Ծնվել է 1922 թվականի մայիսի 10-ին Էջմիածնի շրջանիԼուսագյուղում, գյուղացու ընտանիքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո հայրենի գյուղի կոլտնտեսությունում աշխատել է որպես տրակտորիստ։ 1941 թվականի հուլիսին մեկնել է ռազմաճակատ։ Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, որտեղ ծանր վիրավորվել է։ Սամարղանդի զինվորական հոսպիտալում ապաքինվելուց հետո ավարտել է Նիժնի Տագիլի տանկային դպրոցը (1942)։ Կռվել է Ստալինգրադյան և Առաջին բելառուսական ռազմաճակատներում, մասնակցել Լեհաստանի վերագրավմանը և Բեռլինի ճակատամարտին։ 49-րդ տանկային բրիգադի 3-րդ գումարտակի կազմում (որպես մեխանիկ-վարորդ)։ Գվարդիայի ավագ սերժանտ, տանկային օղակի հրամանատար Դարբինյանը 1945 թվականի հունվարին աչքի է ընկել լեհականԻնովրոցլավ քաղաքի համար մղված մարտերում, գրավել է երկաթուղային կայարանը, օդանավակայանը, փոստի շենքը, փակել հակառակորդի նահանջի ճանապարհը։ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1945 թվականի փետրվարի 27-ի թիվ 5926 հրամանագրով արժանացել է Խորհրդային Միության հերոսի կոչման[2]։ Այդպիսով՝ դարձել է այդ տանկային բրիգադի 33-րդ մարտիկը, որն արժանացել է կառավարական նման բարձր պարգևի[3]։ Պարգևատրվել է նաև Լենինի, Կարմիր աստղի, Փառքի 3-րդ աստիճանի, «Հայրենական պատերազմի» 1-ին աստիճանի շքանշաններով և մարտական մի շարք մեդալներով։
Զորացրվելուց հետո Նշան Դարբինյանը սովորել է Հայաստանի կոմկուսի կենտկոմին առընթեր կուսակցական դպրոցում և ավարտելով՝ աշխատանքի անցել Էջմիածնի կուսշրջկոմում։ Պաշտոնավարել է նաև որպես սպառողների շրջանային միության նախագահ, գազի քաղաքային գրասենյակի պետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 313)։