Բակտերիալ դիզենտերիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Շիգելոզից)
Բակտերիալ դիզենտերիա
Տեսակվարակիչ հիվանդություն և հիվանդության կարգ
Պատճառշիգելա, Shigella flexneri, Shigella boydii, S. sonnei? և Բակտերիալ դիզենտերիա
Փոխանցման ձևկղանքաբերանային ուղի
Հիվանդության ախտանշաններտենդ[1], դող[1], որովայնային ցավ[1], լուծ[1][2], հետանցքային տենեսմուս և հեմատոչեզիա
Վարակ տարածողմարդ
Բուժաքննությունմանրէաբանական կուլտուրա և համածրագիր
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Անվանվել էKiyoshi Shiga?

Բակտերիալ դիզենտերիա (հուն․՝ dysentería, dys... - նախածանց, որ նշանակում է դժվարացում, խանգարում, և énteron - աղիք) կամ Շիգելլոզ (լատին․՝ Shigella - հարուցիչի ցեղի անվանումը), հայտնի է նաև որպես Մառլոյի համախտանիշ, մարդու առավելապես մարսողական համակարգի, մասնավորապես, հաստ աղու ախտահարմամբ ընթացող ինֆեկցիոն հիվանդություն՝ հարուցված Շիգելլա ցեղի բակտերիաներով։ «Դիզենտերիա» տերմինն առաջին անգամ առաջարկել է Հիպոկրատը։ Հիվանդությունը մանրամասն նկարագրել է Ավիցենան, իսկ 1891 թ.-ին ռուս բանակային բժիշկ Գրիգորևը դիզենտերիայից մահացածների օրգաններից անջատել է հարուցիչը, որի հատկությունները 1898 թվականին նկարագրել է ճապոնացի գիտնական Շիգան։ Անցյալում դիզենտերիան եղել է բավականին տարածված հիվանդություն և կրել է համաճարակային բնույթ։ Նկարագրված են դիզենտերիայի համավարակներ XVIII դարում (1719 թ. և 1789 թ.) և 19-րդ դարում (1834-1836 թթ.)։ Ամենամեծ համավարակները դիտվել են պատերազմների, աղետների ժամանակ։

Էթիոլոգիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչները պատկանում են Enterobacteriaceae ընտանիքին, Shigella ցեղին։ Գոյություն ունեն հետևյալ տեսակները՝

  • Shigella dysenteriae (12 շճատեսակներ)
    • Գրիգորև - Շիգա
    • Շտուցեր - Շմիդտ
    • Լարջ - Սաքս և այլն
  • Shigella flexneri (6 շճատեսակներ)
  • Shigella boydii (18 շճատեսակներ)
  • Shigella sonnei (1 շճատեսակ)

Շիգելլաները կորացած գրամ-բացասական ցուպիկներ են, սպոր և պատիճ չեն առաջացնում, անշարժ են։ Արտադրում են էնդոտոքսին և էկզոտոքսիններ (էնտերոտոքսին, ցիտոտոքսին և նեյրոտոքսին)։ Աճում են Լևինի և Պլոսկիրևի միջավայրերում։ 60 °C ջերմաստիճանում ոչնչանում են 30 րոպեների ընթացքում, 100 °C-ում՝ անմիջապես։ Կայուն են չորացման և ցածր ջերմաստիճանի նկատմամբ։ Չորացած արտաթորանքներում կարող են պահպանվել 4-5 ամիս, հողի մեջ՝ 3-4 ամիս, ջրի մեջ՝ 15 օրից-3 ամիս, մրգերում, բանջարեղեններում՝ մինչև 2 շաբաթ, կաթի և կաթնամթերքի մեջ՝ մի քանի շաբաթ։ Սառույցի մեջ շիգելլաները կարող են ապրել մինչև 96 օր։ Բավականին զգայուն են ախտահանիչ նյութերի նկատմամբ։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բակտերիալ դիզենտերիան անթրոպոնոզ հիվանդություն է, ֆեկալ-օրալ փոխանցման մեխանիզմով։ Վարակի աղբյուր են առաջին հերթին սուր ձևով հիվանդները, ապա քրոնիկ հիվանդները և բակտերիակիրները։ Սեզոնայնությունը՝ աշուն - ամառ։ Հիվանդությունից հետո առաջանում է տիպոսպեցիֆիկ իմունիտետ` մինչև մեկ տարի տևողությամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Պոկրովսկու - Սոլոդովնիկովի համապատասխանելիության տեսության՝ հարուցչի գերակշռող ձևը որոշվում է տվյալ տարածքում գերակշռող փոխանցման ուղիով։

Shigella dysenteriae Shigella flexneri Shigella sonnei Shigella boydii
Շճատեսակներ 12 6 1 18
Լակտոզա - քայքայիչ հատկություն - - + -
Մաննիտ - քայքայիչ հատկություն - + + +
Պաթոգենություն > > > >
Նվազագույն վարակիչ դոզան 10 100 10000000 >10000000
Կայունություն < < < <
Փոխանցման ուղին կենցաղ-կոնտակտային ջրային սննդային (կաթնամթերք) -

Ընդհանուր առմամբ տարեկան վարակվում է 80 միլիոն մարդ և գրանցվում 700,000 մահ[3]:Երեխաների մոտ ինֆեկցիայի տարածվածությունը ավելի մեծ է[4]։ Բռնկումներ լինում են երեխաների դեպքում դպրոցներում և մանկական խնամքի վայրերում[4]։ Այն նաև համեմատաբար տարածված է ճանապարհորդների շրջանում[4]։ Միացյալ Նահանգներում տարեկան մոտ կես միլիոն դեպք է գրանցվում[4]։

Ախտածագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիգելլաների մի մասը ներթափանցելով օրգանիզմ քայքայվում են ստամոքսում և աղիքներում` ստամոքսահյութի, աղաթթվի, աղիների սեկրետոր հյութերի, անտագոնիստ բակտերիաների ազդեցության տակ։ Քայքայվելով` դրանք անջատում են էնդոտոքսին, որն անցնելով արյան մեջ, բերում է ինտոքսիկացիայի զարգացմանը։ Մնացած բակտերիաները, օժտված լինելով ինվազիվ հատկություններով, հաղթահարելով բոլոր «խոչընդոտները», հասնում են բարակ աղիներ և թափանցում էնտերոցիտներ, որտեղ սկսում են արտադրել էնտերո- և ցիտոտոքսիններ, ապա, կլանվելով ֆագոցիտար բջիջների կողմից և ենթարկվելով քայքայման, կրկին անջատում են էնդոտոքսին։ Էնտերոտոքսինը, ընկճելով նատրիումի, քլորի և ջրի ներծծումը բարակ աղու պատի կողմից, բերում է սեկրետոր լուծի առաջացման, որը կլինիկորեն արտահայտվում է հիվանդության սկզբում կարճատև առատ լուծով։ Ցիտոտոքսինը ընկճում է սպիտակուցների սինթեզը։

Այդ պրոցեսներին զուգահեռ տեղի է ունենում շիգելլաների ինվազիա հաստ աղու էպիթելային բջիջների մեջ, հետագայում բերելով դիզենտերիային բնորոշ կոլիտային սիմպտոմատիկայի զարգացմանը։ Այստեղ շիգելլաները հեշտությամբ տարածվում են հաստ աղու երկարությամբ, հազվադեպ ներթափանցելով աղիքի պատի ավելի խորը շերտերի մեջ։ Ծանր դեպքերում կարող է ի հայտ գալ արագ անցնող բակտերէմիա, բայց սովորաբար շիգելլոզների ժամանակ բակտերէմիա չի դիտվում։:

Գրիգորև - Շիգայի դիզենտերիայի ժամանակ արտադրվում է նաև մեծ քանակությամբ նեյրոտոքսին։

Ախտաբանական անատոմիան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջանում է հաստ աղիքի դիստալ հատվածի ախտահարում.

  • սուր կատառալ բորբոքում,
  • ֆիբրինոզ - նեկրոտիկ փոփոխություններ, փառի գոյացում,
  • լորձային և ենթալորձային շերտերում խոցերի առաջացում,
  • խոցերի լավացում։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ ընթացքի Ըստ տարբերակի Ըստ ծանրության աստիճանի
սուր
ձգձգվող ջնջված
խրոնիկական
ախտադարձվող անընդհատ
բակտերիակրություն
կոլիտային գաստրոէնտերոկոլիտային գաստրոէնտերիտային
թեթև՛' միջին ծանրության ծանր

Կլինիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության ինկուբացիոն (գաղտնի) շրջանը տևում է 1-7 (հաճախ 2-3) օր։ Կլինիկան կախված է հարուցչի տեսակից, հիվանդի տարիքից և ուղեկցող հիվանդություններից։ Ծանր են ընթանում Գրիգորև-Շիգայի և Ֆլեքսների դիզենտերիաները։

Դիզենտերիային բնորոշ է ցիկլիկ ընթացքը, ընդ որում առանձնացնում են կլինիկական ընթացքի հետևյալ շրջանները. սկզբնական, ծաղկման, սիմպտոմների մարման և առողջացման (մնացորդային երևութներ կամ անցում խրոնիկական ձևի)։

Տարբերում են հետևյալ կլինիկական տարբերակները.

1. Կոլիտային - ամենահաճախ հանդիպող տարբերակն է (մոտ 90%)։ Կլինիկայում գերակշռում են հետևյալ երկու համախտանիշները.

  • ինտոքսիկացիոն համախտանիշ, որին բնորոշ է`
    • սուր սկիզբ,
    • ֆեբրիլ ջերմություն (38 °C-ից բարձր) 1-3 օր,
    • ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ,
    • անոռեքսիա (ախորժակի բացակայություն)
  • դիստալ հեմոկոլիտի համախտանիշ`
    • կծկանքային ցավեր ձախ զստափոսի շրջանում,
    • նքոցներ (տենեզմներ), դեֆեկացիայի կեղծ կանչեր,
    • հետանցքի ոչ լրիվ փակում,
    • հաճախակի աղքատիկ կղանք, լորձով և արյունով («ռեկտալ թքոց»), ծանրության աստիճանից կախված` օրվա ընթացքում մինչև 10, մինչև 20 և 20-ից ավել անգամ,
    • սիգմայաձև աղու ցավոտություն։

2. Գաստրոէնտերիտային - բնորոշ են հետևյալ սիմպտոմները.

  • ինտոքսիկացիա,
  • սրտխառնոց, փսխում,
  • տարածուն ցավեր որովայնում,
  • առատ ջրային կղանք,
  • 1-ին, 2-րդ աստիճանի ջրազրկման նշաններ (դեհիդրատացիա)։

3. Գաստրոէնտերոկոլիտային - գաստրոէնտերիտի նշաններին գումարվում են նաև կոլիտի նշաններ` ոչ առատ, լորձա-արյունային հաճախակի կղանք։

Գրիգորև-Շիգայի դիզենտերիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարուցիչը Shigella dysenteriae-ի Գրիգորև - Շիգա շճատեսակն է։ Ընթանում է ավելի ծանր. մահացությունը մոտ 15 անգամ ավելի բարձր է, քան խոլերայի ժամանակ։ Ինտոքսիկացիան ավելի արտահայտված է (ջերմությունը հասնում է 40 - 41 °C): Հաճախ են առաջանում բարդությունները. ուղիղ աղու արտանկում, հաստ աղու տոքսիկ լայնացում, 2-րդ, 3-րդ աստիճանի դեհիդրատացիա, ինֆեկցիոն - տոքսիկ շոկ, հեմոլիտիկ - ուռեմիկ համախտանիշ, գիտակցության խանգարում` ընդհուպ մինչև կոմա։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդության ախտորոշումը դրվում է համաճարակաբանական անամնեզի տվյալների, դիզենտերիայի կլինիկական ընթացքի, գործիքային և լաբորատոր հետազոտությունների հիման վրա։

Լաբորատոր ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • կղանքի բակտերիաբանական հետազոտություն,
  • կղանքի կոպրոլոգիական հետազոտություն,
  • հետազոտության շճաբանական մեթոդներ.
    • իմունոֆերմենտային (ELISA),
    • անուղակի հեմագլյուտինացիա,
    • իմունոֆլուորեսցենտային անալիզ (էքսպրեսդիագնոստիկա)։

Գործիքային ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիգելլաների գաղութները արհեստական սննդային միջավայրում(բակտերիաբանական հետազոտություն)

Իրականացնում են ռեկտոռոմանոսկոպիա, որի ցուցումներն են` պրոկտոսիգմոիդիտը, սուր ձգձգվող դիզենտերիան, խրոնիկական դիզենտերիան։ Ռեկտոռոմանոսկոպիայով հաստ աղու պատերի դիտման ժամանակ տարբերում են աղիքի ախտահարման հետևյալ ձևերը. կատառալ, կատառալ - հեմոռագիկ, էրոզիվ և խոցային։

Տարբերակիչ ախտորոշումը ամեոբային դիզենտերիայից կամ ամեոբիազից.

Ախտորոշիչ չափանիշներ Շիգելլոզ Ամեոբիազ
Անամնեզը ջրային հարավարևելյան Ասիա, Աֆրիկա, Կովկաս
Սկիզբը սուր աննկատ
Ինտոքսիկացիան արտահայտված թույլ արտահայտված
Ցավերը կծկանքային, ձախ զստափոսում այրող, աջ զստափոսում
Կղանքը շատ հաճախակի, սակավ, լորձով, արյունով հաճախակի, ապակենման լորձով, արյունով
Արտաաղիքային բարդությունները հազվադեպ «շոկոլադային աբսցեսներ»
Լաբորատոր ախտորոշումը կղանքի ցանքս կղանքի մանրադիտում
Կոպրոլոգիական հետազոտությունը լեկոցիտներ, էրիթրոցիտներ էրիթրոցիտներ, Շարկո - Լեյդենի բյուրեղներ
Գործիքային ախտորոշումը ռեկտոռոմանոսկոպիա(պրոկտոսիգմոիդիտ) կոլոնոսկոպիա(խոցեր կույր աղիքում և վերել հաստ աղիքում)
Հիմնական դեղամիջոցը Ֆուրազոլիդոն Մետրոնիդազոլ

Բարդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարդությունները լինում են.

  • աղիքային`
    • ուղիղ աղու արտանկում,
    • տոքսիկ մեգակոլոն,
    • աղիքի պատի թափածակում (հազվադեպ),
  • արտաաղիքային`
    • երկրորդային վարակներ (հաճախ` թոքաբորբեր),
    • հեմոլիտիկ - ուռեմիկ համախտանիշ և այլն։
    • ռեակտիվ արթրիտ
    • սեպսիս

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը սկսվում է հատուկ սննդակարգի (դիետա) պահպանմամբ մոտ մեկ շաբաթ տևողությամբ։ Նշանակվում է դիետիկ սեղան №4 (ըստ Պևզների). դյուրամարս սնունդ (սուպեր, շիլաներ, պաքսիմատ), մածուն, տավարի անյուղ, մանրացված միս։ Արգելվում է մրգերի, բանջարեղենի, թթվասերի, կաթի օգտագործումը դիետայի ընթացքում։

Դեղորայքային բուժումը լինում է.

  • էթիոտրոպ կամ պատճառային,
  • պաթոգենետիկ կամ ախտածագումնային։

Էթիոտրոպ բուժման նպատակը հարուցչի վրա ներգործելն է` բերելով շիգելլաների ոչնչացման (բակտերիոցիդ էֆեկտ) կամ կենսագործունեության դադարեցման (բակտերիոստատիկ էֆեկտ)։ Այդ նպատակով օգտագործում են հակաբակտերիալ պրեպարատներ (հակաբիոտիկներ, սուլֆանիլամիդներ). նիտրոֆուրաններ (Ֆուրազոլիդոն, Էրցեֆուրիլ), սուլֆանիլամիդներ (Բիսեպտոլ), 4-օքսիխինոլոններ (Նալիդիքսինաթթու, Ինտետրիքս), ֆտորխինոլոններ (Ցիպրոֆլոքսացին, Օֆլոքսացին), ամինոգլիկոզիդներ (Գենտամիցին), ցեֆալոսպորիններ (Ցեֆտրիաքսոն, Ցեֆազոլին) և այլ պրեպարատներ։

Պաթոգենետիկ բուժումն ուղղված է ինտոքսիկացիայի, ջրազրկման(դեհիդրատացիա), դիսպեպտիկ երևույթների վերացմանը, աղիների նորմալ միկրոֆլորայի վերականգնմանը, ցավերի նվազեցմանը, իմունիտետի կարգավորմանը։ Այդ նպատակով նշանակվում են ռեհիդրատացիոն բուժում (Ռեհիդրոն, Ռինգեր և այլ հեղուկներ), տտպող և պատող պրեպարատներ (սպիտակ կավ, Սմեկտա), սպազմոլիտիկներ (Նո-շպա, Պապավերին), M-խոլինոլիտիկներ (Բուսկոպան), իմունոխթանիչներ (Մեթիլուրացիլ, Պենտոքսիլ), մարսողական ֆերմենտներ (Ֆեստալ, Կրեոն, Մեզիմ-ֆորտե), էուբիոտիկներ - պրոբիոտիկներ (Լինեքս, Կոլիբակտերին, Բիֆիկոլ, Նարինե)։

Կանխարգելումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիզենտերիայի դեմ պայքարը պայմանավորված է բուժկանխարգելիչ, սանիտարհիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կոմպլեքսի արդյունավետ իրականացման հետ։ Նշված միջոցառումները իրականացվում են համաճարակային օջախի երեք օղակների նկատմամբ. վարակի աղբյուր, փոխանցման մեխանիզմ, ընկալող օրգանիզմ։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Инфекционные болезни, Е. П. Шувалова
  • «Բակտերիալ դիզենտերիա», ԵՊԲՀ ՌԲՖ ԲԾԿՄ ամբիոնի Ռազմական համաճարակաբանության և հիգիենայի ցիկլի դասախոսություն, Ա. Լ. Դանիելյան
  • ԵՊԲՀ Ինֆեկցիոն հիվանդությունների ցիկլի դասախոսություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 WikiSkripta (չեխերեն) — 2008. — ISSN 1804-6517
  2. Disease Ontology — 2016.
  3. Guidelines for the control of shigellosis, including epidemics due to Shigella dysenteriae type 1 (PDF). WHO. 2005. էջ 2. ISBN 978-9241593304. Արխիվացված (PDF) օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «General Information| Shigella – Shigellosis | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 3. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 20-ին.