Նուևա Պլանտա հրամանագրեր
| Ենթադաս | օրենսդրական ակտ | |
|---|---|---|
| Մասն է | Bourbonist repression in the War of the Spanish Succession | |
| Երկիր | Իսպանիա | |
| Իրավասությունը տարածվում է | Արագոնի թագավորություն, Kingdom of Valencia, Principality of Catalonia, Kingdom of Majorca, Արագոնյան թագ | |
| Նշանակալից իրադարձություն | Treaty of Baden, Պատերազմ Իսպանական ժառանգության համար | |
| Ստորագրող(ներ) | Ֆիլիպ V | |
«Նուևա Պլանտա»-ի հրամանագրեր (իսպ.՝ Decretos de Nueva Planta), մի շարք հրամանագրեր, որոնք 1707–1716 թվականներին ստորագրվել են Իսպանիայի Բուրբոնների դինաստիայի առաջին թագավոր Ֆիլիպ V-ի կողմից՝ Իսպանական ժառանգության համար մղված պատերազմի ընթացքում և դրա ավարտից (Ուտրեխտի պայմանագրով) անմիջապես հետո։
Այդ հրամանագրերը վերջ դրեցին Արագոնի թագի տիրույթների (Արագոն, Կատալոնիա, Վալենսիա և Մալյորկա)՝ որպես բաղադրյալ միապետության կազմում գործող առանձին պետությունների գոյությանը և դրանք միավորեցին Կաստիլիայի թագի հետ՝ դրանով իսկ վերացնելով երկու թագերի միջև առկա քաղաքական տարբերությունները և ըստ էության հիմնելով Իսպանիայի թագավորությունը՝ որպես ֆրանսիական ոճի բացարձակ միապետություն և կենտրոնացված պետություն՝ նախալիբերալ իմաստով։

Պատմական համատեքստ
[խմբագրել | խմբագրել կոդը]Զայրացած լինելով այն գործողություններով, որոնք ինքը դիտարկում էր որպես Արագոնի թագի տիրույթների ապստամբություն (քանի որ վերջիններս պատերազմի ընթացքում պաշտպանել էին իսպանական գահի նկատմամբ Ավստրիայի Կառլոսի հավակնությունները) և օրինակ ունենալով հարազատ Ֆրանսիան՝ որպես կենտրոնացված պետություն, Ֆիլիպ V-ը վերացրեց Արագոնի թագի կազմի մեջ մտնող գրեթե բոլոր տարածքների՝ Արագոնի թագավորության, Կատալոնիայի իշխանապետության, Վալենսիայի թագավորության և Մալյորկայի թագավորության հաստատությունները, արտոնություններն ու հին կանոնադրությունները (ֆուերոները)։ Հրամանագրերով սահմանվում էր, որ Արագոնի թագի բոլոր տարածքները (բացառությամբ Արանի հովտի) պետք է կառավարվեին Կաստիլիայի օրենքներով (որոնք 1707 թվականի հրամանագրի համաձայն՝ «ամենագովելին էին ողջ տիեզերքում»)՝ այդպիսով այդ շրջաններն ընդգրկելով նոր, կենտրոնացված և գրեթե միասնական կառավարում ունեցող Իսպանիայի կազմում։
Այլ պատմական տարածքներ (Նավարան և բասկյան մյուս հողերը) սկզբում աջակցում էին Ֆիլիպ V-ին՝ նրան համարելով Նավարայի Հենրի III-ի տոհմի ներկայացուցիչ, սակայն բասկերի ապստամբությունը ճնշելու նպատակով Ֆիլիպ V-ի ձեռնարկած ռազմական արշավանքից հետո նա հրաժարվեց ինքնավարությունը վերացնելու իր մտադրությունից։
Կանոնադրությունները վերացնող ակտերն ընդունվել են 1707 թվականին՝ Վալենսիայի և Արագոնի թագավորություններում[1], 1715 թվականին՝ Մալյորկայի թագավորությունում և 1716 թվականին՝ Կատալոնիայի իշխանապետությունում[2]։
Ազդեցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այդ հրամանագրերը փաստացի ստեղծեցին կենտրոնացված իսպանական պետություն և իսպանական քաղաքացիություն՝ վերացնելով կաստիլիացիների և արագոնցիների, կատալոնացիների, վալենսիացիների ու մալյորկացիների միջև եղած բոլոր իրավական տարբերությունները։ Հրամանագրերի հիմնական նպատակներից մեկը Արագոնի թագի կազմի մեջ մտնող յուրաքանչյուր միավորի վարչական և հանրային իրավական համակարգի փոխարինումն էր։ Դրա հետևանքը նախորդ դարերի ընթացքում ձևավորված քաղաքական ինստիտուտների՝ այդ թվում ներկայացուցչական և օրենսդիր մարմինների (Արագոնի, Կատալոնիայի և Վալենսիայի Կորտեսների) վերացումն էր։ Այդ պահից սկսած՝ վերացված Կորտեսների անդամները հրավիրվում էին Կաստիլիայի Կորտեսներ (որն այժմ գործում էր որպես Իսպանիայի միասնական Կորտեսներ)՝ բացառությամբ Նավարայի։
Հրամանագրերը վերացրին բոլոր ներքին սահմաններն ու մաքսատուրքերը (բացառությամբ բասկյան տարածքի) և նորաստեղծ իսպանական պետության բոլոր քաղաքացիներին շնորհեցին ամերիկյան ու ասիական գաղութների հետ առևտուր անելու իրավունք, որոնք այսուհետ այլևս Կաստիլիայի թագի բացառիկ տիրույթը չէին։
Բարձրաստիճան պաշտոնյաները նշանակվում էին անմիջապես Մադրիդից, իսկ ենթազգային միավորներ դարձած տարածքներում գործող հաստատությունների մեծ մասը վերացվեց։ Դատական գործերը կարող էին ներկայացվել և քննվել բացառապես կաստիլերենով, որը դարձավ կառավարման միակ լեզուն՝ դուրս մղելով լատիներենը, կատալոներենը և Իսպանիայի մյուս լեզուները։ Այնուամենայնիվ, կաստիլերենի՝ որպես միասնական վարչական լեզվի կիրառումն ուներ մեկ բացառություն՝ Վալյադոլիդի դատարանի Վիսկայայի պալատում, որտեղ թույլատրվում էր բասկերենի օգտագործումը[3]։
Կատալոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]
Չորրորդ հրամանագիրը, որը վերաբերում էր Կատալոնիայի իշխանությանը, արձակվել է 1715 թվականի հոկտեմբերի 9-ին և ուղարկվել 1716 թվականի հունվարի 16-ի թագավորական հրամանագրով։
- Այն վերացրեց Կատալոնիայի Ժեներալիտատը, Կատալոնական Կորտեսները, Բարսելոնայի Հարյուրի խորհուրդը (Consell de Cent), Երեք համայնքների համաժողովը և Հակախախտումների դատարանը, ինչպես նաև Կատալոնիայի իշխանապետության ավանդական թագավորական պաշտոնների մեծ մասը։
- Ավելին, փոխարքային փոխարինեց գեներալ-կապիտանը, իսկ Կատալոնիան բաժանվեց տասներկու կոռեգիմենտների (corregimientos)՝ Կաստիլիայի օրինակով, որոնք փոխարինեցին ավանդական վեգերիաներին (vegueries), թեև տեղական բատլեները (batlles) պահպանվեցին։
- Կատալոնիայի Թագավորական աուդիենսիան դարձավ իշխանապետության բարձրագույն մարմինը, որի միջոցով թագավորի կողմից նշանակված Կատալոնիայի գեներալ-կապիտանը պետք է կառավարեր՝ առանց նախկին պաշտոնական սահմանափակումների և հակակշիռների՝ այդպիսով ապահովելով նոր բացարձակական համակարգի կիրառումը։
- Կատալոնիայի Թագավորական աուդիենսիան կորցրեց իր նախկին՝ գերագույն դատարանի կարգավիճակը՝ դառնալով տարածքային դատարան, որը ենթարկվում էր Կաստիլիայի խորհրդին, և վերջինիս վերապահվեց վերջնական ատյանի դատարանի լիազորությունը։
- Կոռեգիմենտների մայրաքաղաքների քաղաքապետերն ու տեղական խորհուրդների անդամները պետք է անմիջականորեն նշանակվեին թագավորի կողմից։ Բացի այդ, վերացվեցին տեղական խորհուրդների գործունեության նկատմամբ մինչ այդ գործող խիստ վերահսկողության մեխանիզմները։
- Սոմետենտները (Կատալոնիայի ժողովրդական աշխարհազորը) արգելվեցին։
- Սահմանվեց կադաստրը, որով հարկվում էին քաղաքային և գյուղական անշարժ գույքը, աշխատանքից ստացվող եկամուտները, առևտուրը և արդյունաբերությունը։ Դրա հետևանքով իշխանապետությունում հարկային բեռը, որն արդեն ծանրացել էր պատերազմից ավերված երկրի վրա, կտրուկ աճեց՝ ըստ որոշ գնահատականների յոթ անգամ[4]։
- Կատալոներենը Թագավորական աուդիենսիայի վարչական լեզվի կարգավիճակում փոխարինվեց իսպաներենով։
- Կատալոնիայի վեց համալսարանները, այդ թվում՝ Բարսելոնայի համալսարանը, փակվեցին և փոխարինվեցին թագավորական համալսարանով, որը հիմնվեց Սերվերա քաղաքում։
Հրամանագիրը պահպանեց կատալոնական մասնավոր, քրեական և առևտրային իրավունքը, ինչպես նաև «Ծովային հյուպատոսությունը» (Consulate of the Sea), սակայն սեփական օրենսդիր մարմնի բացակայության պայմաններում կատալոնական քրեական և առևտրային օրենքները աստիճանաբար հնացան և 18-րդ դարի ընթացքում խաթարվեցին թագավորական տարբեր հրամանագրերի հետևանքով։ Այն չազդեց Արանի հովտի քաղաքական-վարչական կարգավիճակի վրա՝ շնորհիվ «Քերիմոնիայի» (Querimonia), ինչի պատճառով էլ այն չներառվեց նորաստեղծ «կորրեխիդորիաների» (վարչական շրջանների) կազմում, որոնց բաժանվել էր Կատալոնիայի իշխանապետությունը։ Անդորրայի հովիտները նույնպես խուսափեցին «Նուևա Պլանտա»-ի (Nueva Planta) կիրառումից՝ հիմնականում Ուրխելի եպիսկոպոս Սիմեո դե Գինդայի շնորհիվ, ով Բուրբոնների նոր իշխանություններին համոզեց, որ Անդորրան միշտ չեզոք է եղել և կապ չի ունեցել Կատալոնիայի իշխանապետության հետ, ինչի արդյունքում տեղի ունեցավ Անդորրայի վերջնական քաղաքական անջատումը Կատալոնիայից[5] Currently, the pre-1716 Catalan private law still exists, modernized and codified via the Civil Code of Catalonia.[6]։ Ներկայումս 1716 թվականին նախորդող կատալոնական մասնավոր իրավունքը շարունակում է գործել՝ արդիականացված և կոդիֆիկացված Կատալոնիայի քաղաքացիական օրենսգրքի միջոցով[6]։
Թեև տեսականորեն կատալոնական լեզվի փոխարինումը իսպաներենով վերաբերում էր միայն Թագավորական ատյանին (Royal Audience), թագավորը գաղտնի հրահանգներ տվեց Կատալոնիայի տարածքում նշանակված թագավորական պաշտոնյաներին՝ աստիճանաբար պարտադրելու իսպաներենի կիրառումը. նրանք «առավելագույն ջանասիրությամբ պետք է ներդնեին կաստիլերենը [իսպաներենը]՝ այդ նպատակով ձեռնարկելով առավել չափավոր և քողարկված միջոցներ, որպեսզի ցանկալի արդյունքն ապահովվի՝ առանց այդ ջանքերի նկատելի դառնալու»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Stanley G. Payne. «Chapter 16, The Eighteenth-Century Bourbon Regime in Spain». A History of Spain and Portugal – Vol. 2. Վերցված է 2008-04-17-ին.
- ↑ «British Menorca | Discovering Menorca».
- ↑ «BADATOR». www.snae.org. Արխիվացված օրիգինալից July 3, 2007. Վերցված է May 11, 2024-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link) - ↑ Alcoberro, Agustí (2005). "El cadastre de Catalunya (1713-1845): de la imposició a la fossilització". Pedralbes: revista d'història moderna, 25, 01-01-2005, p. 231–257. ISSN: 2385-4391
- ↑ Garrido, David. «L'excepcionalitat andorrana: per què Andorra és un estat?». eltemps.cat. Վերցված է 28 January 2026-ին.
- 1 2 de Gispert i Català, Núria (2003). The codification of Catalan civil law. Regional Private Laws and Codification in Europe. Cambridge University Press. էջեր 164–171.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Documents about the case of the catalans dated on 1714, at the House of Lords, UK.
- Journal of the House of Lords: volume 19, 2 August 1715, Further Articles of Impeachment against E. Oxford brought from H.C. Article VI.
- Extract from the Decree of abolition of the fueros of Aragon and Valencia from Wikisource
- Decree of 16 January 1716 (facsimile)