Շենգավիթ (բնակատեղի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շենգավիթ (այլ կիրառումներ)

Շենգավիթ բնակատեղի, Արարատյան դաշտի և Հայաստանի ցածրադիր հովիտների վաղ բրոնզեդարյան բնակատեղիներ։ Դրանք արհեստական բլուրներ են՝ բաղկացած կավակերտ հյուղակների աղյուսաշար արմերի մնացորդներից և մոխրի թանձր շերտերից։ Դրանք, որպես կանոն, զետեղված են համեմատաբար բարձրադիր վայրերում, գետերի, գետակների, առվակների ափերին կամ նրանցից ոչ հեռու, տափարակ ու բարեբեր դաշտերի մեջ, գրավում են մի քանի հեկտար տարածություն և երբեմն ամրացվում են աղյուսաշար կամ քարե հզոր պարսպապատերով (Շենգավիթ, Շրեշ-բլուր)։ Արարատյան դաշտի ամենաերևելի և երկարակյաց հուշարձաններից մեկը Շենգավիթ կոչվող բնակատեղին է, Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդանի ձախ ափին։ Այն զբաղեցնում է 6 հեկտար տարածությամբ անկանոն ձվաձև մի հարթակ, գետի մակերևույթից մոտ 12 մ բարձրության վրա։ Բնակատեղին շրջափակված է անմշակ քարերից կառուցված հզոր պարսպով, որն ունի աշտարակներ, որմնահեց ելուստներ և դեպի ջուրը տանող ստորերկրյա սալածածկ գետնուղի։ Պարսպապատի մեջ առնված բնակատեղին կառուցապատված է առանց որոշակի հատակագծի՝ կացարանների ու տնտեսական կառույցների խառնիխուռն դասավորությամբ, անկանոն ու ծուռումուռ նրբանցքներով։ Բնակատեղին ունի այսպիսի կառույցների միմյանց հաջորդող 4 շերտ, որոնք իրարից անջատվում են 20-25 սմ հաստություն ունեցող խավերով։ Ժամանակագրական տարբեր շերտերի առկայությունը վկայում է, որ Շենգավիթի բնակավայրում կյանքը հարատևել է դարեր շարունակ։ Բոլոր շերտերում հայտնաբերված կառույցները բաղկացած են գավիթներից, կլոր կացարաններից ու հարակից քառանկյունի տնտեսական շինություններից, որոնց հարդախառն աղյուսե պատերը հենվում են քարե հիմնապատերի վրա։

Շենգավիթի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության ու պրիմիտիվ ճարտարապետության որոշակի առաջընթացի մասին։ Ի տարբերություն 5-րդ-4-րդ հազարամյակների կառույցների, Շենգավիթի կացարանները բավական ընդարձակ են ու բարեկարգ։ Շինարարական աղյուսը ստանում է ավելի հաստատուն ձև և ստանդարտ չափեր, քարե շեմեր և աստիճաններ ունեցող մուտքերը զետեղվում են գերազանցապես արևելյան կողմում, հատակները պատրաստվում են մանր կոպիճի համակենտրոն շարվածքով, ապա ծեփվում կամ աղյուսապատվում են, պատերը դրսից ու ներսից հարդարվում են նուրբ կավե շփոթով, կացարանի շրջագծով մեկ պատրաստվում են աղյուսե նստարաններ ու մահիճներ, կացարանի կենտրոնում, որպես կանոն զետեղվում է բարձրարվեստ պաշտամունքային օջախը, այլ մասերում շինվում են քարե օջախներ և այլն, և այլն։

Կլոր կացարաններն ունեին կոնաձև, իսկ նրանց կից կառույցները՝ տափակ տանիքներ։ Բնակարանային նման կոմպլեքսների հայտնաբերումը Գառնիում, Էլարում, Քաղսիում, Արմավիրի Մոխրաբլուրում և այլուր գալիս է հաստատելու, որ Շենգավիթի կառուցողական արվեստը համատարած երևույթ էր ժամանակակից ողջ Հայաստանի համար, որի հիմքում ընկած էին Հայկական լեռնաշխարհի և Առաջավոր Ասիայի 6-4-րդ հազարամյակների կառուցողական արվեստի սկզբունքներն ու տեխնիկական հմտությունը։

Այդուհանդերձ, Հայաստանի, Վրաստանի, Առաջավոր Ասիայի տարբեր մարզերի միաժամանակյա կառույցներից ի հայտ են բերում մի շարք յուրահատուկ գծեր, որոնք, ըստ երևույթին, էթնիկական աշխարհագրական կամ բնակլիմայական տարբեր պայմանների ցուցանիշներ են։ Հատկանշական է, օրինակ, որ Վրաստանում հայտնաբերված են նույն դարաշրջանի և նույն մշակույթին պատկանող կացարանները գերազանցապես քառակուսի են, ունեն տափակ ծածկ, հում աղյուսից կամ հյուսածո հիմնակմախքից պատրաստված պատեր (Քվացխելենի, Գուդաբերտղա-Ցիխիս-գորա, Ամիրանիս-գորա և այլն)։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]