Jump to content

Շահրիմանյաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
18-րդ դարում Շահրիմանյաններին պատկանած Վիլլա Վիդմանը

Շահրիմանյաններ (նաև՝ Շեհրիմանյաններ, իտալ.՝ Sceriman, իտալ.՝ Seriman), հայ վաճառական գերդաստան, որի առևտրական գործունեության կենտրոնը 17-րդ դարում Սպահանի Նոր Ջուղա հայկական թաղամասն էր։ Գերդաստանի առևտրական կապերը տարածվում էին Եվրոպայից մինչև Հնդկաստան և Հարավարևելյան Ասիա։ Նրա ներկայացուցիչների թվում եղել են նաև պետական ու եկեղեցական պաշտոնյաներ և գրողներ[1]։

Շահրիմանյանների նախնիները Ջուղայից էին և 1604 թվականին Աբբաս Ա շահի կազմակերպած բռնագաղթի ընթացքում տեղափոխվել են Իրան։ Գերդաստանի նախահայրը համարվում է աղա Մուրադը։ Տոհմը շարունակվել և անվանակոչվել է նրա որդի Շահրիմանի անունով։ Վերջինիս որդի խոջա Սարհադը 17-րդ դարի կեսերին ընդլայնել է ընտանիքի հարստությունն ու ազդեցությունը[1]։

Առևտրական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նոր Ջուղա

Ի տարբերություն ջուղահայ վաճառականներից շատերի, որոնք մասնագիտացած էին մետաքսի առևտրում, Շահրիմանյանները հիմնականում զբաղվում էին ադամանդների և այլ թանկարժեք քարերի առևտրով[1]։

Սարհադի որդիները՝ Մարգարը, Զաքարը, Միքայելը, Մուրադը և Գասպարը, ընդլայնել են ընտանեկան ընկերության գործունեությունը։ Նրանք առևտրական հենակետեր են ստեղծել Իտալիայում, Նիդերլանդներում, Ռուսաստանում, Օսմանյան կայսրությունում, Հնդկաստանում և այլ վայրերում՝ օգտվելով իրենց գործակալների ու վարկավորած վաճառականների ծառայություններից[2]։

Զաքար Շահրիմանյանը կարևոր դեր է ունեցել Ռուսաստանի հետ ջուղահայ վաճառականության կապերի ընդլայնման գործում։ Նա Ալեքսեյ Միխայլովիչ ցարին է մատուցել հայտնի ադամանդակուռ գահը[2]։

Ընտանիքը խոշոր դրամական միջոցներ է ներդրել Վենետիկի բանկերում։ Մարգար Շահրիմանյանի 1700 թվականի կտակի համաձայն՝ նրա տնօրինության տակ եղած միջոցները պահվել են վեց բանկերում, իսկ դրանցից ստացվող եկամուտները նախատեսվել են նրա ժառանգների համար[2]։

Կաթոլիկություն և հաստատում Եվրոպայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1646 թվականին Սարհադն ընդունել է կաթոլիկություն, իսկ 1684 թվականին նրան հետևել են ընտանիքի ևս տասնմեկ անդամներ։ Շահրիմանյանները դարձել են Նոր Ջուղայի կաթոլիկ համայնքի ազդեցիկ հովանավորներից։ Դավանական հակասություններն ու ճնշումները նպաստել են, որ ընտանիքի մի մասը 1698 թվականին հաստատվի Վենետիկում[1]։

1696 թվականին Իննոկենտիոս XII պապը Շահրիմանյաններին շնորհել է Հռոմի քաղաքացիություն և առևտրական արտոնություններ։ 1699 թվականին Լեոպոլդ Ա կայսրը նրանց շնորհել է հունգարական կոմսի տիտղոս[2]։

Մշակութային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1686 թվականին Գասպար Շահրիմանյանի միջոցներով Վենետիկում սկսել է գործել հայկական տպարան։ Գերդաստանի ներկայացուցիչ Զաքարիա Շեհրիմանյանը ճանաչում է ձեռք բերել իտալական գրականության մեջ[2]։

Գործունեության անկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության կենտրոնները հետագայում տեղափոխվել են Վենետիկ և Լիվոռնո, սակայն Նոր Ջուղայի մասնաճյուղը շարունակել է կապել եվրոպական գործառնությունները Հնդկաստանի ու Հարավարևելյան Ասիայի շուկաների հետ։ Ընտանիքի առևտրական գործունեությունն անկում է ապրել 18-րդ դարի վերջին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Aslanian, Sebouh; Berberian, Houri (2009-07-20). «Sceriman Family». Encyclopaedia Iranica (անգլերեն).
  2. 1 2 3 4 5 Խաչիկյան, Շուշանիկ (1986). «Շահրիմանյան ընկերության առևտրատնտեսական գործունեության մասին (XVII–XVIII դդ.)» (PDF). Լրաբեր հասարակական գիտությունների (9): 57–63.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]