Նյարդաթուլություն
Նյարդաթուլություն, նևրասթենիա (նեյրո․․․ և հուն. άσθένεια – թուլություն), նևրոզների խմբի հիվանդություն, որի դեպքում նյարդային համակարգի գործունեության թուլությունն արտահայտվում է դյուրագրգռելիությամբ, հոգնածությամբ, ֆիզիկական և մտավոր երկարատև լարվածությանը դիմանալու ունակության կորստով։ Նկարագրել է ամերիկացի բժիշկ Դ․ Բիրդը (1869)։
Նյարդաթուլությունը սովորաբար առաջանում է պսիխոգեն գործոնի (հոգեկան տրավմայի), գերլարված աշխատանքի ու ֆիզիոլոգիական զրկանքների (քրոնիկական անքնություն, հանգստի բացակայություն և այլն) զուգակցումից։ Նպաստում են նաև օրգանիզմի դիմադրողականության անկումը, վարակիչ հիվանդությունները, թունավորումները (ալկոհոլամոլություն, ծխել), ներզատիչ գեղձերի հիվանդությունները, անբավարար սնուցումը և այլն։ Նույնիսկ ամենաչնչին ազդակներն առաջացնում են հիվանդների գրգռման բուռն, հաճախակի ռեակցիաներ, որոնք սակայն երկարատև չեն։ Հիվանդը դառնում է լացկան, անզուսպ, անհամբեր, ճղճիմ։ Առաջանում է էմոցիոնալ անկայունություն, ցրվածություն, հիշողության թուլություն։ Ծանր դեպքերում կարող է առաջանալ հյուծվածության դեպրեսիա, հիվանդը դառնում է մռայլ, դանդաղաշարժ, անտարբեր ամեն ինչի նկատմամբ։ Մշտական ախտանշանը քնի խանգարումն է (քունը մակերեսային է, տագնապալից երազներով լի)։ Ախորժակն ընկնում է, առաջանում է գխտոց, այրոց, փորկապություն, ստամոքսի շրջանում ծանրության զգացում, հաճախակի գլխացավեր, սրտխփոց, սեռական ֆունկցիաների խանգարումներ, վեգետատիվ երևույթներ՝ առատ քրտնարտադրություն, կայուն կարմիր մաշկագիր, մատների դող և այլն։
Տարբերում են նյարդաթուլության 3 շրջան
- սկզբնական (հանդիպում է հաճախ), արտահայտվում է գրգռողականության և դրդողականության բարձրացմամբ (հիպերսթենիկ նյարդաթուլություն),
- միջանկյալ՝ բնորոշվում է գրգռելի թուլությամբ,
- երրորդ շրջանի (հիպոսթենիկ նյարդաթուլություն) ախտանշաններն են՝ թուլությունը, հյուծվածությունը, անտարբերությունը, քնկոտությունը և ընկճվածությունը։
Բուժումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական շրջանում աշխատանքի և հանգստի ռեժիմի կարգավորում, էմոցիոնալ գերլարվածության պատճառների վերացում, օրգանիզմը և նյարդային համակարգը ամրապնդող միջոցներ (վիտամիններ, բրոմի պատրաստուկներ), սեդուքսեն, մեպրոբամատ, ինսուլին, հոգեթերապիա։ Անհրաժեշտության դեպքում՝ աշխատանքի բնույթի փոփոխություն։ Ծանր դեպքերում՝ ստացիոնար բուժում։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 312)։ |