Նյարդակիբեռնետիկա
Նյարդակիբեռնետիկա, նեյրոկիբեռնետիկա (նեյրո․․․ և կիբեռնետիկա), կենսաբանական կիբեռնետիկայի ուղղություն, ուսումնասիրում է օրգանիզմների կառավարման և ինքնակարգավորման, ինչպես նաև նյարդային համակարգում ինֆորմացիայի պահպանման, վերամշակման և հաղորդման ընդհանուր օրինաչափությունները։ Նյարդակիբեռնետիկայի հիմնական խնդիրները կապված են նշված օրինաչափությունների մաթեմատիկական նկարագրման և դրա հիման վրա նեյրոնի, նեյրոնային խմբերի և նյարդային համակարգի այլ բաժինների մոդելների կառուցման հետ։ Նյարդակիբեռնետիկայի ամենաբարդ և հեռանկարային խնդիրը ուղեղի և նրա առանձին ֆունկցիաների մոդելավորումն է։ Այժմ արդեն ստեղծված են էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսուցողական, շախմատային, թեորեմներ ապացուցող և այլ ծրագրեր։ Զարգանում է էվրիստիկ ծրագրավորումը, որն ուսումնասիրում և մոդելավորում է ստեղծագործական պրոցեսների ժամանակ ուղեղում ինֆորմացիայի վերամշակման կանոնները։ Հիմնվելով նյարդաֆիզիոլոգիայի փորձնական տվյալների վրա և լայնորեն օգտագործելով ինֆորմացիայի, շղթաների, ավտոմատների, ավտոմատ կարգավորման տեսությունների հասկացություններն ու մեթոդները՝ նյարդակիբեռնետիկան նպաստում է ֆիզիոլոգիական գիտությունների մաթեմատիկացմանը և ճշգրտմանը, առաջարկում հետազոտության նոր ուղիներ։ Օրինակ, ուղեղի կենսաէլեկտրական պոտենցիալների գրանցման և վերլուծության հաշվողական մեթոդները ոչ միայն հարստացրել են ֆիզիոլոգիական փորձի տեխնիկան, այլև հաստատուն կիրառություն գտել նյարդաբուժության, հոգեբուժության, ակնաբուժության և այլ պրակտիկայում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 313)։ ![]() |