոյի պետի տեղակալ, 1995-1998 թթ-ին Երևան քաղաքի ներքին գործերի բաժնի անձնագրային ծառայության պետ, 2000-2001 թթ-ին՝ ՀՀ պատմության հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ, 2001-2005 թթ-ին՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետ։ 2005 թ-ի դեկտեմբերին նշանակվել է "Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն։ 1966 թ-ին դարձել է Երևանում գործող ընդհատակյա հայրենասիրական խմբակի, 1968 թ-ին՝ Երևանի պետական համալսարանում ստեղծված "Հայ մշակույթի ակումբ" հայրենասիրական լեգալ կազմակերպության անդամ։ 1969 թ-ին ընդունվել է Ազգային միացյալ կուսակցություն գաղտնի կազմակերպության շարքերը։ Քաղաքական գործունեության պատճառով 1970 թ-ին Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի 3-րդ կուրսից հեռացվել է։ 1987 թ-ի դեկտեմբերին դարձել է "Հայ դատի պաշտպանության ընկերություն" հասարակական կազմակերպության փոխնախագահ և "Հայ դատ" ամսագրի փոխխմբագիր։ 1988-1992 թթ-ին "Հայ դատ" կազմակերպության ռազմականացված ջոկատները մասնակցել են Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանության մարտական գործողություններին։ 1989-1992 թթ-ին կազմակերպությունը ստանձնել է Արցախի Բերդաձորի ենթաշրջանի պաշտպանությունը։ Ապահովվել է ենթաշրջանի բնակչության անվտանգությունը, բացվել Երևան-Բերդաձոր ուղղաթիռային չվերթը, Բերդաձոր է հասցվել սննդամթերք, զինամթերք։ Համակարգել է Բերդաձորում գործող ջոկատների աշխատանքը։ 2007 թ-ի մայիսի 12-ին Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակով ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի չորրորդ գումարման պատգամավոր, սակայն իր դիմումի համաձայն մնացել է գործադիր կառույցում աշխատանքի։