Շկոցյանսկե Յամե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Շկոցյանսկե Յամե
Տեսակքարանձավ և էքսկուրսիոն անձավ
Երկիր Սլովենիա
ՎարչատարածքMunicipality of Divača?
ԲԾՄ378 մետր
Երկարություն6200 մետր
Մակերես413 հեկտար
Պահպանման տարածքŠkocjan Caves Regional Park?
Քարտեզ
Քարտեզ

Շկոցյանսկե Յամե (սլովեն.՝ Škocjanske jame, իտալ.՝ Grotte di San Canziano, գերմ.՝ Höhlen von St. Kanzian), կրաքարային քարանձավ Սլովենիայի հարավ-արևմուտքում՝ Կարստ սարահարթի վրա[1]։ Քարանձավն առաջացել է Րեկա գետի (թափվում է Ադրիատիկ ծով) հոսանքից։ Շկոցյանսկեն աշխարհում առավել հայտնի համակարգերից մեկն է կարստային երևույթներն ուսումնասիրելու համար։

Շկոցյանսկե Յամեն 1986 թվականին ընդգրկել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում, 1996 թվականին ստացել տարածքային պարկի կարգավիճակ, ստորերկրյա ջրային պաշարները պահպանվում են Ռամսարի համաժողովով, 2004 թվականից համարվում է կրստային կենսաբանական արգելոց[2]։

Ընդհանուր բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Րեկա գետը, որը ձևավորել է Շկոցյանսկե Յաման, մինչև Կարստ սարահարթ երկրի մակերևույթով հոսում է մոտ 55 կմ։ Առաջին 4 կմ-ը այն հոսում է կիրճով, որից հետո անցնում է գետնի տակ․ այդ ճեղվածքի ուղիղ վերևում է գտնվում Շկոյան գյուղը։ Հնում՝ հնարավոր է վաղ պլեյստոցենում, քարանձավի սկզբնական հատվածը փլուզվել է՝ ձևավորելով Վելիկա Դոլինայի (մոտ 165 մ խորությամբ) և Մալա Դոլինայի (մոտ 120 մ խորությամբ) կարստային իջվածքները, որոնք բաժանված են բնական կամրջակով՝ քարանձավի նախկին առաստաղի մնացորդներով։ Շկոցյան գյուղի մոտ կա ևս մեկ մուտք՝ Օկրոգլիցա 90 մետրանոց անդունդը[3]։

Վելիկա Դոլինայի հատակում Րեկա գետը մտնում է Շկոցյանսկե Յամե և երկրի մակերևույթ է դուրս գալիս միայն 34 կմ-ից՝ Իտալիայի տարածքում և արդեն կոչվում է Տիմավո։ Քարանձավի մի մասը, որով հոսում է Րեկա գետը, կոչվում է Շումեչա Յամա (Šumeča jama) և ունի 3,5 կմ երկարություն։ Քարանձավային ողջ համակարգի ճանապարհների երկարությունը, որ հասնում է մինչև 223 մ խորության, կազմում է 6,2 կմ։ Համակարգում կան կարտային բազմաթիվ իջվածքներ, ստորգետնյա շերտեր և մոտ 30 ջրվեժ՝ 10 մ բարձրությամբ։ Այս համակարգում է գտնվում Եվրոպայի խոշորագույն ստորգետնյա այրերից մեկը՝ Մարտելի սրահը (Martelova dvorana)՝ 2,2 միլիոն մ³ ծավալով, 146 մ բարձրությամբ, 300 մ երկարությամբ և 120 մ լայնությամբ[2]։

Հոսելով քարանձավով՝ գետը ձևավորում է 2,6 կմ լայնությամբ, 10-60 և մինչև 146 մ բարձրությամբ կիրճեր։ Գետի՝ 47 մ բարձրությամբ կիրճի վրա կառուցվել է Ցերկվենիկով կամուրջը (Cerkvenikov most)։ Ջրի ամենաբարձր մակարդակը գրանցվել է 1826 թվականին՝ 128 մ[2]։

Քարանձավի չոր տեղերում ջերմաստիճանը կայուն է և կազմում է մոտ 12 °C, իսկ որտեղ հոսում է գետը, այն կարող է հասնել մինչև 20 °C-ի։ Օդի հարաբերական խոնավությունը 80-100 % է[2]։

Ուսումնասիրման պատմություն և զբոսաշրջություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վելիկա Դոլինա, հետևում՝ Մալա Դոլինա։ հետին պլանում Շկոցյան գյուղն է։

Ներկայիս պատկերացումներով մարդիկ սկսել են ապրել քարանձավներում մ․ թ․ ա․ 3-1,7 հազար տարի առաջ։ Տոմինչևա (Tominčeva) քարանձավում հայտնաբերվել է մարդկային տասը կմախք՝ թաղման ծիսակարգի իրերով։ Շկոցյանսկե Յամեի մասին գրավոր առաջին վկայությունները թվագրվում են մ․ թ․ ա․ 2-րդ դարին։ Հին հույն պատմաբան, աշխարհագրագետ Պոսիդոնիոսը գրել է, որ Տիմավա գետը հոսում է սարերից ու թափվում կիրճի մեջ, այնուհետև անցնելով 130 ասպարեզ, ծովի մոտ դուրս է գալիս գետնի տակից։ Սլովենացի գիտնական Յանեզ Վայկարդ Վալվազարը (1641—1693) Րեկա գետի ավազանը և նրա ստորգետնյա հոսանքը նկարագրել է «Կրայնա հերցոգության փառքը» (սլովեն.՝ Slava vojvodine Kranjske, գերմ.՝ Die Ehre deß Herzogthums Crain) գրքում, որը լույս է տեսել 1689 թվականին և պարունակում է սլովենական հողերի մանրամասն նկարագրություն։ Քարանձավի համակարգված ուսումնասիրությունը սկսվել է 19-րդ դարում, իսկ 1890 թվականին հետազոտողները հասել են քարանձավի վերջում գտնվող Մեռյալ ծովին։ 100 տարի անց՝ 1990 թվականին, ջարասուզորդներին հաջողվել է սուզվել Լեդենի Դիխնիկ (Ledeni dihnik) ստորգետնյա թունել և բացահայտել ավելի քան 200 մ նոր մուտքեր[4]։

Վելիկա Դոլինայի փաստաթղթավորված առաջին այցելությունները թվագրվում են 18-րդ դարի երկրորդ կեսին։ 1823 թվականից այնտեղ կարողացել են իջնել զբոսաշրջիկները, իսկ 1884-1906 թվականներին զբոսաշրջային ուղերթներ են մշակվել դեպի քարանձավ։ 1959 թվականին քարանձավում անցկացվել է էլեկտրականություն։ 2006 թվականին պարկ է այցելել մոտ 90,000 մարդ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Словения: Общегеографическая карта / сост. и подгот. к изд. Омской картогр. ф-кой в 2005 г.; ст. ред. Т. П. Филатова; ред. Н. Н. Чугунова. — 1:300 000, 3 км в 1 см. — М.: Роскартография, 2005. — ISBN 5-95230108-8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 «Škocjan Caves ID». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հուլիսի 24-ին. — Škocjan Caves Park
  3. «Description of the Caves». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 30-ին. — Škocjan Caves Park
  4. «History of exploration». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 5-ին. — Škocjan Caves Park

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շկոցյանսկե Յամե» հոդվածին։