Jump to content

Շան Յան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շան Յան
չինարեն՝ 商鞅
Դիմանկար
Ծնվել էմ. թ. ա. 390[1]
Ծննդավայրհավանաբար՝ Puyang, Wey
Մահացել էմ. թ. ա. 338[1][2]
Մահվան վայրհավանաբար՝ Xianyang, Ցին
ՔաղաքացիությունWey և Ցին
Մասնագիտությունքաղաքական գործիչ և փիլիսոփա
 Shang Yang Վիքիպահեստում

Շան Յան (չինարեն՝ 商鞅 , Shang Yang), Շան շրջանի առաջնորդ, իրական անուն՝ Գունսուն Յան (չինարեն՝ 公孫鞅 , Gōngsūn Yāng, մ․թ․ա․ 390- 338 թվականներ), չինացի մտածող և քաղաքական գործիչ, լեգիզմի առաջին հիմնադրներից մեկն է (լեգիզմ՝ փիլիսոփա-քաղաքական ուսմունք, որը հակադրվել է դաոսականությանն ու կոնֆուցիականությանը)[3]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գունսուն Յանը, ավելի հայտնի է որպես Շան Յան, եղել է արիստոկրատիան ներկայացնող Վեյ թագավորության ժառանգ, որի պատճառով էլ ժամանակագիրները նրան նաև անվանել են «Վեյի Յան»[4]։ Լինելով թագավորության տիրակալի անօրինական որդին՝ Գունսուն Յանը, առաջին նախարար Գուն Շու-ցզոյի կառավարման ժամանակ զբաղեցրել է չժունշունցզիի (քարտուղարից մի քիչ բարձր) ցածրաստիճան պաշտոն։ Առաջխաղացման ձգտելով՝ նա Վեյի առաջնորդին առաջարկել է լեգիզմի շրջանակներում կառավարության արմատական բարեփոխումների ծրագիր։ Կտրականապես մերժում ստանալով՝ Գունսուն Յանը մ․թ․ա․ 361 թվականին լքել է ծննդավայրը[5] և անցել ծառայության Ցին թագավորության առաջնորդ Սյաո-գունուի (կառավարել է մ․թ․ա․ 361-338 թվականներին) մոտ, ում մոտ էլ դարձել է առաջին խորհրդական[6]։

Գործունեություն և բարեփոխումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մ․թ․ա․ 356 թվականից սկսած՝ Շան Յանը անցկացրել է մի շարք քաղաքական և տնտեսական կարևոր բարեփոխումներ, որոնք միտված էին թագավորական իշխանության բացարձակ միապետականությանը, տոհմային արիստոկրատիայի պետական և քաղաքական դիրքերի քայքայմանը և համայնքային գյուղատնտեսական էլիտայի դիրքերի ամրապնդմանը։ Շան Յանի համապարփակ ծրագիրը ավելի շատ ուղղված է եղել կառավարման կենտրոնացմանը, հացահատիկի արտադրության ավելացմանը և «Միացյալ» հռչակված պետության ռազմական հզորության մեծացմանը։ Մնացյալ բոլոր աշխատանքները, որոնք ժողովրդին շեղում էին դրանից՝ զվարճանք, առք ու վաճառք, գիտության ուսումնասիրություններ, երաժշտություն և այլն, համարվել են «մակաբույծներ», որոնք նպաստում են պետականության թուլացմանը, անգամ նրա ոչնչացմանը և ըստ էության, ենթարկվել են հետապնդման։ Շան Յանի ադմինիստրատիվ հեղափոխման արդյունքում Ցին թագավորությունը ամբողջովին բաժանվել է 31 շրջանների (սյան), որոնք ունեցել են իրենց ղեկավար նահանգապետերը։ Ազնվականներին և պաշտոնյաներին խստիվ արգելված է եղել զբաղվել անձնական աշխատանքներով և հետապնդել եսասիրական նպատակներ։ Համապատասխան արգելքների, ինչպես նաև մեծ թվով հրապարակված և որպես օրենքների ժողովածու ընկալվող մյուս բոլոր հրամանագրերի խախտումներին հաջորդել են խիստ պատժամիջոցները՝ նույնիսկ մանր հանցագործությունների դեպքում։

Ցինի նոր օրենքները դաժան պատիժներ են սահմանել ոչ միայն պաշտոնյաների համար, այլև թագավորի բոլոր հպատակների համար, անգամ թագաժառանգների։ Մի անգամ թագավորի որդին խախտել է տոնական հագուստը առօրյայում կրելու օրենքը, որին ի պատասխան Շան Յանը ասել է․ «Օրենքները չեն գործում, քանի որ հասարակության վերնախավը դրանք խախտում է»։ Նա ցանկացել է արքայազնին դատել, սակայն նրան պատժել չէին կարող, հենց այդ պատճառով էլ Շան Յանի պնդմամբ պատժել են արքայազն Ցյանի դաստիարակին՝ խարանելով ուսուցիչ Գունսուն Ցզյայի ճակատը։ Չորս տարի անց արքայազն Ցյան կրկին խախտել է օրենքը, որի արդյունքում որպես պատիժ կտրել են նրա քիթը, իսկ թագաժառանգ Ին Սին՝ Հուեյվեն-վանի ապագա առաջնորդը, աքսորվել է դղյակից։ Այս անողոք պատիժները Ցինի թագավորության բնակիչներին ապացուցել են, որ նոր օրենքները խախտելու դեպքում պատիժը անխուսափելի է և ստիպել նրանց խստորեն ենթարկվել թագավորի բոլոր հրամաններին։ Բայց միաժամանակ այս դաժան պատիժները թագաժառանգների մեջ առաջացրել են ատելություն դեպի Շան Յանը, որն էլ հետագա բարեփոխումների մեջ ունեցել է ճակատագրական հետևանքներ։

Շան Յանի լեգիստական հեղափոխության արդյունքում Ցինի տոհմային արիստոկրատիայի բոլոր արտոնությունները լիկվիդացվել են, և Ցինի իշխանությունը վերածվել է պաշտոնական բյուրոկրատիայի։ Բացահայտ հայտարարվել է, որ այսուհետ Ցինի ազնվականությունը կազմավորվելու է ոչ թե տոհմային արիստոկրատիայի արդյունքում, այլ Ցին պետության համար ծառայած յուրաքանչյուր անձի սեփական արժանիքներից ելնելով։ Շան Յանը առաջարկել է առաջնահերթ առաջադրել նրանց, ովքեր ապացուցել են իրենց հպատակությունը կայսրին զինվորական ծառայության ժամանակ[7]։ Սա քաղաքացիական և զինվորական ծառայության մեջ լայն կարիերայի հնարավորություններ է բացել շատ տարբեր սոցիալական ծագում ունեցող կարող անհատների համար, նույնիսկ այլ թագավորություններում ծնված անձանց, ինչպիսին էր հենց ինքը՝ Շան Յանը՝ ծնված Վեյում, որը թշնամի էր Ցին թագավորությանը[8]։

Շան Յանը մի շարք միջոցառումներ է ձեռնարկել հացահատիկի արտադրությունը մեծացնելու համար՝ խրախուսելով մասնավոր ձեռնարկատիրություններին՝ գյուղական համայնքի թուլացման հաշվին։ Այսպիսով, երբ անապատային հողերը ինչ-որ մեկի կողմից վերածվել են դաշտերի, դարձել են նրանց սեփականությունը։ Սա ինքնին հեղափոխական նորարարությունն էր, քանի որ մինչ այդ Չինաստանում հողը ոչ ոքի չի պատկանել։ Այս ձևով Շան Յանը Չինաստանի պատմության մեջ առաջին անգամ ամրապնդել է հողի մասնավոր սեփականությունը։ Հետագայում Ցին թագավորությունը, օգտագործելով սիրոններից զավթած մեծ, ազատ հողատարածքները, գրավել է խիտ բնակեցված կենտրոնական թագավորություններից մեծաքանակ գաղութարարների ուշադրությունը՝ տալով նրան մեծ արտոնություններ՝ տների կառուցման և հողերի մշակման բոլոր հարկերից ազատում 10 տարով, ինչպես նաև զինվորական ծառայությունից ազատում մինչև 3 սերունդ։ Սրանով Ցինը միաժամանակ մեծացրել է իր հզորությունը և նվազեցրել հարակից թագավորությունների մարդկային պոտենցիալը[9]:

Նախկինում տարածված մեծ ընտանիքները, որոնք մի քանի սերնդով ապրում էին միասին, ստիպողաբար բաժանվել են։ Այս մասին օրենքը ասել է․ այն ընտանիքները, որտեղ մի հարկի տակ ապրում են ծնողները, որդիները, մեծ և փոքր եղբայրները իրենց կանանց հետ, պետք է հարկվեին կրկնապատիկ չափով[10]։ Երկարության և քաշի չափման միատեսակ միավորներ են մտցվել նաև ամբողջ Ցին թագավորության համար։ Արդյունքում երբ մ․թ․ա․ 221 թվականին Ցինի կառավարման ժամանակ Չինաստանը միավորվել է, այդ չափման միավորները տարածվել են ողջ Չինաստանում[8]։

Բնակչության ամբողջական վերահսկողության համար ստեղծվել է փոխադարձ պատասխանատվության համակարգը, որի արդյունքում անձի կատարած քայլերի համար պատասխանատվություն էին կրում իր բոլոր հարևանները[3]։ Սա ստիպել է Ցինի բոլոր հպատակներին հետևել իրար և մատնել հարևաններին՝ վախենալով կոլեկտիվ ճնշումներից։ Համանման, սակայն ավելի դաժան փոխադարձ պատասխանատվության կարգ է մտցվել նաև զինվորական ստորաբաժանումներում։ «Հնգյակների» և «տասնյակների» (շիու) համակարգը, որը հարևաններին կապել է փոխադարձ պատասխանատվությամբ, հետագայում նաև փոխադարձ պատասխանատվության համակարգ է ձևավորել գյուղերում (բաոջիաժիդու), որը տարբեր տարբերակներով գոյություն է ունեցել մինչև 20-րդ դարը[11]։

Շան Յանը թագավորության ամրապնդման համար կարևորագույն միջոցներից մեկը համարել է պատերազմը։ Իր ուսմունքի համաձայն, Ցին թագավորությունը պետք է մշտապես պատերազմեր հարևան պետություններից որևէ մեկի հետ՝ գոնե զինվորական պատրաստվածությունը բարձր պահելու համար։ Մ․թ․ա․ 352 թվականին գլխավորելով Ցինի զորքերին որպես ստրատեգ՝ Շան Յանը մեծ պարտության է մատնել իր հարազատ Վեյ թագավորությանը, որը պարտավորվել է Ցինին հանձնել մի շարք տարածքներ և տեղափոխել մայրաքաղաքը սահմանային Անյի քաղաքից Դալյան[3]։

Մ․թ․ա․ 340 թվականին Շան Յանը Սյաո-գուն կայսրին առաջարկել է հարձակվել Վեյի վրա՝ հիմնավորելով այսպես․ «Ցինն ու Վեյը մահացու հիվանդություն են իրար համար։ Կամ Վեյը կոչնչացնի Ցինը, կամ Ցինը Վեյը։ Ինչու՞ է դա այդպես՝ Վեյի իշխանությունը գտնվում է կարևոր լեռնային կիրճերից դեպի արևմուտք, իր մայրաքաղաքը՝ Անյին, հատվում է Ցինի հետ Հուանհե գետի ափով, և միայն այն ունի լեռներից արևելք գտնվող հողերը տիրապետելու առավելությունը։ Օգտագործելով այդ՝ Վեյը կարող է մտնել Ցին արևմուտքից, և մեզ համար ոչ հարմար դեպքում կարող է զավթել արևելյան հողերը։ Այժմ ձեր իմաստնության և անկրկնելության արդյունքում, կայսր, մեր թագավորությունը ծաղկում է, իսկ Վեյի զորքերը անցած տարի Ցի թագավորությունից կրեցին մեծ պարտություն, իշխանաց իշխանները շրջվեցին Վեյից։ Սա թույլ է տալիս հարձակվել Վեյի վրա»[8]։

Ցինի առաջնորդը համաձայնվել է Շան Յանի հետ՝ նրան նշանակելով զորքի առաջնորդ և ուղարկելով Վեյի դեմ արշավանքի։ Ցինի գործողությունների մասին իմանալով՝ Վեյի կայսրը արքայազն Անին նշանակել է իր զորքերի հրամանատար և հրամայել պատասխան հարված հասցնել։ Շան Յանը Վեյի առաջնորդին նամակ է ուղարկել, որում ասվում էր․ «Մենք արքայազնի հետ ժամանակին եղել ենք ընկերական հարաբերությունների մեջ։ Հիմա մենք առաջնորդում ենք երկու պետությունների զորքերը, և մեզ համար բարդ է հարձակվել միմյանց վրա։ Ես կարող եմ հանդիպել արքայազնի հետ դեմ առ դեմ, կնքել հաշտություն, նստել ուրախ ճաշի շուրջ, իսկ հետո հետ վերադարձնել զորքերին, այսպիսով բերել խաղաղություն թե՛ Ցինին և թե՛ Վեյին»[6]։

Արքայազն Անը, չկասկածելով որևէ դավադրության մեջ, համաձայնվել է և եկել հանդիպման՝ ուշադրություն չդարձնելով իր անվտանգությանը։ Հանդիպումից և հաշտության կնքումից հետո, ճաշի ժամանակ Ցինի՝ դարանում թաքնված զորքը հանկարծակի հարձակվել է Անի վրա և գերևարել նրան, որից հետո Ցինի զորքը հարձակվել է Վեյի զորքի վրա, ջախջախել է նրան և հաղթանակած վերադարձել Ցին (մ․թ․ա․ 340 թվականներ)։ Պարտության արդյունքում Վեյը ստիպված է եղել Ցինի թագավորությանը տալ Հուանհեից արևմուտք գտնվող բոլոր հողերը (Հեվայ շրջան)[6]։

Պետությանը մատուցած մեծ ծառայությունների համար Գունսուն Յանին է հանձնվել Շան շրջանի 15 գյուղ․ նա դարձել է դրանց կառավարիչը, որի արդյունքում էլ ավելի հայտնի է Շան Յան անունով, իսկ չինական տարեգրություններում նրան անվանում են Շանցյունեմ (Շան շրջանի կառավարիչ)։ Սակայն մ․թ․ա․ 338 թվականին Սյաո-գուն կայսրի մահից հետո Ցինի կայսր է դառնում վերջինիս որդին՝ Հուեյվեն-վանը (իշխել է մ․թ․ա․ 338-325 թվականներին), որը ծայրահեղ ատում էր Շան Յանին իր ուսուցիչների դաժան պատիժների համար։ Նոր կայսրը Շան Յանին մեղադրել է պետական դավաճանությա մեջ և հրամայել ձերբակալել նրան։ Հետապնդումից փախչելով՝ Շան Յանը տեղափոխվել է Վեյ։ Սակայն Վեյում, վրդովված նրան արքայազն Անի նկատմամբ ցուցաբերած դավաճանությունից և Ցին դինաստիայի բանակի գլխավորությամբ իրենց թագավորության վրա հարձակումից, ոչ միայն թույլ չեն տվել նրան բնակվել Վեյ թագավորությունում, այլև հետ են վտարել նրան Ցին թագավորություն։ Որից հետո Շան Յանը ուղևորվել է իրեն պատկանող Շան շրջան, որտեղ նա հավաքագրել է իր սեփական բանակը։ Այս դժվարին իրավիճակից դուրս գալու նպատակով Շան Յանը փորձել է հարձակվել փոքր Չժեն թագավորության վրա, հավանաբար որպեսզի ստեղծի սեփական անկախ կալվածքը։ Սակայն նա հայտնաբերվել է Ցին զորքերի կողմից, վիրավորվել չժենսկի Մյանչիի հետ մարտի ժամանակ, գերևարվել է և մահապատժի ենթարկվել։ Այս ամենից հետո Ցինի պետական դավաճանների մասին օրենքի համաձայն ոչնչացվել է նաև նրա ամբողջ տոհմը[4]։

Չնայած Շան Յանի մահապատժին՝ նրա բոլոր բարեփոխումները մնացել են ուժի մեջ, քանի որ դրանք նապստել են կայսրի իշխանության ամրապնդմանը։ Այս բարեփոխումները հանգեցրել են Ցին թագավորության ուժեղացմանը, որն էլ թույլ է տվել վերջինիս զավթել մնացած հին չինական թագավորությունները և միավորել Չինաստանը մեկ իշխանության ներքո։

Շան Յանի ուսմունքի հիմնական սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Կայսրության առաջնորդը պետք է կառավարի երկիրը՝ հիմնվելով ժամանակի արդիականության և պետական շահերի վրա, հաշվի չառնելով ժողովրդի հին ավանդությներն ու դատողությունները։
  2. Պետականության կառավարման հիմնավոր միջոց է համարվում ոչ թե բարության քարոզը, այլ պարզ և ընկալելի օրենքները, որոնց խախտումը առաջացնում է խիստ և անխուսափելի պատիժ։ Կայսրը վեր է օրենքից, իսկ մնացած հպատակները, անգամ թագաժառանգը, պետք է խստորեն հետևեն օրենքներին։
  3. Ժողովուրդը կայսրի կողմից հռչակած օրենքները քննադատելու իրավունք չունի, անգամ դրանց հավանություն տալ չի կարող։ Ժողովուրդը կուրորեն պետք է ենթարկվի կայսրի օրենքներին և հրամաններին՝ լինելով միայն նյութ նրա գործունեության համար, ինչպես կավը բրուտի ձեռքում։
  4. Ավանդույթները հարգելը, նախնիների պաշտամունքը, կոնֆուցիական արժեքները, գիտությունը, ծիսակատարությունը, երաժշտությունը, գրականությունը համարվել մակաբույծ զբաղմունքներ, որոնք ժողովրդին շեղել են «Միացյալից»՝ հացահատիկի մշակումից և պատերազմից։
  5. Ռազմական արժանիքների, հացահատիկի աճեցման և պետությանը մատակարարման համար պետք է խրախուսել ազնվական կոչմամբ և պաշտոնով, ինչպես նաև մաքստուրքերից ազատմամբ։ Ցինի հպատակների ազնվականությունը դասակարգված է եղել հիերարխիայով և ունեցել է քսանից ավելի տիպ։
  6. Բոլոր մարդկանց պետք է գնահատել միայն իրենց արժանիքների համար, այլ ոչ թե իրենց ծագման։ Ազնվական տոհմին պատկանելությունը չի ունեցել ոչ մի նշանակություն։ Առաջնահերթություն պետք է տալ այն մարդկանց, որոնք զինվորական ծառայություն են մատուցել կայսրին, անգամ եթե նրանք օտարերկացի են։
  7. Բոլորը հավասար են օրենքի առաջ, հատուկ արարքների համար օրենքի խիստ սահմաններում կիրառվում էին խրախուսումներ ու պատիժներ։
  8. Հացահատիկի մարդկային գլխաքանակի հարկը ստիպել է, որ ընտանիքի բոլոր «անբանները» աշխատեն։ Ընտանիքները, որտեղ երկու և այվելի եղբայրները ապրել են միասին և չեն կիսել հողը, պետք է վճարեին հարկերը կրկնապատիկ չափով։
  9. Մարդը ի սկզբանե արատավորված է ու անգամ փոքր օգուտի համար կարող է գնալ ծանր հանցանքների, նրան կարող է կանգնեցնել միայն խիստ պատիժը։ Հենց այդ պատճառով անգամ մանր հանցանքների համար պետք է սահմանել խիստ պատիժներ, որպեսզի մարդկանց մոտ անգամ օրենքը խախտելու միտք չառաջանա՝ մեծ, թե փոքր։ Սա անվանվում է «պատժի վերացում պատժի միջոցով»։
  10. Որպես չարաշահումների դեմ կանխարգելիչ միջոց՝ պետք է խրախուսել մատնչությունը, ինչպես օրինակ՝ ռազմական սխրանքի համար, պետք է շնորհել ազնվական կոչումներ։ Նա, ով օգնում է հանցագործին, պետք է պատժվի նույն խստությամբ։
  11. Պետք է ամրապնդել փոխադարձ պատասխանատվության կապը այնպես, որպեսզի մեկ սխալ արարքի համար պատասխանի ողջ ընտանիքը կամ համայնքը, իսկ թագավորության բոլոր բնակիչները պետք է բաժանվեն «հնգյակների»կամ «տասնյակների»։ Այս ամենը վերաբերում է նաև զինծառայողներին․ զինվորականներին պետք է միավորել հնգյակներով և տասնյակներով՝կապված փոխադարձ պատասխանատվությամբ, որպեսզի նրանք հետևեն միմյանց և թույլ չտան ծառայողական կարգապահական սխալներ իրենց ստերաբաժանումներում։
  12. Պետք է խրախուսել ազատ հողերի մշակումը բոլոր նրանց կողմից, ովքեր ցանկանում են, իսկ դաշտերի վերածված անմշակ հողերը պետք է ճանաչվեն որպես մշակողի մասնավոր սեփականություն։
  13. Պետք է խրախուսել այլ երկրներից ներգաղթյալներին, տալ նրանց հարկային արտոնություններ։ Այսպիսով Ցին թագավորությունը կմեծացներ իր հզորությունը և կթուլացներ հարևան պետություններին՝ անգամ առանց պատերազմների։
  14. Ռազմական արժանիքները պետք է գնահատվեն հակառակորդի սպանված գլուխների քանակով։ Հետ մնացող ստորաբաժանումները պետք է խստիվ պատժվեն։ Չկատարված հրամանի կամ հրամանատարի մահվան դեպքում պետք է գլխատվեն ստրաբաժանման բոլոր ծառայողները[4][5][6][8]։

Շան Յանի աշխատանքների նշանակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շան Յանի մտքերը ահռելի հետք են թողել ոչ միայն իր ժանանակակիցների վրա, այլև մի շարք հաջորդ սերունդների։ Դրանց իրականացման արդյունքում Ցինի թագավորները ավելի քիչ քան հարյուր տարում կարողացել են իրենց թագավորությունը դարձնել յոթ «Մարտնչող թագավորություններից» (Չժանգո դարաշրջան) ուժեղագույնը, որը Ցին Շի Հուանդիին հնարավորություն է տվել Ցինի կառավարման ժամանակ միացնել Չինաստանը։ Չնայած հին ժամանակներից ի վեր Շան Յանի գաղափարների մասին կարծիքները միանշանակ չեն եղղել, դրանց կիրառման գործնական արդյունքների մասին խոսելով՝ չին մի շարք մտածողներ չեն կարողացել համակերպվել լեգիզմի կարևոր դիրքի հետ, որոնք առավել լիարժեքորեն զարգացրել է Շան Յանը։ Նրանք չեն հասկացել մարդու բնական անբարոյականության գաղափարը, պատերազմների օգուտի և ամենաագրեսիվ արտաքին քաղաքականության գաղափարը, բոլորի համար պատիժների միասնական և ընդհանուր համակարգսահմանելու գաղափարը, կատարված հանցագործության համար փոխադարձ պատասխանատվություն մտցնելու գաղափարը, ցանկացած ուսմունքի ազատ տարածման անվերապահ արգելքի գաղափարը, ինչպես նաև ցանկացած գրավոր ստեղծագործության, որը որևէ կերպ հակասում էր լեգիզմի նորմերին, ֆիզիկական ոչնչացումը։ Այնուամենայնիվ, Շան Յանի ուսմունքի դեմ բազմադարյա մարտը բերել է միայն ֆորմալ հաղթանակի, քանի որ այդ մարտի ընքացքում չինական մնացյալ այն փիլիսոփայական-քաղաքական ուսմունքները (գլխավորապես կոնֆուցիականությունը) կորցրել են իրենց սկզբնական առանձնահատկությունները՝ իրենց մեջ ներառելով լեգիզմի մի շարք մտքեր[12]։

Ժամանակակաից պատմագրության մեջ Շան Յանը հայտնի է որպես ամբողջատիրական կառավարման օրենսդրային սկզբունքի հիմնադիրը։ Նրա «Շան շրջանի տիրակալի գիրքը» (Շան Ջուն Շու) տրակտատը մինչ օրս պահպանվել է։

Շան Յանը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Չինական հեռուստասերիալ «Դինաստիա Ցին»-ում (2007)․ Շան Յանի դերը մարմնավորել է Վան Չժիֆեյը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Immanuel C.Y. Hsü The Rise of Modern China — 6 — USA: OUP, 2000. — P. 361. — 1136 p. — ISBN 978-0-19-512504-7
  3. 1 2 3 Пятибратов, И. (2016). «Соотношение политической философии Платона и Шан Яна и антиутопических произведений О.Хаксли и Дж.Оруэлла». Запад и Восток: философия, религия, культура: 79–85.
  4. 1 2 3 商君列传 (vol. 68), Records of the Grand Historian, Sima Qian
  5. 1 2 Pines, Yuri, "Legalism in Chinese Philosophy", The Stanford Encyclopedia of Philosophy (Winter 2014 Edition), Edward N. Zalta (ed.), 1.1 Major Legalist Texts, http://plato.stanford.edu/archives/win2014/entries/chinese-legalism/
  6. 1 2 3 4 «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2014-06-13-ին. Վերցված է 2014-05-31-ին.
  7. Sanft, Charles (2014). «Shang Yang Was a Cooperator: Applying Axelrod's Analysis of Cooperation in Early China». Philosophy East and West. 64 (1): 174–191. doi:10.1353/pew.2014.0003. ISSN 1529-1898. S2CID 144996247.
  8. 1 2 3 4 «Книга правителя области Шан». Abirus. Վերցված է 07/03/2026-ին.
  9. «Архивированная копия». Արխիվացված օրիգինալից 2014-07-02-ին. Վերցված է 2014-07-15-ին.
  10. Yang, Mayfair (1991-10). «Une Histoire du Présent Gouvernement Rituel et Gouvernement D'État dans la Chine Ancienne». Annales. Histoire, Sciences Sociales (անգլերեն). 46 (5): 1041–1069. doi:10.3406/ahess.1991.278996. ISSN 0395-2649.
  11. Sanft, Charles (2014). «Shang Yang Was a Cooperator: Applying Axelrod's Analysis of Cooperation in Early China». Philosophy East and West (անգլերեն). 64 (1): 174–191. doi:10.1353/pew.2014.0003. ISSN 1529-1898. S2CID 144996247.
  12. Hulsewé, Anthony François Paulus (1955). remnants of han law (անգլերեն). Brill Archive.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Книга Правителя области Шан», перевод Л. С. Переломова, НИЦ «Ладомир», Москва, 1993
  • Ударцев С. Ф. «История политических и правовых учений (Древний Восток)» Издательский дом СПбГУ, СПб, 2007
  • Переломов Л. С. Конфуцианство и легизм в политической истории Китая. М., 1981.334 с.
  • Илюшечкин В. П. Конфуций и Шан Ян о путях объединения Китая // XVI Научная конференция «Общество и государство в Китае». Ч.I, М., 1985. С.36-42.
  • Калюжная Н. М. Влияние учения Шан Яна на социально-политические взгляды Чжан Бинлиня // XVIII Научная конференция «Общество и государство в Китае». Ч. 3. М., 1987.