Շահեն Պետրոսյան
Շահեն Պետրոսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | փետրվարի 17, 1912 |
Ծննդավայր | Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մարտի 14, 1999 (87 տարեկան) |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | փաստաբան |
Աշխատավայր | Եյլի համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Շահեն Նիկոլայի Պետրոսյան (փետրվարի 17, 1912, Դդմաշեն, Նոր Բայազետի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մարտի 14, 1999), իրավաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Հայաստանի գերագույն դատարանի նախագահ։ Եղել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան, երկար տարիներ ղեկավարել է պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շահեն Պետրոսյանը ծնվել է փետրվարի 17-ին՝ Սևանի շրջանի Դդմաշեն գյուղում։ Դդմաշենը պատմական Հայաստանի հնագույն և խոշոր գյուղերից է եղել։ Դրա ապացույցն է դեռևս VII դարում կառուցված քառանիստ վեհակետ Սուրբ Թադևոս եկեղեցին։ Միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալուց հետո տեղափոխվել է Երևան, անցել աշխատանքի, ապա 1933 թ.-ին ընդունվել ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ, որն ավարտել է 1937 թ։ Ուսմանը զուգահեռ 1934 – 1936 թվականներին աշխատել է Երևանի Թելմանի անվան թիվ 13 գիշերօթիկ դպրոցի տնօրեն։
Իր գործունեությունը նա սկսեց պրակտիկ իրավաբանական աշխատանքից՝ հանրապետության դատախազության բաժնի դատախազ, քաղաքացիական բաժնի պետի տեղակալ, 1940-1943 թթ.-ին՝ Երևանի Մոլոտովյան շրջանի դատախազ։ Նա ընդամենը 38 տարեկան էր, երբ հանրապետության իշխանության բարձրագույն մարմինը՝ Գերագույն սովետը նրան ընտրում է հանրապետության արդարադատության բարձրագույն մարմին՝ Գերագույն դատարանի նախագահ։
1949 թ. Մոսկվայում հաջողությամբ պաշտպանելով թեկնածուական դիսերտացիա, ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, աշխատաքի է անցնում համալսարանում, վարելով մի շարք պաշտոններ՝ դասախոսի, դոցենտի, ֆակուլտետի դեկանի, ամբիոնի վարիչի և այլն։
1974-1978 թթ. Շահեն Պետրոսյանը եղել է իրավաբանական ֆակուլտետի դեկան, երկար տարիներ (1977-1985 թթ.) ղեկավարել է պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնը։ Պրոֆեսոր Շահեն Պետրոսյանը ֆակուլտետում դասավանդել է «Արտասահմանյան երկիրների պետության և իրավունքի պատմություն», «Արտասահմանյան սոցիալիստական երկրների պետական իրավունք» դասընթացները։
1972 թ-ին նա իրավաբանական գիտությունների դոկտոր էր, ապա պրոֆեսոր՝ 1974 թ.։ Մասնակցել է հայկական ԽՍՀՄ օրենսդրական ակտերի նախագծերի մշակմանը և 25 տարի անընդմեջ գլխավորել է հայկական ԽՍՀՄ «Գիտելիք» ընկերության վարչության առընթեր՝ պետության և իրավունքի գիտամեթոդական խորհրդի աշխատանքները։
Հանդիսացել է իրավաբանական ֆակուլտետի գիտական աստիճան շնորհող մասնագիտական խորհրդի նախագահ, ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստրության գիտամեթոդական խորհրդի նախագահ։
1982 թ-ին նրան շնորհվել է հայական ԽՍՀՄ վաստակավոր իրավաբանի կոչում և ԽՍՀ Գերագույն սովետի պատվոգիր-մեդալ։ 2012 թվականի դեկտեմբերի 14-ին տեղի ունեցավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողով՝ նվիրված Շահեն Պետրոսյանի 100-ամյակին։ 2013 թվականին հրատարակվեց համանուն գիրքը (ԵՊՀ հրատարակչություն)։
Գրական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սովետական պետականության սահմանադրական զարգացումը Հայաստանում, 1958։
- Հայկական ԽՍՀ Գերագույն Սովետը։ Երևան, «Հայպետհրատ», 1963[1]։
- Սովետական ժողովուրդների մեծ ընտանիքը, Երևան, 1972[2]։
- ՀԽՍՀ Գերագույն Սովետը։ Երևան, «Հայաստան», 1974[3]։
- Հայկական ՍՍՀ սահմանադրությունը և նրա պատմական զարգացումը, 1982։
- Զարգացած սոցիալիզմի պետական իշխանության մարմինները, 1982։
- Արտասահմանյան երկրների պատմության և իրավունքի պատմություն, 1986։
- Հուշագրություն, 1994։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Պետրոսյան Հ ( 91/115 )»։ nlr.ru։ Վերցված է 2019-03-06
- ↑ «Պետրոսյան Հ ( 100/115 )»։ nlr.ru։ Վերցված է 2019-03-06
- ↑ «Պետրոսյան Հ ( 110/115 )»։ nlr.ru։ Վերցված է 2019-03-06
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 263)։ ![]() |
|