Շի ծառի յուղ
| Ենթադաս | բուսական ճարպ | |
|---|---|---|
| Մասն է | Բրազիլիական խոհանոց | |
| Նյութ | sheanut | |
| Բնական տոքսին | Butyrospermum parkii, Vitellaria paradoxa | |
Շիի յուղ (կամ կարիթեի յուղ), շի ծառի սերմերից ստացվող բուսական յուղ։ Շիի յուղը պինդ է, ունի ընկուզենու հաճելի և նուրբ հոտ, գույնը կարող է լինել սպիտակ կամ կրեմագույն։ Սենյակային ջերմաստիճանի պայմաններում նրա կոնսիստենցիան նման է հալած կարագի կոնսիստենցիային։ Յուղը օգտագործվում է սննդի մեջ, սննդի արդյունաբերությունում, ինչպես նաև քսուքների և կոսմետիկ միջոցների պատրաստման համար։
Շիի յուղի արտադրության հետ ծանոթացած առաջին եվրոպացի ճանապարհորդը շոտլանդացի Մունգո Պարկն էր։ Աշխատություններում նա հատկապես ընդգծել է յուղի սննդային հատկությունները, այն, որ յուղն առանց աղի կարող է պահպանվել թարմ մինչև մեկ տարի, ինչպես նաև նրա համը, որը ոչնչով չի զիջում լավագույն կենդանական ծագման կարագին[1]։
Բաղադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շիի յուղը հիմնականում կազմված է տրիգլիցերիդներից։ Խոլեստերինային թթուները ներառում են՝ օլեինային (40-ից 55%), ստեարինային (35-ից 45%), պալմիտինային (3-ից 7%), լինոլեային (3-ից 8%) և լինոլենային (1%) թթուներ։ Շիի յուղը պարունակում է զգալիորեն ավելի շատ չհիդրոլիզացվող նյութեր (մինչև 17%), քան կակոսի յուղը։ Միջին հաշվով կարիթե յուղը պարունակում է շուրջ 8% չհիդրոլիզացվող նյութեր։ Դրանք ներկայացնում են չյուղազրկված ֆրակցիա, որը բաղկացած է ֆենոլներից, տոկոֆերոլներից, տրիտերպեններից (ալֆա-ամիրին, լուպեոլ, բուտիրոսպերմոլ, պարկեոլ), ստերոիդներից (քամպեստերոլ, ստիգմաստերին, բետա-սիտոստերին, ալֆա-սպինաստերոլ, դելտա-7-ավենաստերոլ) և ածխաջրերից (2-3%)։ Յուղը նաև պարունակում է տերպենային սպիրտեր[2]։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Յուղի արտադրությունը տեղի է ունենում մի քանի փուլով։ Սկզբում հավաքում են հասած պտուղները։ Այս աշխատանքը կատարվում է անձրևների սեզոնին, երբ նաև այլ գյուղատնտեսական մշակաբույսերի բերքահավաքի շրջան է։ Բոլոր գյուղատնտեսական աշխատանքներում հիմնականում ներգրավված են կանայք։ Նրանք հավաքում են ծառից ընկած պտուղները՝ երբեմն մինչև 3 կիլոմետր շառավղով տարածքում։ Պտուղները, զամբյուղների մեջ դնելով, գլխով տանում են տուն։ Տանը պտուղներով լի անոթները թաղում են հողում և պահում առնվազն 12 օր, որպեսզի միջուկի շուրջի փափուկ մասը փտի, և ավելի հեշտ լինի հանել սերմերը։ Այնուհետ սերմերը եփում են, որպեսզի չբողբոջեն։ Հաջորդ փուլում սերմերը չորացնում են չորս օր շարունակ։ Դրանից հետո դրանք հնարավոր է պահել մինչև ինը ամիս։ 1 կգ շիի յուղ պատրաստելու համար պահանջվում է մոտավորապես 10 կգ վառելափայտ[1]։
Յուղի արտադրության ընթացքում սերմերի կեղևը ջարդում և հեռացնում են։ Միջուկը տապակում են մոտ 24 ժամ, ապա մանրացնում քարի օգնությամբ։ Այնուհետև ստացված խառնուրդը հարում են սանդի մեջ՝ ստանալով շագանակագույն մածուկ։ Մածուկին ջուր են ավելացնում։ Երեք կամ չորս կին հերթով շատ ակտիվ հունցում են այդ զանգվածը՝ փոխարինելով միմյանց յուրաքանչյուր մի քանի րոպեն մեկ։ Ստացված խառնուրդը մի քանի անգամ ձեռքով լվանում են ջրում։ Յուրաքանչյուր լվացումից հետո առաջանում է ավելի բաց գույնի փրփուր, իսկ ծանր նստվածքները հանվում են։ Գործընթացը պահանջում է մեծ քանակությամբ ջուր։ Փրփուրը երկար ժամեր եփում են, այնուհետ վերցնում վերին շերտը և սառեցնում։ Այդ վերին շերտն էլ հենց շիի յուղն է։[1].
Կիրառում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աֆրիկյան ընտանիքներում արտադրվող շիի յուղի մեծ մասը օգտագործվում է հենց իրենց կողմից սննդի նպատակներով, իսկ ավելցուկը վաճառվում է տեղական շուկաներում։ Եվրոպայում մեխանիկական վերամշակմամբ ստացված շիի յուղը կիրառվում է սնունդ պատրաստելու համար, ինչպես նաև որպես հումք՝ մարգարինի արտադրության մեջ, կակաոյի յուղի փոխարինիչ և կոսմետիկայի արտադրության նպատակներով[2]։
Աֆրիկացիները շիի յուղը լայնորեն օգտագործում են կոսմետիկ նպատակներով։ Այն ունի մեղմ և հաճելի բույր, որը լավ համակցվում է էթերային յուղերի հետ՝ հնարավորություն տալով հարմարեցնել հոտը ըստ ցանկության։ Ինտերնետում վաճառողները գովազդում են կարիթե յուղը որպես խոնավեցնող և փափկացնող միջոց, որը առաջարկվում է օգտագործել մաշկի երիտասարդացման և չոր, վնասված մազերի բուժման համար։ Չնայած որոշ բաղադրիչների հակաբորբոքային հատկությունների վերաբերյալ առկա սահմանափակ ուսումնասիրություններին[3][4], այս յուղին վերագրվող մյուս հատկությունների վերաբերյալ ներկայումս հստակ գիտական ապացույցներ չկան։ Բժշկական տեսանկյունից դրա խորքային հետազոտություն դեռևս չի իրականացվել։
Աֆրիկյան բնակչությունը կարիթե յուղը օգտագործում է մաշկային հիվանդությունների բուժման քսուքներում։ Կա տեսակետ, որ այն նպաստում է մաշկի մանր վերքերի և ճաքերի արագ սպիացմանը։ Բացի այդ, յուղը կիրառվում է ականջախեցիի և աչքերի շրջանի մաշկի խնամքի համար[2]։
Տնտեսական նպատակներով շիի յուղը օգտագործում են որպես խիտացման նյութ՝ հողաշաղախ պատերը մեկուսացնելու համար։ Ամենից հաճախ յուղը քսում են արտաքին պատերին, պատուհաններին և դռներին՝ անձրևային սեզոնին ջրադիմացկունություն ապահովելու համար[2]։
Վաճառք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանայք վաճառում են շի ծառի սերմերն ու յուղը իրենց տների մոտ և տեղական շուկաներում։ Այդ երկրներում, որտեղ յուղը արտադրվում է, դրա վաճառքը կանանց համար հանդիսանում է հիմնական ձեռնարկատիրական գործունեությունը։ Առևտուրը շարունակվում է ողջ տարին, սակայն յուղի գները տարվա ընթացքում զգալիորեն տատանվում են։ Անձրևների սեզոնին, երբ կարիթե ծառերը պտղաբերում են և տեղական շուկայում յուղի ավելցուկ է լինում, սերմերն ու յուղը ամենափոքր գներով են վաճառվում։ Ցամաքային սեզոնին, երբ շուկայում յուղի քանակը համեմատաբար քիչ է, նրա գինը կրկնապատկվում է[1]։
Կանայք հաճախ վաճառում են յուղը մեծածախ առևտրականներին, որոնք այնուհետև տեղափոխում են քաղաքներ։ Յուղի մեծածախ առևտուրը կանանց հնարավորություն է տալիս ավելի շատ գումար վաստակել։ Գանայի հյուսիսարևելյան շրջանների վաճառականները գրեթե ամեն օր գնում են յուղի խմբաքանակներ՝ 100 կգ քանակով, մոտ 20 ԱՄՆ դոլարով հարևան Բուրկինա Ֆասոից և Նիգերից, և դրանք մեծածախում մեծ շահույթով վաճառում են խոշոր գործարարներին (որոնց մեջ կան նաև տղամարդիկ), որոնք ապա կազմակերպում են յուղի արտահանումը[1]։
Շատ ավելի հաճախ արտահանում են ծառի սերմերը, այլ ոչ թե պատրաստի յուղը։ Դա կապված է նրանով, որ եվրոպական ընկերությունները նախընտրում են մեխանիզացված տեխնոլոգիաներ կիրառել յուղի հանման համար՝ համարելով դրանք ավելի խնայող և վստահելի եղանակներ, որոնք թույլ են տալիս ստանալ անհրաժեշտ որակի արտադրանք։ Բացի այդ, աֆրիկյան երկրները չեն կարող շուկա մատակարարել բավարար քանակությամբ յուղ, քանի որ աֆրիկյան կանայք չեն ցանկանում մասնակցել աշխատանքի ծախսատար, սակայն ցածր վարձատրվող արտահանող արտադրությանը։ Արդյունքում, որոշ իմաստով համաշխարհային շուկա պատահականորեն է ներթափանցում աֆրիկայում չպահանջված յուղի ավելցուկը, որը չի սպառվում արտադրող կանանց կամ աֆրիկյան գնորդների կողմից[1]։
Շիի յուղի խոշոր արտադրող և արտահանող երկիրը Բուրկինա Ֆասոն է։ 1937 թվականին երկիրը Ֆրանսիա արտահանել է 2927 տոննա յուղ։ Անկախության ձեռքբերումից հետո Բուրկինա Ֆասոն արագորեն սկսեց ավելացնել յուղի արտահանումը, և 1960-ականներին այն դարձավ երկրի երրորդ ամենակարևոր արտահանվող ապրանքը։ Իրականում, համաշխարհային շուկայի գների ուժեղ տատանումների, շուկայում մրցակցության աճի, շի ծառերի ցածր բերքատվության, ինչպես նաև ձեռագործ արտադրության ոչ բավարար արդյունավետության պատճառով արտահանումը որոշ չափով նվազել է[1]։
Սերմերի և յուղի հիմնական գնորդներն են սննդային ընկերությունները Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Սկանդինավյան երկրներից և ԱՄՆ-ից։ Միևնույն ժամանակ, պահանջարկի 90 %-ը ներկայացնում են շոկոլադի արտադրողներ, որոնք շիի յուղը օգտագործում են որպես կակաո յուղի փոխարինիչ։ Արդյունքում կոսմետիկ ընկերությունների պահանջարկն էլ գնալով աճում է, որոնք այս յուղի հիման վրա արտադրում են բնական կոսմետիկա[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 Минаев С. В. Эллас М., Карни Дж. Африканское масляное дерево: Феминизированная природная субсидия // Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 9: Востоковедение и африканистика. Реферативный журнал. — М.: Институт научной информации по общественным наукам РАН, 2008. — № 4. — С. 86-90. — ISSN 2219-8822.
- 1 2 3 4 National Research Council. Lost Crops of Africa: Volume II: Vegetables. — Washington, DC: The National Academies Press, 2006. — С. 311-312.
- ↑ Akihisa T, Kojima N, Kikuchi T, Yasukawa K, Tokuda H, T Masters E, Manosroi A, Manosroi J. Anti-inflammatory and chemopreventive effects of triterpene cinnamates and acetates from shea fat(անգլ.) // J Oleo Sci. — 2010. — Vol. 59. — № 6. — P. 273-280. — PMID 20484832. Архивировано из первоисточника 25 հուլիսի 2018.
- ↑ Verma N, Chakrabarti R, Das RH, Gautam HK. Anti-inflammatory effects of shea butter through inhibition of iNOS, COX-2, and cytokines via the Nf-κB pathway in LPS-activated J774 macrophage cells(անգլ.) // J Complement Integr Med. — 2012. — Vol. 9:Article 4. — — PMID 22499721. Архивировано из первоисточника 9 հունիսի 2018.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ellas M., Carney J. African shea butter: A feminized subsidy from nature // Africa. —Edinburgh, 2007. — Т. 37. — № 1. — С. 37-57.
- Минаев С. В. Эллас М., Карни Дж. Африканское масляное дерево: Феминизированная природная субсидия // Социальные и гуманитарные науки. Отечественная и зарубежная литература. Серия 9: Востоковедение и африканистика. Реферативный журнал. — М.: Институт научной информации по общественным наукам РАН, 2008. — № 4. — С. 86-90. — ISSN 2219-8822.
- National Research Council. Lost Crops of Africa: Volume II: Vegetables. — Washington, DC: The National Academies Press, 2006.