Շահնշահ Բ Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Զաքարե Գ Զաքարյանի որդին (Շահնշահ Ա Զաքարյանի թոռը): Գլխավորել է Զաքարյանների իշխանական տունը:

Սմբատ Օրբելյանի կողմից Հայոց իշխանությունը իր ձեռքը վերցնելուց հետո՝ խախտվել է Զաքարյանների իշխանական տան գերիշխող դիրքը և Շահնշահ Բ-ն ի վիճակի չլինելով վճարել իլխանության պարտքերը, 1263 թ. Հայոց իշխանապետության մայրաքաղաք Անին վաճառել է Խոջա Սահիբ-Ջուվեյնուն և հայ առևտրա-վաշխառուական մեծատուներին, որոնք քաղաքի հարկային կապալառուներն էին: Արղուն իլխանի կողմից 1284 թ. Սահիբ-Ջուվեյնու մահապատժից հետո ամուսնացել է նրա և Խոշաք Զաքարյան իշխանուհու դստեր՝ Խուանդզեի հետ, ու վերականգնել Զաքարյան տոհմի հողային տարածքների ամբողջականությունը: 1292 թ. վրաց թագավոր Դեմետրեի որդի Դավթի իշխանության օրոք՝ Շահնշահ Բ-ն 1293 թ. դարձավ հայ-վրաց զորքերի ամիրսպասալար, իսկ իր եղբայր Իվանեն մսախուրթուխուցես:

Ըստ Ստեփանոս Օրբելյան պատմիչի՝ Հուլավյան իլխանության գահակալ Ղազան իլխանի օրոք մոնղոլ-թաթարական իշխողները Հայոց երկրում անպատմելի ոճիրներ գործեցին: Այս անօրեն դեպքերից հետո վրաց թագավոր՝ Դեմետրեի մանուկ որդի Դավիթը, Շահնշահ Բ-ի գլխավորած հայ-վրացական զորքերով հրաժարվեց ենթարկվել Ղազան իլխանին և ամրացան Մոդենախե կոչվող անառիկ բերդում (հարավային Օսեթիա) և մոնղոլ-թաթարական կայազորից գրավելով Դարիալի կիրճը, իրենց հսկողության տակ վերցրեցին այն: Հայ-վրացական իշխանների ըմբոստությունը ճնշելու համար Ղազան իլխանը մեծ զորաբանակով Վրաստան ուղարկեց իր զորավար Խութլուշահին, որը բանակ դրեց Մուխրանի դաշտում:

Վրդովված Ղազան իլխանի վարած այս քաղաքականությունից, նրա մոտ գնաց Կիլիկյան Հայոց թագավոր Հեթումը (մոնղոլների ռազմական հզոր դաշնակիցը), որը Ղազան իլխանի կողմից ընդունվեց մեծաշուք պատվով և Հեթումի պահանջով անմիջապես հրովարտակ գրվեց, և ամբողջ երկրում դադարեցվեց քրիստոնյաների հալածանքները

Գլխավոր ամիրա Նավռուզը անհանգստացած իրավիճակի այս փոփոխություններից, որը կարող էր աղետալի լինել իր համար՝ փախավ Խորասան և պատրաստվում էր դավադրություն կազմակերպել Ղազանի դեմ: Խութլուշահի գլխավորած իլխանության մոնղոլական զորքերը, Շահընշահ Բ-ի հայ-վրացական զորքերի հետ միասին հետապնդեցին Նավռուզին և Հրե (Հերաթ) քաղաքի մոտ ձերբակալեցին նրան: Ստեփանոս Օրբելյանը վկայում է, որ հայ-վրացական զորքի զորավարներից՝ Լիպարիտ Օրբելյան և Էաչի Պռոշյան իշխանները թքեցին Նավռուզի երեսին, խիստ անարգանքով ծաղր ու ծանակի ենթարկեցին և ապա սպանեցին:

Շահնշահ Բ Զաքարյանի հրամանատարությամբ հայ-վրացական զինվորական միավորումները մասնակցություն են ունեցել նաև Ասորիքում մոնղոլների մղած պատերազմներում՝ 1300-1303 թ.թ., ուր նրանք բավականին զոհեր տվեցին: Այսուհանդերձ չնայած ժամանակավոր հաջողություններին, Ղազան իլխանի օրոք մոնղոլական բանակների առաջխաղացումը դեպի հարավ-արևմուտք՝ ընդդեմ մոնղոլների հզոր թշնամի եգիպտական մամլուքների՝ ապարդյուն անցավ: Ինչպես մոնղոլ իշխողների, այնպես էլ Կիլիկյան հայ իշխանների հույսերը Եգիպտոսի դեմ քրիստոնյա արևմուտքի և Հռոմի պապի օգնությունը ստանալու՝ հօդս ցնդեցին:

Աբու-Սայիդ իլխանի իշխանության ժամանակ 1319 թ-ին տեղի ունեցավ Հայոց մայրաքաղաք Անիի մեծ երկրաշարժը, որը գրեթե հիմնահատակ ավերեց այն: Շահնշահ Բ-ն քաղաքի վիճակը թեթևացնելու նպատակով դիմեց իլխան Աբու-Սայիդին և վերջինս դադարեցրեց քաղաքից գանձվող հարկերը՝ այն դարձնելով <խասինջու>: Սակայն այդ էլ չօգնեց և ավերված Հայոց երբեմնի շքեղ մայրաքաղաքը սկսեց ամայանալ:

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ստեփանոս Օրբելյան <<Պատմութիւն նահանգին Սիսական>> -Թ. 1910 թ.
  • Ղարիբյան Ի. <<Վրաց ժամանակագրություն (1207-1318)>> -Ե. 1971 թ.
  • Բաբայան Լ. <<Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական պատմությունը XIII-XIV դարերում>> Ե. 1964թ.
  • Ա. Ե. Մխիթարյան <<Հաբեթի սերունդները>> -2002 թ.