Շելյան մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Շելյան մշակույթ, հին աշելյան մշակույթ, աբբեվիլյան մշակույթ, վաղ հին քարի դարի հնագիտական մշակույթ Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-Արևմտյան և Հարավային Ասիայում, նաև Հայաստանում։ Հաջորդել է մինչշելյան (օլդուվայան) մշակույթին։ Վերաբերում է նախնադարյան համայնական կարգի սկզբնական դարաշրջանին։ Ունի 800-300 հազար տարվա վաղեմություն։ Շելյան մշակույթը առաջինը հայտնագործել է ֆրանսիացի հնագետ Բյուշե դը Պերտը (1846 թվականին)՝ Շել քաղաքի մոտ (Փարիզի մերձակայքում), պարբերացումը 1860-ական թվականներին հիմնավորել է Գ․ Մորտիլիեն։ Շելյան մշակույթին բնորոշ են ձեռքի պարզունակ գործիքները (խոշոր և կոպիտ), որոնք ծառայել են կտրելու, ծակելու, հարվածելու, փորելու համար։ Զուգահեռ գործածվել են նաև ջարդող (չոպպերներ) և հատող (չոպպինգներ) այլ գործիքներ։ Շելյան մշակույթի կրողները եղել են արխանթրոպոսները (պիտեկանթրոպոս, սինանթրոպոս և այլն), որոնք ծանոթ էին կրակին, բնակվում էին բաց կայաններում ու անձավներում, զբաղվում որսորդությամբ ու հավաքչությամբ։ Հայաստանում առաջին անգամ Շելյան մշակույթի գործիքներ հայտնաբերվել են 1943-1945 թվականներին Արտենի (Արտին) լեռան Սատանի դար կոչվող բլրի վրա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 478