Շի-տցու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շի-տցու
Grupp 9, SHIH TZU, SE UCH Yung Lo’s Heartbeat (24310212975).jpg
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհՏիբեթ
Առանձնահատկություններ
Զանգված4,5-8,0 կիլոգրամ
Հասակմինչև 27 սանտիմետր
Դասակարգում և տեսականմուշ
FCIԽումբ 9 Բաժին 5 #208
Շուն (Canis lupus familiaris)

Շի-տցու (շուն-առյուծ, շուն-քրիզանթեմ), շների հնագույն ցեղատեսակներից մեկը։ Շի-տցուի արմատները գալիս են Չինաստանից։ Մինչև 20-ական թվականները շի-տցու ցեղատեսակի շները եղել են չինական կայսեր բակի արգելված շներից։ Չինարենից Shih Tzu (ш子, Shiji) թարգմանվում է՝ որպես առյուծի ձագ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SparkyPoserar.jpg

Շի-տցուն համարվում է չինական ավանդական շուն։ Շի-տցուի ծննդավայրերից մեկը համարվում է Տիբեթը։ 1653 թվականին տիբեթյան Դալայ Լաման չինական կայսրին շի-տցու ցեղատեսակի մի քանի շներ է նվիրել, որոնք շի-տցուն դարձրել են արգելված ցեղատեսակ, որը պատկանում է բացառապես կայսերական ընտանիքին։ Որպես նվեր՝ կայսրը երբեմն բարձրաստիճան պաշտոնյաներին շի-տցու է նվիրել։ Որոշ փաստաթղթերի համաձայն՝ Տիբեթում շի-տցուն բերվել է Բյուզանդիայից 7-րդ դարի սկզբին, այսինքն՝ ցեղատեսակն ունի եվրոպական արմատներ։ Շի-տցուի ճշգրիտ հայրենիքը պարզված չէ։

Շի-տցուն Եվրոպա է վերադարձել 1930-ական թվականների վերջին՝ Չինաստանում նորվեգացի դեսպանի շնորհիվ, որը Լեյձա մականունով էգ շի-տցուն ստացել էր նվեր։ Որպեսզի այդ շնից սերունդ ստանար, նա օգտագործել է իր կապերը և ձեռք է բերել ևս մեկ զույգ արու շի-տցու։ Վերադառնալով հայրենիք՝ նա զբաղվել է Եվրոպայում բոլորին անհայտ ցեղատեսակի բուծմամբ։

Կա նաև մի լեգենդ, ըստ որի Բուդդային ուղեկցել է մի փոքրիկ շուն (այսպես կոչված «հա պա»), որը պատրաստ է եղել ցանկացած պահի վերածվել մի հսկայական առյուծի՝ տիրոջը պաշտպանելու կամ նրան որպես փոխադրամիջոց ծառայելու նպատակով։ Ենթադրվում է, որ շունը պատկանել է շի-տցու ցեղատեսակին։

Շի-տցուի առաջին ակումբը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում 1933 թվականին[1], իսկ առաջին ժամանակակից տիպօրինակը մշակվել է 1948 թվականին։

Տարբեր վարկածների և գենետիկական հետազոտությունների համաձայն, ենթադրվում է, որ շի-տցուն ստացվել է Լհաս Ապսո և Պեկինես ցեղատեսակների խաչասերման արդյունքում[2]: Կան նաև բազմաթիվ այլ վարկածներ, որոնցից և ոչ մեկը չի հաստատվել։ Մասնավորապես, գենետիկական հետազոտությունների տվյալներով, համարվում է երկրի վրա հնագույն ցեղերից մեկը։ Շի-տցուն չինարենից թարգմանվում է որպես առյուծ, քանի որ նրանց ընդունված է անվանել առյուծ շուն։ Նաև կոչվում են քրիզանթեմային շնիկներ այն պատճառով, որ իրենց դնչիկի վրայի մազածածկույթը նման է քրիզանթեմի ծաղկին։

Տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

18 ամսական էգ շի-տցու

Շի-տցուն փոքր բրդոտ շուն է երկար մազածածկույթով։ Մալտեզիայի և աֆղանական բորզայի հետ մեկտեղ շի-տցուն ունի մարմնակազմության հետ հարաբերականորեն ամենաերկար մազածածկույթը։

Գլուխը խոշոր է, կլորավուն, լայն՝ լայն բացված աչքերով։ Գլխին ունի բրդոց, մորուքը և բեղերը երկար են, քթի վրա կա վերև աճող բուրդ, որը ստեղծում է քրիզանթեմի տպավորություն։ Ճակատից դնչի անցումն արտահայտված է։ Քիթը սև է, բայց մուգ շագանակագույն է շագանակագույն և շագանակագույն բծերով շների մոտ։

Մաշկագույն շի-տցու

Քթի բլիթը գտնվում է աչքի ներքին կոպի հետ մեկ գծի վրա կամ պարզապես ներքևում։ Քիթն ուղիղ է կամ թեթևակի կճատաքիթ։ Քթանցքերը լայն բացված են։ Դունչը բավականին լայն է, քառակուսի, կարճ, առանց կնճիռների, հարթ և մազածածկ։ Ծնոտները լայն են, ծնոտը ուղիղ է կամ մի փոքր առաջ[3]։ Ունեն իրարից լայն դասավորված մուգ, մեծ, ոչ ուռուցիկ աչքեր։ Շագանակագույն կամ շագանակագույն բծերով շների համար թույլատրելի են ավելի բաց գույնի աչքեր։ Աչքերի սպիտակուցները տեսանելի չեն (ոչ միշտ)։ Ականջները խոշոր են, կախ ընկած։ Գտնվում են գագաթից մի փոքր ավելի ցածր։ Առատորեն ծածկված են զարդարող մազածածկույթով։ Պարանոցը համամասնական է, գեղեցիկ կորացված։

Վզակոթից մինչև պոչի երկարությունն ավելի մեծ է, քան վզակոթի երկարությունը։ Մեջքը ուղիղ է, սահուն անցնում է պոչին։ Գոտկատեղը բավականին ամուր է։ Կրծքավանդակը լայն է, խորը և լավ իջեցված։ Պոչն առատ ծածկված է բրդով, շարժուն է, թեքված է դեպի մեջքը։ Պոչի բարձրությունը մոտավորապես գանգի մակարդակին է, ինչը շանը հավասարակշռություն է հաղորդում։ Ուսերն ամուր են, հետ հակված։ Ոտքերը կարճ են և մկանային, ոսկրերն ամուր են, ուղիղ, համահունչ են լայն, լավ իջեցված կրծքի հետ։ Առջևի թաթերը կլորացված են, ամուր։ Հետևի թաթերը կլորացված են, ամուր, լավ բարձիկներով։ Առատորեն ծածկված են բրդով։

Մազերը երկար են, խիտ, ոչ գանգուր, չափավոր բրդատակի աղվամազերով, խավոտ չեն։ Հնարավոր են թեթև ալիքներ։ Մազածածկույթի եկարությունը չի սահմանափակում շարժումները[4]։

Սպտակ և կարմիր գունավորում ունեցող շի-տցուներ

Սովորաբար շի-տցուն գույնզգույն է, գերակշռում են սպիտակի, շագանակագույնի և սևի, երբեմն շիկակարմրի համադրությունները։ Շատ հազվադեպ են լինում գրեթե ամբողջովին սև առանձնյակներ։ Երբեմն հանդիպում են սպիտակ շի-ցուներով, վանիլային գույնի խառնուրդով (ամենավառ շի-տցուները), անփորձ մարդը կարող է շփոթել նրանց Մալտեզիայի հետ։ Մազածածկույիթ հիմնական գույներն են. սպիտակ-կարմիր, սպիտակ-ոսկե, սպիտակ-կարմիր դիմակով, կարմիր դիմակով, սև-սպիտակ, սպիտակ-սև, սև, սպիտակ-կապույտ, կապույտ, վագրային, սպիտակ, մաշկագույն, մոխրագույն, շագանակագույն («լյարդային»)[5]։ Մորուքի վրա կա նաև սպիտակ մազափունջ, որը կոչվում է «Բուդդայի նշան»։

Բուրդը պահանջում է ամենօրյա սանրում, խճճվելուց խուսափելու նպատակով։ Իրենց երկար բրդի և արագ աճող մազերի պատճառով անհրաժեշտ է կանոնավոր խնամք, որը կարող է թանկ լինել։ Հաճախ բրդի երկարությունը կարճացնում են՝ խնամքը հեշտացնելու համար։ Կարճ սանրվածքը սովորաբար կոչվում է «ձոգուկի սանրվածք» կամ «արջուկի սանրվածք»[6]։

Վզակոթի բարձրությունը՝ ոչ ավելի, քան 27 սանտիմետր, քաշը՝ 4,5-ից 8 կիլոգրամ։ Իդեալական քաշը՝ 4,5-7,5 կիլոգրամ[3]։

Շների բրիտանական ակումբի հարցման համաձայն՝ շի-տցուի կյանքի միջին տևողությունը կազմում է 13 տարի և 2 ամիս, ընդ որում, նրանց մեծ մասն ապրում է 10-ից մինչև 16 տարի[7]։ Ամենաերկարակյաց շի-տցուն համարվում է Սմոքը, որն ապրել է մինչև 23 տարի[8][9]։

Բնավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Shih-Tzu.JPG

Շի-տցու ցեղատեսակի շները, չնայած իրենց չափազանց գեղեցիկ, խաղալիքային և դեկորատիվ տեսքին, դեկորատիվ շներ չեն։ Շի-տցուն անսովոր բնավորությամբ շուն-ուղեկից է։ Շի-տցուների ընտանիքում հաճախ չեն լինում վառ արտահայտված տերեր, նրանք կիսում են սերն ընտանիքի բոլոր անդամների միջև։ Շի-տցուն չի սիրում մենակությունը և մշտապես հետևում է իր տերերին, ուր էլ որ գնան։ Նույնիսկ քնած ժամանակ, տիրոջ ցանկացած տեղաշարժման դեպքում չեն ծույլանում արթնանալ, կանգնել և հետևել իրենց տիրոջը։ Շի-տցուները, իրենց մարդկանց հանդեպ կապվածության շնորհիվ, տարեց և միայնակ մարդկանց համար իդեալական ուղեկից են։ Շի-տցուն խիստ կապված է մարդկանց հետ, կյանքում նրանք ավելի շատ ուշադրություն են դարձնում և ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում մարդկանց, քան շների նկատմամբ։

Շի-տցուներն ամուր շներ են, ունեն ամուր մարմնակազմություն և կարող են տեղաշարժել իրենց մարմնակազմությանը համապատասխան մեծ քաշ, հատկապես, եթե համեմատենք նրանց ուժային ցուցանիշները նմանատիպ չափերի այլ շների հետ։ Չնայած իրենց ամրակազմությանը, նրանք պահակային շներ չեն՝ իրենց փոքր չափերի և քնքուշ ու սիրառատ բնավորության պատճառով։

Ձագերը և երիտասարդ շի-տցուները լավ ուղեկիցներ են մանկահասակ երեխաների համար, քանի որ շները նրանց ընկալում են որպես իրենցից մեկը և ձգտում են խաղալ նրանց հետ։ Շի-տցուները կարող է լինել տնային շներ և չզբոսնել փողոցում, հատկապես հաշվի առնելով, որ հասուն տարիքում նրանց երկար մազածածկույթը կարող է մատուցել նրանց և նրանց տերերին մեծ հոգսեր և խնդիրներ։ Շի-տցուները հեշտ են վարժեցվում։ Չնայած հաճախ շի-տցուները լուռ շներ են համարում, նրանք հաչում են շատ բարձր, ընդ որում, երբեմն էլ վաղ տարիքից։ Երբ տերը թողնում նրանց տանը մենակ, տիրոջ գնալը սովորաբար ուղեկցվում է մի քանի րոպեանոց վնգստոցով և լացով, բայց ոչ հաչոցով։ Շի-տցուները շատ աշխույժ են և կարողանում են երկար ժամանակ առանց հոգնելու վազել և խաղալ տիրոջ հետ, թեև կան ավելի հանգիստ առանձնյակներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Kennel Club»։ Վերցված է 2016-11-26 
  2. Anne Rogers Clark; Andrew H. Brace The International Encyclopedia of Dogs. — Turner Publishing Company, 1995. — С. 416—417. — ISBN 0-87605-624-9
  3. 3,0 3,1 «SHIH TZU FCI-Standard № 208» (անգլերեն)։ Международная кинологическая федерация։ Վերցված է 2020-02-10 
  4. «Shih Tzu»։ Purebredpups.org։ Վերցված է 2017-12-11 
  5. «Shih Tzu Colors | American Shih Tzu Club»։ americanshihtzuclub.org։ Արխիվացված է օրիգինալից 2011-08-10-ին։ Վերցված է 2010-05-16 
  6. «United Kennel Club: Shih Tzu»։ United Kennel Club։ 2007-05-01։ Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին։ Վերցված է 2011-05-30 
  7. «2004 Purebred Dog Health Survey»։ KC/BSAVA։ Վերցված է 2010-08-06 
  8. «Smokey the Shih Tzu 23-years-old»։ United Press International։ 2009-06-02։ Վերցված է 2019-03-14 
  9. «Top 10 Dog Breeds with Longest Life Span»։ Actijoy։ 2018-04-26։ Վերցված է 2019-03-14 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ши-тцу // The Dog Collection : журнал. — М.: ДжиИ Фаббри Эдишинз. — № 5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես՝ Shih Tzu Վիքիբառարան, բառարան և թեզաուրուս