Նոմոգրաֆիա
Արտաքին տեսք


Նոմոգրաֆիա (հունարեն՝ νόμος — օրենք, կարգ և ․․․ գրաֆիա), մաթեմատիկայի բաժին, որը միավորում է ֆունկցիոնալ հարաբերություններ պատկերող հատուկ գծագրերի՝ նոմոգրամների կառուցման տեսությունը և գործնական մեթոդները։ Նոմոգրամը բաղկացած է մի քանի գծերից (կամ կետերից), որոնցից յուրաքանչյուրը համապատասխանում է ֆունկցիոնալ հարաբերությամբ կապված փոփոխական մեծություններից որևէ մեկին։ Այդ գծերից (կետերից) յուրաքանչյուրը չափանշվում է իրեն համապատասխան փոփոխականի ընդունած մեծություններով։ Առավել կիրառական են հետևյալ տեսակի նոմոգրամները։
- Կրկնակի սանդղակով նոմոգրամ․ բաղկացած է մեկ գծից, որի երկու կողմերը չափանշվում են երկու՝ իրար հետ կապված փոփոխականների համապատասխան արժեքներով։ Օրինակ կարող են ծառայել լոգարիթմական քանոնի ցանկացած կից սանդղակները։
- Հավասարեցրած կետերով նոմոգրամ․ կազմված է մի քանի գծերից, որոնք դասավորվում են այնպես, որ փոփոխականների՝ իրար համապատասխանող արժեքները գտնվեն միևնույն ուղիղ գծի վրա։ Օրինակ կարող է ծառայել մարդու նորմալ քաշի որոշումը նրա հասակի բարձրության և կրծքավանդակի շրջագծի միջոցով։
- Ցանցային նոմոգրամ․ նկարագրում է տրված փոոխականների միջև մի շարք ֆունկցիոնալ հարաբերություններ․ օրինակ՝ F (u, v, w)=0 հավասարման համար այն կազմված է նշագրված գծերի երեք ընտանիքներից, այդ գծերը կառուցված են այնպես, որ յուրաքանչյուր երեք գիծ, որոնց նշագրերը բավարարում են տրված հավասարմանը, հատվում են մի կետում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 336)։ |