Jump to content

Նյարդարմատաբորբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նյարդարմատաբորբ, ռադիկուլիտ (< լատ․ radicula – արմատիկ), մարդու ծայրամասային նյարդային համակարգի առավել հաճախ հանդիպող հիվանդություն․ առաջանում է ողնուղեղային նյարդերի ախտահարման հետևանքով։ Պատճառներն են վնասվածքները, նյութափոխանակության խանգարումները, բազմաթիվ նյարդարմատների ախտահարման դեպքում (պոլիռադիկուլիտ)՝ նաև օրգանիզմի թունավորումները։ Ըստ նյարդարմատների ախտահարման աստիճանի նյարդարմատաբորբը լինում է վերինպարանոցային, պարանոցաուսային, կրծքային և գոտկասրբոսկրային, որոնք ըստ ընթացքի կարող են լինել սուր և քրոնիկական։

Վերինպարանոցային նյարդարմատաբորբի դեպքում ցավերը տեղակայվում են ծոծրակի և պարանոցի շրջանում, ուժեղանում են գլուխը պտտելիս, հազալիս։ Այս ձևին բնորոշ է գլխի ռեֆլեկտոր–պաշտպանական ետ թեքված դիրքը։

Պարանոցային նյարդարմատաբորբի դեպքում (օստեոխոնդրոզի և սպոնդիլոզի հետևանքով առաջացած) ցավերը կարող են զուգակցվել գլխապտույտով, լսողության, գլխուղեղի արյան շրջանառության խանգարման այլ երևույթներով։

Պարանոցաուսային նյարդարմատաբորբը բնորոշվում է պարանոցի, ուսագոտու, ձեռքերի շանթող ցավերով։

Կրծքային նյարդարմատաբորբի դեպքում ցավերը նոպայաձև են, գոտևորող՝ միջկողային նյարդերի ուղղությամբ, ուժեղանում են շարժվելիս և խորը շնչելիս։

Գոտկասրբոսկրային նյարդարմատաբորբը հանդիպում է առավել հաճախ։ Հիմնականում առաջանում է ողնաշարի տարբեր բնույթի կազմափոխական ախտահարումների (օստեոխոնդրոզ, միջողնային սկավառակների ճողվածք կամ սկավառակի ետին–կողմնային արտափքում և այլն) հետևանքով։ Հիվանդության ընթացքը հաճախ կարող է դառնալ քրոնիկական՝ կրկնությունների հակումով։ Հիվանդությունը սկսվում է սուր կամ ենթասուր, գոտկային, նստատեղի, աճուկային, որովայնի ստորին և ազդրերի ստաջային շրջանների ուժեղ ցավերով, որոնք սաստկանում են փռշտալիս, հազալիս և կտրուկ շարժումներից։ Ծնկային և աքիլլեսյան ռեֆլեքսները թուլանում կամ բացակայում են, գոտկային մկանները լարվում են։ Նկատվում է ողնաշարի ծռվածություն (սկոլիոզ՝ արտափքում դեպի ցավոտ կողմը), առաջանում են նստատեղի, ազդրի և սրունքի մկանների հիպոտոնիա, զգացողության թուլացում։

Կախված է առաջացման պատճառներից և պրոցեսի տեղակայումից։ Ցավը հանգստացնող դեղամիջոցներ, նովոկաինային բլոկադա, գրգռող պատրաստուկներ (օձի կամ մեղվի թույն), В խմբի վիտամիններ, կենսածին խթանիչներ (հալվե և այլն), հակախոլինէսթերազներ։ Ողնաշարի ապաճական պրոցեսների դեպքում ցուցված են տարբեր ձգումներ, ֆիզիոթերապևտիկ պրոցեդուրներ (ուլտրամանուշակագույն ճառագայթում, գերձայնային բուժում, էլեկտրաֆորեզ, ինդուկտոթերմիա, ցեխաբուժություն և այլն), բուժական ֆիզկուլտուրա, ասեղնաբուժություն, սանատոր–կուրորտային բուժում։ Առանձին դեպքերում (միջողնային սկավառակների ճողվածք)՝ վիրաբուժական միջամտություն։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 315