Jump to content

Շեղում (աճպարարություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շեղում
Թատերական հնարք Խմբագրել Wikidata
Բոսխի Աճպարարը նկարը
նկարի ձախ կողմում գտնվող կերպարը գողանում է մի իր հանդիսատեսներից մեկից, որը ուշադիր հետևում է աճպարարական հնարքին
թատերական հնարք Խմբագրել Wikidata
Ենթադասխաբեբայություն Խմբագրել Wikidata
Մասն էԻլյուզիոնիզմ, Ներկայացում Խմբագրել Wikidata
Գործունեության հմտություններԻլյուզիոնիզմ Խմբագրել Wikidata

Շեղում, թատերական աճպարարության մեջ խաբեության ձև, որի միջոցով դերասանը գրավում է հանդիսատեսի ուշադրությունը դեպի մեկ բան՝ այն այլ բանից շեղելու համար։ Հանդիսատեսի ուշադրության կառավարումը թատրոնի բոլոր ձևերի նպատակն է և բոլոր աճպարարական հնարքների հիմնական պահանջը։ Անկախ այն բանից՝ աճպարարությունը իրականացվում է «գրպանի հնարքի» տեսքով թե բեմական մեծ ներկայացմամբ, շեղումը հիմնական գաղտնիքն է։ Այս տերմինը նկարագրում է թե՛ արդյունքը (դիտողի ուշադրությունը անկարևոր առարկայի վրա կենտրոնացնելը), թե՛ ձեռնածության կամ խոսքի (աճպարարի ելույթի) միջոցով այն ստեղծելու գործընթացը։

Դժվար է ասել, թե ով է առաջին անգամ կիրառել այս տերմինը, սակայն շեղման վաղ հիշատակումներից մեկը հանդիպում է ազդեցիկ դերասան և գրող Նևիլ Մասկելայնի գրություններում. «Այն անկասկած հիմնված է զգայարանների միջոցով հանդիսատեսին մոլորեցնելու վրա՝ որոշ գաղտնիություն պահանջող մանրամասներ թաքցնելու նպատակով»[1]։ Մոտավորապես նույն ժամանակաշրջանում աճպարար, նկարիչ և գրող Հարլան Թարբելը նշում է. «Գրեթե ամբողջ ձեռնածության արվեստը հիմնված է շեղման արվեստի վրա»[2]։

Հենրի Հեյը նկարագրում է աճպարարության հիմնական գործողությունը որպես «հետաքրքրության մանիպուլյացիա»[3]։

Աճպարարները հանդիսատեսի ուշադրությունը շեղում են երկու հիմնական եղանակով։ Մեկը ստիպում է հանդիսատեսին շատ կարճ ժամանակով այլ կողմ նայել, որպեսզի նրանք չնկատեն որևէ ձեռնածություն կամ շարժում։ Մյուս մեթոդը վերաբերում է հանդիսատեսի ընկալման վերաձևակերպմանը, ինչը շեղում է դիտողներին, որ մտածեն թե ինչ-որ կողմնակի գործոն մեծ կապ ունի հնարքի հաջողության հետ, երբ իրականում այն ոչ մի ազդեցություն չունի։ Դարիել Ֆիցկին նշում է. «Աճպարարի իրական հմտությունը նրա ցուցադրած վարպետության մեջ է, որը ազդում հանդիսատեսի մտքի վրա»[4]։ Բացի այդ, երբեմն ինչ-որ իր, օրինակ՝ «աճպարարական փայտիկը», օգնում է շեղման գործում[5]։

Թ.Ա. Ուոթերսի «Աճպարարության և աճպարարների հանրագիտարան» գրքում հեղինակը գրում է․ «Շեղումը գրեթե բոլոր հաջողված աճպարարությունների հիմնաքարն է. առանց դրա, անգամ ամենապրոֆեսիոնալ ձեռնածությունը կամ մեխանիկական սարքը դժվար թե ստեղծի իսկական աճպարարական պատրանք»[6]։ Շեղումը օգտագործում է մարդու մտքի սահմանափակումները՝ սխալ պատկեր և հիշողություն ձևավորելու համար։ Սովորական հանդիսատեսի միտքը միևնույն պահին կարող է կենտրոնանալ միայն մեկ բանի վրա։ Աճպարարը օգտագործում է տվյալ իրավիճակը՝ մանիպուլյացիայի ենթարկելով հանդիսատեսի գաղափարները կամ զգայական ընկալումները, ստիպելով նրանց հասնել սխալ եզրահանգումների։

Հանդիսատեսի ուշադրությունը դերասանը կարող է գրավել տարբեր եղանակներով։ «Աճպարարության գաղտնի արվեստը» գրքում հեղինակներ Էրիկ Էվանսն ու Նոուլին Քրեյվերը նշում են, որ աճպարարությունը անմիջականորեն կապ ունի ռազմավարության հետ և հիմնվում է նույն սկզբունքների վրա։ Նրանք հղում են անում Սուն Ցզիի «Պատերազմի արվեստը» գրքին, ընդգծելով, որ խորամանկությունը հաջող մարտավարության առանցքային տարրն է։ Քրեյվերը հետագայում նկարագրում է, թե ինչպես են 36 ռազմավարությունների միջոցով ձևավորում շեղման բոլոր հայտնի մեթոդների հիմքը[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բրիտանիայի ռազմական հետախուզությունը դիմել էր բեմական աճպարար Ջասպեր Մասքելինին, որպեսզի նա օգներ ստեղծել տարբեր շեղող հնարքներ, այդ թվում՝ խաբկանքներ, մոլորեցնող մարտավարություններ և քողարկում։

Շեղման տեխնիկան ուսումնասիրած և զարգացրած նշանավոր աճպարարներից են Մաքս Մալինին, Ջոն Ռամզին, Թոմի Ուոնդերը, Դերեն Բրաունը, Խուան Տամարիսը, Թոնի Սլիդինին և Դայ Վերնոնը։

1948 թվականի «Սկզբունքներ և խաբկանքներ» գրքում Արթուր Բաքլին կասկածի տակ է առնում «շեղում» տերմինի ճշգրտությունը[8]։ Այդ ժամանակից ի վեր աճպարարները քննարկում են այդ տերմինի օգտագործումը՝ ստեղծելով բանավեճեր այն մասին, թե ինչ է դա և ինչպես է աշխատում։ Բաքլին տարբերակում է շեղումը և ուղղորդումը, համարելով, որ առաջինը բացասական իմաստ ունի, իսկ երկրորդը՝ դրական։ Այնուամենայնիվ, վերջնական եզրակացությամբ նա երկուսն էլ նույնացնում է․ «Եթե կատարողը որևէ միջոցով հանդիսատեսի միտքը հասցրել է այն եզրակացության, որ նա կատարել է մի բան, որը իրականում չի արել, ապա նա հանդիսատեսին հավատ ներշնչելու գործընթացը սխալ ուղղությամբ է տարել, ուստի՝ շեղել է»։

Ջակոբուս Մարիա Բեմելմանը՝ բեմական անունը Թոմի Ուոնդեր[9], նշել է, որ աճպարարի տեսանկյունից շատ ավելի արդյունավետ է կենտրոնանալ հանդիսատեսի ուշադրության ուղղորդման դրական նպատակների վրա։ Նա գրում է․ «շեղում» տերմինը ենթադրում է «սխալ» ուղղություն։ Այն հուշում է, որ ուշադրությունը ինչ-որ բանից հեռացվում է։ Այս տերմինը շարունակաբար օգտագործելով՝ այն այնքան խորն է ամրանում մեր գիտակցության մեջ, որ մենք սկսում ենք ընկալել շեղումը որպես ուշադրությունը մի բանից հեռացնելու գործընթաց, մինչդեռ այն պետք է լինի դեպի ինչ-որ բան ուղղորդելու միջոց»։

2019 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԱՄՆ-ում անցկացված «Slydini Inspiration» դասախոսությունների շարքի ընթացքում Թոնի Սլիդինիի աշակերտ Բիլ Վիշը միավորեց Սլիդինիի երկու սահմանումները մեկ հստակ բացատրության մեջ։ Սլիդինին նշում էր, որ երբ նա հարցնում էր Սլիդինիին՝ «Ի՞նչ է շեղումը», վերջինս կրկնում էր․ «Եթե դու հավատաս դրան, մյուսներն էլ կհավատան» և «Աճպարարությունը մի բան է, որը նրանք չեն տեսնում»։ Բիլ Վիշի ձևակերպած համակցված սահմանումը հետևյալն էր․ «Շեղումը ճիշտ է, երբ մյուսները հավատում են նրան, ինչ դու անում ես, իսկ հետո հետևում են քեզ»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Our Magic, page 117, second edition copyright 1946
  2. ↑ Harlan Tarbell, The Tarbell Course in Magic Vol. 1
  3. ↑ Henry Hay, The Amateur Magicians Handbook, pg. 2, copyright 1972
  4. ↑ Dariel Fitzkee, Magic by Misdirection, pg. 33, copyright 1975
  5. ↑ Lantiere, Joe (2004). The magician's wand : a history of mystical rods of power (Rev ed.). Oakville, CT: Olde World Magick. ISBN 9780962769559.
  6. ↑ The Encyclopedia of Magic and Magicians, pg. 232, copyright 1988
  7. ↑ The 36 Strategems
  8. ↑ Arthur Buckley, Principles and Deceptions, copyright 1948, page 27
  9. ↑ The Books of Wonder Volume I, copyright 1996

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շեղում (աճպարարություն)» հոդվածին։