Նունե Ավետիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նունե Ավետիսյան
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 5, 1960(1960-11-05) (63 տարեկան)
ԾննդավայրԵրևան
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտ և Մոսկվայի Օստանկինոյի անվան լրագրողների և հեռուստատեսության ռեժիսուրայի ինստիտուտ
Մասնագիտությունասմունքող
Ծնողներհայր՝ Վաղարշակ Սահակյան, մայր՝ Սիրվարդ Մեսրոպյան

Նունե Վաղարշակի Ավետիսյան (նոյեմբերի 5, 1960(1960-11-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ասմունքող, հաղորդավարուհի։

Ժողովրդական երգիչ Վաղարշակ Սահակյանի և ասմունքող Սիրվարդ Մեսրոպյանի դուստրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1960 թվականի նոյեմբերի 5-ին, Երևանում։ 1966-1976 թվականներին սովորել է Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոցում։ 1977-1981 թվականներին ուսանել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժնում։ 1981 թվականին արժանացել է Սանկտ Պետերբուրգի Յախոնտովի անվան ասմունքողների մրցույթի առաջին դափնեկրի կոչման։ 23 տարեկանում նրան նկատել է Վազգեն Ա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Վեհափառի հրավերով Վեհարանում կազմակերպված ցերեկույթին կարդացել է արևմտահայ բանաստեղծների մի քանի ստեղծագործություն։ 1986-1988 թվականներին սովորել է Մոսկվայի Օստանկինոյի լրագրողների և հեռուստատեսության ռեժիսուրայի ինստիտուտում, որտեղ նրան դասավանդել է աշխարհահռչակ հայ ռեժիսոր Արտավազդ Փելեշյանը: 1980-ական թվականներին աշխատել է Հայաստանի պետական հեռուստատեսության ուսումնական խմբագրությունում։

1992 թվականին տեղափոխվել է ԱՄՆ։ 1992 թվականից աշխատել է Հայ-թելե-ռադիոյում որպես հաղորդավար։ 1997 թվականին ամուսնու՝ Սողոմոն Ավետիսյանի հետ ստեղծել է «Բարև» հեռուստածրագիրը։ Բազմաթիվ հարցազրույցներ է ունեցել հայ և օտարազգի նշանավոր քաղաքական, հասարակական և մշակութային գործիչների հետ։ Գրական-մշակութային հոդվածներով պարբերաբար հանդես է եկել «Համայնապատկեր», «Նոր օր», «Ասպարեզ» հանդեսներում։ 2004 թվականին հրատարակել է «Վաղարշակ Սահակյան և Սիրվարդ Մեսրոպյան» ժողովածուն։ 2018 թվականին Լոս Անջելեսում հիմնել է «Բարև» մշակութային կենտրոնը և Նունե Ավետիսյանի անվան ասմունքի դպրոցը[1]։

Թողարկել է շուրջ 15 խտասալիկ, որոնցում ներառված են դասական և ժամանակակից բանաստեղծների ստեղծագործություններ։ Ելույթներ է ունեցել Հայաստանում[2][3], Բոստոնում, Չիկագոյում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, Սան Ֆրանցիսկոյում և ԱՄՆ հայաշատ բազմաթիվ համայնքներում[4]։ Բազմաթիվ բարեգործական նախաձեռնություններ է իրականացրել արցախյան հերոսամարտի մասնակից զինվորների և վետերանների համար[5]։

Պարգևատրվել է ԱՄՆ-ի Սենատի և Ներկայացուցիչների պալատի, Գլենդելի քաղաքապետարանի պատվոգրերով։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիկտոր Ռոզով - Երջանկություն որոնելիս - Տանյա / ռեժ.՝ Հ. Աշուղյան
  • Էդուարդո դը Ֆիլիպո - Ծննդյան տոները Սինյոր Կուպելոյի տանը - Դոննա Կարմե/ ռեժ.՝ Զ. Տատինցյան
  • Էժեն Լաբիշ - Միզանտրոպ - Պրյունետա / ռեժ.՝ Զ. Տատինցյան

Հեռուստաթատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զ. Սկարնաչչի, Ռ. Տարաբուզի - Հասարակության ծաղիկ Սինյոր Պապագատտո - Ֆյորելլա / ռեժ.՝ Ա. Աղայանց[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Գլենդելում բացվեց «Բարև» մշակութային կենտրոնը». asekose.am.
  2. «Հայ պոեզիայի յուրօրինակ հրավառություն | Գրական Թերթ». www.grakantert.am.
  3. «Խոսքի ժամանակը դեռ գալու է. Նունե Ավետիսյանի ասմունքի երեկոն».(չաշխատող հղում)
  4. «Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ` ԱՄՆ-ի տարբեր քաղաքաներում». www.7or.am.
  5. «Նունե Ավետիսյանը բարեգործական համերգներով կլինի Հայաստանում և Արցախում (ֆոտո)».
  6. Հասարակության ծաղիկ սինյոր Պապագատտոն