Jump to content

Նյարդաբանական խանգարումներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նյարդաբանական խանգարումներ
Տեսակtype of disorder?
Վնասում էՆյարդային համակարգ
Բժշկական մասնագիտություննյարդաբանություն
 Diseases and disorders of the nervous system Վիքիպահեստում

Նյարդաբանական խանգարումներ, նյարդային համակարգում առաջացող հիվանդությունների և խանգարումների խումբ։ Գլխուղեղի, ողնուղեղի կամ նյարդերի կառուցվածքային, կենսաքիմիական կամ էլեկտրական շեղումները կարող են ուղեկցվել տարբեր ախտանիշներով։ Ախտանիշների օրինակներ են՝ լուծանքը, մկանային թուլությունը, շարժումների կոորդինացման վատ համակարգումը, զգացողության կորուստը, էպիլեպտիկ նոպաները, շփոթությունը, ցավը, տաուպաթիաները և գիտակցության մակարդակի փոփոխությունները։

Նյարդաբանական խանգարումների դեպքում կիրառվող միջամտությունները ներառում են կանխարգելիչ միջոցառումներ, կենսակերպի փոփոխություններ, ֆիզիկական վերականգնում կամ այլ թերապիա, նյարդավերականգնում, ցավի կառավարում, դեղանյութեր, վիրաբուժական միջամտություններ, որ իրականացնում են նյարդավիրաբուժները կամ հատուկ սննդակարգ[1][2]։ Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության 2006 թվականի գնահատականի՝ նյարդաբանական խանգարումներն ու դրանց ուղղակի հետևանքները աշխարհում կարող են ազդել մինչև մեկ միլիարդ մարդու վրա։ Կազմակերպությունը որպես դրանց հետ կապված անաշխատունակության և բացասական ազդեցության հիմնական գործոններ առանձնացրել է առողջապահական անհավասարությունները, սոցիալական խարանն ու խտրականությունը[3]։

Ալցհայմերի հիվանդության պատճառական շղթայի մի մասը

Գլխուղեղը և ողնուղեղը շրջապատված են ամուր ուղեղապատյաններով, սակայն մեկուսացված են գանգով և ողնաշարի ողերի ոսկրային կառուցվածքներով և քիմիապես պաշտպանված են արյուն-ուղեղային պատնեշի միջոցով, վնասման կամ ֆունկցիոնալ խանգարման դեպքում դրանք շատ խոցելի են։ Նյարդերը սովորաբար տեղակայված են մաշկի տակ՝ խոր շերտերում, սակայն այնուամենայնիվ կարող են վնասվել։ Առանձին նեյրոնները, նեյրոնների խմբերը և դրանցից կազմավորվող նյարդերը զգայուն են էլեկտրաքիմիական ազդակների և կառուցվածքային խանգարումների նկատմամբ։ Նյարդավերականգնումը կարող է տեղի ունենալ ծայրամասային նյարդային համակարգում և այդպիսով որոշ չափով հաղթահարել կամ թեթևացնել վնասվածքների հետևանքները, սակայն ենթադրվում է, որ գլխուղեղում և ողնուղեղում դրա վերականգնումը հազվադեպ բնույթ է կրում։

Նյարդաբանական խանգարումների առաջացման կոնկրետ պատճառները տարբեր են և կարող են ներառել՝ գենետիկ խանգարումներ, բնածին արատներ կամ խանգարումներ, վարակներ, կենսակերպի և շրջակա միջավայրի առողջության հետ կապված խնդիրներ, ինչպիսիք են թերսնուցումը և աղտոտվածությունը, ուղեղի վնասվածքները, ողնուղեղի վնասվածքները, նյարդերի վնասվածքները և գլյուտենային զգայունությունը՝ աղիքային պատի վնասվածքի կամ մարսողական ախտանիշների առկայությամբ կամ առանց դրանց[2][4]։ Ծանր մետաղներով թունավորման դեպքում դրանք կուտակվում են մարդու օրգանիզմում և խաթարում կենսաբանական գործընթացները։ Հաղորդվել է, որ կապարով թունավորման պարագայում դա կարող է նյարդաբանական խնդիրների առաջացման պատճառ դառնալ[4]։ Նյարդաբանական խնդիրը կարող է սկսվել մեկ այլ օրգան-համակարգում, որը սերտ կապի մեջ է նյարդային համակարգի հետ։ Օրինակ՝ արյան շրջանառության համակարգում ուղեղը սնուցող արյունատար անոթներում առաջացած ախտաբանության պատճառով ուղեղանոթային հիվանդությունը հանգեցնում է գլխուղեղի վնասման։ Աուտոիմուն խանգարումները հանգեցնում են նյարդային համակարգի իմուն-միջնորդված վնասմանը։ Լիզոսոմալ կուտակային հիվանդությունները, ինչպիսին է Նիման-Պիկի հիվանդությունը, կարող են հանգեցնել նյարդաբանական ֆունկցիաների վատթարացման։ Առողջապահության և խնամքի ազգային ինստիտուտը խորհուրդ է տալիս անհասկանալի ծագման նյարդաբանական ախտանիշներ ունեցող անձանց շրջանում դիտարկել հիմքում ընկած ցելիակիայի գնահատման անհրաժեշտությունը, հատկապես բազմանյարդաբորբի կամ ատաքսիայի առկայության դեպքում[5]։

Նյարդաբանական ախտանիշների դեպքերի զգալի փոքրամասնության ժամանակ կիրառվող հետազոտման մեթոդներով հնարավոր չէ հայտնաբերել որևէ նյարդաբանական պատճառ, ինչի համար էլ դրանք կոչվում են իդիոպաթիկ և հիմք են հանդիսանում տարբեր տեսությունների առաջադրման համար։ Ընդհանուր առմամբ, նյարդաբանական խանգարումների զգալի մասը կարող է առաջանալ նախկինում տարած, կլինիկորեն չախտորոշված վիրուսային վարակից։ Օրինակ՝ ենթադրվում է, որ հեպատիտ E-ի վիրուսով վարակումը, որը սկզբնական շրջանում հաճախ ընթանում է անախտանիշ, կարող է առաջացնել նյարդաբանական խանգարումներ[6], սակայն կան նաև բազմաթիվ այլ օրինակներ։

Նկարագրվել են նյարդաբանական խանգարումների բազմաթիվ օրինակներ, որոնք կապված են մուտացված ԴՆԹ-ի վերականգնման գեների հետ[7]։ ԴՆԹ-ի ռեպարացիայի խանգարումը կարող է ուղղակիորեն հանգեցնել բջիջների մահվան և նեյրոնների ապոպտոզի, ինչպես նաև խաթարել էպիգենետիկ փոփոխությունների այն օրինաչափությունները, որոնք անհրաժեշտ են նեյրոնների բնականոն գործունեության համար։

ԴՆԹ-ի վնասում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյրոնները թթվածնի մեծ պահանջ ունեցող բջիջներ են և, որպես հետևանք, էնդոգեն թթվածնի ագրեսիվ ձևերի քրոնիկական ներգործության ներքո առաջացող ԴՆԹ-ի վնասումը էական մարտահրավեր է նեյրոնների համար[8]։ ԴՆԹ-ի ռեպարացիայի անբավարարությամբ պայմանավորված հերմինալ մուտացիաները առաջացնում են նեյրոնալ դիսֆունկցիա և էթիոլոգիական առումով կապված են բազմաթիվ նյարդաբանական խանգարումների հետ[8]։ Օրինակ՝ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզը և ճակատքունքային դեմենցիան կապված են ԴՆԹ-ի մոլեկուլում վնասվածքների կուտակման և ԴՆԹ-ի ռեպարացիայի անբավարարության հետ[9]։

Նյարդաբանական հիվանդություններից մահացության դեպքերը մեկ միլիոն մարդու հաշվարկով, 2012թ.
     18–52     53–68     69–84     85–99     100–131     132-157     158-186     187-243     244-477     478-1,482

Նյարդաբանական խանգարումները կարող են դասակարգվել՝ ըստ ախտահարված օջախի հիմնական տեղակայման, առկա դիսֆունկցիայի հիմնական տեսակի կամ պատճառի հիմնական տեսակի։ Հիմնականում տարանջատում են կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի խանգարումներ։ «Merck Manual»-ը գլխուղեղի, ողնուղեղի և նյարդերի խանգարումները ներկայացնում է հետևյալ՝ միմյանց մասնակիորեն հատվող կատեգորիաներով[10]։

Կենդանիների նյարդաբանական խանգարումները բուժում են անասնաբույժները[11][12]։

Նյարդաբանական խանգարումների բուժման համար գոյություն ունի մեթոդների լայն շրջանակ՝ վիրահատությունից մինչև նյարդավերականգնում։ Նյարդաբուժությունը հիմնվում է ավանդական բժշկության գիտելիքների վրա և կիրառում գիտական մոտեցում ու ապացուցողական բժշկական պրակտիկա։ Որոշ մեթոդներ ոչ ինվազիվ են։ Նյարդաբուժությունը բժշկական բուժման մեթոդ է, որը ներառում է էներգետիկ կամ քիմիական գործոնի թիրախավարում և նյարդաբանական որոշակի հատվածների համակարգային ներմուծում[13]։ Նեյրոմոդուլյացիայի որոշ մեթոդներ դեռևս համարվում են այլընտրանքային բժշկության մաս (բժշկական միջամտություններ, որոնք հեշտությամբ չեն ինտեգրվում առողջապահության հիմնական մոդելում)՝ դրանց նորարարական բնույթի և հիմնավոր ապացույցների անբավարարության պատճառով[14]։ Նյարդաբուժության մեթոդների լայն շրջանակը, կախված էներգետիկ խթանման կիրառվող տեսակից, կարելի է բաժանել չորս հիմնական ոլորտների՝ ակուստիկ էներգիա, էլեկտրական էներգիա, էլեկտրամագնիսական ճառագայթում և մագնիսական էներգիա[13]։

Հոգեկան գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մտավոր գործառույթների ըմբռնմանը նպաստող որոշ ոլորտներ․

Նյարդաբանական հետազոտությունը կարող է որոշ չափով գնահատել նյարդաբանական վնասման և հիվանդության ազդեցությունը ուղեղի գործառույթների՝ վարքի, հիշողության կամ ճանաչողության վրա։ Վարքային նյարդաբանությունը ուսումնասիրում է այս ոլորտը։ Հոգեկան գործունեության խանգարումները ճշգրիտ բացահայտելու և դրանց ընթացքին հետևելու համար (սովորաբար՝ ուղեղի որևէ վնասվածքից կամ նյարդաբանական ֆունկցիայի խանգարումից հետո) կլինիկական նյարդահոգեբանությունը կիրառում է նյարդահոգեբանական գնահատում։

Այլընտրանքային տարբերակով, որևէ հիվանդություն կարող է սկզբում հայտնաբերվել հոգեկան գործունեության խանգարումների առկայությամբ, իսկ հետագա հետազոտությունը կարող է ցույց տալ հիմքում ընկած նյարդաբանական խանգարում։ Նյարդաբանության շրջանակում բուժվող խանգարումների և հոգեկան խանգարումների միջև հստակ սահմաններ չկան, քանի որ դրանք բուժում են հոգեբույժները, կամ հոգեկան առողջության ոլորտի այլ մասնագետները, օրինակ՝ կլինիկական հոգեբանները։ Գործնականում որոշ դեպքեր կարող են ի սկզբանե դրսևորվել մեկ տեսակի խանգարման նմանությամբ, սակայն գնահատման արդյունքում դասակարգվել որպես մյուս ոլորտին առավել համապատասխան[15]։ Նյարդահոգեբուժությունը զբաղվում է նյարդային համակարգի կոնկրետ և նույնականացված հիվանդություններից առաջացող հոգեկան խանգարումներով։

Ոլորտներից մեկը, որի շուրջ կարող են տարաձայնություններ առաջանալ, իդիոպաթիկ նյարդաբանական ախտանիշների դեպքերն են՝ այն վիճակները, որոնց պատճառը հնարավոր չէ հաստատել։ Որոշ դեպքերում, բացառման ախտորոշման միջոցով, հնարավոր է եզրակացնել, որ ախտանշաններն առաջանում են ուղեղի ավելի բարձր մակարդակի գործունեության կամ հոգեկան գործընթացների հետևանքով։ Դրանք անվանում են ֆունկցիոնալ ախտանիշներ։ Այսպիսի դեպքերը դասակարգվում են որպես ֆունկցիոնալ խանգարումներ («ֆունկցիոնալ» տերմինն այս համատեքստում սովորաբար հակադրվում է հին՝ «օրգանական հիվանդություն» հասկացությանը)։ Օրինակ՝ ֆունկցիոնալ նյարդաբանական խանգարման դեպքում հիվանդների մոտ կարող են դրսևորվել տարբեր նյարդաբանական ախտանիշներ, այդ թվում՝ էպիլեպտիկ նոպաներ, հիպեսթեզիա, պարեսթեզիա և թուլություն, ի թիվս այլ ախտանիշների։ Նման դեպքերը կարող են մեկնաբանվել որպես «հոգեբանական», այլ ոչ թե «նյարդաբանական»։ Եթե ֆունկցիոնալ ախտանիշների առաջացումը պատճառահետևանքային ձևով կապված է հուզական վիճակի կամ սոցիալական սթրեսի նկատմամբ արձագանքների կամ սոցիալական իրավիճակների հետ, այդ վիճակը կարող է անվանվել կոնվերսիոն խանգարում[16]։

Դիսոցիացիա տերմինը վերաբերում է անձի գիտակցված գործունեության ինտեգրման մասնակի կամ ամբողջական խաթարմանը, որի հետևանքով անձը կարող է իրեն անջատված կամ օտարացված զգալ սեփական հույզերից, մարմնից և/կամ անմիջական շրջակա միջավայրից։ Ծայրահեղ դեպքերում դա կարող է ախտորոշվել որպես դեպերսոնալիզացիոն խանգարում։ Կան նաև այնպիսի վիճակներ, որ դիտարկվում են որպես նյարդաբանական, երբ անձը կարծես գիտակցաբար ընկալում է նյարդաբանական գրգիռներ, որոնք իրականում չեն կարող առաջանալ նյարդային համակարգի այն հատվածից, որին դրանք սովորաբար վերագրվում են, ինչպես, օրինակ, ֆանտոմային ցավի կամ սինեսթեզիայի դեպքում, կամ երբ վերջույթներն անգիտակցական կառավարման են ենթարկվում, ինչպես ուրիշի ձեռքի համախտանիշի դեպքում։

Հոգեկան հիվանդությունները, սովորելու անընդունակությունը և մտավոր հետամնացության տեսակները սովորաբար ինքնին չեն դիտարկվում որպես նյարդաբանական խանգարումներ։ Այնուամենայնիվ, կենսաբանական հոգեբուժությունը ձգտում է հասկանալ հոգեկան խանգարումները՝ նյարդային համակարգում դրանց հիմքի տեսանկյունից։ Կլինիկական պրակտիկայում հոգեկան խանգարումները սովորաբար բացահայտվում են հոգեկան վիճակի հետազոտության կամ կառուցակարգված հարցազրույցի կամ հարցաթերթիկի այլ ձևի միջոցով։ Ներկայումս միայն նեյրոպատկերավորումը չի կարող ճշգրիտ ախտորոշել հոգեկան խանգարումը կամ որոշել դրա զարգացման ռիսկը, սակայն այն կարող է օգտագործվել այլ բժշկական վիճակների, օրինակ՝ գլխուղեղի ուռուցքը, բացառելու համար[17]։ Հետազոտություններում նեյրոպատկերումը և այլ նյարդաբանական հետազոտությունները կարող են կապեր ցույց տալ հաղորդված և դիտարկված հոգեկան դժվարությունների ու նեյրոնային ֆունկցիայի որոշակի ասպեկտների կամ ուղեղի կառուցվածքի տարբերությունների միջև։ Ընդհանուր առմամբ, բազմաթիվ գիտական ոլորտի մասնագետներ փոխհամագործակցում են՝ հոգեկան գործունեության հիմքում ընկած գործընթացները հասկանալու նպատակով, և դրանցից շատերը միավորվում են կոգնիտիվ գիտության շրջանակում։ Նյարդաբանական և հոգեկան խանգարումների միջև տարբերակումը կարող է որոշակի բանավեճերի առարկա լինել՝ թե որևէ կոնկրետ վիճակի պատճառի վերաբերյալ, թե ուղեղի և մտքի ընդհանուր ըմբռնման առումով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ KT, Thakur; E, Albanese; P, Giannakopoulos; N, Jette; M, Linde; MJ, Prince; TM, Steiner; T, Dua (14 March 2016). «Neurological Disorders». Mental, Neurological, and Substance Use Disorders: Disease Control Priorities, Third Edition (Volume 4). Chapter 5 Neurological Disorders. Washington (DC): Patel V, Chisholm D, Dua T, et al. էջեր 87–107. doi:10.1596/978-1-4648-0426-7_ch5. ISBN 978-1-4648-0426-7. PMID 27227247.
  2. 1 2 Zis P, Hadjivassiliou M (26 February 2019). «Treatment of Neurological Manifestations of Gluten Sensitivity and Coeliac Disease». Curr Treat Options Neurol (Review). 21 (3): 10. doi:10.1007/s11940-019-0552-7. PMID 30806821.
  3. ↑ «WHO | Neurological Disorders: Public Health Challenges». March 14, 2007. Արխիվացված է օրիգինալից 14 March 2007-ին.
  4. 1 2 Sanders, T.; Liu, Y.; Buchner, V.; Tchounwou, P. B. (2009). «Neurotoxic effects and biomarkers of lead exposure: A review». Reviews on Environmental Health. 24 (1): 15–45. doi:10.1515/reveh.2009.24.1.15. PMC 2858639. PMID 19476290.
  5. ↑ «Coeliac disease: recognition, assessment and management. NICE guideline [NG20]». nice.org.uk. September 2015. Վերցված է 18 September 2017-ին.
  6. ↑ Li Y, Peppelenbosch MP (April 2020). «Hepatitis E virus and neurological manifestations». Journal of the Neurological Sciences. 423 117388. doi:10.1016/j.jns.2021.117388. PMID 33714454. S2CID 232133206.
  7. ↑ Abugable, Arwa A.; Morris, Julia L.M.; Palminha, Nelma M.; Zaksauskaite, Ringaile; Ray, Swagat; El-Khamisy, Sherif F. (Sep 2019). «DNA repair and neurological disease: From molecular understanding to the development of diagnostics and model organisms». DNA Repair (Amst.). 81 102669. doi:10.1016/j.dnarep.2019.102669. PMID 31331820.
  8. 1 2 Wang H, Dharmalingam P, Vasquez V, Mitra J, Boldogh I, Rao KS, Kent TA, Mitra S, Hegde ML (January 2017). «Chronic oxidative damage together with genome repair deficiency in the neurons is a double whammy for neurodegeneration: Is damage response signaling a potential therapeutic target?». Mech Ageing Dev. 161 (Pt A): 163–176. doi:10.1016/j.mad.2016.09.005. PMC 5316312. PMID 27663141.
  9. ↑ Wang H, Kodavati M, Britz GW, Hegde ML (2021). «DNA Damage and Repair Deficiency in ALS/FTD-Associated Neurodegeneration: From Molecular Mechanisms to Therapeutic Implication». Front Mol Neurosci. 14 784361. doi:10.3389/fnmol.2021.784361. PMC 8716463. PMID 34975400.
  10. ↑ Merck Manual: Brain, Spinal Cord and Nerve Disorders
  11. ↑ «Veterinary Neurological Centre - Neurological Signs and Diseases». Արխիվացված է օրիգինալից 2016-11-02-ին. Վերցված է 2010-01-27-ին.
  12. ↑ «Merck Veterinary Manual». Merck Veterinary Manual.
  13. 1 2 Val Danilov, Igor (29 November 2024). «The Origin of Natural Neurostimulation: A Narrative Review of Noninvasive Brain Stimulation Techniques». OBM Neurobiology. 08 (4): 1–23. doi:10.21926/obm.neurobiol.2404260.
  14. ↑ Eskinazi, Daniel; Mindes, Janet (8 January 2001). «Alternative Medicine: Definition, Scope and Challenges». Asia-Pacific Biotech News. 05 (1): 19–25. doi:10.1142/S0219030301001793.
  15. ↑ Butler, C (1 March 2005). «Neurological syndromes which can be mistaken for psychiatric conditions». Journal of Neurology, Neurosurgery & Psychiatry. 76 (suppl_1): i31–i38. doi:10.1136/jnnp.2004.060459. PMC 1765684. PMID 15718219.
  16. ↑ Roelofs, K.; Pasman, J. (2016). «Stress, childhood trauma, and cognitive functions in functional neurologic disorders». Functional Neurologic Disorders. Handbook of Clinical Neurology. Vol. 139. էջեր 139–155. doi:10.1016/B978-0-12-801772-2.00013-8. ISBN 978-0-12-801772-2. ISSN 0072-9752. PMID 27719835. S2CID 8534792.
  17. ↑ «NIMH publications (2009) Neuroimaging and Mental Illness». Արխիվացված է օրիգինալից March 7, 2010-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Disorder Index of the National Institute of Neurological Disorders and Stroke
Դասակարգում