Jump to content

Շիզանդրա չինական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Մագնոլիածաղկավորներ
Ընտանիք Մագնոլիազգիներ
Ցեղ Շիզանդրա
Տեսակ Շիզանդրա չինական
Լատիներեն անվանում
Schizandra chinensis


Շիզանդրա չինական (լատին․՝ Schizandra chinensis), մագնոլիազգիների ընտանիքի, շիզանդրա ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

8-10 մ երկարությամբ տերևաթափ լիան է, դարչնագույն կեղևով։ Տերևները հերթադիր են, առանց տերևակիցների, կլոր էլիպսաձև, մանր-սղոցաեզր, սրածայր, 6-10 սմ երկարությամբ և 3-4 սմ լայնությամբ, ծաղիկները կազմված են 3 բաժակաթերթիկներից։ Պսակաթերթիկները 6-9 հատ են, սպիտակ, հաճելի բուրմունքով։ Առէջքային ծաղիկները կազմված են 5-30 առէջներից։ Վարսանդայիններն ունեն բազմաթիվ սերմնարաններ։ Պտղաբույլը կոնաձև է, կազմված կարմիր, հատապտղանման պտուղներից։ Սերմերը դեղնավուն են, դաղող համով (եթերային յուղերի պարունակության հետևանքով)։ Երիտասարդ տարիքում չափազանց ստվերատար է, ձմեռնադիմացկուն։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնական պայմաններում աճում է Հեռավոր Արևելքում (Պրիմորիեի երկրամաս, Ամուրի միջին հոսանքներ, Սախալին), Ճապոնիա, Հյուսիսային Չինաստան։ Հանդիպում է խառը, փշատերև-լայնատերև և լայնատերև անտառներում, գերազանցապես լավ ջրաթափանց ալյուվիալ հողերում, գետերի և գետակների ափերի երկարությամբ։ Մշակվում է Երևան բուսաբանական այգում և Վանաձորում։ Երևանում խիստ տուժում է օդի չորությունից և անկանոն ոռոգման դեպքում, խիստ չորային տարիներին տերևները վաղաժամ թափվում են։ Ծաղկում և պտղաբերում է։ Անհամեմատ լավ է աճում Վանաձորում։ Հեռանկարային է Հայաստանի անտառային շրջանների համար։ Չինաստանում մշակվում է անհիշելի ժամանակներից։ Բազմանում է սերմերով (գարնանային ցանքերի դեպքում ստրատիֆիկացիա է պահանջում), անդալիսով, թփի բաժանմամբ և կտրոնավորմամբ։

Բուժական ազդեցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի տեսողությունը սրող, տեսողական նյարդի հոգնածությունը վերացնող, գիշերային տեսողությունը նշանակալիորեն խթանող ազդեցություններ։ Բույսը հրաշալի միջոց է մտավոր և ֆիզիկական հոգնածությունը վերացնելու, սրտի գործունեությունը, և շնչառությունը, կենտրոնական նյարդային գործունեությունը կարգավորելու հարցերում։

Կիրառվում է ասթենիայի, ացթենոդեպրեսիվ վիճակների, դյուրագռգռության, անքնության, արյան ցածր ճնշման, շնչառական ուղիների, մարսողական օրգանների, երիկամների, իմպոտենցիայի, արյան հիվանդությունների դեպքում։ Օգտակար է նաև սակավարյունության, բրոնխիտների, բրոնխիալ ասթմայի, պալարախտի ժամանակ։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը, արմատները և հատկապես պտուղները բուրումնավետ են և թթվաշ։ Բժշկության մեջ օգտագործվում է որպես առույգացնող միջոց, սակայն մեծ քանակությամբ օգտագործելու դեպքում թունավոր է[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 117։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիզանդրա չինական» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շիզանդրա չինական» հոդվածին։