Նոկաուտ համակարգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Նոկաուտ համակարգը շախմատային մրցաշարերի անցկացման համակարգ, որը հիմնված է խաղային մարզաձևերում կիրառվող փլեյ-օֆ տարբերակի վրա՝ հաշվի առնելով շախմատի առանձնահատկությունները. յուրաքանչյուր խաղափուլում մրցակիցները խաղում են ոչ թե մեկ պարտիա, այլ մի քանի պարտիայից բաղկացած փոքր մրցախաղեր, որոնցում բացառվում է վերջնական ոչ-ոքի արդյունքը։

Նկարագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մրցաշարն անցկացվում է մի քանի փուլով, որոնց քանակը որոշվում է մասնակիցների թվով։
  • Յուրաքանչյուր փուլում մասնակիցներն անցկացնում են դասական ժամակարգով երկու պարտիայից բաղկացած փոքր մրցախաղ։ Եթե այդ մրցախաղն ավարտվում է ոչ-ոքի, ապա խաղացվում են արագ շախմատի երկու պարտիաներ։ Եթե դրանցից հետո էլ հաղթողը չի որոշվում, ապա մասնակիցներն անցկացնում են կայծակնային շախմատի որոշակի քանակությամբ (անպայման զույգ) պարտիաներ։ Եթե այդ պարտիաներն էլ հաղթողին չեն որոշում, ապա խաղացվում է վճռական՝ «մահվան» պարտիա, որը նաև կոչվում է «արմագեդոն», որում սևերին տրվում է 4 րոպե, սպիտակներին՝ 5, սակայն վերջիններն անպայման պետք է հաղթեն։ Ոչ-ոքիի դեպքում հաղթող է ճանաչվում սևերով խաղացող շախմատիստը։ Խաղաքարերի գույնը որոշվում է վիճակահանությամբ։
  • Մրցաշարի եզրափակչում երկու մասնակիցները խաղում են դասական ժամակարգով վեց պարտիայից բաղկացած մրցախաղ։ Ոչ-ոքիի դեպքում մնացած կանոնները նույնն են։

Կոնկրետ մրցաշարի առանձին մանրամասներ կարող են տարբերվել, սակայն ընդհանուր էությունը միշտ պահպանվում է. փոքր մրցախաղերի հաղթողը շարունակում է պայքարը հաջորդ փուլում, իսկ պարտվողը լքում է մրցաշարը։

Կիրառումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոկաուտ համակարգը ներմուծվել է 1995 թվականին ՖԻԴԵ-ի վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը վիճարկելու նպատակով։ Դրա ներմուծման հիմնական երկու պատճառ էր նշվում[1].

  • Աշխարհի չեմպիոնի կոչման վիճարկման ավանդական համակարգում չեմպիոնն ուներ էական առավելություն. նա խաղում էր միայն մեկ հավակնորդի հետ և նույնիսկ պարտվելու դեպքում ստանում էր երաշխավորված խոշոր հոնորար։ Իսկ բարձր կարգի բազմաթիվ այլ շախմատիստներ զրկված էին այդ հնարավորությունից և անիմաստ էին համարում իրենց մասնակցությունը հավակնորդների մրցաշարերին, որոնք ո՛չ գումար էին տալիս, ո՛չ էլ չեմպիոն դառնալու էական հնարավորություն։
  • Հավակնորդների մրցամարտերը հետաքրքրություն չէին առաջացնում հովանավորների շրջանում։ Իսկ շատ մասնակիցներով, բայց արագընթաց և լարված մրցաշարը, որում որոշվում է չեմպիոնը, ավելի գրավիչ է։

1999-ին նոկաուտ համակարգով աշխարհի փոխչեմպիոն դարձավ հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը, որը եզրափակչում զիջեց Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Խալիֆմանին։

Նոկաուտ համակարգով աշխարհի առաջնությունում աշխարհի չեմպիոնը փոխվում էր ամեն խաղարկությունում։ Այդ համակարգը բազմաթիվ առարկությունների ու քննադատությունների արժանացավ։ Ի վերջո, ՖԻԴԵ-ն հրաժարվեց այդ համակարգով աշխարհի չեմպիոնին որոշելուց, սակայն համակարգը պահպանվեց, և այժմ այդ մրցակարգով անցկացվում են աշխարհի գավաթի խաղարկությունները։ Դրանցից մեկում՝ 2005-ին, հաղթող ճանաչվեց հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը։

Նոկաուտ համակարգը կիրառվում է նաև որոշ երկրների ներքին առաջնություններում և գավաթի խաղարկություններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]