Շլիտցի
| Ծնվել է | սեպտեմբերի 10, 1901 |
|---|---|
| Ծննդավայր | Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
| Մահացել է | սեպտեմբերի 24, 1971 (70 տարեկան) |
| Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
| Գերեզման | Queen of Heaven Cemetery[1] |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | sideshow performer, դերասան, կրկեսի դերասան և կինոդերասան |
Շլիտցի (սեպտեմբերի 10, 1901, Բրոնքս շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ - սեպտեմբերի 24, 1971, Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, իսկական անունը՝ Սայմոն Մեց[2], իրավաբանորեն՝ Շլիտցի Սյորտիս), կրկեսի և կառնավալների ամերիկացի փողոցային դերասան ու կինոդերասան, ով առավել հայտնի է 1932 թվականին նկարահանված «Հրեշներ» ֆիլմում կատարած դերով։ Բազմաթիվ ելույթներ է ունեցել հայտնի կրկեսային ատրակցիոններում, այդ թվում՝ Բարնումի և Բեյլիի կրկեսներում:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շլիտցիի իրական անունը, ծննդյան տարեթիվն ու վայրը հայտնի չեն։ Նրա մահվան վկայականում և հետագայում գերեզմանի վրա, նշված է, որ նա ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 10-ին, Բրոնքսում, Նյու Յորք[3], չնայած 1892 թվականը նույնպես նշվում է որպես ծննդյան հավանական տարեթիվ։ Բացի այդ, որոշ աղբյուրներ նշում են, որ նա ծնվել է Նյու Մեքսիկո նահանգի Սանտա Ֆե քաղաքում։ Այն պնդումները, որ նա ծնվել է Մեքսիկայի Յուկատան թերակղզում, համարվում են սխալ, դա նրա շոուների և ելույթների «գովազդի» մի մասն էր, երբ նրան ներկայացնում էին որպես «ացտեկներից վերջինը»:
Շլիտցին ծնվել է փոքրագլխություն զարգացման արատով, որի արդյունքում նա ուներ շատ փոքր ուղեղ և գանգ, կարճահասակ էր (122 սանտիմետր)[4], տառապում էր կարճատեսությամբ և միջինից մինչև ծանր մտավոր հետամնացությամբ։ Ենթադրվում էր, որ նրա մտավոր ընդունակությունը երեք տարեկան երեխայի մակարդակի էր, նա ի վիճակի չէր լիարժեք հոգ տանել իր մասին և կարող էր արտասանել միայն մի քանի բառ և մի քանի շատ պարզ նախադասություն: Այնուամենայնիվ, նա, կարող էր կատարել տարբեր պարզ գործողություններ և համարվում էր, որ կարող էր հասկանալ իրեն ասվածի մեծ մասը, ինչպես նաև աչքի էր ընկնում արագ արձագանքներով և զարգացած ընդօրինակելու կարողություններով[5]: Նրան ճանաչողները Շլիտցին նկարագրում էին որպես բարի, աշխույժ և շփվող մարդ:
Այդ ժամանակների ավանդական պրակտիկայի համաձայն՝ կարելի էր ենթադրել, որ Շլիտցին գնել կամ պարզապես տարել են փողոցային կրկեսի կատարողները նրա կենսաբանական ծնողներից, որոնց մասին ոչ մի տեղեկություն չի պահպանվել։ Նրա խնամակալները, որպես կանոն, նրա գործատուներն էին, երբեմն օրենքով, երբեմն էլ միայն դե ֆակտո։ Նրա համար պատասխանատվությունը մի մարդուց անցնում էր մյուսին, քանի որ կրկեսային ատրակցիոնները, որտեղ նա ելույթ էր ունենում, վերավաճառվում էին։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Փողոցային կրկեսներում և փոքրագլուխային շոուներում նման կատարողները սովորաբար ներկայացվում էին որպես «քորոցի գլխով մարդիկ» կամ «էվոլյուցիայի անհայտ կորած օղակներ», իսկ Շլիտցին ներկայացնում էին «Ացտեկներից վերջինը», «Աղջիկ կապիկ» կամ պարզապես «Ինչ է նա» անուններով։ Նա հաճախ ելույթ էր ունենում փոքրագլուխների հետ զույգերով: Վառ օրինակներից մեկը նրա համատեղ ելույթն էր փոքրագլուխ կնոջ՝ Ատելիայի հետ, երբ նրանք ներկայացվեցին որպես «Ավրորա և Նատալիա, ացտեկ քույրեր»[6]: Շատերը ենթադրեցին, որ Ատելիան իսկապես Շլիտցիի քույրն է, բայց այդ ենթադրությունը ոչնչով չէր հաստատվում:
Շլիտցը հաճախ հագնվում էր գունեղ հավայական մուու-մուու հագուստով և հաճախ իրեն ներկայացնում էր կնոջ, կամ անդրոգինի տեսքով ՝ իր տարօրինակ արտաքինին և վարքագծին առեղծվածություն հաղորդելու համար: Երբեմն նրան անվանում էին «նա (արական) և նա (իգական)»: Որոշ աղբյուրներ նշում են, որ Շլիտցի համար նման հագուստի ընտրությունը պայմանավորված էր նրանով, որ նա տառապում էր միզուղիների անմիզապահությամբ, ստիպված էր տակդիրներ կրել և նման հագուստը հեշտացնում էր նրա խնամքը[7]։ Սա վիճելի էր, քանի որ պահպանված լուսանկարներից շատերում երևում է, որ Շլիտցին տաբատ է կրում իր մուու-մուուի տակից, և նրանք, ովքեր ճանաչում էին նրան, երբեք չեն ասել, որ նա անմիզապահություն է ունեցել մինչև ծերություն:
Շլիտցիի փողոցային կրկեսային ներկայացումները մեծ հաջողություն ունեցան։ 1920-1930-ական թվականներին նա աշխատել է բազմաթիվ կրկեսների հետ, այդ թվում Բարնումի և Բեյլի կրկեսը, Կլայդ Բետտի կրկեսը, Թոմ Միսկի կրկեսը և Crafts 20 Big Shows and Foley & Burke Carnival-ը[8]։
1928 թվականին Շլիտցին առաջին անգամ նկարահանվել է Sideshow ֆիլմում, դրամա, որը տեղի էր ունենում կրկեսում, որտեղ խաղում էին փողոցային ներկայացումների բազմաթիվ դերասաններ։
«Հրեշներ»-ը և հետագա կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1932 թվականին Շլիտցին ստացավ իր ամենահայտնի դերը Թոդ Բրաունինգի «Հրեշներ» ֆիլմում։ Ինչպես Sideshow-ն, ֆիլմը շրջիկ կրկեսի մասին էր, և շատ դերեր խաղացել են իրական փողոցային դերասաններ, այդ թվում՝ սիամական երկվորյակներ Դեյզի և Վիոլետա Հիլթոնները և արքայազն Ռանդիանը՝ «թրթուր մարդը»։ Ֆիլմում նկարահանվել են նաև երկու «քորոցի գլխով մարդիկ», իսկ Շլիտցին (ֆիլմում մարմնավորել է կնոջ կերպար) նկարահանվել է դերասան Ուոլես Ֆորդի հետ անհասկանալի երկխոսություններով տեսարանում։
Հաշմանդամ փողոցային դերասանների ընդգրկումը «Հրեշներ» ֆիլմում մեծ հակասություններ առաջացրեց դրա թողարկումից հետո և ֆիլմն ինքնին, ի վերջո, կոմերցիոն տեսանկյունից ձախողված էր: Բացի այդ, այն գրեթե երեսուն տարի արգելված էր Միացյալ Նահանգներում և Բրաունինգը ֆիլմի թողարկումից հետո աշխատանք գտնելու անհաջող փորձեր էր անում: Ենթադրվում է, որ այդ ֆիլմից հետո Շլիտցին նկարահանվել էր մի շարք ֆիլմերում, մի քանի փոքր դերերում, օրինակ՝ 1934 թվականին նկարահանված «Վաղվա օրվա երեխաները» ֆիլմը, որտեղ նա խաղացել էր մտավոր հաշմանդամ հանցագործի դեր, որը ենթարկվել էր հարկադիր մեկուսացման: Նրան է վերագրվում նաև 1932 թվականին նկարահանված «Կորած հոգիների կղզի» ֆիլմում նկարահանվելը, որտեղ նա խաղացել է փոքրիկ դեր՝ «մորթոտ կաթնասուն»-ի կերպարը[9]։ Այնուամենայնիվ, կասկածներ կան, թե արդյոք Շլիտցին իրականում խաղացել է այդ երկու ֆիլմերում, թե դա նրա կրկնորդն է[10]։
1935 թվականին, երբ Շլիտցին ելույթ էր ունենում Թոմ Միկսի կրկեսում, շիմպանզեների մարզիչ Ջորջ Սյորտիսը սկսեց հոգ տանել նրա մասին՝ դառնալով նրա օրինական խնամակալը։ 1941 թվականին Շլիտցին վերջին անգամ նկարահանվեց կինոյում՝ խաղալով Արքայադուստր Բիբիի դերը, որը փողոցային ատրակցիոնի դերասանուհի էր «Ծանոթացեք Բոստոնյան Բլեկին» ֆիլմում[11]։
Հոսպիտալացում և վերջին տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սյորտիսի խնամակալության ներքո Շլիտցին շարունակեց ելույթ ունենալ կառնավալային և բալագանային բեմադրություններում մինչև Սյորտիսի մահը 1965 թվականիը, երբ վերջինիս դուստրը, որը շոու բիզնեսի հետ կապ չուներ, նրան տեղավորեց Լոս Անջելեսի օկրուգային հիվանդանոցում։
Շլիտցին որոշ ժամանակ մնացել էր հիվանդանոցում, մինչև որ նրան ճանաչել էր սուր կուլ տվող Բիլ Ունկսը, ով աշխատում էր հիվանդանոցում, երբ հյուրախաղերի չէր լինում և ճանաչում էր Շլիտցին։ Ըստ Ունկսի՝ Շլիտցին շատ էր տանջվում այն պատճառով, որ չէր կարողանում մասնակցել ներկայացումներին, իսկ հասարակությունից հեռու լինելը նրան տխրություն և խորը ընկճվածություն էր պատճառում։ Արդյունքում, հիվանդանոցի ղեկավարությունը որոշեց, որ Ունկսի այն ժամանակվա գործատուն՝ գործարար Սեմ Ալեքսանդերը, կարող էր ավելի լավ խնամք ապահովել Շլիտցի համար և նրան վերադարձրին փողոցային կրկես:
Կյանքի վերջին տարիներին Շլիտցին բնակվել է Լոս Անջելեսում, պարբերաբար հանդես գալով տարբեր շոուներում ինչպես տեղական, այնպես էլ միջազգային մակարդակներում. նա հաճախակի ելույթ է ունենում Հավայան կղզիներում և Լոնդոնում[12], իսկ նրա վերջին խոշոր ելույթը տեղի էր ունեցել 1968 թվականին Դոբրիչյան միջազգային կրկեսի հետ մի ներկայացումով, որը կայացել էր Լոս Անջելեսի սպորտային արենայում: Շլիտցին նաև ուշադրություն էր գրավել նաև ելույթներ ունենալով Հոլիվուդի փողոցներում մարդկանց համար, իսկ նրա խնամակալները վաճառում էին նրա լուսանկարները և նրա հետ կապված տարբեր իրեր[13]:
Շլիտցին մահացել է 1971 թվականի սեպտեմբերի 24-ին, մոտավորապես 70 տարեկան հասակում, թոքաբորբից։ Նրա մահվան վկայականում նրա անունը նշված է «Շլիտցի Սյորտիս», իսկ ծննդյան տարեթիվը՝ 1901 թվական: Նա ի սկզբանե թաղվել է Կալիֆոռնիայի Ռոուլենդ Հեյթս գերեզմանատան անհայտ գերեզմանում: Սակայն, 2009 թվականին նրա երկրպագուները նախաձեռնեցին հաջող արշավ՝ նրա գերեզմանին իր անունով տապանաքար տեղադրելու համար միջոցներ հավաքելու նպատակով[14]:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Find A Grave — 1996.
- ↑ Hartzman, M. (2006). American sideshow: An encyclopedia of history’s most wondrous and curiously strange performers. New York: Jeremy P. Tarcher/Penguin. p. 210. ISBN 1-58542-530-3. Google books, retrieved 2013-01-16.
- ↑ Hernandez, Tom. Schlitzie: Origins. www.quasi-modo.net/ Արխիվացված 2012-02-20 Wayback Machine
- ↑ «Schlitzie FAQ». Quasi-modo.net. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «'Schlitzie Biography'». Quasi-modo.net. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Athelia: The Monkey Girl». Quasi-modo.net. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Schlitzie the Pinhead». Thehumanmarvels.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Schlitzie». Altered Dimensions. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 23-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Island of Lost Souls». Quasi-modo.net. 1932 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Is This Schlitzie?». Quasi-modo.net. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Meet Boston Blackie». Quasi-modo.net. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Bill Griffith. «Still asking, "Are we having fun yet?"». English.ufl.edu. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Reminisces of Jaime D'Arcy-Garcia». Quasi-modo.net. 1971 թ․ սեպտեմբերի 24. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «The Death of Schlitzie the Pinhead». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 18-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շլիտցի» հոդվածին։ |
| ||||||
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1901 ծնունդներ
- Նյու Յորք քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 24 մահեր
- 1971 մահեր
- Լոս Անջելես քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի տղամարդ դերասաններ
- Ամերիկացի դերասաններ
- Ամերիկացի կինոդերասաններ
- Թոքաբորբից մահացածներ
- Կառուցվածքային շեղումներ
- Կրկեսի դերասաններ
- Համր կինոյի դերասաններ
- Մարդիկ հազվադեպ հանդիպող հիվանդություններով