Jump to content

Շաքարային դիաբետի ինքնավերահսկում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Միավորվենք ընդդեմ դիաբետի»
ՄԱԿ- կողմից հաստատված շաքարային դիաբետի խորհրդանիշ

Շաքարային դիաբետի ինքնավերահսկում, շաքարային դիաբետի կառավարման միջոցառումների համակարգ, որն ուղղված է արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիայի պահպանմանը ֆիզիոլոգիական արժեքներին մոտեցող սահմաններում կամ դիաբետիկ նպատակային միջակայքում։

Եթե շաքարախտը լավ չի վերահսկվում, կարող են առողջական խնդիրներ առաջանալ: Շաքարախտով տառապող մարդիկ կարող են անձամբ չափել արյան մեջ գլյուկոզի քանակը գլյուկոզամետրով կամ գլյուկոզի շարունակական մոնիթորինգով, որը վերահսկում է մի քանի օր։ Երկարատև գլյուկոզի մակարդակը (3 ամսից ավելի) կարող է չափվել նաև արյան նմուշի վերլուծությամբ[1]: Կենսակերպի փոփոխությունից բացի, 2-րդ տիպի շաքարախտով որոշ անհատներ կարող են դեղորայքի կարիք ունենալ՝ արյան մեջ գլյուկոզի մակարդակը պատշաճ կերպով վերահսկելու համար: Շաքարախտի կառավարման այլ նպատակներն են ինչպես հիվանդությունից, այնպես էլ դրա բուժումից առաջացող բարդությունների կանխարգելումը կամ բուժումը[2]:

Աշխարհի դիաբետոլոգները բուժման գործընթացի առավելագույն արդյունավետության հասնելու հիմնաքարը համարում են դիաբետով հիվանդների ուսուցումը։ Ներկայումս բազմաթիվ քրոնիկ հիվանդությունների նկատմամբ համընդհանուր ճանաչում են վայելում հիվանդների (կամ նրանց ընտանիքների) հետ սանիտարական լուսաբանումը և սեփական առողջության ինքնահսկողությունը։ Ըստ ԱՀԿ փորձագետների՝ շաքարային դիաբետը լավ մոդել է, որի օրինակով կարելի է զարգացնել առողջապահական լուսաբանման հիմնական սկզբունքները, որոնք կիրառելի են ցանկացած քրոնիկ հիվանդության համար[3]։

Պատմական ակնարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրոնիկ հիվանդություններով հիվանդներին կրթելու գաղափարն ինքնին նոր չէ։ Բոլոր ժամանակներում եղել են էնտուզիաստներ, ովքեր իրենց պարտքն են համարել ոչ միայն բուժել, այլև հիվանդին սովորեցնել բուժման սկզբունքներն ու վարքագծի կանոնները կյանքի տարբեր իրավիճակներում։ Առաջին անգամ շաքարային դիաբետով մարդկանց տնային պայմաններում հիվանդության ընթացքը ինքնուրույն վերահսկել սովորեցնելու անհրաժեշտությունը ձևակերպել է ամերիկացի էնդոկրինոլոգ Էլիոտ Ջոսլինը 1922 թվականին՝ մատնանշելով ածխաջրային նյութափոխանակության վիճակի ամենօրյա ինքնագնահատման անհրաժեշտությունը.

  • «Ներկայումս ինսուլինի օգտագործումն առանց մեզի ամենօրյա թեստերի անխոհեմ է»
  • «Ուսուցման պակասը նույնքան վտանգավոր է, որքան ինսուլինի պակասը»։

Ջոսլինը 1924 թվականին առաջարկել է ինսուլինի ներարկման տեղերը փոփոխելու սխեմա և նույնիսկ մատնանշել է մարմնի տարբեր մասերից դրա ներծծման կինետիկայի տարբերությունները։ Ջոսլինը ինսուլինային թերապիայի առաջին կանոններից է համարել ինսուլինի դոզան մեզի մեջ գլյուկոզայի կոնցենտրացիային հարմարեցնելը։ Չափաբաժինը որոշվում է օրական մի քանի անգամ. յուրաքանչյուր ներարկումից առաջ հիվանդը պարզում է մեզի մեջ գլյուկոզայի պարունակությունը և, ելնելով ստացված արդյունքից հաշվարկում ինսուլինի անհրաժեշտ չափաբաժինը[4]։

Ջոսլինը հիվանդների նյութափոխանակության ամենօրյա ինքնուրույն մոնիտորինգ (բուժման արդյունավետության կարևոր նախապայման) անելը սովորեցնելու գործում կարևորել է բուժքրոջ դերը։ 1924 թվականին Ջոսլինը գրել է․ «Շաքարախտը հիվանդություն է, որը հիմնականում քույրերի համար է»[4]։

1925 թվականին Ջոսլինը կազմակերպել է հիվանդների ուսուցման դասընթացներ, որտեղ չորս օր շարունակ նրանց սովորեցնում էին ինսուլինային թերապիայի, սնուցման և ֆիզիկական ակտիվության ներդաշնակեցման հիմնական սկզբունքները, որոնք անհրաժեշտ են տանը բուժումը հաջողությամբ շարունակելու համար[4]։

Ուսուցման նպատակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսուցման հիմնական նպատակն է հիվանդներին տալ գիտելիքներ, որոնք նրանց թույլ են տալիս ցանկացած իրավիճակում գործել ինքնուրույն, իրավիճակից դուրս գալ առանց բժշկի օգնության, օգնել գիտակցել իրենց կենսակերպը փոխելու անհրաժեշտությունը, մշակել ապրելակերպ, որում նախապես պլանավորված են բոլոր անհրաժեշտ բժշկական միջոցառումները, դրանք ներառված են առօրյայում և ընկալվում են որպես անհրաժեշտ և նորմալ երևույթ [Jorgens V. et al., 1983]։ Պետք է ձգտել նրան, որ ուսուցումից հետո հիվանդները (կամ նրա ընտանիքի անդամները) սկսեն ընկալել հիվանդությունը որպես անխուսափելի մի անհարմարություն, որը պետք է սովորել հաղթահարել լիարժեք կյանքով ապրելու համար։ Հիվանդի ընտանիքի անդամները պետք է աջակցեն այս ջանքերին և պետք է սովորեն ապրել առանց մշտական վախի և հուսահատության[3]։

Հոգեբանական աջակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինսուլինակախված շաքարային դիաբետով հիվանդները և նրանց հարազատները սկզբնական շրջանում հոգեբանական աջակցության կարիք են զգում։ Հիվանդը և նրա հարազատները պետք է վարժվեն հիվանդության մասին մտքին և գիտակցեն դրա հետ վարվելու անխուսափելիությունն ու անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ում այդ նպատակով կազմակերպվում են ինքնաօգնության հատուկ խմբեր[5]։

Ուսուցման մեթոդաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր տարիքի և ինտելեկտուալ մակարդակի հիվանդներին միևնույն բանն ուսուցանելը շատ բարդ խնդիր է։ Բժշկին ուսուցման համար ժամանակ չի տրվում, քանի որ առկա բուժսպասարկման համակարգը չի ներառում հիվանդին կրթելը և ոչ բոլոր բժիշկներն են օժտված ուսուցանելու որակներով կամ ունեն մանկավարժական հմտություններ։ Ներկայումս գերակշռում է հաստատված կարծրատիպ, երբ բժիշկը հիվանդին տալիս է դեղատոմսը՝ առանց այն քննարկելու։ Այսպիսով, ուսուցման ավանդական ձևը, երբ ուսուցանվողը միայն լսում է (միայն սպառում է տրվող տեղեկատվությունը), բավարար չէ[3]։ Անհրաժեշտ է անհատական մոտեցում։ Առանձնահատուկ կարևորություն ունի բժշկի նկատմամբ հիվանդի վստահությունն ու նրա հետ ակտիվ համագործակցությունը[6]։

Ինքնավերահսկողության դպրոցներում առաջարկվում է ուսուցման նոր մեթոդաբանություն՝ կենտրոնացած կոնկրետ խնդրի վրա և այդ գործընթացում հենց ուսուցանվողի ակտիվ մասնակցության վրա․, որը խնդրի նպատակային ուսուցման մեթոդն է։ Զգալիորեն ավելացել է գիտելիքների և հատուկ հմտությունների յուրացումը, որոնք օգնում են հիվանդին հարմարվել (համակերպվել) հիվանդությանը վերապատրաստել այս մեթոդով[7]։

Խնդրի նպատակային ուսուցման կարևոր տարրը գիտելիքների և ձեռք բերված հմտությունների յուրացման որակի վերահսկումն է։ Բացառվում են վերահսկիչ ավանդական հարցերի (հարցատոմսերի) օգտագործումը, քանի որ նրանք չեն կարողանում բացահայտել ձեռք բերված հմտությունները և դրանց յուրացման աստիճանը։ Կրթության ժամանակակից մակարդակը պահանջում է կյանքի տարբեր իրավիճակների մոդելավորում, այսինքն՝ վերահսկել նյութի յուրացման որակը՝ իրավիճակային խնդիրներ լուծելով, օրինակ՝ «ճաշի սեղան», երբ ուսուցանովղները պետք է առաջարկված ճաշացանկից ընտրեն այն ուտեստները, որոնք կապահովեն կալորիաների, սպիտակուցների, ճարպերի և ածխաջրերի անհրաժեշտ քանակությունը[3]։

Հիվանդի կրթությունը շաքարային դիաբետի կառավարման հիմքն է

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանր հիպոգլիկեմիայի թեթևացման համար նախատեսված ներարկման տուփ
Ներարկման համար նախատեսված գլյուկագոն

Բժիշկը մատչելի ձևով բացատրում է հիվանդին և (կամ) նրա ընտանիքի անդամներին ընթացիկ թերապևտիկ միջոցառումների բնույթը, տեղեկատվություն է տրամադրում հիպոգլիկեմիայի նշանների և դրա բուժման մասին դեռևս ինսուլինային թերապիայի մեկնարկից առաջ։ Ուսուցումը չի նշանակում միայն շաքարային դիաբետով մարդկանց տեղեկացնել նշանակված բուժման կողմնակի ազդեցությունների մասին, դա նշանակում է իրազեկված լինել սեփական հիվանդության բուժման բոլոր ասպեկտների մասին և ինքնուրույն փոփոխել բուժման մանրամասները՝ կախված կոնկրետ իրական իրավիճակից։ Այդ նպատակով ներդրվել է մանկավարժության բոլոր կանոններին համապատասխան կազմված վերապատրաստման ծրագիր, որը մատչելի ձևով օգնում է հաջողությամբ յուրացնել ինքնաբուժման սկզբունքները։ 1-ին տիպի շաքարային դիաբետի և 2-րդ տիպի շաքարային դիաբետի ուսուցման ծրագրերը խիստ տարբերվում են միմյանցից. տարբեր տեսակի շաքարային դիաբետով մարդկանց համատեղ կրթությունը նույն ուսումնական խմբում անընդունելի է։ Դասընթացներից ամենաարդյունավետն է խմբային ձևը (7 ... 10 հոգանոց խմբեր), որի վերապատրաստման համակարգված տևողությունն առնվազն 15 ժամ է։ Նոր ախտորոշված շաքարային դիաբետով երեխաները, մեծահասակները և հղի կանայք ավելի հաճախ անհատական ուսուցում են անցնում (նախնական կրթություն)[8]։

Բժշկի պարտականությունն է սովորեցնել հիվանդին ինքնուրույն գործել ցանկացած իրավիճակում։ Հիվանդի և/կամ ընտանիքի անդամների հետ քննարկելու հիմնական հարցերն են[5][5]․

Ինսուլինային թերապիա ստացող հիվանդների ուսուցման ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրեյնինգն անցկացնում են հատուկ վերապատրաստված բժիշկները։ Բոլոր միջոցառումներն իրականացվում են հիվանդի հիվանդանոցում 5-10-օրյա գտնվելու շրջանակներում (շաքարային դիաբետով տառապող անձինք առանց բուժում պահանջող բարդությունների և ուղեկցող հիվանդությունների բացակայության կարիք չունեն էնդոկրինոլոգիական բաժանմունքում այս ժամանակահատվածից ավելի երկար մնալ)։

Առաջին տիպի շաքարային դիաբետի ուսուցման ժամանակացույցային ծրագիր
Երկուշաբթի
Երեքշաբթի
Չորեքշաբթի
Հինգշաբթի
Ուրբաթ
8։30 Измерение уровня глюкозы в крови
10։15-13։30 Ծանոթություն։ Ինչ է շաքարային դիաբետը։ 10։15-13։30 Սննդակարգ 10։15-12։00 Հիպոգլիկեմիա։ Ալկոհոլ։ Շաքարի փոխարինիչներ։ 10։15-12։00 Դիաբետը և ֆիզիկական ծանրաբեռնվծությունը 10։00—10։45 Դիաբետը և հղիությունը
12։30-13։30 Ինսուլինի չափաբաժնի պակասեցումը 12։30-13։30 Ինսուլինի չափաբաժնի ավելացումը 10։45-12։00 Գիտելիքների ստուգում
13։30 Измерение уровня глюкозы в крови
15։00-17։00 Նյութափոխանակության ինքնավերահսկում 15։00-18։00 Ինսուլինի տեսակները, ազդեցությունը, ներարկման սխեման և տեխնիկան 15։00-17։00 Դիաբետի բարդացում․ աչքեր, երիկամներ, ոտքեր 15։00-16։15 Ինչ անել կողմնակի հիվանդությունների դեպքում Քննարկում
16։20-17։00 Ավելոդ քաշը և կալորիաները
17։00 Արյան մեջ գլյուկոզի պարունակության չափում

Շաքարային դիաբետով հիվանդի դպրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո հիվանդը մենակ է մնում իր հիվանդության հետ. այստեղ շատ հարցեր են ծագում (ինչպես ասում է ասացվածքը՝ «հեշտ էր թղթի վրա…» կամ «ասելը հեշտ էր»)։ Հիվանդանոցում հնգօրյա ուսուցման կուրս ստացած շաքարային դիաբետով հիվանդների կրթությունը շարունակելու համար ստեղծվել է «Շաքարային դիաբետով հիվանդի դպրոց»[3]։

Ուսուցման ծրագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ացետոնուրիայի որոշման համար թեստային շերտերով տուփը
Մեզում ացետոնի առկայության որոշման թեստային շերտեր
  1. Խնդիր․ «Ինքնավերահսկում շաքարային դիաբետի դեպքում»
  2. Սովորողների շրջանակ։ 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդ երեխաներ, դեռահասներ և նրանց ընտանիքի անդամները, որոնք վերապատրաստվելու են հիվանդանոցում
  3. Դասընթացի նպատակ. հիվանդին և/կամ ընտանիքի անդամներին սովորեցնել ինքնուրույն վերահսկել հիվանդության ընթացքը, ճիշտ մեկնաբանել ինքնատիրապետման տվյալները և, ըստ ստացված տվյալների՝ ինքնուրույն (բժշկի կողմից թույլատրված սահմաններում) փոխել բուժման պլանը
  4. Դասընթացի տևողությունը՝ 30 ժամ (10 պարապմունք)
  5. Ուսուցման ձև․ խմբակային, անհատական (երեխաների և նրանց ընտանիքի անդամների համար)
  6. Ուսուցման պայմաններ․ սխեման՝ 45 րոպե դասախոսություն (զրույց բոլոր ուսանողների համար) և 2 × 45 րոպե՝ գործնական պարապմունքներ խմբերով (խմբում ոչ ավելի, քան հինգ հոգի)։ Գործնական պարապմունքների ընթացքում դասերի թեմայի շրջանակներում ուսուցչի մոդելավորմամբ մշակվում են կյանքի տարբեր իրավիճակներում հիվանդի վարքագծի թերապևտիկ միջոցառումների տարբերակներ։
  7. Ուսուցման ավարտին հիվանդը պետք է իմանա․
    1. ինսուլինի ազդեցության մեխանիզմը
    2. շաքարային դիաբետի ախտանիշների պաթոգենեզը
    3. շաքարային դիաբետի արտակարգ իրավիճակների և անոթային բարդությունների պաթոգենեզը և կանխարգելումը, ածխաջրերի նյութափոխանակության կոմպենսացման չափանիշները
    4. ինսուլինաթերապիայի, դիետիկ թերապիայի և ֆիզիկական ակտիվության դերը հիվանդության կոմպենսացման գործում
    5. շաքարային դիաբետի թերապիայի բարդացումները
  8. Ուսուցման ավարտին հիվանդը (նրա ընտանիքի անդամներ) պետք է կարողանան․
    1. տնային պայմաններում վերահսկել գլիկեմիան, գլյուկոզուրիան, ացետոնուրիան, ճիշտ մեկնաբանել ստացված տվյալները.
    2. ճիշտ գնահատել իրենց սեփական զգացողությունները ու ինքնազգացողությունը (ժամանակին բացահայտել հիպոգլիկեմիայի ախտանիշները, ներառյալ հիվանդության դեկոմպենսացիայի այսպես կոչված թաքնված և ամենավաղ կլինիկական նշանները)
    3. պլանավորել սնունդը (կազմել ճաշացանկ, հաշվարկել սննդի կալորիականությունը և շաքարի պարունակությունը, օգտագործել սննդի փոխարինման աղյուսակը), ինքնուրույն շտկել սննդակարգը գլիկեմիայի և ինքնազգացողւթյան մակարդակի փոփոխության դեպքում, փոփոխված կյանքի իրավիճակի պայմաններում (ֆիզիկական ակտիվության ծավալի փոփոխություն, սթրեսային իրավիճակների ֆոնի վրա, ուղեկցող հիվանդություն)
    4. վերահսկել ինսուլինային թերապիայի համարժեքությունը (ուղղել ինսուլինային թերապիայի ռեժիմը. նվազեցնել կամ բարձրացնել ինսուլինի դոզան, ներմուծել ինսուլինի լրացուցիչ «ամրացումներ», հետաձգել ներարկման ժամանակը)՝ կախված գլիկեմիկ ցուցանիշներից (ֆիզիկական ակտիվության մակարդակի փոփոխություն, հուզական սթրես, հիվանդություն)
    5. կանխել հիվանդության դեկոմպենսացիայի զարգացումը (իրավիճակի անսպասելի փոփոխությունների դեպքում ինքնուրույն փոխել թերապևտիկ միջոցառումների մարտավարությունը.
      • անհրաժեշտությունից ելնելով դպրոցում, աշխատավայրում մնալու դեպքում
      • անհրաժեշտությունից ելնելով կատարել չպլանավորված ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենալու դեպքում
      • ֆիզիկական ծանրաբեռնվածության իրականացման անհնարինության դեպքում
      • նախքան բժշկի հետ խորհրդակցելը ուղեկցող հիվանդության առաջացման դեպքում
      • պլանավորված իրավիճակի փոփոխությունների դեպքում (արձակուրդում, հեռու, երկար ճանապարհորդություններում)։
    6. կանխել ինսուլինի գերդոզավորման քրոնիկական համախտանիշի զարգացումը.
      • ճիշտ գնահատել գլիկեմիկ տվյալները, այսինքն՝ բացահայտել հետհիպոգլիկեմիկ հիպերգլիկեմիան.
      • ճիշտ գնահատել շաքարային դիաբետի դեկոմպենսացիայի պատճառները (դիետայի խախտում, շարժողական ռեժիմ) և ժամանակին վերացնել դրանք՝ հնարավորության դեպքում առանց ինսուլինի դոզան ավելացնելու
      • եթե անհրաժեշտ է բարձրացնել ինսուլինի դոզան (սթրեսային իրավիճակ), ժամանակին, ապակոմպենսացիայի պատճառը վերացնելուց հետո, վերադառնալ նախկին դեղաչափին։
    7. հիվանդի ընտանիքի անդամները պետք է կարողանան առաջին օգնություն ցուցաբերել արտակարգ իրավիճակների դեպքում՝ հիպոգլիկեմիա, կետոացիդոզ, կոմա։
  9. Գիտելիքների և հմտությունների ստուգում. յուրաքանչյուր դասի վերջում իրականացվում է ստուգում (յուրաքանչյուր հիվանդ լուծում է իրավիճակային խնդիրներ), ցիկլի ընթացքում և վերապատրաստման ավարտին` ստուգիչ պարապմունքներ
  10. Ցուցադրվում են մի շարք սխեմաների, ճաշացանկի, ճաշատեսակների քարտերի, սննդի փոխարինման աղյուսակների, իրավիճակային առաջադրանքների մասին նյութեր։

Շաքարային դիաբետի դիետաթերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիետաթերապիան հիվանդության կայուն փոխհատուցման հասնելու կարևորագույն գործոնն է, իսկ նախաինսուլինային դարաշրջանում այն միակ միջոցն է երկարաձգելու 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդի կյանքը[3]։

Ինսուլինաթերապիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաքարային դիաբետի ինսուլինային թերապիան հորմոնների փոխարինող թերապիա է։ Շաքարային դիաբետի ցանկացած տեսակի դեպքում արտաքին կառավարվող ինսուլինային պատրաստուկներով փոխարինող թերապիայի արդյունավետության անփոխարինելի պայմանը էկզոգեն (արտաքինից) կառավարվող հորմոնալ պատրաստուկի մակարդակի համարժեքությունն է էնդոգեն (սեփական) հորմոնի անբավարարությանը[3]։

Չափավորված ֆիզիկական ծանրաբեռնվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիզիկական վարժությունները պահանջում են զգալի էներգետիկ ծախսեր։ Հանգստի ժամանակ մկանային հյուսվածքը բավարարում է իր էներգետիկ կարիքները՝ այրելով ազատ ճարպաթթուները։ Ֆիզիկական ծանրաբեռնվածության ֆոնի վրա վերակառուցվում է էներգետիկ նյութի ծախսի ռեժիմը.

  • առաջին 5 ... 10 րոպեներում մկանները՝ որպես էներգիայի նյութ սպառում են իրենց սեփական գլիկոգենը
  • ավելի երկարատև ֆիզիկական ակտիվությունը վերականգնում է էներգետիկ նյութափոխանակությունը. տեղային գլիկոգենի բավարար պաշարներով մկանը սկսում է էներգիա կլանել՝ արյան հոսքից գլյուկոզա կլանելով (առաջին 30...40 րոպեն), եթե ծանրաբեռնվածությունն ավելի երկար է տևում՝ կլանում է գլյուկոզա և ազատ ճարպաթթուներ[3]։
  • 3 ... 4 ժամ աշխատանքից հետո էներգետիկ ծախսերը ծածկվում են հիմնականում ազատ ճարպաթթուների այրմամբ [Wahren J., 1980]։

Ածխաջրերի նյութափոխանակության կոմպենսացման աստիճանի ինքնավերահսկումը տնային պայմաններում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արյան մեջ գլյուկոզի մակարդակի դյուրակիր էքսպրես անալիզատորների (գլյուկոմետրերի) էվոլյուցիան (1993 - 2005)։ Չափումն իրականացվում է թեստային շերտերի և գունային սանդղակի միջոցով: Սկզբում թեստի համար պահանջվում էր երկու րոպե։ Ժամանակակից սարքերը արդյունքը տալիս են 5 վայրկյանում։

Այսօր դեղագործական շուկան հագեցած է գլիկեմիայի, գլյուկոզուրիայի և ացետոնուրիայի մակարդակի անհատական վերահսկման միջոցներով։ Հասանելի է դարձել այս ցուցանիշները տնային պայմաններում թեստային շերտերի և գլյուկոմետրերի (մազանոթային արյան անալիզի դեպքում) միջոցով որոշելը։ Վերջիններս ներկայացված են երկու մոդիֆիկացիայով։ Արյան մեջ գլյուկոզայի կոնցենտրացիան որոշելու համար առաջինը ֆոտոմետրիկ մեթոդով չափիչ սարքերն են, երկրորդը՝ էլեկտրաքիմիական մեթոդով չափիչ սարքերը։ Մարդու տեսողական անալիզատորն ի վիճակի է ֆիքսել գունային երանգների տարբերությունները ոչ ավելի վատ, քան ֆոտոմետրը, ուստի տեսողական թեստային շերտերի օգտագործումը բավականին ընդունելի արդյունքներ է տալիս (անհրաժեշտ է շաքարային դիաբետով հիվանդին հետազոտել ակնաբույժի մոտ՝ գունային ընկալման անոմալիաները բացառելու համար)։ Չափման արդյունքները սովորաբար պահվում են գլյուկոմետրի հիշողության մեջ, սակայն արդյունքների ավելի ճշգրիտ մեկնաբանության համար խորհուրդ է տրվում պահել «Ինքնակառավարման օրագիր», որը մի տեսակ հաշվառման և հսկողության մատյան։

Շաքարային դիաբետի ժամանակ ինքնավերահսկման ժամանակակից մեթոդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատշաճ ինքնավերահսկման հիմնական պայմանը համակարգվածությունն ու ստացված տվյալների գրանցումն է՝ դրանց հետագա ուսումնասիրության համար։ Սա առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ արյան գլյուկոզի մակարդակի ցուցանիշները կախված են անալիզի անցկացման ժամանակից՝ ուտելուց հետո կամ դատարկ ստամոքսին։ Ժամանակակից պայմաններում ինքնավերահսկման լավագույն գործիքներից մեկը սմարթֆոնն է և դրա ծրագրային ապահովումը, այսինքն՝ հավելվածները։

Կան մի քանի դեղորայքային դասեր, որոնք սովորաբար օգտագործվում են շաքարախտով հիվանդների արյան մեջ շաքարի մակարդակը կարգավորելու համար: Օգտագործվող դեղորայքի մեծ մասը կամ բերանացի ընդունման է, կամ ներարկային է: 1-ին տիպի շաքարախտով հիվանդներին անհրաժեշտ է ինսուլին, քանի որ օրգանիզմն այլևս չի արտադրում ինսուլին: 2-րդ տիպի շաքարախտով հիվանդների կառավարումը մեծապես ավելի փոփոխական է, քանի որ կենսակերպի փոփոխությունները կարող են զգալի ազդեցություն ունենալ: Այնուամենայնիվ, դեղամիջոցները կարող են ավելացվել արյան մեջ գլյուկոզի մակարդակը կարգավորելու համար, եթե կենսակերպի փոփոխություններն արդյունավետորեն չեն վերահսկում վիճակը: Ի տարբերություն 1-ին տիպի շաքարախտով հիվանդների, 2-րդ տիպի շաքարախտով հիվանդները դեռ կարող են ինսուլին արտադրել, ուստի սովորաբար բերանացի դեղամիջոցները խորհուրդ են տրվում որպես նախնական բուժում, նախքան շաքարախտի վերահսկման համար ինսուլին անհրաժեշտ լինելը[1]: Հիվանդների կրթությունը[2] և բուժմանը հետևողականությունը շատ կարևոր են հիվանդության կառավարման գործում: Դեղորայքի և ինսուլինի սխալ օգտագործումը կարող է շատ վտանգավոր լինել՝ առաջացնելով հիպոգլիկեմիային կամ հիպերգլիկեմիային դրվագներ:

Ինսուլինային գրիչ՝ ինսուլին ներարկելու համար
Ինսուլինի պոմպ և ներարկման հավաքածու
Ինսուլինի առանց ասեղ ներակիչ

Ինսուլինը հորմոն է, որն արտադրում է օրգանիզմը և վերահսկում է բջիջների գլյուկոզի ընդունումը: Սովորաբար ենթաստամոքսային գեղձն արտադրում է ինսուլին՝ ի պատասխան օրգանիզմում գլյուկոզի բարձր մակարդակի՝ արյան մեջ գլյուկոզի մակարդակը իջեցնելու համար: 1-ին տիպի շաքարախտով տառապողները միշտ կարիք կունենան ինսուլինի ներարկումների իրենց ողջ կյանքի ընթացքում, քանի որ ենթաստամոքսային գեղձի ներզատական՝ բետա բջիջներն ի վիճակի չեն արտադրել բավարար քանակությամբ ինսուլին: Ինսուլինը չի կարող ընդունվել բերանացի, քանի որ ինսուլինը հորմոն է և քայքայվում է մարսողական համակարգում:

Ինսուլինը կարող է ներարկվել մի քանի մեթոդներով, այդ թվում՝ ենթամաշկային ասեղով, ռեակտիվ՝ առանց ասեղ ներարկիչով կամ ինսուլինային պոմպով: Կա նաև ինհալացիոն ինսուլին, որը կարող է օգտագործվել շաքարախտով մեծահասակների համար[9]:

Բժշկական պրակտիկայում լայնորեն օգտագործվող ինսուլինի մի քանի տեսակներ կան՝ ազդեցության տարբեր սկզբնավորման և տևողության ժամանակներով[10]․

  • արագ ազդեցությամբ (օրինակ՝ ինսուլին լիզպրո)՝ 15 րոպեում սկսվող և մոտ 4 ժամ տևողությամբ
  • կարճատև ազդեցությամբ (օրինակ՝ սովորական ինսուլին)՝ 30 րոպեում սկսվող և մոտ 6 ժամ տևողությամբ
  • միջին տևողության ազդեցությամբ (օրինակ՝ NPH ինսուլին)՝ 2 ժամում սկսվող և մոտ 14 ժամ տևողությամբ
  • երկարատև ազդեցությամբ (օրինակ՝ դետեմիր ինսուլին)՝ 1 ժամում սկսվող և մոտ 24 ժամ տևողությամբ
  • նախապես խառը, որոնք սովորաբար կարճ և երկար ազդեցությամբ ինսուլինների համադրություն են։

Ինսուլինը սովորաբար օրական մի քանի անգամ ընդունում են այն հիվանդները, ովքեր դրա կարիքն ունեն շաքարախտը վերահսկելու համար: Հիվանդները սովորաբար երկարատև ազդեցության ինսուլին են ընդունում օրը մեկ անգամ, ապա՝ ուտելուց առաջ: Ինսուլինի ազդեցության սկսվելու ժամանակով պայմանավորված է, թե ուտելուց որքան առաջ հիվանդները պետք է ընդունեն ինսուլինն[10]:

Ինսուլինային թերապիան պահանջում է մանրակրկիտ մոնիթորինգ և հիվանդի մեծ կրթում, քանի որ ոչ պատշաճ կիրառումը բավականին վտանգավոր է: Ինսուլինը կարող է հեշտությամբ առաջացնել հիպոգլիկեմիա, եթե հիվանդը չի ուտում ինսուլինի կիրառումից հետո կամ պատահաբար չափից շատ ինսուլին է ընդունել: Նախկինում բավարար դեղաչափը կարող է չափազանց շատ լինել, եթե սպառվում է ավելի քիչ սնունդ՝ առաջացնելով հիպոգլիկեմիա: Ֆիզիկական վարժությունները նվազեցնում են ինսուլինի պահանջը, քանի որ վարժությունները մեծացնում են գլյուկոզի կլանումը մարմնի բջիջների կողմից, որոնց գլյուկոզը կարգավորվում է ինսուլինով[11]:

Ինսուլինային թերապիան ռիսկ է ստեղծում՝ մարդու արյան մեջ գլյուկոզի մակարդակն անընդհատ իմանալու և ինսուլինի ներարկումը համապատասխանաբար կարգավորելու անկարողության պատճառով: Այնուամենայնիվ, տեխնոլոգիաների նոր առաջընթացը զգալիորեն մեղմացրել է այս ռիսկերից շատերը, չնայած դրանք դեռևս կարող են առաջանալ[12][13]:

Փոքր, շարժական ինսուլինային ներարկման պոմպերը թույլ են տալիս մաշկի միջոցով 24 ժամ շարունակ ներարկել ինսուլինի փոքր քանակություններ: Դրանք նաև հնարավորություն ունեն բոլուսային (bolus) դեղաչափեր ներարկել, երբ մարդն ուտում է կամ արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձր է: Դրանք նաև կարող են օգտագործվել գլյուկոզի շարունակական մոնիտորինգի հետ համատեղ՝ գլյուկոզի օպտիմալ կառավարման համար: Սա շատ նման է ենթաստամոքսային գեղձի աշխատանքին, բայց այս պոմպերը չունեն անընդհատ «հետադարձ կապի» մեխանիզմ: Այսպիսով, օգտագործողը դեռևս չափազանց շատ կամ չափազանց քիչ ինսուլին տալու ռիսկի տակ է, եթե արյան մեջ գլյուկոզի չափումներ չեն կատարվում:

Բերանացի դեղամիջոցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մետֆորմինը, որը 2-րդ տիպի շաքարախտի դեպքում օգտագործվող ամենատարածված դեղամիջոցներից մեկն է, նախընտրելի դեղամիջոց է արյան մեջ շաքարի մակարդակը իջեցնելու համար: Մետֆորմինը բիգուանիդներ կոչվող դեղամիջոցների դասի օրինակ է[14]: Դեղամիջոցը գործում է՝ նվազեցնելով լյարդից գլյուկոզի նորագոյացումը և սննդից շաքարի կլանումը:[1] Բացի այդ, դեղամիջոցը նաև օգնում է մեծացնել ինսուլինի ազդեցությունը մկանային բջիջների վրա, որոնք կլանում են գլյուկոզ[14]: Դեղամիջոցը չի օգտագործվում 1-ին տիպի շաքարախտի դեպքում, քանի որ այս հիվանդները չեն արտադրում ինսուլին, և մետֆորմինը կախված է ինսուլինի որոշակի արտադրությունից՝ արդյունավետ լինելու համար[14]:

Կան դեղամիջոցի մի քանի պատրաստուկներ, ինչպիսիք են՝ դեղահաբերը, երկարաձգված ազդեցության դեղահաբերը (extend release tablets) և հեղուկ սուսպենզիաները: Մետֆորմինը սովորաբար սկսվում է 500-ից 1000 մգ դեղահաբերով օրական երկու անգամ՝ բերանացի (PO) միջոցով, սովորաբար՝ ուտելու ընթացքում[15][14]: Եթե ընդունում եք երկարաձգված ազդեցության դեղահաբեր, դրանք միշտ պետք է կուլ տալ ամբողջությամբ, քանի որ դեղահաբը կտրելը հանգեցնում է դեղամիջոցի ավելի արագ արտազատմանը[14]: Դեղամիջոցն ամենից հաճախ կարող է առաջացնել կողմնակի ազդեցություններ, ինչպիսիք են ստամոքսի խանգարումը և լուծը, բայց ընդհանուր առմամբ լավ է տարվում և ունի հիպոգլիկեմիա առաջացնելու համեմատաբար ցածր հավանականություն: Մետֆորմինի հազվադեպ (մոտ 1% հավանականություն), բայց լուրջ կողմնակի ազդեցություններից մեկը կաթնաթթվային ացիդոզի (lactic acidosis) առաջացումն է, սովորաբար երիկամների թույլ ֆունկցիա ունեցող հիվանդների շրջանում[15]: Մետֆորմինի նկատմամբ հանդուրժողականությանը նպաստելու համար բժիշկները կարող են խորհուրդ տալ դեղամիջոցի դեղաչափի աստիճանական բարձրացում:

Սուլֆոնիլյուրեներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ տիպի շաքարային դիաբետի բուժման համար դեղամիջոցների մեկ այլ լայնորեն օգտագործվող դաս են սուլֆոնիլյուրեները (Sulfonylurea): Այս դասի դեղամիջոցները մեծացնում են ենթաստամոքսային գեղձի բետա բջիջներից ինսուլինի արտազատումը: Դեղամիջոցը չի կարող օգտագործվել 1-ին տիպի շաքարային դիաբետով հիվանդների համար, քանի որ նրանք չունեն գործող բետա բջիջներ և չեն կարող ինսուլին արտադրել[15]:

Սուլֆոնիլյուրեայի որոշ տարածված օրինակներ են գլիպիզիդը, գլիբուրիդը, գլիմեպիրիդը և գլիկլազիդը: Կախված դեղամիջոցից, կան տարբեր չափերի հաբեր, բայց ընդհանուր առմամբ չափերը տատանվում են մոտ 1 մգ-ից մինչև 10 մգ: Սովորաբար հաբը ընդունվում է ուտելուց մոտ 30 րոպե առաջ և կարող է ընդունվել օրական մեկ կամ երկու անգամ: Դեղամիջոցի ամենատարածված անբարենպաստ ազդեցություններն են գլխապտույտը և ստամոքսի գրգռումը: Սուլֆոնիլյուրեները հիպոգլիկեմիայի ավելի մեծ ռիսկ ունեն, բայց ռիսկը դեռևս կազմում է դրանք օգտագործող հիվանդների միայն մոտ 3%-ը[15]: Այն հիվանդների մոտ, ովքեր ունեն ցածր շաքարի ավելի մեծ ռիսկ, ինչպիսիք են տարեցները և երիկամների հիվանդություն ունեցողները, մեկնարկային դեղաչափը կարող է լինել ընդամենը 0.5 մգ:

GLP-1 ագոնիստներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեկ այլ տարածված դեղամիջոց, որն օգտագործվում է 2-րդ տիպի շաքարախտի կառավարման մեջ, գլյուկագոնանման պեպտիդ 1-ի (GLP-1) ագոնիստներն են: Այս դասի դեղամիջոցները գործում են՝ ընդօրինակելով գլյուկագոնանման պեպտիդ կոչվող հորմոնը, որն ունի բազմաթիվ ազդեցություններ օրգանիզմի վրա[16]: Հորմոնի ազդեցություններից մեկն այն է, որ այն օգնում է ժամանակին կարգավորել ինսուլինի արտազատումը, երբ հիվանդները ուտում են, և արյան մեջ գլյուկոզի մակարդակը բարձրանում է[17]: Բացի այդ, այն կարող է զգալիորեն մեծացնել ինսուլինի արտազատման քանակը[18]: Վերջապես, դեղամիջոցը նաև դանդաղեցնում է սննդի շարժումը մարսողական համակարգով և կարող է մեծացնել կշտացածության զգացումը ուտելիս՝ նվազեցնելով ախորժակը և քաշը[17]:

Այս դեղամիջոցները շատ արդյունավետ են 2-րդ տիպի շաքարախտի վերահսկման և սրտի կաթվածների, ինսուլտների և շաքարախտի հետ կապված այլ բարդությունների ռիսկը նվազեցնելու համար: Բացի այդ, հիվանդները սովորաբար կորցնում են քաշ և բարելավում են արյան ճնշումը և խոլեստերինը[16]:

Այս դեղամիջոցների տարածված անվանումներն են՝ սեմագլուտիդ (Օզեմպիկ և Վեգովի), լիրագլուտիդ (Վիկտոզա, Սաքսենդա) և դուլագլուտիդ (Տրուլիսիթի)[16]: Այս դեղամիջոցները պետք է ներարկվեն և սովորաբար ներարկվում են թևի վերին մասում, ազդրերի կամ որովայնի հատվածներում[17]: Դրանք սովորաբար տրվում են շաբաթը մեկ անգամ, սակայն որոշ դեղամիջոցներ կարող են ընդունվել օրական մինչև երկու անգամ[16]։ Դեղաչափը սովորաբար սկսվում է ցածր դեղաչափով և աստիճանաբար նվազեցվում։ Դեղամիջոցի տարածված կողմնակի ազդեցություններից են սրտխառնոցը, փսխումը և լուծը։ Հիվանդներին, որոնց ընտանեկան պատմությունում վահանաձև գեղձի մեդուլյար քաղցկեղի կամ բազմակի էնդոկրին նորագոյացություն տիպ 2 է եղել, չպետք է նշանակվի դեղամիջոց, քանի որ այն կարող է մեծացնել քաղցկեղի զարգացման ռիսկը[17]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 «Diabetes - NIDDK». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-02-01-ին.
  2. 1 2 Simó, Rafael; Hernández, Cristina (2002-01-01). «Tratamiento de la diabetes mellitus: objetivos generales y manejo en la práctica clínica». Revista Española de Cardiología. 55 (8): 845–860. doi:10.1016/S0300-8932(02)76714-6. ISSN 0300-8932.
  3. 1 2 3 4 5 6 7 8 Касаткина Э. П. Сахарный диабет у детей. — издание 1-е. — М.: Медицина, 1990. — С. 231-249. — 272 с. — 60 000 экз. — ISBN 5-225-01165-9
  4. 1 2 3 Berger M. Практика инсулинотерапии / Старостина Е. Г., Дедов И. И. — Первое русское издание. — Berlin: Springer-Verlag, 1990. — С. 5—6. — 365 с. — 3000 экз. — ISBN 3-540-52275-1
  5. 1 2 3 Эндокринология / Под ред. Н. Лавина. — 2-е изд. Пер. с англ. — М.: Практика, 1999. — С. 771. — 1128 с. — 10 000 экз. — ISBN 5-89816-018-3
  6. ↑ Ruffino G., Assal J., 1983
  7. ↑ Ludvigsson J. et al., 1983
  8. ↑ Berger M. Практика инсулинотерапии / Старостина Е. Г., Дедов И. И. — Первое русское издание. — Berlin: Springer-Verlag, 1990. — С. 103—110. — 365 с. — 3000 экз. — ISBN 3-540-52275-1
  9. ↑ «Insulin, Medicines, & Other Diabetes Treatments - NIDDK». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-10-31-ին.
  10. 1 2 «TDS Health». online.statref.com. Վերցված է 2024-10-31-ին.
  11. ↑ «Diabetes Canada | Clinical Practice Guidelines». guidelines.diabetes.ca (անգլերեն). Վերցված է 2026-02-01-ին.
  12. ↑ Kalra, Sanjay; Pathan, Faruque; Kshanti, Ida Ayu Made; Bay, Nguyen Quang; Nagase, Terumasa; Oliveria, Teresa; Bajpai, Shailendra (2023-11). «Optimising Insulin Injection Techniques to Improve Diabetes Outcomes». Diabetes Therapy: Research, Treatment and Education of Diabetes and Related Disorders. 14 (11): 1785–1799. doi:10.1007/s13300-023-01460-y. ISSN 1869-6953. PMC 10570228. PMID 37715887.
  13. ↑ Kerr, David; Edelman, Steven; Vespasiani, Giacomo; Khunti, Kamlesh (2022-08-01). «New Digital Health Technologies for Insulin Initiation and Optimization for People With Type 2 Diabetes». Endocrine Practice (English). 28 (8): 811–821. doi:10.1016/j.eprac.2022.04.006. ISSN 1530-891X. PMID 35452813.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. 1 2 3 4 5 «Metformin: MedlinePlus Drug Information». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2024-11-05-ին.
  15. 1 2 3 4 Ganesan, Kavitha; Rana, Muhammad Burhan Majeed; Sultan, Senan (2024), «Oral Hypoglycemic Medications», StatPearls, Treasure Island (FL): StatPearls Publishing, PMID 29494008, Վերցված է 2024-11-05-ին
  16. 1 2 3 4 «GLP-1 agonists: Diabetes drugs and weight loss - Mayo Clinic». www.mayoclinic.org (անգլերեն). Վերցված է 2024-11-07-ին.
  17. 1 2 3 4 «Semaglutide Injection: MedlinePlus Drug Information». medlineplus.gov (անգլերեն). Վերցված է 2024-11-07-ին.
  18. ↑ Nauck, Michael A.; Meier, Juris J. (2018 թ․ փետրվար). «Incretin hormones: Their role in health and disease». Diabetes, Obesity and Metabolism (անգլերեն). 20 (S1): 5–21. doi:10.1111/dom.13129. ISSN 1462-8902. PMID 29364588.