Շառլոտ Կորդե
| Շառլոտ Կորդե ֆրանսերեն՝ Charlotte Corday | |
|---|---|
| Ծնվել է | հուլիսի 27, 1768[1][2][3][…] |
| Ծննդավայր | Ligneries, Օրն, Ներքին Նորմանդիա |
| Մահացել է | հուլիսի 17, 1793[1][2][3][…] (24 տարեկան) |
| Մահվան վայր | Կոնկորդի հրապարակ |
| Գերեզման | Madeleine Cemetery |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | կաթոլիկություն |
| Մասնագիտություն | ազնվական |
| Ստորագրություն | |
Մարի-Անն Շառլոտ դը Կորդե դ'Արմոն (հուլիսի 27, 1768[1][2][3][…], Ligneries, Օրն, Ներքին Նորմանդիա - հուլիսի 17, 1793[1][2][3][…], Կոնկորդի հրապարակ), առավել հայտնի որպես Շառլոտ Կորդե (ֆրանսերեն՝ [kɔʁdɛ]), Ֆրանսիական հեղափոխության ռեակցիոն գործիչ, որը 1793 թվականի հուլիսի 13-ին սպանել է հեղափոխական և յակոբինյան առաջնորդ Ժան Պոլ Մարատին։ Կորդեն ժիրոնդիստների՝ յակոբինյանների դեմ հանդես եկող ֆրանսիացի հեղափոխականների չափավոր խմբակցության ազնվական համակիր էր։ Նա Մարատին պատասխանատու է համարել 1792 թվականի Սեպտեմբերյան հաշվեհարդարների համար և հավատացած լինելով, որ հեղափոխությունը վտանգված է յակոբինների որդեգրած առավել ծայրահեղական ընթացքի պատճառով, որոշել է սպանել Մարատին[4]:
1793 թվականի հուլիսի 13-ին, ժամանելով Փարիզ և ընդունելություն ստանալով Մարատի մոտ, Կորդեն դանակի հարվածով մահացու վիրավորել է նրան, երբ վերջինս բուժիչ լոգանք էր ընդունում։ Մարատի սպանությունը հիշատակվել է Ժակ-Լուի Դավիդի «Մարատի մահը» կտավում։ Կորդեին անմիջապես ձերբակալել են, որից հետո Հեղափոխական տրիբունալը վերջինիս ճանաչել է մեղավոր և հուլիսի 17-ին՝ Մարատի մահից չորս օր անց, Գրևյան հրապարակում գիլիոտինով ենթարկել մահապատժի:
Սպանության անմիջական հետևանքները չեն համապատասխանել նրա սպասումներին․ ոճրագործությունը չի կանգնեցրել ո՛չ յակոբիններին, ո՛չ Ահաբեկչության ժամանակաշրջանը, որը սպանությունից հետո ավելի է սաստկացել[4]։ Մարատը դարձել է նահատակ և Ռյու օր Ուրս փողոցում նրա կիսանդրին փոխարինել է կրոնական արձանին, իսկ մի շարք տեղանուններ վերանվանվել են նրա պատվին[5]։ 1847 թվականին գրող Ալֆոնս դը Լամարթինը Կորդեին հետմահու կնքել է «Սպանության հրեշտակ» (ֆրանսերեն՝ l'ange de l'assassinat) մականվամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնված լինելով Սեն-Սատուրնեն-դե-Լինյերիում՝ Նորմանդիայի Օրն դեպարտամենտի Էկորշ համայնքի գյուղակներից մեկում[6], Կորդեն սերել է աղքատացած ազնվական ընտանիքից։ Նրա հայրը Ժակ Ֆրանսուա դը Կորդեն էր՝ սենյոր դ'Արմոնը, իսկ մայրը՝ Շառլոտ Մարի Ժակլին Գոտիե դը Մենիվալը։ Ծնողները եղել են մորաքրոջ/հորաքրոջ զավակներ[7]։
Նա դրամատուրգ Պիեռ Կոռնեյլի հինգերորդ սերնդի շառավիղն է։
Դեռևս մանկության տարիներին մահացել են նրա ավագ քույրն ու մայրը։ Հայրը, անկարող լինելով հաղթահարել կորստի վիշտը, Կորդեին և նրա կրտսեր քրոջն ուղարկել է Կան քաղաքի Աբե-օ-Դամ վանքը․ այնտեղ Կորդեն հնարավորություն է ունեցել օգտվելու աբբայության գրադարանից և առաջին անգամ ծանոթացել է Պլուտարքոսի, Ժան-Ժակ Ռուսոյի և Վոլտերի երկերին[8]։ 1791 թվականից հետո նա ապրել է Կանում՝ մորաքրոջ՝ մադամ դը Բրետվիլ-Գուվիլի տանը։ Նրանց միջև ջերմ հարաբերություններ են ձևավորվել, և Կորդեն դարձել է մորաքրոջ ունեցվածքի միակ ժառանգորդը։
Կորդեի արտաքին տեսքն իր անձնագրում նկարագրված է հետևյալ կերպ․ «հասակը՝ հինգ ֆուտ և մեկ դյույմ ․․․ մազերը և հոնքերը՝ շագանակագույն, աչքերը՝ մոխրագույն, ճակատը՝ բարձր, բերանը՝ միջին չափսի, ծնոտը՝ փոսիկով, դեմքը՝ ձվաձև»[9]:
Քաղաքական ազդեցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]
Ազգային կոնվենցիայի հետագա արմատականացումից և ահաբեկչության ուղղությամբ շարժվելուց հետո, Կորդեն սկսել է համակրել ժիրոնդիստներին։ Նա հիացել է նրանց ելույթներով և մտերմացել ժիրոնդիստական բազմաթիվ խմբերի հետ, որոնց հանդիպել է Կանում ապրելու տարիներին։ Նա հարգել է ժիրոնդիստների քաղաքական սկզբունքները և հարել նրանց գաղափարախոսությանը՝ դիտարկելով նրանց որպես մի շարժում, որն ի վերջո փրկելու է Ֆրանսիան[10]։ Ժիրոնդիստները ներկայացրել են հեղափոխության ավելի չափավոր մոտեցում և, Կորդեի նման, կասկածամտորեն են վերաբերվել դրա ընդունած ուղղությանը։ Նրանք ընդդիմացել են մոնտանյարներին, որոնք կողմնակից էին հեղափոխության ավելի ծայրահեղական ընթացքին՝ ներառյալ այն մոտեցումը, թե հեղափոխությունը օտարերկրյա ներխուժումից և քաղաքացիական պատերազմից փրկելու միակ ճանապարհը ընդդիմադիրներին ահաբեկելն ու մահապատժի ենթարկելն է[11]։
Ժիրոնդիստական գաղափարների ազդեցությունը Կորդեի վրա ակնհայտ է դատավարության ժամանակ նրա արտաբերած խոսքերում[12]․ «Ես սպանել եմ մեկ մարդու՝ հարյուր հազարավորներին փրկելու համար»։ Հեղափոխության ծավալմանը զուգընթաց՝ ժիրոնդիստներն աստիճանաբար ավելի վճռականորեն են ընդդիմացել մոնտանյարների (ինչպիսիք էին Մարատը և Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռը) ծայրահեղական ու բռնի առաջարկներին։ Հարյուր հազարավոր կյանքեր փրկելու մասին Կորդեի համոզմունքն արտացոլել է ժիրոնդիստական այս տրամադրությունները, քանի որ նրանք փորձել են դանդաղեցնել հեղափոխության ընթացքը և սանձել բռնությունը, որն էսկալացվել էր 1792 թվականի Սեպտեմբերյան հաշվեհարդարներից ի վեր։
Ժան Պոլ Մարատի սպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժան Պոլ Մարատը եղել է ծայրահեղական յակոբինյան ֆրակցիայի անդամ, որն առաջատար դեր է ունեցել Ահաբեկչության ժամանակաշրջանում։ Որպես «Ժողովրդի բարեկամը» (ֆրանսերեն՝ L'Ami du peuple) թերթի լրագրող՝ ունեցել է մեծ իշխանություն և ազդեցություն[13]։ Կորդեն հավատացած է եղել, որ Մարատը սպառնում է հանրապետությանը, և որ նրա մահը վերջ է դնելու բռնությանը ողջ երկրում[14]:


1793 թվականի հուլիսի 9-ին Կորդեն հեռացել է մորաքրոջ տնից՝ իր հետ վերցնելով Պլուտարքոսի «Համեմատական կենսագրությունների» մի օրինակ, և ուղևորվել Փարիզ, որտեղ սենյակ է վարձել «Օտել դը Պրովիդանս» հյուրանոցում[15]։ Նա գնել է 5 դյույմ (13 սմ) շեղբով խոհանոցային դանակ։ Հաջորդ մի քանի օրերի ընթացքում նա գրել է իր «Ուղերձ օրենքի և խաղաղության բարեկամ ֆրանսիացիներին» (ֆրանսերեն՝ Adresse aux Français amis des lois et de la paix) աշխատությունը՝ բացատրելու համար Մարատին սպանելու իր շարժառիթները[16][17]։ Կորդեն ի սկզբանե ծրագրել է սպանել Մարատին ողջ Ազգային կոնվենտի առջև՝ մտադրություն ունենալով հանրային դաս տալ վերջինիս, սակայն Փարիզ ժամանելուն պես պարզել է, որ Մարատն այլևս չի մասնակցում նիստերին, քանի որ նրա առողջական վիճակը վատթարացել էր մաշկային հիվանդության (հավանաբար՝ դերմատիտ հերպետիֆորմիսի) պատճառով։ Այդ պատճառով նա ստիպված է եղել փոխել իր ծրագիրը։ Հուլիսի 13-ին՝ կեսօրից առաջ, նա գնացել է Մարատի տուն՝ պնդելով, թե տեղեկություններ ունի Կանում ծրագրվող ժիրոնդիստական ապստամբության մասին․ նրան հետ է ուղարկել Կատրին Էվրարը՝ Մարատի հարսնացու Սիմոնեի քույրը[18]։
Երեկոյան վերադառնալուց հետո Մարատն ընդունել է նրան։ Այդ ժամանակ նա իր գործերի մեծ մասն իրականացրել է լոգարանից՝ մաշկային հիվանդության պատճառով։ Մարատը գրի է առել ժիրոնդիստների անունները, որոնք նրան փոխանցել է Կորդեն․ այնուհետև վերջինս հանել է դանակը և հարվածել նրա կրծքավանդակին։ Նա աղաղակել է․ «Օգնի՛ր ինձ, թանկագի՛ն ընկեր» (ֆրանսերեն՝ Aidez-moi, ma chère amie!), որից հետո մահացել է[19]։
Մարատի մահվան ճիչին ի պատասխան՝ Էվրարը նետվել է սենյակ։ Նրան է միացել Մարատի թերթի ցրիչը, որը բռնել է Կորդեին։ Երկու հարևաններ (ռազմական վիրաբույժ և ատամնաբույժ) փորձել են վերակենդանացնել Մարատին։ Հանրապետական պաշտոնյաները ժամանել են՝ Կորդեին հարցաքննելու և կատաղած ամբոխին հանգստացնելու համար, որը պատրաստ է եղել հաշվեհարդար տեսնել նրա հետ[20]։
Դատավարությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորդեն հորն է ուղարկել հրաժեշտի հետևյալ նամակը, որն առգրավվել է և ընթերցվել դատավարության ընթացքում․ այն օգնել է ապացուցելու, որ Մարատի սպանությունը եղել է կանխամտածված․
| Ների՛ր ինձ, սիրելի՛ պապա, որ առանց քո թույլտվության տնօրինեցի կյանքս։ Ես վրեժխնդիր եղա բազմաթիվ անմեղ զոհերի համար, կանխեցի բազում այլ աղետներ։ Մի օր հիասթափված ժողովուրդը կուրախանա բռնակալից ազատվելով։ Եթե փորձում էի քեզ համոզել, թե մեկնում եմ Անգլիա, ապա դա նրանից էր, որ հույս ունեի անհայտ մնալ, սակայն հասկացա դրա անհնարինությունը։ Հույս ունեմ՝ քեզ չեն տանջի։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Կանում դու պաշտպաններ կունենաս։ Որպես պաշտպան ընտրել էի Գյուստավ Դուլսեին․ նման հարձակումը պաշտպանություն չի ենթադրում, դա սոսկ ձևականության համար է։ Մնաս բարով, սիրելի՛ պապա, խնդրում եմ՝ մոռացի՛ր ինձ, կամ ավելի լավ է՝ ուրախացի՛ր իմ ճակատագրով, քանզի գործն արդար է։ Համբուրում եմ քրոջս, որին սիրում եմ ամբողջ սրտով, ինչպես նաև բոլոր ազգականներիս։ Չմոռանաս [Պիեռ] Կոռնեյլի այս տողը․
Ամոթը հանցանքն է, ոչ թե կախաղանը։ Ինձ դատելու են վաղը՝ ժամը ութին։ Այս հուլիսի 16-ին[21]։ |
Հեղափոխական բարձրաստիճան դատական պաշտոնյաները, այդ թվում՝ Հեղափոխական տրիբունալի նախագահը և գլխավոր մեղադրողը Կորդեին ենթարկել են երեք առանձին հարցաքննությունների։ Վերջինս ընդգծել է, որ հանրապետական է եղել դեռևս հեղափոխությունից առաջ՝ որպես իդեալական մոդել վկայակոչելով Հին Հռոմի արժեքները[22]։ Հարցաքննության հիմնական նպատակն է եղել պարզել, թե արդյոք նա ժիրոնդիստական ավելի լայն դավադրության մաս է կազմել։ Կորդեն շարունակել է պնդել․ «Ես միայնակ եմ մտածել այս ծրագիրը և իրագործել այն»։ Նա Մարատին անվանել է «ժլատ» և «հրեշ», ում հարգում են միայն Փարիզում։ Մարատին մեկ հարվածով մահացու դանակահարելը նա վերագրել է ոչ թե նախապես պատրաստվելուն, այլ պարզապես հաջողությանը[23]։
Կորդեն խնդրել է, որ իրեն պաշտպանի իր հին ծանոթ Գյուստավ լը Դուլսեն, սակայն վերջինս ժամանակին չի ստացել նրա գրած նամակը, որի պատճառով դատավարության ընթացքում նրան աջակցելու համար պաշտպան է նշանակվել Կլոդ Ֆրանսուա Շովո-Լագարդը[24][25]։ Ասում են, որ Անտուան Կենտեն Ֆուկիե-Տենվիլը դիտավորյալ է հապաղեցրել նամակի հանձնումը[4]․ ըստ ավանդության՝ Կորդեն կարծել է, թե լը Դուլսեն հրաժարվել է պաշտպանել իրեն, և կառափնարան բարձրանալուց անմիջապես առաջ նրան է ուղարկել կշտամբանքի վերջին նամակը[26]։
Մահապատիժ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Դատավճռի հրապարակումից հետո Կորդեն խնդրել է դատարանին թույլատրել նկարել իր դիմանկարը՝ իբրև թե իր իսկական կերպարը հավերժացնելու համար։ Նա դիմել է հետևյալ խնդրանքով․ «Քանի որ ինձ ապրելու ընդամենը մի քանի ակնթարթ է մնացել, կարո՞ղ եմ հույս ունենալ, քաղաքացինե՛ր, որ կթույլատրեք պատկերել ինձ»։ Թույլտվություն ստանալով՝ նա որպես նկարիչ ընտրել է Ազգային գվարդիայի սպա Ժան-Ժակ Հաուերին, ով արդեն սկսել էր նրա ուրվանշումները դատարանի դահլիճի պատշգամբից։ Հաուերի կտավն արդեն պատրաստ էր Կորդեին դեպի դատապարտյալների սայլակը կանչելուց կարճ ժամանակ առաջ, երբ նա դիտել էր այն և մի քանի փոփոխություններ առաջարկել[27]։
Նրա մահապատժից ի վեր բազմաթիվ հեղինակներ նկարագրել են Կորդեին որպես բնական շիկահեր՝ հիմնվելով հիմնականում Հաուերի դիմանկարի վրա։ Հավանաբար այն տպավորությունը թողնելու համար, թե նա նախքան Մարատին սպանելը ժամանակ է գտել իրեն կարգի բերելու և մազերը փոշոտելու (դիմափոշի քսելու) համար, Հաուերը Կորդեի մազերը պատկերել է շատ բաց երանգով։ Չնայած այս դիմանկարի հռչակին՝ բազմաթիվ այլ նկարներ (արված ինչպես կենդանության օրոք, այնպես էլ հետմահու) ցույց են տալիս Կորդեի իրական թխահեր կերպարը, իսկ նրա անձնագրում մազերը նկարագրված են որպես «շագանակագույն» (châtains)՝ հերքելով այն վարկածը, թե Կորդեն բաց գույնի մազեր է ունեցել[28]։
1793 թվականի հուլիսի 17-ին՝ Մարատի սպանությունից չորս օր անց, Կորդեն մահապատժի է ենթարկվել գիլիոտինի միջոցով Գրևյան հրապարակում՝ կրելով կարմիր վերնաշապիկ, որը խորհրդանշում էր ժողովրդի ներկայացուցչին սպանած դավաճանին։ Միայնակ կանգնած լինելով դատապարտյալների սայլակում՝ հետաքրքրասեր բազմության մեջ, նա պահպանել է սառնասրտությունը, թեև թրջվել էր ամառային հանկարծակի տեղատարափ անձրևից[29]։ Նրա մարմինը թաղվել է Մադլենի գերեզմանատանը։ Ասում են, որ հետագա տարիներին նրա գանգը հանվել է գերեզմանից և փոխանցվել ձեռքից ձեռք[30]։
Հետևանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդեի գլխատումից հետո Լեգրո անունով մի տղամարդ զամբյուղից բարձրացրել է նրա գլուխն ու ապտակել այտին։ Դահիճ Շառլ-Անրի Սանսոնը վրդովմունքով հերքել է հրապարակված լուրերն այն մասին, թե Լեգրոն իր օգնականներից է եղել։ Սանսոնն իր օրագրում նշել է, որ Լեգրոն իրականում հյուսն էր, ում վարձել էին գիլիոտինը նորոգելու համար։ Ականատեսները վկայում են նրա դեմքի «աներկբա վրդովմունքի» արտահայտության մասին, երբ ապտակել են այտին։ Այս հաճախ կրկնվող պատմությունը ծառայել է որպես ենթադրություն, որ գիլիոտինի զոհերը կարող են կարճ ժամանակ պահպանել գիտակցությունը, ինչը հիշատակել է նաև Ալբեր Կամյուն իր «Խոհեր գիլիոտինի մասին» աշխատության մեջ («Ասում են՝ Շառլոտ Կորդեի կտրված գլուխը շառագունել է դահճի ապտակից»)։ Մահապատժի ենթարկված կնոջ նկատմամբ այս անարգանքը համարվել է անընդունելի, և Լեգրոն երեք ամսով ազատազրկվել է իր արարքի համար[31]։
Յակոբինյան առաջնորդները նրա մահից անմիջապես հետո դիահերձել են մարմինը՝ պարզելու, թե արդյոք նա կույս է եղել։ Նրանք հավատացած են եղել, որ նրա հետ մահճակալն ու սպանության ծրագրերը կիսել է որևէ տղամարդ։ Ի հիասթափություն նրանց՝ կուսության ոչ գիտական թեստը պարզել է, որ նա կույս է եղել[32]։
Կորդեի արարքն օգնել է վերաձևակերպելու կնոջ մասնավոր և հանրային դերը այն ժամանակվա հասարակության մեջ։ Կանանց՝ որպես երկրորդ կարգի կամ նվազ կարևորության էակների ընկալումը մարտահրավեր է ստացել, և Կորդեն հերոս է համարվել նրանց համար, ովքեր դեմ էին Մարատի գաղափարներին։ Ենթադրություններ են եղել, որ նրա արարքը հրահրել է կանանց քաղաքական ակումբների արգելումը և կին ակտիվիստների, օրինակ՝ ժիրոնդիստ Մադամ Ռոլանի մահապատիժը[33]։ Կորդեի արարքը փոխել է այն պատկերացումը, թե ինչի է ընդունակ կինը, և նրանց համար, ովքեր չեն մերժել նրան իր արարքի համար, նա հերոսուհի էր։ Անդրե Շենիեն, օրինակ, բանաստեղծություն է գրել ի պատիվ Կորդեի։ Սա ընդգծել է Կորդեի դրսևորած «արականությունը» հեղափոխության ընթացքում[34]։
Ֆրանսերեն (բնօրինակ)
La vertu seule est libre. Honneur de notre histoire,
Notre immortel opprobre y vit avec ta gloire,
Seule tu fus un homme, et vengeas les humains.
Et nous, eunuques vils, troupeau lâche sans âme,
Nous savons répéter quelques plaintes de femme,
Mais le fer pèserait à nos débiles mains.
Հայերեն (թարգմանություն)
Առաքինությունն է ազատ՝ մեր պատմության փառքը,
Քո փառքի կողքին ապրում է մեր անմահ ամոթը։
Միայն դու էիր մարդ՝ վրեժ լուծեցիր մարդկության համար,
Իսկ մենք՝ անարգ ներքինիներ, վախկոտ մի հոտ՝ հոգուց զուրկ ու տկար։
Կարող ենք լոկ կնոջ պես հառաչել, ողբալ ու կրկնել,
Բայց երկաթը մեր տկար ձեռքերում չենք կարող բարձրացնել։
Շատերը Կորդեի կողմից Մարատի սպանությունը համարել են ստոր արարք՝ միևնույն ժամանակ ընկալելով այն որպես «տիպիկ տղամարդկային քայլ»։ Այս արձագանքը ցույց է տվել, որ անկախ նրանից՝ մարդիկ հավանություն են տվել նրա արարքին, թե ոչ, Մարատի սպանությունն ակնհայտորեն փոխել է կանանց քաղաքական դերն ու դիրքը Ֆրանսիական հեղափոխության ընթացքում[35]։ Կորդեին զարմացրել է հեղափոխական կանանց հակազդեցությունը, և վերջինս նշել է․ «Քանի որ ես լիովին հանգիստ էի, ինձ ցավեցրին մի քանի կանանց ճիչերը։ Սակայն հայրենիքը փրկել՝ նշանակում է չնկատել, թե որքան թանկ է այն քեզ համար»[36]:
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կորդեի կերպարն ու սպանության տեսարանը վերարտադրել են բազմաթիվ արվեստագետներ․ դրանցից են Ժակ-Լուի Դավիդի 1793 թվականի «Մարատի մահը» և Պոլ Բոդրիի 1860 թվականի «Շառլոտ Կորդե» կտավները։ Ալֆոնս դը Լամարթինն իր «Ժիրոնդիստների պատմությունը» (1847) գրքաշարից մի ամբողջ գիրք է նվիրել նրան, որտեղ տվել է նրան արդեն հռչակավոր դարձած հետևյալ մականունը՝ «Սպանության հրեշտակ» (ֆրանսերեն՝ l'ange de l'assassinat)[37]։
Ֆրանսիայում մի շարք փողոցներ կրում են նրա անունը, այդ թվում՝ Շառլոտ Կորդե փողոցը Արժանտանում, Վերսոնում և Վիմուտիեում, Շառլոտ Կորդե պողոտան Կանում, ինչպես նաև Շառլոտ Կորդե պուրակը Էմերենվիլում՝ Փարիզի արևելյան արվարձանում։
Մեդիա
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկացի դրամատուրգ Սարա Փոգսոն Սմիթը հավերժացրել է Կորդեի հիշատակը իր 1807 թվականի «Կին էնտուզիաստը․ ողբերգություն հինգ գործողությամբ» չափածո դրամայում[38]։
- ֆրանսիացի դրամատուրգ Ֆրանսուա Պոնսարը գրել է «Շառլոտ Կորդե» պիեսը, որի պրեմիերան կայացել է Թեատր-Ֆրանսեզում 1850 թվականին[39]։
- 1894 թվականին Քիրլ Բելյուն գրել է սպանության մասին պատմող չորս գործողությամբ «Շառլոտ Կորդե» պիեսը՝ ստանձնելով Մարատի դերը, մինչդեռ նրա խաղընկերուհի Կորա Ուրքհարթ Բրաուն-Փոթերը մարմնավորել է Շառլոտ Կորդեին[40]։
- 1919 թվականի գերմանական «Շառլոտ Կորդե» համր ֆիլմում գլխավոր դերը խաղացել է Լիա Մարան։
- Պիեռ Դրիյո լա Ռոշելը 1939 թվականին գրել է «Շառլոտ Կորդե» երեք գործողությամբ պիեսը[41]։
- Պետեր Վայսի 1963 թվականի «Մարատ/Սադ» թատերգությունում Մարատի սպանությունը ներկայացված է որպես ներկայացում, որը գրել է Մարկիզ դը Սադը՝ Շարանտոնի հոգեբուժարանի հիվանդների միջոցով հանրության համար բեմադրելու նպատակով։
- Իտալացի կոմպոզիտոր Լորենցո Ֆերերոն գրել է «Շառլոտ Կորդե» օպերան երեք գործողությամբ՝ նվիրված Ֆրանսիական հեղափոխության 200-ամյակին, որը նշվել է 1989 թվականին։
- Ագաթա Քրիստին հիշատակել է Շառլոտ Կորդեին իր 1848 թվականի «Ծռմռված տունը» վեպում։ Պատմվածքի համատեքստին համահունչ մնալու համար գրքում անունը գրված է որպես «Շառլոտ Կորդեյ», քանի որ այն փոքրիկ աղջկա «փոքրիկ սև տետրի» օրագրային գրանցման մաս է կազմել[42]։
- Ամերիկացի դրամատուրգ Լորեն Գանդերսոնը Շառլոտ Կորդեին դարձրել է իր 2016 թվականի «Հեղափոխականները» պիեսի կերպարներից մեկը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շառլոտ Կորդեն, Պոլ Բոդրի (մոտ 1860)
- «Մարատի սպանությունը», Ժան-Ժոզեֆ Վերտս (1880)
- Շառլոտ Կորդեի դիմանկարը, Ջուլիան Սթորի (1889)
- Հատված Ժակ-Լուի Դավիդի «Մարատի մահը» կտավից։ Մարատի անշունչ ձեռքը սեղմել է արյունոտ թղթի մի կտոր, որի վրա գրված է․ «13 հուլիսի, 1793 թ․։ Մարի Անն Շառլոտ Կորդեն՝ քաղաքացի Մարատին։ Բավական է միայն ասել, որ ե՛ս չափազանց դժբախտ եմ ձեր բարեհաճությանն արժանանալու համար»։
- Շառլոտ Կորդեն, Ֆրանսուա-Սերաֆեն Դելպեշ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 3 4 Encyclopædia Britannica
- 1 2 3 4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- 1 2 3 «Le procès de Charlotte Corday». Ministry of Justice (France)|French Ministry of Justice. 23 August 2011. Վերցված է 5 August 2018-ին.
- ↑ Schama 2005, p. 745.
- ↑ «Document du baptême de Charlotte Corday». Archives et patrimoine culturel de l'Orne. 1768. էջ 36. Վերցված է 5 April 2022-ին.
- ↑ «Charlotte Corday», Encyclopedie (ֆրանսերեն), FR: Larousse, Արխիվացված է օրիգինալից 21 July 2011-ին, Վերցված է 8 June 2010-ին
- ↑ Whitham, John Mills (1968), Men and Women of the French Revolution, Freeport, NY: Books for Libraries Press
- ↑ Cabanès, Augustin (1898). Curious Bypaths of History: Being Medico-historical Studies and Observations (անգլերեն). C. Carrington. էջ 352. «charlotte corday passport.»
- ↑ Cher, Marie (1929). Charlotte Corday and Certain Men of the Revolutionary Torment. New York: D. Appleton and Company. էջ 70.1-4366-8354-8
- ↑ Andress, David (2005). The Terror. Great Britain: Farrar, Straus and Giroux. ISBN 978-0-374-53073-0.
- ↑ Clifford, John Herbert (1907). The Standard History of the World (անգլերեն). University society Incorporated. էջ 3382.
- ↑ Schama 2005, p. 445.
- ↑ Andress, David (2006). The Terror: The Merciless War for Freedom in Revolutionary France. New York: Farrar, Straus and Giroux. էջ 189. ISBN 978-0-3742-7341-5.
- ↑ The Hotel was at 19 rue des Vieux Augustins, now rue d'Argout
- ↑ Cobb, Richard (1988) The French Revolution. Voices From A Momentous Epoch. Guild Publishing. p. 192; 978-0671699253
- ↑ Mark, Harrison W. «Assassination of Marat». World History Encyclopedia (անգլերեն). Վերցված է 2024-07-13-ին.
- ↑ Schama 2005, p. 735.
- ↑ Schama 2005, p. 736.
- ↑ Schama 2005, p. 737.
- ↑ Pardonnez-moi, mon cher papa, d'avoir disposé de mon existence sans votre permission. J'ai vengé bien d'innocentes victimes, j'ai prévenu bien d'autres désastres. Le peuple, un jour désabusé, se réjouira d’être délivré d'un tyran. Si j'ai cherché à vous persuader que je passais en Angleterre, c'est que j'espérais garder l'incognito, mais j'en ai reconnu l'impossibilité. J'espère que vous ne serez point tourmenté. En tout cas, je crois que vous auriez des défenseurs à Caen. J'ai pris pour défenseur Gustave Doulcet: un tel attentat ne permet nulle défense, c'est pour la forme. Adieu, mon cher papa, je vous prie de m'oublier, ou plutôt de vous réjouir de mon sort, la cause en est belle. J'embrasse ma sœur que j'aime de tout mon cœur, ainsi que tous mes parents. N'oubliez pas ce vers de Corneille:
Le Crime fait la honte, et non-pas l'échafaud !
C'est demain à huit heures, qu'on me juge. Ce 16 juillet. - ↑ Cobb, Richard (1988). The French Revolution. Voices from a momentous epoch: 1789–1795, Guild Publishing. pp. 192–193. 978-0671699253
- ↑ Schama 2005, pp. 736–737.
- ↑ «13 juillet 1793: Charlotte Corday assassine le citoyen Marat dans sa baignoire». Le Figaro. 12 July 2018. Վերցված է 6 August 2018-ին.
- ↑ Du Bois, Louis (1838). Charlotte de Corday: essai historique, offrant enfin des détails authentiques sur la personne et l'attentat de cette héroïne. Librairie Historique de la Révolution. էջ 141. «Charlotte Corday + lagarde.»
- ↑ . Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 22 (11th ed.). 1911.
- ↑ Schama 2005, pp. 740–741.
- ↑ Gelbart, Nina Rattner (2004). «The Blonding of Charlotte Corday». Eighteenth-Century Studies. 38 (1): 201–221. doi:10.1353/ecs.2004.0058. JSTOR 30053636. S2CID 162354712.
- ↑ Schama 2005, p. 741.
- ↑ «Charlotte Corday's Head and Tales of What Happened». geriwalton.com. 27 July 2018. Վերցված է 19 December 2020-ին.
- ↑ Mignet, François (1824). History of the French Revolution from 1789 to 1814.
- ↑ Corazzo, Nina; Montfort, Catherine R. (1994), «Charlotte Corday: femme-homme», in Montfort, Catherine R. (ed.), Literate Women and the French Revolution of 1789, Birmingham, AL: Summa Publications, էջ 45
- ↑ Elizabeth, Kindleberger (1994). Charlotte Corday in Text and Image: A Case Study in the French Revolution and Women's History. Duke University Press. էջ 973.
- ↑ Thomas, Chantal (1989). «Heroism in the Feminine: The Examples of Charlotte Corday and Madame Roland». The Eighteenth Century: Theory and Interpretation. University of Pennsylvania Press. 30 (2): 67–82. JSTOR 42705725.
- ↑ Kindleberger, Elizabeth (1994). Charlotte Corday in Text and Image: A Case Study in the French Revolution and Women's History. Duke University Press. էջեր 969–999.
- ↑ M. Chéron de Villiers (1865). «Charlotte Corday». Revue contemporaine. Vol. 79. Paris: Bureaux de la Revue Contemporaine. էջ 618.
- ↑ de Lamartine, Alphonse (1995). Histoire de Charlotte Corday: un livre de l'Histoire des Girondins [History of Charlotte Corday: A book of the History of the Girondins] (ֆրանսերեն). Editions Champ Vallon. էջ 13. ISBN 978-2876732025. Վերցված է 11 July 2018-ին.
- ↑ Harris, Sharon M., ed. (2003). Women's Early American Historical Narratives. Penguin Publishing Group. էջ 136. ISBN 978-1440626593. Վերցված է 11 July 2018-ին.
- ↑ Ponsard, François (1867). Cassal, C. (ed.). Charlotte Corday: A Tragedy. Trübner and Company. էջ 7. Վերցված է 11 July 2018-ին.
- ↑ Bellew, Kyrle (1912). Short Stories. the Shakespeare Press. էջ 138. Վերցված է 3 March 2019-ին.
- ↑ «Charlotte Corday (1942)» (PDF). Archives Drieu La Rochelle (ֆրանսերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 13 September 2016-ին. Վերցված է 11 July 2018-ին.
- ↑ Christie, Agatha (1948). Crooked House (Eleventh Impression 1973 ed.). Fontana Books. էջ 159.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Montfort, Catherine R."For the Defence: Charlotte Corday's letters from prison." Studies on Voltaire and the Eighteenth Century 329 (1995): 235–247
- Alstine, RK van (2008), Charlotte Corday, Kellock Robertson Press, ISBN 978-1-4097-9658-9.
- Corazzo, Nina; Montfort, Catherine R. (1994), «Charlotte Corday: femme-homme», in Montfort, Catherine R (ed.), Literate Women and the French Revolution of 1789, Birmingham, AL: Summa Publications.
- Corday, Charlotte, L'Addresse aux Français amis des lois et de la paix [Address to French friends of the Law and Peace], Արխիվացված է օրիգինալից 5 August 2018-ին, Վերցված է 5 August 2018-ին.
- Franklin, Charles (1967), Woman in the Case, New York: Taplinger.
- Margaret L. Goldsmith (1935), Seven Women Against the World, London: Methuen.
- Gutwirth, Madelyn (1992), The Twilight of the Goddesses; Women and Representation in the French Revolutionary Era, New Brunswick, NJ: Rutgers University Press.
- Kindleberger, Elizabeth R (1994), «Charlotte Corday in Text and Image: A Case Study in the French Revolution and Women's History», French Historical Studies, vol. 18, էջեր 969–99.
- Stanley Loomis (1964), Paris in the Terror, JB Lippincott.
- Mazeau, Guillaume (2009), Le bain de l'histoire. Charlotte Corday et l'attentat contre Marat (1793–2009), Champ Vallon: Seyssel.
- ———— (2009), Corday contre Marat. Deux siècles d'images, Versailles: Artlys.
- ———— (2006), Charlotte Corday en 30 Questions, La Crèche, Geste éditions.
- Outram, Dorinda (1989), The Body and the French Revolution: Sex, Class and Political Culture, New Haven: Yale University Press.
- Simon Schama; John Livesey (2005), Citizens: A Chronicle of the French Revolution, London: Royal National Institute of the Blind, ISBN 0-670-81012-6
- Sokolnikova, Halina (1932), Nine Women Drawn from the Epoch of the French Revolution, trans. H C Stevens, NY: J. Cape & H. Smith.
- Whitham, John Mills (1968), Men and Women of the French Revolution, Freeport, NY: Books for Libraries Press.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Images of Charlotte Corday and of places related to her life, Vimoutiers.
- Charlotte Corday (video), News, France 3.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շառլոտ Կորդե» հոդվածին։ |
| ||||||||||||||||
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1768 ծնունդներ
- Հուլիսի 17 մահեր
- 1793 մահեր
- Փարիզ քաղաքում թաղվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիայի ազնվականություն
- Ֆրանսիացի հեղափոխականներ
- Ֆրանսիական մեծ հեղափոխության ընթացքում մահապատժի ենթարկված անձինք
- Մարդասպաններ
- Կին մարդասպաններ
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Մահապատժի ենթարկված կանայք
- Ֆրանսիացիներ
- Ֆրանսիայում մահացածներ
