Jump to content

Նոր աստղեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աճանստվածք սպիտակ թզուկի վրա սերտ երկուական համակարգում (ըստ գեղանկարչի)

Նոր աստղեր, աստղեր, որոնց պայծառությունը սովորաբար մի քանի ժամից մինչև մի քանի օրում աճում է միջին հաշվով 10000 անգամ։ Դրա հետևանքով մինչ այդ աննշան պայծառության աստղը հաճախ դառնում է երկնքի տվյալ տիրույթի ամենապայծառ լուսատուներից մեկը (օրինակ, 1975-ին Կարապի համաստեղության տիրույթում դիտված նոր աստղը երևում էր անզեն աչքով)։ Այնուհետև աստղի պայծառությունը, շատ ավելի դանդաղ նվազելով, վերադառնում է իր նախկին արժեքին։

«Նոր աստղեր» անվանումը, որը ծագել է հնում, չի համապատասխանում երևույթի բնույթին։ Նոր աստղերի պայծառության փոփոխություններն ուղեկցվում են սպեկտրների խիստ փոփոխություններով․ առավելագույն պայծառության ժամանակ սպեկտրներում դիտվում են պայծառ գծեր, որոնք նորմալ դիրքից շեղված են դեպի սպեկտրի կարճալիք մասը։ Ավելի ուշ գծերի փոխարեն հայտնվում են պայծառ շերտեր, որոնք ուլտրամանուշակագույն կողմից երիզված են նորմալ դիրքից շեղված կլանման գծերով (դրանց համապատասխան դոպլերյան արագությունը շուրջ 1000 կմ/վրկ է)։ Այդ շրջանում նոր աստղերի սպեկտրը նման է գազային միգամածության սպեկտրի։ Լուսանկարչական դիտումները վկայում են, որ պայծառության աճի ժամանակ նոր աստղերի շուրջն առաջանում է լայնացող գազային թաղանթ։ Ենթադրվում է, որ նոր աստղերի երևույթը կապված է աստղի բռնկման հետևանքով (բռնկման պատճառը հայտնի չէ) արտաքին շերտերի արտավիժման հետ, որի շնորհիվ աստղի շուրջն առաջանում է լայնացող միգամածություն։ Այդ միգամածության զանգվածը կազմում է նոր աստղի զանգվածի (այն մոտ է Արեգակի զանգվածին) չնչին՝ մոտ մասը։ Բռնկման ժամանակ թաղանթի արտավիժման, լայնացման և լրացուցիչ ճառագայթման հետևանքով արտազատված էներգիան անգամ գերազանցում է Արեգակի մեկ տարում ճառագայթած էներգիային։ Սակայն այդ վիթխարի բռնկումը էապես չի փոխում նոր աստղերի էվոլյուցիոն վիճակը։ Նորանման աստղերի գոյությունը, որոնց բռնկման երևույթը շատ ավելի փոքր մասշտաբների է և կրկնվող, հիմք է տալիս ենթադրելու, որ նոր աստղերի կյանքում ևս չի բացառվում մի քանի բռնկումների հնարավորությունը։ Որպես նորեր բռնկվում են ոչ բոլոր աստղերը։ Նոր աստղերը կազմում են աստղերի մի հատուկ դաս։ Վիճակագրության համաձայն մեր Գալակտիկայում տարեկան բռնկվում է շուրջ 100 նոր աստղեր, սակայն լույսի կլանման (տես Միջաստղային կլանում) և մեծ հեռավորությունների պատճառով մենք դիտում ենք ընդամենը 1-3-ը։ Շատ ավելի հզոր բռնկումներ են ներկայացնում գերնոր աստղերը։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նոր աստղեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 350