Շեյխ Չիլլի (սուֆի գիտնական)
Շեյխ Չիլլի |
|---|
Շեյխ Չիլլի կամ Շեյխ Չեհլի(), Հնդկաստանի Qadriya սուֆիական միաբանության սուֆի գիտնական[1]։ Նրա անվան շուրջ կան տարաձայնություններ, սակայն նրան հաճախ նույնացնում են Աբդ ուր-Ռահիմ Աբդուլ-Քարիմ Աբդ ուր-Ռազաքի հետ և նկարագրում որպես սուֆի սուրբ[2][1]։ Նա թաղված է Sheikh Chilli's Tomb-ում, որը գտնվում է բլրի վրա՝ Թանեսարում, Կուրուկշետրայի շրջանում, Հարյանա նահանգում[3][2]։ Սպիտակ մարմարից և ավազաքարից կառուցված, մարգարիտաձև գմբեթով Sheikh Chilli's Tomb համալիրն իր նրբաճաշակ մուղալական ճարտարապետության շնորհիվ հաճախ համեմատվում է Թաջ Մահալի հետ[1][3]։ Հավանաբար այն կառուցվել է մուղալ արքայազն Դարա Շիկոհի՝ կայսր Շահ Ջահանի ավագ որդու կողմից[1][4]։ Վերջին ուսումնասիրությունները ենթադրում են, որ Շեյխ Չիլլին, հնարավոր է, եղել է դամբարանի հարևանությամբ գտնվող մադրասայի ուսուցիչ[2][4]։
Անուն և ինքնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թե իրականում ով է թաղված Sheikh Chilli's Tomb-ում, պատմաբանների շրջանում վիճարկման առարկա է։ 1860-ական թվականներին բրիտանացի հնագետ և հնագիտական հետազոտող Ալեքսանդր Կանինգհեմը գրել է, որ դամբարանում թաղված հոգևոր ուսուցչի իրական անունը վիճելի է, սակայն տեղացիները նրան անվանում են «Շեյխ Չիլլի» կամ «Շեյխ Թիլլի»[4][2]։
«Շեյխ Չիլլի»-ն ոչ թե անձնանուն, այլ պատվավոր կոչում է[4]։ «Չիլլի» բառը, հավանաբար, «Չեհլի» բառի աղավաղված ձևն է, որը պարսկերեն նշանակում է «քառասուն»[2]։ Որպես կոչում՝ այն բնութագրում է այն անձին, որը միայնության մեջ կատարում է քառասնօրյա չիլլա՝ խորհրդածության և ծոմապահության շրջան[2]։

Շեյխ Չիլլին և ժողովրդական բանահյուսության Շեյխ Չիլլին
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյխ Չիլլի անունով հայտնի սուֆի գիտնականը երբեմն նույնացվում է ժողովրդական բանահյուսության Շեյխ Չիլլիի հետ՝ կատակերգական կերպարի, որը հնդկական և պակիստանյան ժողովրդական հեքիաթներում ներկայացվում է որպես պարծենկոտ, հիմար և երազկոտ անձնավորություն[5]։ Սակայն պատմաբանները կասկածի տակ են դնում, թե արդյոք բանահյուսական այդ կերպարն իսկապես հիմնված է դամբարանում թաղված անձի վրա[1][6][2]։ Սուֆի գիտնականին նաև հաճախ շփոթում են «The Folk Tales of Hindustan» (1908) գրքի հեղինակի հետ, որը ստեղծագործել է «Շեյխ Չիլլի» գրական կեղծանվամբ[7][8]։
Նշելով հնարավոր կապի մասին՝ Ֆարզանդ Ահմեդը India Today-ում գրել է, որ ժողովրդական բանահյուսության Շեյխ Չիլլին «պաշտվում է որպես ծիծաղի և սրամտության սուրբ» և «երեխաների կողմից սիրված է իր հիմարության պատճառով»[5]։
Հնարավոր անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]19-րդ դարի կեսերից պատմաբաններն արձանագրել են մի քանի հավանական անուններ այն Շեյխ Չիլլիի համար, որի հիշատակին կառուցվել է դամբարանը[2][4]։
Աբդուլ Քարիմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբդուլ Քարիմը եղել է Դարա Շիկոհի դիվանը կամ ֆինանսների նախարարը[4]։ Նրա անունը հիշատակվում է «Sair-i-Punjab» ճանապարհորդական գրքում, որը գրվել է 1850-ական թվականներին և սխալմամբ նրան ներկայացնում է որպես Աքբարի վեզիրներից մեկը[4]։
Այս անունը երեք անուններից մեկն է, որոնք նշված են Archaeological Survey of India-ի 1862–1865 թվականների զեկույցում։ Իսկ Archaeological Survey of India-ի 1888–1889 թվականների զեկույցում ենթադրվում է, որ Աբդուլ Քարիմը ծագումով եղել է Բաննուրից[4]։ Արվեստի պատմաբան Սուբհաշ Փարիհարը պնդում է, որ մուղալական ֆինանսական վարչարարությամբ զբաղվող անձը, որը չուներ գիտական կամ կրոնական հեղինակություն, դժվար թե արժանանար իր պատվին նման դամբարանի և մադրասայի կառուցմանը[4]։
Աբդ ուր-Ռահիմ կամ Աբդուլ Ռազաք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Աբդուլ Ռահիմ» անունը հիշատակվում է որպես դամբարանի հետ կապված երեք անուններից մեկը Սըր Ալեքսանդր Կանինգհեմի՝ Archaeological Survey of India-ի համար 1862–1865 թվականներին պատրաստված զեկույցում[4]։ «Աբդ ուր-Ռահիմ» անունը հիշատակվւմ է նաև Չարլզ Ջ. Ռոջերսը կազմված Archaeological Survey of India-ի 1888–1889 թվականների զեկույցում։ Կանինգհեմն իր զեկույցում նշում է նաև մեկ այլ անուն՝ Աբդուլ Ռազաք[4]։
Աբդուլ Քադիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաննուրի Աբդուլ Քադիրը որպես Շեյխ Չիլլիի իրական անուն նույնականացրել է փենջաբցի սիկհ գիտնական և հանրագիտարանագիր Բհայ Կահան Սինգհ Նաբհան[4]։
Վաղ տարիք և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շեյխ Չիլլի սուֆի գիտնականի ծննդավայրի և կրթության վերաբերյալ հարցը նույնպես մնում է ենթադրությունների առարկա։ Տեսություններից մեկի համաձայն՝ նա ծագումով եղել է Իրանից և շրջել է Հնդկաստանով՝ իսլամը քարոզելու նպատակով[1]։
Հայաթ-ե-Շեյխ չիլի
[խմբագրել | խմբագրել կոդը]1901 թվականին Մունշի Սաջջադ Հուսեյնը հրատարակում է սուֆի սրբին նվիրված կենսագրական վեպ՝ «Hayat-e-Shaikh Chilli» («Շեյխ Չիլլիի կյանքը») վերնագրով[9][10][11]։ Վեպում նա ենթադրում է, որ Շեյխ Չիլլին սերում էր Տրանսօքսիանայից եկած թաթար ոչխարաբույծ և այծաբույծ վաճառականի տոհմից, որը գաղթել էր Հնդկաստան[12]։
Հուսեյնի վկայությամբ՝ ութ տարեկանում Շեյխ Չիլլին ուղարկվում է իր բնակավայրի մզկիթին կից դպրոց, որտեղ մոտ մեկ տարվա ընթացքում սովորում է կարդալ Ղուրանը[10]։ Հեղինակը երիտասարդ Շեյխ Չիլլիին նկարագրում է որպես խելացի, աշխատասեր աշակերտ և ընթերցանության մեծ սիրահար, որի հայրը հաճախ նոր գրքեր էր գնում նրա համար[10]։
Վեպում Հուսեյնը Շեյխ Չիլլիին ներկայացնում է որպես իր ուսուցչի նկատմամբ հարգալից և պատիժն ընդունող անձնավորություն, նույնիսկ այն դեպքերում, երբ ընկերները նրան անարդարացիորեն մեղադրում էին իրենց արարքների համար[10]։ Հուսեյնի խոսքով՝ մինչև տասնհինգ տարեկանում դպրոցն ավարտելը Շեյխ Չիլլին աչքի էր ընկել իր բացառիկ հիշողությամբ, գեղեցիկ ձեռագրով և իմաստությամբ[10]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]
1862–1865 թվականներին Ալեքսանդր Կանինգհեմի հրապարակած զեկույցից ի վեր Թանեսարի Շեյխ Չիլլին հաճախ ներկայացվում է որպես 17-րդ դարի մուղալ արքայազն Դարա Շիկոհի հոգևոր խորհրդական[2][4]։ Սակայն ժամանակակից պատմաբաններ, այդ թվում՝ Սուբհաշ Փարիհարը և Ռանա Սաֆվին, վիճարկում են այս պնդումը՝ նշելով, որ Դարա Շիկոհը հետևորդ էր Քաշմիրից սերված Մուլլա Շահ Բադախշիի, որը պատկանում էր Qadriya սուֆիական միաբանությանը և թաղված է Լահորում[4][2]։ Մուլլա Շահ Բադախշին եղել է Միան Միրի իրավահաջորդը։ Վերջինս առաջին անգամ Դարա Շիկոհին ծանոթացրել է Qadiri սուֆիական ավանդույթին 1633 թվականին[13]։ 1640 թվականին Մուլլա Շահ Բադախշին պաշտոնապես ընդունել է Դարա Շիկոհին որպես իր մուրիդ[13]։
Թեև Շեյխ Չիլլին նկարագրվում է որպես սուֆի սուրբ, պատմաբաններին չի հաջողվել Թանեսարի նշանավոր սրբերի մասին պահպանված աղբյուրներում գտնել որևէ անձի, որը կհամապատասխաներ նրա նկարագրությանը[4][2]։ Այդ ժամանակաշրջանում Թանեսարի ամենանշանավոր սուֆի սուրբը Շեյխ Ջալալուդդին Թանեսարին էր, որի դամբարանը գտնվում է մոտակայքում[2]։
Մադրասա Թանեսարում
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վերջին ուսումնասիրությունները ենթադրում են, որ Թանեսարի Շեյխ Չիլլին, հնարավոր է, եղել է այնտեղի մադրասայի ուսուցիչ[4][2]։ Մուղալական կայսրության ժամանակաշրջանում մադրասաները ծառայում էին որպես ուսումնական հաստատություններ, որտեղ կրթություն էին ստանում իսլամական հոգևորականները՝ ուլեմաները, որոնք պատրաստվում էին քաղաքացիական կամ դատական ծառայության[2]։ Հնդկաստանում, ինչպես նաև այլ վայրերում, ընդունված սովորույթ էր մադրասաներ կառուցել դրանց հիմնադրի կամ այնտեղ դասավանդած գիտնականի դամբարանի հարևանությամբ[4]։ Սուբհաշ Փարիհարի ուսումնասիրությունները կենտրոնացած են Շեյխ Չիլլիի դամբարանին կից մադրասան կազմող բակի և սենյակների վրա[4]։
Ռանա Սաֆվին գրում է, որ հավանական է, թե Թանեսարի մադրասան հիմնադրվել է Դարա Շիկոհի կողմից՝ Qadriya սուֆիական միաբանությունը խթանելու նպատակով, քանի որ այդ շրջանում այնտեղ գերիշխող դիրք ուներ Chishti միաբանությունը[2]։
Անձնական կյանք և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանեսարի Շեյխ Չիլլին, հավանաբար, ամուսնացած է եղել։ Շեյխ Չիլլիի գլխավոր դամբարանի կողքին գտնվող երկրորդ դամբարանը հաճախ նույնացվում է նրա կնոջ դամբարանի հետ[14]։ Այն կառուցված է կարմիր ավազաքարից, ունի մարմարե գմբեթ և ծաղկային զարդաքանդակներ[14]։ Սակայն Սուբհաշ Փարիհարը նշում է, որ Շեյխ Չիլլիի գլխավոր դամբարանի ներսում իրականում գտնվում են երկու գերեզման, որոնցից մեկը, հավանաբար, պատկանում է նրա կնոջը, մինչդեռ երկրորդ դամբարանը, ամենայն հավանականությամբ, նախատեսված է եղել մեկ այլ գիտնականի և նրա կնոջ համար[4]։
1883 թվականի դրությամբ դամբարանին կից մադրասան դեռևս գործում էր որպես դպրոց, որտեղ մահմեդական և հինդու երեխաները սովորում էին փենջաբերեն և պարսկերեն[4][7]։ 2019 թվականի դրությամբ Sheikh Chilli's Tomb-ը շարունակում է լինել այն հուշարձաններից մեկը, որոնց պահպանությունն ու կառավարումն իրականացնում է Archaeological Survey of India[15]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 «ہریانہ: 'شیخ چلی' کا مقبرہ مغل فن تعمیر کا نمونہ» [Haryana: Tomb of 'Sheikh Chilli' is a masterpiece of Mughal architecture]. ETV Bharat (ուրդու). 2021 թ․ հունվարի 11. Վերցված է 2026-06-21-ին.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 Safvi, Rana (2018 թ․ հունիսի 10). «The legend of Sheikh Chehli: Who is the saint whose tomb is in Thanesar?». The Hindu. Վերցված է 2026-06-13-ին.
- 1 2 Monuments & Sites in Haryana (PDF). New Delhi: Archaeological Survey of India. 2009. էջեր 14–20.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 Parihar, Subhash (1991 թ․ հունվարի 1). «A LITTLE-KNOWN MUGHAL COLLEGE IN INDIA: THE MADRASA OF SHAYKH CHILLIE AT THANESAR». Muqarnas Online. 9 (1): 175–185. doi:10.1163/22118993-90000286.
- 1 2 Ahmed, Farzand (2009 թ․ դեկտեմբերի 14). «Strange tales behind mazars». India Today. Վերցված է 2026-06-22-ին.
- ↑ Aslam, M. J. (2022 թ․ հունվարի 1). «Did Sheikh Chilli and Malle Dupiyaz Really Exist?». Kashmir Life. Վերցված է 2026-06-20-ին.
- 1 2 Ross, David (1883). The Land Of The Five Rivers and Sindh. London: Chapman and Hall. էջ 240 – via Internet Archive.
- ↑ Sircar, Sanjay (2018 թ․ ապրիլ). «The Motif of a Magic Staff/Club/Stick in Märchen: in a flexible numerical series of no fixed number; semi-personified; solo and semi-personified in a modern fantasy novel; possibly with one Indic source in Tantric practice; with more than one function; and in motif-clusters with various companions». Tradition Today (7): 20–33 – via EBSCOhost.
- ↑ Blumhardt, J. F., ed. (1909). Catalogue of Hindustani printed books in the library of the British Museum. Trustees of the British Museum – via Internet Archive.
- 1 2 3 4 5 Hussain, Munshi Sajjad (2023 թ․ մարտի 15). «مشہورِ زمانہ شیخ چلی کے مکتب میں کارنامے» [Achievements in the school of the famous Sheikh Chili]. ARY News (ուրդու). Վերցված է 2026-06-21-ին.
- ↑ Mahmood, Naazir (2019 թ․ ապրիլի 28). «Jamil Jalibi, Haji Baghlol and Pakistani politics: Part - I». The News International. Pakistan. Վերցված է 2026-06-22-ին.
- ↑ Hussain, Muhammad Sajjad (1901). Hayat e Sheikh Chilli (ուրդու) – via Internet Archive.
- 1 2 Gandhi, Supriya (2026). «PICTURE ESSAY: The Cultural Patronage of Dara Shukoh». Marg: A Magazine of the Arts. Վերցված է 2026-06-25-ին – via EBSCOhost.
- 1 2 «Sheikh Chilli Tomb complex, Thanesar». Centre for Art and Archaeology. American Institute of Indian Studies. Վերցված է 2026-06-21-ին.
- ↑ «Humayun's Tomb among 10 monuments across India to stay open till 9pm». Deccan Chronicle. 2019 թ․ հուլիսի 30. Վերցված է 2026-06-25-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hayat e Shaikh Chilli (The Life of Sufi saint Shaikh Chilli) (1901) –Ինտերնետային արխիվ