Շայկե Օֆիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Շայկե Օֆիր
եբրայերեն՝ שייקה אופיר
Shaike Ophir and Ziva Rodan - 19510301.jpg
Ծնվել էնոյեմբերի 4, 1928(1928-11-04)
ԾննդավայրԵրուսաղեմ, Միացյալ Թագավորություն
Մահացել էօգոստոսի 17, 1987(1987-08-17) (58 տարեկան)
Մահվան վայրԹել Ավիվ, Իսրայել
ՔաղաքացիությունFlag of Israel.svg Իսրայել
Ազգությունհրեա[1]
Մասնագիտությունդերասան, կինոդերասան, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոռեժիսոր և հեռուստատեսային դերասան
Երեխա(ներ)Կարին Օֆիր

Իեշայահու (Շայկե) Օֆիր (եբրայերեն՝ ישעיהו (שייקה) אופיר‎, իսկական ազգանունը՝ Գոլդշտեյն, նոյեմբերի 4, 1928(1928-11-04), Երուսաղեմ, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 17, 1987(1987-08-17), Թել Ավիվ, Իսրայել), իսրայելական թատրոնի և կինոյի դերասան, մնջախաղի վարպետ, ռեժիսոր և սցենարիստ։ Մարսել Մարսոյի աշակերտը, մնջախաղի ստուդիայի և «Կամերի» թատրոնի հիմնադիր։ Որպես կինոդերասան՝ առավել հայտնի է «Ոստիկան Ազուլայը» կինոկատակերգությունից, որտեղ հանդես է գալիս գլխավոր դերում։ Ազգային թատրոնի և կինոյի մի շարք մրցանակների դափնեկիր, այդ թվում՝ «Դավիդի ջութակը» մրցանակի եռակի դափնեկիր։ 2004 թվականից Իսրայելական կինոակադեմիայի սահմանած մրցանակը կրում է Շայկե Օֆիրի անունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իեշայահու Գոլդշտեյնը ծնվել է 1928 թվականին աշկենազյան ընտանիքում, որոնց երեք սերունդները բնակվել են Երուսաղեմի Էվեն-Իեհոշուա ուղղափառ թաղամասում։ Մանկության տարիներին սովորել է իդիշ, լադինո, ֆրանսերեն և արաբերեն, որով խոսում էին նրա շրջապատի երեխաները, տիրապետել է նաև եբրայերենի սեֆարդյան արտասանությանը, որպեսզի չտարբերվի համադասարանցիներից[2]։

Շայկե Օֆիրը «Չիզբատրոն»-ում ելույթների տարիներին

Սովորել է Համաշխարհային հրեական միության դպրոցում։ 1946 թվականին ընդունվել է «Պալյամ» («Պալմախի» ռազմածովային ջոկատ)։ 1948 թվականից աշխատել է «Հա-Օհել» թատրոնին կից ստուդիայում։ Առաջին ելույթն ունեցել է այդ թատրոնի բեմում՝ Ալեքսանդր Օստրովսկու «Ամպրոպ» ներկայացման մեջ խաղալով էպիզոդիկ դեր։ Իսրայելի անկախության պատերազմի ժամանակ պաշարված Երուսաղեմ մեկնող ավտոշարասյանը ուղեկցելիս ծառայակիցների համար կազմակերպում էր հանպատրաստից համերգներ, որոնցից մեկին ներկա է գտնվել «Պալմախի» հրամանատար Յիգալ Ալոնը։ Ալոնի հանձնարարականով և Շայկեի ակտիվ մասնակցությամբ՝ ստեղծվեց «Չիզբատրոն» բանակային համույթը, որը գոյություն ունեցավ մինչև 1950 թվականը։ Այս համույթի կազմում Շայկեն հանդես էր գալիս որպես մենակատար, ռեժիսոր և կարճ կատակային համարների հեղինակ[3]։ Զինվորական ծառայության ընթացքում համույթի ընկերներից մեկի՝ բանաստեղծ Հաիմ Հեֆերի խորհրդով, Շայկե Գոլդշտեյնը փոխեց իր անունն ավելի հրեական սփյուռքում հնչեղ «Օֆիր» անունով[2]։

1950 թվականին, ծառայությունն ավարտելուց հետո, Օֆիրը մեկնում է Ֆրանսիա, որտեղ անցկացնում է երեք ու կես տարի։ Փարիզում նա մնջախաղի արվեստ է սովորում Էթիեն Դեկրուի և Մարսել Մարսոյի մոտ և հանդես է գալիս Մարսոյի «Միմոսների համագործակցություն» խմբի կազմում։ Վերադառնալով Իսրայել՝ նա միանում է «Կամերի» թատերախմբին, որին կից ստեղծում է մնջախաղի ստուդիա[3][4]։ Օֆիրի ստուդիան հասցրեց իրականացնել երկու բեմադրություն 1954 և 1955 թվականներին, որից հետո թատրոնի ղեկավարության կողմից լուծարվեց[5]։ Օֆիրը, միաժամանակ, խաղում էր «Կամերի» հիմնական խմբի ներկայացումներում, այդ թվում՝ 1956 թվականին բեմադրված և Էժեն Լաբիշի «Ծղոտե գլխարկը» պիեսում[3]։

1956 թվականի Սինայական արշավանքի ընթացքում Օֆիրը ռազմաճակատային համերգներով հանդես եկավ ԻՊԲ-ի զինվորների առաջ։ Նույն տարվա վերջում նա մեկնեց ԱՄՆ, որտեղ հրավիրվել էր ամերիկացի երգիչ և կատակերգու Լեո Գուլդի կողմից՝ նյույորքյան գիշերային ակումբում ելույթ ունենալու համար։ Օֆիրն ԱՄՆ-ում մնաց մինչև 1961 թվականը՝ այդ ընթացքում դուետով ելույթ ունենալով Մառլեն Դիտրիխի հետ, հյուրախաղերով հանդես գալով ողջ երկրում, մասնակցեց նաև ՄԱԿ-ի հոբելյանին նվիրված համերգներին[3]։

Իսրայելում Օֆիրը շարունակեց թատերական կարիերան՝ ելույթներ ունենալով «Համամ» թատերական կաբարեում («Մարդը, որը ծիծաղում է»), «Հա-Օհել» (Մոլիերի «Երևակայական հիվանդը») և «Հաբիմա» թատրոններում (պրոֆեսոր Հիգգինս՝ «Իմ Գեղեցիկ լեդի» մյուզիքլում)[3]։ 1964 թվականից մինչև 1968 թվականը Օֆիրը եղել «Հա-հաշաշ հա-հիցեր» («Դալկադեմ հետախույզը») կատակերգական ներկայացման առաջին ռեժիսորը, տեքստերի հեղինակը և մամուլի քարտուղարը[5]։ 1960-ական թվականների կեսերից սկսեց ակտիվորեն նկարահանվել իսրայելական կինոֆիլմերում, որոնցից ամենահաջողվածը դարձավ 1971 թվականին նկարահանված Էֆրիամ Կիշոնի «Ոստիկան Ազուլայը»։ Ֆիլմը, որտեղ Օֆիրը խաղում էր դմբո ոստիկան Աբրահամ Ազուլայի գլխավոր դերը, նվաճեց «Ոսկե գլոբուս» և Մոնտե Կառլոյի կինոփառատոնի միջազգային հեռուստատեսային մրցանակը[2], ինչպես նաև ներկայացվեց «Օսկար» մրցանակի[3]։ 1977 թվականին Օֆիրը հանդես եկավ որպես «Հինգ հարյուր հազար սևով» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր, սակայն այն կինովարձույթին չհասավ[3]։ Ընդհանուր առմամբ նկարահանվել է 28 կինոֆիլմերում[4]։

Շայկե Օֆիրն ու Օհելա Հալևին, 1954 թվական

Շայկե Օֆիրն ամուսնացել է երկու անգամ՝ առաջինը երգչուհի և դերասան Օհելա Հալևիի հետ, որը «Չիզբատրոն» համույթի անդամ էր և «Հա-Օհել» թատրոնի հիմնադիր Մոշե Հալևիի դուստրը, այնուհետև՝ լեհ-իսրայելցի կատակերգու Իսրայել Շումախերի դստեր՝ Լիդիա Շումախերի հետ։ Յուրաքանչյուր ամուսնությունից Օֆիրն ունեցել է մեկական որդի և դուստր[5]։ Շայկեի ավագ որդին՝ Ադի (Էլադ) Օֆիրը և երկրորդ ամուսնությունից աղջիկը՝ Կերենը, նույնպես դերասաններ են դարձել[6]։

1987 թվականին «Հաբիմա» թատրոնում Յանուշ Կորչակի «Թագավոր Մաթիուշ առաջինը» ներկայացման ժամանակ Օֆիրը բեմում կորցնում է գիտակցությունը։ Շայկե Օֆիրին ախտորոշում են թոքերի քաղցկեղ, և նույն տարվա օգոստոսին նա մահանում է[2]։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր թատերական և կինեմատոգրաֆիական գործունեության համար Շայկե Օֆիրն արժանացել է բազմաթիվ պարգևների։ 1974 թվականին նա ստացել է Ցֆատի կինոփառատոնի մրցանակ՝ որպես լավագույն դերասան, 1981 թվականին՝ Դերասանների Իսրայելական միության մրցանակ՝ թատրոնում, մնջախաղում և կինոյում ունեցած ձեռքբերումների համար, 1981 թվականին` Մեիր Մարգալիտի անվան մրցանակ[5]։ Կինոյում դերերը Օֆիրին բերեցին «Դավիդի ջութակը» երեք մրցանակ, որը շնորհվում էր «Էդիոտ Ախրոնոտ» թերթի կողմից[4]։

Իսրայելում անցկացված ինտերնետային հարցման արդյունքներով Օֆիրը ճանաչվել է 33-րդը մեծագույն իսրայելցիների ցուցակում 2004 թվականին նրա պատվին է կոչվել Իսրայելական կինոակադեմիայի «Օֆիր» մրցանակը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.jewishvirtuallibrary.org/shaike-ophir
  2. 2,0 2,1 2,2 2,3 Алон Гур-Арье. (10 августа 2012)։ «Шайке Офир: израильтянин, который смешил весь мир» (եբրայերեն)։ Ynet։ Վերցված է 2016-07-23 
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 Офир Шайке՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Shaike Ophir»։ Jewish Virtual Library։ Վերցված է 2016-07-23 
  5. 5,0 5,1 5,2 5,3 Шимон Лев-Ари.։ «Офир (Гольдштейн) Шай (Иешаяху) Шайке» (եբրայերեն)։ Справочник «Сто лет еврейского театра»։ Վերցված է 2016-07-23 
  6. Биография (անգլ.) на сайте IMDB

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]