Նորմանական տեսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նորմանական տեսություն, նորմանիզմ (ռուս.՝ Норманская теория, норманизм), ուղղություն պատմագրության մեջ, ըստ որի նորմանները (վարյագներ) համարվում են պետության հիմնադիրներ Հին Ռուսիայում։ Նորմանական տեսությունը ձևակերպվել է XVIII դարի 2-րդ քառորդում, Պետերբուրգի ԳԱ-ում աշխատող գերմանացի պատմաբաններ Գ․ Զ․ Բայերի, Հ․ Ֆ․ Միլլերի և այլոց կողմից (նորմանական տեսության կողմնակից էր հետագայում Ռուսաստան եկած Ա․ Լ․ Շլյոցերը)։ Հին ռուսական պետության նորմանական ծագման մասին եզրակացության հիմք է ծառայել «Անցած տարիների պատմության» հաղորդած տեղեկությունը, համաձայն որի, 862 թվականին վարյագների իշխաններ Ռյուրիկը, Սինեուսը և Տրուվորը հրավիրվել են Ռուսիա։ Նորմանական տեսության քաղաքական իմաստն էր՝ ներկայացնել Հին Ռուսիան հետամնաց, անընդունակ ինքնուրույն պետականություն ստեղծելու, իսկ նորմաններին՝ այն ուժը, որը ռուսական պատմության հենց սկզբից ազդել է Ռուսաստանի, նրա տնտեսության և մշակույթի զարգացման վրա։

XVIII դարի կեսին նորմանական տեսության քննադատությամբ հանդես է եկել Միխայիլ Լոմոնոսովը՝ նշելով նորմանական տեսության գիտական սնանկությունը։ XVIII—XIX դարերին ազնվական-միապետական պատմագրության մեջ նորմանական տեսություն դարձել է ռուսական պետության ծագման պաշտոնական տեսակետ (Ն․ Կարամզին և ուրիշներ)։ Այս կամ այն չափով «նորմանիստներ» է եղել բուրժական պատմաբանների մեծ մասը (Ս․ Մ․ Սոլովյով և ուրիշներ)։ Նորմանական տեսության դեմ հանդես են եկել որոշ ազնվականական և բուրժական պատմաբաններ (Դ․ Ի․ Իլովայսկի, Ս․ Ա․ Գեդեոնով, Վ․ Գ․ Վասիլեսկի և ուրիշներ), որոնք, քննադատելով նորմանական տեսության որոշ կոնկրետ դրույթներ, չեն կարողացել բացահայտել նրա հակագիտականությունը։

Նորմանական տեսությամբ, որոշ հին ռուսական իշխանների (Օլեգ, Իգոր) և իշխանական դրուժինաներում նորման-վարյագների առկայությունը չի հակասում այն բանին, որ Հին ռուսական պետությունը կազմավորվել է ներքին հասարակական-տնտեսական հիմքի վրա։ Վարյագները համարյա հետք չեն թողել հին ռուսական նյութական և հոգևոր մշակույթի մեջ։ Ռուսիայում գտնվող նորման-վարյագները ձուլվել են բնիկների հետ և սլավոնացել։ XX դարի 20-ական թվականներից սկսած նորմանական տեսության դրույթները դարձել են ռուսական պատմության բուրժական աշխարհայեցողության բաղկացուցիչ մասը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 382