Նորաձևության շաբաթ

Նորաձևության շաբաթ (անգլ.՝ fashion week), նորաձևության ինդուստրիայի շաբաթօրյա միջոցառում, որտեղ դիզայներները, բրենդները կամ նորաձևության տները պոդիումային ցուցադրությունների միջոցով ներկայացնում են իրենց վերջին հավաքածուները գնորդներին և լրատվամիջոցներին, ինչն էլ իր հերթին ձևավորում է ընթացիկ և գալիք սեզոնների նորաձևության միտումները[1][2]։
Ամենանշանավոր նորաձևության շաբաթներն անցկացվում են աշխարհի նորաձևության մայրաքաղաքներում՝ ժամանակագրական հաջորդականությամբ՝ Նյու Յորքում, Միլանում և Փարիզում: Այս մայրաքաղաքներում անցկացվող նորաձևության շաբաթների ամբողջությունը, որոնց այս ժամանակահատվածում ուղեկցում են նաև այլ վայրերում կազմակերպվող ավելի փոքր նորաձևության շաբաթներ, կոչվում են նորաձևության ամիսներ[3]։
Նորաձևության շաբաթվա հիմքերը դրվել են Փարիզում 1800-ական թվականների վերջին, որից հետո այն 20-րդ դարում տարածվել է Նյու Յորքում, Միլանում և Լոնդոնում: Այն, ինչ հանրային վայրերում՝ ձիարշավարանների նման տեղերում, ի սկզբանե համարվել է հագուստի գովազդման միջոց, հետագայում վերածվել է մեծ ճանաչում ունեցող ինքնուրույն միջոցառումների[4][5]: 2000-ական թվականներին նորաձևության շաբաթների ընթացքում սկսել են ի հայտ գալ կայունության թեմաները, որոնք լայն տարածում են գտել հաջորդ տասնամյակի ընթացքում[6]:
Վերջին տարիների նորաձևության շաբաթներն արտացոլել են ավելի արագ «մանրածախ ցիկլ»՝ «տես հիմա, գնիր հիմա» և «սեզոնին զուգընթաց» նորաձևության ցուցադրություններով[7][8]։ Միջոցառումների կազմակերպիչներն առաջարկել են միավորել մեկ սեզոնի հավաքածուները կամ տղամարդկանց և կանանց հագուստի ցուցադրությունները՝ նվազեցնելու այս միջոցառումների հետ կապված ածխածնային արտանետումները[9]։ Վերջին օրինակներից է 2023–2024 թվականների Փարիզի նորաձևության շաբաթը[10]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմության մեջ նորաձևության շաբաթվա կամ սեզոնային հավաքածուի առաջին նշույլներից մեկը կարելի է վերագրել 1800-ական թվականների վերջի նորաձևության դիզայներ Չարլզ Ֆրեդերիկ Վորթին: Նորաձևության շաբաթվա գաղափարը սկիզբ է առել Փարիզում, երբ մարքետոլոգները վարձել են կանանց, որոնք հանրային վայրերում՝ ձիարշավարաններից մինչև գեղեցկության սրահներ, կրել են հին բարձր նորաձևության (կուտյուր) իրեր[4]: Այս շքերթները աստիճանաբար դարձել են ինքնուրույն հասարակական իրադարձություններ: Ֆրանսիայում պոդիումային ցուցադրությունները մինչ օրս կոչվում են «նորաձևության ցուցադրություններ» կամ «նորաձևության շքերթներ» (ֆրանսերեն՝ défilés de mode): Ոճի ցուցադրությունը միջոցառում է, որը կազմակերպվում է ոճի դիզայների կողմից՝ Նորաձևության շաբաթվա ընթացքում հագուստի, ինչպես նաև զարդերի առաջիկա հավաքածուն ներկայացնելու համար: Նորաձևության ցուցադրությունները նորամուտ են ունենում յուրաքանչյուր սեզոնին, հատկապես գարուն/ամառ և աշուն/ձմեռ սեզոններին[5]:
Փարիզի առաջին Նորաձևության շաբաթը տեղի է ունեցել դիզայներ Պոլ Պուարեի ջանքերի շնորհիվ։ Պուարեն հայտնի է որպես Նորաձևության արքա և 20-րդ դարի առաջին տասնամյակում գլխավորել է նորաձևության աշխարհը: Նա ցանկացել է ներկայացնել իր դիզայնը կենդանի, շարժվող մարմինների միջոցով: Այս գաղափարը կյանքի կոչելու համար Պուարեն որոշել է միավորել շփումն ու գնումները՝ կազմակերպելով բազմաթիվ գալա երեկույթներ, որոնց ընթացքում ցուցադրվել են իր ստեղծագործությունները: Հյուրերին խնդրել է հագնվել հնարավորինս լավ՝ համապատասխանելու իր շքեղ դիզայնին: Ժամանակի ընթացքում ցուցադրությունները դարձել են ոչ այնքան զանգվածային, և հրավիրատոմսերն սկսել են ավելի անհատական բնույթ կրել: Նորաձևության տներն սկսել են հագցնել մոդելներին իրենց հավաքածուներով միայն հաճախորդներից բաղկացած լսարանի առջև: Ի տարբերություն ժամանակակից նորաձևության ցուցադրությունների՝ լուսանկարիչներին արգելված էր ներկա գտնվել՝ կրկնօրինակված դիզայնների հետ կապված լարվածության պատճառով։
Ֆրանսիական նորաձևության համագործակցության ֆեդերացիայի ստեղծումը պաշտոնապես ազդարարել է Փարիզի առաջին Նորաձևության շաբաթվա սկիզբը 1973 թվականին։ Ցուցադրությունը բացվել է լարվածությամբ լի «Վերսալյան նորաձևության ճակատամարտով», որը ցուցադրել է փարիզյան և նյույորքյան նորաձևության միջև հայտնի մրցայցությունը։ Այդ «ճակատամարտում» միմյանց դեմ են դուրս եկել ֆրանսիացի հինգ առաջատար դիզայներներ և ամերիկացի հինգ դիզայներներ, որոնցից ոչ մեկը հայտնի հովանավորի աջակցություն չուներ[11]։
1903 թվականին Մանհեթենի Ehrich Brothers խանութը կազմակերպել է այն, ինչը համարվել է երկրի առաջին նորաձևության ցուցադրությունը՝ միջին խավի կանանց խանութ ներգրավելու նպատակով[5]։ Արդեն 1910 թվականին բազմաթիվ մեծ հանրախանութներ սկսել են անցկացնել սեփական ցուցադրությունները։ Հավանական է, որ ամերիկյան մանրածախ վաճառողները տեսել են բարձր նորաձևության (կուտյուր) սրահների «նորաձևության շքերթները» և որոշել օգտագործել այդ գաղափարը: Այս «շքերթներն» արդյունավետորեն գովազդել են խանութները և բարձրացրել դրանց հեղինակությունը: Մինչև 1920-ական թվականները նորաձևության շուկայում նորաձևության ցուցադրություններն արդեն օգտագործվել են երկրի տարբեր խանութների կողմից։ Դրանք բեմադրվել և հաճախ անցկացվել էին խանութի ռեստորանում՝ ճաշի կամ թեյախմության ժամանակ: Այս ցուցադրություններն սովորաբար ավելի թատերական են եղել, քան այսօրվանները, խիստ կենտրոնացած մեկ թեմայի վրա և ուղեկցվել են պատմողական մեկնաբանությամբ:
1943 թվականի հուլիսի 19-ին անցկացվել է պատմության մեջ առաջին «նորաձևության շաբաթը»՝ Նյու Յորքի նորաձևության շաբաթը։ Այն կազմակերպվել է նորաձևության գնորդներին ֆրանսիական նորաձևությանը այլընտրանք առաջարկելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, երբ նորաձևության ոլորտի մասնագետները չեն կարողացել մեկնել Փարիզ։ Նորաձևության ցուցադրությունները հսկայական ժողովրդականություն են վայելել՝ գրավելով հազարավոր մարդկանց բազմություններ. այնքան մեծ բազմություններ, որ 1950-ականների Նյու Յորքի խանութները ստիպված են եղել լիցենզիա ստանալ կենդանի մոդելներ ունենալու համար[12]: Մինչև 1994 թվականը ցուցադրություններն անցկացվել են տարբեր վայրերում, ինչպիսիք են հյուրանոցները կամ լոֆթերը: 1994-ից 2009 թվականներին միջոցառումն անցկացվել է Բրայանթ պարկում գտնվող վրանում՝ Նյու Յորքի հանրային գրադարանի հետևում: Լինքոլն կենտրոնը Նորաձևության շաբաթվա անցկացման վայրն է եղել 2010-ից 2015 թվականներին[13], որից հետո այն տեղափոխվել է Կլարկսոն Սքվեր՝ Մանհեթենի ՍոՀո թաղամասում գտնվող միջոցառումների վայր[14]: 2017 թվականից հետո Կլարկսոն Սքվերը լքվել է ապակենտրոնացված ձևաչափի անցնելու պատճառով[15]:
Կայունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչև նորաձևության շաբաթների նման լայն տարածում ունեցող նորաձևության միջոցառումները սկսել են ներառել կայուն նորաձևության սկզբունքները, Patagonia-ի նման ապրանքանիշերն արդեն կիրառել են կայունության սկզբունքներ՝ վերամշակված նյութերից հագուստներ նախագծելով։ Այնուհետև, 2009 թվականին, ստեղծվել է Կոպենհագենի նորաձևության գագաթնաժողովը՝ նորաձևության ոլորտի առջև ծառացած սոցիալական և բնապահպանական խնդիրները քննարկելու նպատակով։ Դիզայներներին կոչ է արվել տարեկան ստեղծվող հավաքածուների ընդհանուր թիվը կրճատել՝ դրա փոխարեն թողարկել ավելի դիմացկուն հագուստներ, որոնք ավելի երկար կծառայեին և կնվազեցնեին թափոնների քանակը[6]։ Նմանապես, գնորդներին խրախուսվել է ավելի քիչ, բայց ավելի երկար ծառայող հագուստ գնել։ Այս ոչ պաշտոնական նախաձեռնությունները նպաստել են շրջանաձև տնտեսության ձևավորմանը[16]։
2014 թվականին Connect4Climate հավատարմագրային հիմնադրամը, որը պատկանում է Համաշխարհային բանկի խմբին, Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում ֆինանսավորել է «Կայունության երկխոսություններ դիզայնի ոլորտում» նախաձեռնությունը՝ երիտասարդ առաջադեմ դիզայներների համար նոր հնարավորություններ ստեղծելու նպատակով։ 2017 թվականին Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում Վիվիեն Վեսթվուդը և Լոնդոնի քաղաքապետը ստեղծել են «Fashion Switch» նախաձեռնությունը՝ վերականգնվող էներգիայի անցնելու գործընթացում Միացյալ Թագավորության ապրանքանիշերին աջակցելու համար[6]։ Ասիայում «Լակմե» նորաձևության շաբաթ 2018-ի շրջանակում խթանվել են գիտակից նորաձևությունն ու գիտակցված մոտեցում ունեցող դիզայներական ապրանքանիշերը[2]։ Connect4Climate-ը նաև գործարկել է «X-Ray Fashion»-ը՝ վիրտուալ իրականության փորձառություն, որն ուսումնասիրել է կլիմայի փոփոխության և նորաձևության ոլորտի փոխկապակցվածությունը։ Հաջորդ տարի այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են H&M-ը, Բարբերին և Զառան, հետևել են Patagonia-ի օրինակին և սկսել հագուստ արտադրել կայուն եղանակով ստացվող նյութերից[6]։
2019 թվականին «Fashion Pact» և «Fashion Industry Charter for Climate Action» նախաձեռնությունները սահմանել են նորաձևության ոլորտի համար նպատակներ՝ կապված կանաչ էներգիայի, նյութերի օգտագործման և մատակարարման շղթաների արդիականացման հետ՝ ածխածնային արտանետումները նվազեցնելու նպատակով[6]։ Լոնդոնի նորաձևության շաբաթվա ընթացքում Բրիտանական նորաձևության խորհուրդը խթանել է վերարժևորումը և վերարտադրությունը՝ դիզայներական ցուցասրահներում ներկայացնելով նոր կայուն ապրանքանիշեր[2]։ Նույնպես, ազդեցիկ ապրանքանիշեր, ինչպիսիք են Շանելը և Դոլչե և Գաբանան, իրենց 2020 թվականի գարուն-ամառ հավաքածուներում ներկայացրել են կայուն դիզայնի լուծումներ[6]։ Նույն թվականին Գաբրիելա Հերսթը կազմակերպել է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա առաջին ածխածնային չեզոք նորաձևության ցուցադրությունը։ Նա փոխհատուցել է միջոցառման առաջացրած արտանետումները, ցուցադրությանը մասնակցելու համար ընտրել արդեն տվյալ տարածքում գտնվող մոդելների և վարձել սննդի մատակարարների, որոնք օգտագործել են տեղական բաղադրիչներ[17]։ Մայիսին դիզայներ Ռիչարդ Մելոունը 2020 թվականի International Woolmark Prize մրցանակի դափնեկիր է դարձել՝ կայուն զարգացման ոլորտում իր արմատական գաղափարների համար։ Իսկ Lakmé Fashion Week-ը գործարկել է Circular Design Challenge-ը՝ կայուն նորաձևությանը նվիրված առաջին մրցանակաբաշխությունը Հնդկաստանում[2]։
2021 թվականից ի վեր քարոզչական խմբերը մասնակցել են Լոնդոնի նորաձևության շաբաթին և այլ խոշոր ցուցադրություններին, ինչպես նաև խափանել են դրանք՝ նորաձևության ոլորտում բնապահպանական և աշխատանքային պաշտպանության միջոցների կիրառման կոչերով[6][18]։ 2023 թվականի Կոպենհագենի նորաձևության շաբաթվա կազմակերպիչները մասնակից ապրանքանիշերի համար սահմանել են 18 նվազագույն չափանիշ․ սա աննախադեպ որոշում էր։ Օրինակ՝ նստատեղերի քարտերն ու բեմադրական դեկորացիաները պետք է լինեն վերամշակելի, հագուստի վրա մորթու օգտագործումն արգելվել է, իսկ դիզայններում օգտագործվող նյութերի առնվազն 50%-ը պետք է լինի վերամշակված։ Այս կանոնների կիրառումը մասամբ թողնվել է դիզայներների մեկնաբանությանը, ինչի հետևանքով դրանց ձևակերպումների պատճառով գործնական կիրառման մեջ որոշ տարբերություններ են առաջացել։ Նորաձևության շաբաթվա ղեկավարները այս չափանիշները ներկայացրել են որպես անցումային քայլ՝ լիովին կայուն հավաքածուների ստեղծման ճանապարհին[19]։
Նշանավոր նորաձևության շաբաթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Թեև ամբողջ աշխարհում անցկացվում են բազմաթիվ նշանակալի նորաձևության շաբաթներ, դրանցից միայն երեքն են համարվում բարձրագույն՝ «ապեքս» մակարդակի․ ժամանակագրական հաջորդականությամբ՝ Նյու Յորքի (Մանհեթեն), Միլանի և Փարիզի նորաձևության շաբաթները։ Թեև այս գլխավոր ցուցադրությունները դեռևս կազմակերպվում են ոլորտի առանցքային ընկերությունների կողմից, բազմաթիվ այլ քաղաքներում ևս անցկացվում են անկախ միջոցառումներ և գործում են անկախ պրոդյուսերներ[1]։ Նշանակալի այլ նորաձևության շաբաթներ են անցկացվում Կոպենհագենում, Բեռլինում, Մադրիդում, Լոնդոնում, Շանհայում և Տոկիոյում[19][20]։
Ժամանակացույց
[խմբագրել | խմբագրել կոդը]Նորաձևության ամիսները տարին երկու անգամ անցկացվում են աշխարհի խոշոր նորաձևության կենտրոններում՝ Նյու Յորքում (Մանհեթեն), Միլանում և Փարիզում։ Սովորաբար նորաձևության շաբաթներն անցկացվել են տվյալ սեզոնից մի քանի ամիս առաջ՝ մամուլին և գնորդներին հնարավորություն տալով նախապես ծանոթանալ հաջորդ սեզոնի նորաձևության հավաքածուներին։ Փետրվար և մարտ ամիսներին դիզայներները ներկայացրել են աշուն-ձմեռ հավաքածուները, իսկ սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին՝ գարուն-ամառ հավաքածուները։
Այս ժամանակացույցը հիմնականում ձևավորվել է այն ժամանակվա ավելի դանդաղ մանրածախ առևտրի ցիկլին համապատասխանելու համար։ Այլ կերպ ասած՝ այն մանրածախ վաճառողներին ժամանակ է տվել դիզայներների հավաքածուները գնելու և դրանք իրենց մանրածախ շուկայավարման մեջ ներառելու համար։ Սակայն սպառողների սպասումների աճին զուգահեռ մանրածախ առևտրի ցիկլը արագացել է։ Արդյունքում, 2016 թվականից դիզայներները սկսել են անցում կատարել «սեզոնային ցուցադրությունների»[8]։
«Տես հիմա, գնիր հիմա»
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջին տարիներին նորաձևության ցուցադրությունները սկսել են ներառել այնպիսի հագուստներ, որոնք ցուցադրությունից անմիջապես հետո հասանելի են դառնում գնման համար՝ առցանց կամ խանութներում[21]։ Մյուս միտումը «տես հիմա, գնիր հիմա» (անգլ.՝ see now, buy now) ցուցադրությունների տարածումն է, որոնցում հաճախ կիրառվում է ինտերակտիվ կամ սեղմելի տեսանյութ, և ցուցադրված կերպարները հնարավոր է գնել առցանց անմիջապես ցուցադրությունից հետո կամ նույնիսկ դրա ընթացքում[7]։ «Տես հիմա, գնիր հիմա» ձևաչափով ցուցադրություններ են իրականացրել, մասնավորապես, Թոմ Ֆորդը, Nicole Miller-ը, Moschino-ն և Թոմի Հիլֆիգերը։ 2019 թվականի Tommy x Zendaya ցուցադրության ժամանակ Հիլֆիգերը խոսել է «տես հիմա, գնիր հիմա» հայեցակարգի նորարարական լինելու մասին[22]։ Սակայն Ֆրանսիական նորաձևության ֆեդերացիան (ֆրանսերեն՝ Fédération française de la couture) մինչև 2017 թվականը չի ընդունել այս ձևաչափը իր ցուցադրությունների մեջ ներառելու առաջարկը[23]։ «Տես հիմա, գնիր հիմա» գնումների մոդելի տարածումը նաև պայմանավորված է այսպես կոչված «արագ նորաձևության» մանրածախ վաճառողների ի հայտ գալով․ նրանք կրկնօրինակում են պոդիումներում ներկայացված դիզայնները և դրանք շուկա են հանում ավանդական նորաձևության տներից ավելի արագ[24][25]։
Բնապահպանական ծախսեր
[խմբագրել | խմբագրել կոդը]
Նորաձևության շաբաթների հիմնադրումից ի վեր տարեկան մոտ 241,000 տոննա CO₂ է արտանետվել «Մեծ քառյակի» և խոշոր առևտրային ցուցադրություններին մասնակցության հետևանքով։ Գնորդներն ու վաճառողները արտանետումներ և թափոններ են առաջացնում օդային ճանապարհորդությունների, կացության, ցամաքային տրանսպորտի և նորաձևության ցուցադրությունների արդյունքում։ Ընդհանուր CO₂ արտանետումների 37%-ը վերագրվում է Նյու Յորքի նորաձևության շաբաթվա ընթացքում։ Միջին մասնագիտական գնորդի ածխածնային հետքը զգալիորեն գերազանցում է աշխարհի միջին քաղաքացունը․ մասնագիտական գնորդները տարեկան մոտ 19,213 կմ են անցնում ճանապարհորդելով։ Բացի այդ, ինքնաթիռներում բիզնես դասով թռչելիս մեկ ուղևորի հաշվով CO₂ արտանետումները կարող են մինչև 30%-ով ավելի բարձր լինել, եթե հաշվի է առնվում տվյալ ինքնաթիռում բիզնես և էկոնոմ դասի նստատեղերի հարաբերակցությունը[26][9]։ Իրատեսական չէ միջոցառումների կազմակերպիչներից պահանջել, որ հյուրերը թռչեն էկոնոմ դասով, օգտվեն գնացքներից կամ կիսեն կացարանը։ Այնուամենայնիվ, միջոցառումների ժամանակ թղթե հրավիրատոմսերի և պլաստիկ շշերով ջրի օգտագործումն արդեն հնացած գործելակերպ է դարձել։ Նորաձևության շաբաթների և այլ խոշոր միջոցառումների կազմակերպիչները նաև առաջարկել են մեկ սեզոնի բոլոր հավաքածուները համախմբել մեկ միջոցառման շրջանակում, տղամարդկանց և կանանց հագուստները ներկայացնել նույն ցուցադրության ընթացքում, ինչպես նաև Նյու Յորքի նման նորաձևության կենտրոններում ստեղծել հատուկ նորաձևության «թաղամասեր»՝ նորաձևության շաբաթների ընթացքում երթևեկության խցանումները նվազեցնելու համար[9]։ Նորաձևության շաբաթների ընթացքում կայունության սկզբունքների կիրառումը խթանում է նորաձևության ոլորտի կայուն զարգացումը, քանի որ այդ միջոցառումները ոչ միայն արտացոլում, այլև ձևավորում են ոլորտի հիմնական միտումներն ու շուկայի պահանջարկը[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 «The Long and Winding History of Fashion Week | New York Fashion Week». New York Fashion Week (ամերիկյան անգլերեն). 2015-09-23. Արխիվացված է օրիգինալից 2016-04-25-ին. Վերցված է 2017-03-21-ին.
- 1 2 3 4 5 Verma, Aditi; Ragini, Beri. «Green is the New Black: A Dissection of Sustainable Fashion». International Journal of Policy Sciences and Law. 1 (3): 1138. Վերցված է 2024-02-04-ին.
- ↑ Friedman, Vanessa (September 4, 2024). «What You Need to Know About Fashion Month». The New York Times. Վերցված է February 26, 2025-ին.
- 1 2 Idacavage, Sara (2016-09-19). «Fashion History Lesson: The Evolution of Runway Shows». Fashionista (անգլերեն). Վերցված է 2017-03-21-ին.
- 1 2 3 Leach, William R. "Transformations in a Culture of Consumption: Women and Department Stores, 1890-1925". The Journal of American History. Vol. 71, No. 2 (Sep., 1984), pp. 319-342. Accessed August 14, 2011.
- 1 2 3 4 5 6 7 Boykoff, M; Chandler, P; Church, P; Osnes, B (2021). «Examining climate change and sustainable/fast fashion in the 21st century: 'trash the runway.'». Oxford Open Climate Change. 1 (1). doi:10.1093/oxfclm/kgab003.
- 1 2 Clinton, Leah (2016-09-15). «8 Collections You Can Shop Straight From the Runway». ELLE (անգլերեն). Վերցված է 2017-03-21-ին.
- 1 2 Bobila, Maria (2016-04-16). «The CFDA Released a Guidebook for Designers Transitioning to In-Season Shows». Fashionista (անգլերեն). Վերցված է 2017-03-21-ին.
- 1 2 3 Paton, Elizabeth (2020-02-12). «Figuring Out Fashion Week's Carbon Problem». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2024-02-04-ին.
- ↑ «WOMENSWEAR READY-TO-WEAR FALL/WINTER 2023-2024 | FHCM». www.fhcm.paris. Վերցված է 2025-11-26-ին.
- ↑ «A Brief History Of Paris Fashion Week». British Vogue (բրիտանական անգլերեն). 2019-09-23. Վերցված է 2024-04-25-ին.
- ↑ Amanda Fortini, "How the Runway Took Off. A brief history of the fashion show." Feb. 8, 2006
- ↑ Lockwood, Lisa (2015-04-13). «New York Fashion Week Leaves Lincoln Center». WWD (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-11-07-ին.
- ↑ «Hudson Yards is in talks to host New York Fashion Week». New York Post (ամերիկյան անգլերեն). 2017-09-12. Վերցված է 2017-11-07-ին.
- ↑ WW, FashionNetwork com (2017-06-12). «NYFW to move out of Skylight Clarkson Square in 2018». FashionNetwork.com (անգլերեն). Վերցված է 2025-02-06-ին.
- ↑ Stahel, Walter R. (2016-03-24). «The circular economy». Nature (անգլերեն). 531 (7595): 435–438. Bibcode:2016Natur.531..435S. doi:10.1038/531435a. ISSN 1476-4687. PMID 27008952. Վերցված է 2024-02-04-ին.
- ↑ «Gabriela Hearst's Spring 2020 Show To Be Carbon Neutral—An Industry First». Vogue (ամերիկյան անգլերեն). 2019-09-05. Վերցված է 2024-02-04-ին.
- ↑ «Climate Change Protests Disrupt London Fashion Week». Vogue (ամերիկյան անգլերեն). 2019-02-18. Վերցված է 2024-02-04-ին.
- 1 2 Lesavage, H (2023-02-03). «Fashion week is unsustainable. Can Copenhagen change it?». Harper's Bazaar. Վերցված է 2024-02-04-ին.
- ↑ Hart, Anna (June 2017). «Which is the world's most stylish city?». The Guardian (անգլերեն). Վերցված է 2024-02-04-ին.
- ↑ «Tom Ford Shifts Show to Match Retail Cycle». The Business of Fashion (բրիտանական անգլերեն). 2016-02-05. Վերցված է 2017-03-21-ին.
- ↑ Mackelden, Amy (2 March 2019). «Tommy x Zendaya Hits Paris Fashion Week and It's Bringing Back the Days of Disco». Harpers Bazaar. Վերցված է 26 March 2019-ին.
- ↑ «French Fashion Execs Vote Against 'See Now, Buy Now' Schedule». Fashionista (անգլերեն). Վերցված է 2017-03-21-ին.
- ↑ «Fashion Week Trends Fast Fashion 2016». Վերցված է 2017-03-21-ին.
- ↑ «Fashion History Lesson: The Origins of Fast Fashion». Fashionista (անգլերեն). Վերցված է 2017-03-21-ին.
- ↑ Falk, Martin; Hagsten, Eva (2021). «Determinants of CO2 emissions generated by air travel vary across reasons for the trip». Environmental Science and Pollution Research. 28 (18): 22969–22980. Bibcode:2021ESPR...2822969F. doi:10.1007/s11356-020-12219-4. hdl:11250/2976916. PMC 7802810. PMID 33438122. Վերցված է 2024-02-04-ին – via Springer Link.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Նորաձևության շաբաթ կատեգորիայում։ |