Շարժում (կենսաբանություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Շարժում (այլ կիրառումներ)

Շարժում (կենսաբանություն), կենդանիների և մարդու, կենսագործունեության դրսևորման հիմնական ձևերից մեկը, որն ապահովում է միջավայրի հետ օրգանիզմի ակտիվ փոխհարաբերության հնարավորությունը և ակտիվ հարմարվողականությունը շրջապատող միջավայրին։ Կենդանիների մեծամասնությանը (բացի սպունգներից, կորալներից) հատուկ են զարգացած լոկոմոտորային (տեղաշարժական) շարժումները։ Տարբերում են դրանց 2 տիպեր՝ պասիվ և ակտիվ։

Պասիվ Շարժումները պայմանավորված են միջավայրի պայմանների ֆիզիկական հատկությունների կամ մարմնի տեսակարար կշռի փոփոխությամբ։ Այդպիսի շարժման օրինակ է օդահոսանքներն օգտագործող թռչունների ճախրումը։

Ակտիվ Շարժման հիմքում ընկած են կենդանու ամբողջ մարմնի կամ առանձին մասերի հաջորդական ռիթմիկ կծկումներն ու թուլացումները։

Կախված միջավայրից և շարժման դրսևորման ձևից, տարբերում են՝ քայլերով, վազքով, ոստյուններով, սողալով, սահելով, լողալով և թռչելով կատարվող շարժումներ։ Շարժումներն իրականացվում են հատուկ օրգանների միջոցով, որոնք տարբեր կենդանիների մոտ տարբեր են (կեղծ ոտքեր, թարթիչներ, մտրակիկներ, խոզաններ են)։ Այդ տարբերությունը պայմանավորված է միջավայրի պայմաններով և կենդանու տեղաշարժման ձևով։ Շարժման ամենատարածված օրգանները վերջավորություններն են, որոնք լծակների համակարգ են և շարժվում են մկանների կծկման ու թուլացման շնորհիվ։ Կենդանական աշխարհի էվոլյուցիայի պրոցեսում շարժումները փոփոխվել և բարդացել են լայնացնելով օրգանիզմների կենսական հնարավորությունները։ Առավել բարդ ու բազմազան են ողնաշարավորների շարժումները, որը պայմանավորված է հիմնականում կարծր կմախքի և միջաձիգ զոլավոր մկանների առաջացմամբ, ինչպես նաև ավելի կատարելագործված զգացողության օրգանների ու նյարդային համակարգի առկայությամբ։ Մարդու շարժումները բնության հետ փոխազդեցության և ակտիվ ներգործության կարևորագույն միջոց են։ Դրանք աչքի են ընկնում մեծ բազմազանությամբ և կապված են տեղաշարժման, խոսելու, գրելու պրոֆեսիոնալ աշխատանքի, օրգանիզմի ֆիզիկական զարգացման հետ։ Մարդու և կենդանիների շարժումների ուսումնասիրության մեջ կարելի է առանձնացնել 2 ուղղություն՝ կենսամեխանիկական և նյարդաֆիզիոլոգիական։ Կենսամեխանիկական ուղղությունն ուսումնասիրում է հենաշարժական ապարատի կառուցվածքը, բացահայտում բնական շարժումների կինեմատիկական և դինամիկական նկարագրերը։ Նյարդաֆիզիոլոգիական ուղղությունը պարզաբանում է նյարդային համակարգի կողմից շարժումների ղեկավարման օրինաչափությունները։

Շարժում բույսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսերը տարածության մեջ չեն տեղաշարժվում, այլ կատարում են հարմարվողական պասիվ և ակտիվ շարժումներ։ Պասիվ շարժումները կապված է բջջաթաղանթի կոլոիդներում ջրի պարունակության փոփոխության հետ և մեծ դեր է կատարում ծաղկավոր բույսերի սերմերի ու պտուղների տարածման գործում։ Օրինակ, փետրախոտի և ճայկտուցի պտուղները հիգրոսկոպիկության շնորհիվ խրվում են հողի մեջ։ Դեղին ակացիայի հասուն ունդը չորանում է, փեղկերը ոլորելով բացվում են և սերմերը ցրում։ Ակտիվ շարժումը պայմանավորվում է գրգռականությամբ և բույսերի բջջապլագմայի սպիտակուցների կծկելիությամբ, ինչպես նաև աճման պրոցեսներով։ Բույսերի կողմից ընկալված գրգիռը հաղորդվում է բջջապլազմայի թելիկներով՝ պլազմոդեսմներով, որին հետևում է բույսի, որպես մեկ ամբողջության, պատասխանը։ Թույլ գրգիռը ուժեղացնում, իսկ ուժեղը ճնշում է բույսի ֆիզիոլոգիական պրոցեսները։ Ակտիվ շարժումնները լինում են դանդաղ (աճման) և արագ (կծկողական)։ Աճման շարժումներ են նուտաացիաները, տրոպիզմէները և նաստաիաները։ Կծկողական շարժումները հաճախ կոչվում են տուրգորային (տես Տուրգոր)։ Այս շարժումները ադենոզինեռֆոսֆորաթթվի(ԱԵՖ) և կծկողական սպիտակուցների փոխազդեցության արդյունք են։ Այսպիսով բույսերի կծկողական շարժումները, և մարդու մկանների կծկումը, և լորձասնկերի ու ջրիմուռների զոոսպորների շարժումները կատարվում են կենսաբանական համարյա նույն մեխանիզմով։ Ակտիվ կծկողական շարժումների թվին են պատկանում տարածության մեջ որոշ ցածրակարգ օրգանիզմների՝ բակտերիաների, ջրիմուռների տեղաշարժերը՝ տաքսիսները, են որոնք ինչպես տրոպիզմները, կատարվում են միակողմանի գրգռի ազդեցության հետևանքով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 467 CC-BY-SA-icon-80x15.png