Շինարարական աշխատանքներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շինարարական աշխատանքներ, շենքերի և կառույցների ստեղծման, ընդլայնման, վերակառուցման և վերականգնման ընթացքում տարվող աշխատանքներ։

Բաժանվում են երեք խմբի, համաշինարարական, սանիտարատեխնիկական և հատուկ։ Համաշինարարական աշխատանքները դասակարգվում են ըստ կիրառվող (վերամշակվող) նյութերի կամ կառուցվող կոնստրուկցիաների, հողային աշխատանքներ, պայթեցման աշխատանքներ, քարային աշխատանքներ, բետոնտոնային աշխատանքներ, երկաթբետոնե, մետաղական, փայտե կոնստրուկցիաների տեղադրման, հատակի և տանիքի կառուցման աշխատանքներ, հարդարման, կանաչապատման, բարեկարգման աշխատանքներ։ Սանիտարատեխնիկական աշխատանքներն են ներքին ջրամատակարարման, կոյուղու, գազամատակարարման, ջեռուցման, օդաՓոխության և այլ ցանցերի ստեղծման, ինչպես նաև դրանց արտաքին խողովակաշարերի տեղադրման աշխատանքները։ Հատուկ աշխատանքները անմիջականորեն կապված չեն կառույցի կոնստրուկցիաների ստեղծման հետ, այլ տարվում են տեղադրվող սարքավորումների հիմքեր, տեխնոլոգիական պրոցեսներն ապահովող ջրանցքներ, թունելներ կառուցելու, ինչպես նաև ջրամեկուսացման, ջերմամեկուսացման, էլեկտրամոնտաժային աշխատանքներ կատարելու համար։ Ըստ կատարման հերթականության՝ շինարարական աշխատանքները բաժանվում են երկու խմբի, նախապատրաստական աշխատանքներ և հիմնական աշխատանքներ։ Նախապատրաստական աշխատանքները նախատեսում են շինարարական աշխատանքների կազմակերպման նախագծում և, սովորաբար, տարվում մինչև հիմնական աշխատանքներն սկսելը։ Առանձին խումբ են կազմում օժանդակ աշխատանքները (օրինակ, փոսորակների պատերի ամրակապում, գրունտի ամրացում ևն) և թաքնված աշխատանքները (որոնք անհնար է ստուգել շենքերի և կառույցների շահագործման հանձնելու ժամանակ, ուստի և ձևակերպվում են շինարարության ընթացքում՝ կողմերի համապատասխան արձանագրությամբ)։ Շինարարական աշխատանքների յուրաքանչյուր տեսակ ներառում է մի շարք առանձին փոխկապակցված պրոցեսներ։ Ըստ կատարման ձևի և բարդության՝ շինարարական պրոցեսները լինում են համալիր-մեքենայացված, մեքենայացված և ձեռքի։ Շինարարության ինդուստրացմանը համընթաց, շինարարական աշխատանքներ ավելի ու ավելի են ընդունում մոնտաժային աշխատանքների բնույթ (շենքերի մեքենայացված հավաքում և հարդարում՝ արդյունաբերական ձեռնարկություններում պատրաստված տարրերից ու դետալներից)։ Շինարարական աշխատանքները, որպես կանոն, կատարում է գլխավոր կապալառու շինմոնտաժային կազմակերպությունը, որը հատուկ աշխատանքների համար ներգրավում է առանձին մասնագիտացված կազմակերպություններ (ենթակապալառուներ)։ Շինարարական աշխատանքների որակին ներկայացվող պահանջները, կատարման և ընդունման կարգը սահմանվում են Շինարարական նորմաներում ու կանոններում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Технология строительного производства, под общей ред․ Н․ Н․ Данилова, М․, 1977;
  • Справочник по сметному делу в строительстве, 4 изд․, доя․ и перераб․, т․ 1—2, М․, 1977
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։