Նուսդորֆի ամբարտակ և ջրարգելակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նուսդորֆի ամբարտակ և ջրարգելակ
Երկիր Ավստրիա[1]
ՏեղանքԲրիգիտտենաու և Դյոբլինգ[1]
ՏեսակՇլյուզ և barrage?
ՃարտարապետՕտտո Վագներ
Երկարություն49 մետր
Ժառանգության կարգավիճակԱվստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Նուսդորֆի ամբարտակ և ջրարգելակ (գերմ.՝ Nußdorfer Wehr- und Schleusenanlage), հիդրոտեխնիկական կառույց Վիեննայի արվարձան Նուսդորֆում, որտեղ Դանուբ գետից բաժանվում է նրա բնական ճյուղավորումը՝ Դանուբի 17,3 կիլոմետրանոց ջրանցքը։ Այս շինությունները կառուցվել են ռայխսրատի 1892 թվականի հուլիսի 18-ի օրենքի հիման վրա, որով նախատեսվում էր՝ 1. ֆինանսավորել քաղաքային երկաթուղու՝ Վիեննայի շտատբանի շինարարությունը, 2. վերակառուցելով Դանուբի ջրանցքը՝ ստեղծել առևտրային նավահանգիստ և ձմեռային նավամատույց, 3. կարգավորել Վիեննա գետի ջրի հոսքը և այդ երկու գետերի երկայնքով կառուցել կոլեկտորային ջրանցքներ[2]։ Նուսդորֆի ամբարտակն ու ջրարգելակը կառուցելուց առաջ, դեռ նախքան Առաջին համաշխարհային պատերազմը, Դանուբի ջրանցքը պաշտպանված էր լողացող սառույցներից, մեծ չափով՝ նաև հեղեղումներից՝ շնորհիվ լողացող դարպասների, որոնք ունեին 48,6 մետր երկարություն, 5,7 մետր բարձրություն և 440 տոննա քաշ։ Ամբարտակի ու կամրջի շինարարության ճարտարապետական նախագծերի պատրաստումը հանձնարարվեց տրանսպորտային հանձնաժողովի խորհրդական Օտտո Վագներին։ Ըստ վերջինիս ներկայացրած նախագծի՝ ամբարտակի վերևում, հզոր սյուների վրա պետք է լիներ երկաթե կամուրջ՝ պսակված Ռուդոլֆ Վայրի հեղինակած բրոնզե առյուծներով[3][4]։

Ամբարտակի շինարարությունն սկսվել է 1894 թվականի օգոստոսին։ Քարե շարվածքն ավարտվել է 1897 թվականին, իսկ 1898 թվականի օգոստոսին մոնտաժվել են պողպատե կառուցվածքները։ Օտտո Վագների պատրաստած նախագծի համաձայն՝ Նուսդորֆի ամբարտակի հարևանությամբ կառուցվել է նաև վարչական շենքը[5]; Ամբարտակի առաջին փորձարկումը տեղի է ունեցել 1899 թվականի ջրհեղեղի ժամանակ, երբ նրա շնորհիվ կանխվել է Վիեննայի՝ դանուբյան ջրանցքին մերձակա թաղամասերի հեղեղումը։ 1899—1911 թվականներին իրականացվել են ջրանցքի պատերի բարեկարգման և ջրանցքի խորացման աշխատանքներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանվել են լողացող դարպասները, վերացվել պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքները։ 1964—1970 թվականներին վերականգնվել են նուսդորֆյան ջրարգելակները, 1971—1978 թթ. աշխատանքներ են իրականացվել ջրանցքի հունը նոր պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ[6]։

1966 թվականի նոյեմբերի 25-ին Վիեննայի քաղաքայի խորհուրդը պաշտոնապես բացել է ամբողջությամբ մեքենայացված ջրարգելակը, որի խցի երկարությունը 85 մետր է, լայնությունը՝ 15 մետր։ Ընդ որում՝ ջրանցքի լայնությունն էլ հասցվել է 20 մետրի։

2004—2005 թվականներին ամբարտակի ջրթափի տակ կառուցվել է Նուսդորֆի հիդրոէլեկտրակայանը, որի 12 տուրբինները տարեկան 28 միլիոն 110 հազար կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիա են արտադրում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Österreichische Nationalbibliothek. «ÖNB-ALEX - Reichsgesetzblatt 1849-1918» (գերմաներեն). alex.onb.ac.at. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  3. Österreichische Nationalbibliothek. «ANNO, Neue Freie Presse, 1910-12-23, Seite 7» (գերմաներեն). anno.onb.ac.at. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  4. Österreichische Nationalbibliothek. «ANNO, Neue Freie Presse, 1910-12-27, Seite 5» (գերմաներեն). anno.onb.ac.at. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  5. «Donauhochwasserschutz-Konkurrenz» (գերմաներեն). www.viadonau.org. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.
  6. Ing. Albert Milde. «kk Albert Milde - Nadelwehr, 1200 Wien, Nußdorf, 1894-1898» (գերմաներեն). www.albertmilde.com. Վերցված է 2018 թ․ ապրիլի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուսդորֆի ամբարտակ(գերմ.)