Նյարդաքիմիա, նյարդային համակարգիկենսաքիմիա, կենսաքիմիայի բաժին, ուսումնասիրում է նյարդային հյուսվածքի քիմիական կազմությունը և նրանում ընթացող նյութափոխանակության առանձնահատկությունները։ Նյարդային համակարգի առանձին բաժինները և նրա բարձրագույն մասը՝ գլխուղեղը, մյուս օրգաններից տարբերվում են իրենց մորֆոլոգիական, կենսաքիմիական և գործառնական տարասեռությամբ։ Նյարդային բջջի հիմնական ձևերը՝ նեյրոնը և նեյրոգլիան, ևս նկատելիորեն տարբերվում են ֆունկցիայով և քիմիական կազմությամբ։ Այդ պատճառով նյարդային գործունեության ընթացքում այս կամ այն բջջային խմբի նշանակությունը պարզելու համար կարևոր է ուսումնասիրել ոչ միայն նյարդային համակարգի տարբեր բաժինների, այլև առանձին բջիջների կենսաքիմիական առանձնահատկությունները։ Նյարդային համակարգը բնորոշվում է առանձնահատուկ ֆունկցիայով։ Այն նյարդային ազդակները մեդիատորների միջոցով հաղորդում է մեկ նեյրոնից մյուսին կամ տարբեր օրգաններին (նյարդահորմոններով)։ Ուղեղի որոշ բջիջներ օժտված են ներզատիչ գեղձերի հատկությամբ և արտադրում են պոլիպեպտիդային բնույթի հատուկ հորմոններ, որոնք ուղեղից հոսող արյան միջոցով նյարդային բջջից ինֆորմացիան հաղորդում են ներքին օրգաններին։ Բացահայտված են այդպիսի նյարդահորմոնների 2 տեսակ, ռիլիզինգ (խթանող) ու ինհիբիտոր (կասեցնող) և օրգանոտրոպ հորմոններ։ Առաջինները գոյանում են ուղեղի ենթատեսաթմբի կորիզներում և արյան միջոցով հասնելով հիպոֆիզ, խթանում են նրա հորմոնների արտազատումը և դրանով կարգավորում ծայրամասային բոլոր ներզատիչ գեղձերի գործունեությունը։ Նյարդաքիմիկոսները պարզել են դրանցից մի քանիսի (լյուլիբերին, թիրեոլիբերին, սոմատոտրոպին և այլն) քիմիական կառուցվածքը։ Օրգանոտրոպ հորմոններն առաջանում են ուղեղի նյարդազատուկային բջիջներում և արյան մեջ անցնելով կարգավորում են սրտի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի և այլնի գործունեությունը։ Նշված հորմոններից են վազոպրեսինը, օքսիտոցինը։ Դրանց շարքում կարելի է դասել նաև ուղեղից անջատված նոր հորմոններ (К, C, G և այլ նյութեր), որոնք ազդում են սրտի գործունեության վրա։ Վերջին տարիներին ուղեղից անջատվեցին մի խումբ միացություններ՝ էնկեֆալիններ և էնդորֆիններ, որոնք մորֆինանման նյութեր են և կարևոր նշանակություն ունեն ցավային սինդրոմի առաջացման ֆիզիոլոգիական պրոցեսներում։ Նյարդային բջիջների քիմիական կազմության և բաղադրամասերի հետազոտությունն ունի ինչպես տեսական, այնպես էլ գործնական կարևոր նշանակություն, օրինակ՝ ուղեղի սինթետիկ ճանապարհով ստացվող նոր հորմոնները լայնորեն կիրառվում են էնդոկրին և այլ հիվանդությունների բուժման համար։ Այժմ մոլեկուլային նյարդաքիմիայի նվաճումների հիման վրա զարգանում են նյարդաֆիզիոլոգիան, նյարդադեղաբանությունը, հոգեբուժությունը, ներզատաբանությունը։
Հայաստանում նյարդաքիմիական կարևորագույն հետազոտություններ են կատարվում Երևանում՝ ՀՀ ԳԱ կենսաքիմիայի և Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստուտներում։ 1966-ին կազմակերպվել է Նեյրոքիմիկոսների միջազգային ընկերությունը, որի տպագիր օրգանն է «Jornal of Neurochemistry» (1956) ամսագիրը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 316)։