Նմանության տեսություն
Նմանության տեսություն, ուսմունք ֆիզիկական երևույթների նմանության պայմանների մասին: Մոդելավորման և նմանակման եղանակներով բարդ երևույթների փորձարարական հետազոտությունների գիտական հիմքն է: Ֆիզիկական երևույթները, պրոցեսները կամ համակարգերը նման են, եթե համապատասխան պահերին տարածության համապատասխան կետերում մի համակարգի վիճակը բնութագրող փոփոխական մեծությունների արժեքները համեմատական են մյուս համակարգի համապատասխան մեծություններին (ֆիզիկական նմանություն): Այդ մեծություններից յուրաքանչյուրի համար համեմատականության գործակիցը կոչվում է նմանության գործակից: Ֆիզիկական նմանության դեպքում երկու համակարգերի համապատասխան ֆիզիկական պարամետրերի դաշտերը համեմատական են տարածության և ժամանակի մեջ: Այդ պարամետրերից կազմված հնարավոր բոլոր չափազուրկ կոմբինացիաներն ունեն միևնույն թվային արժեք: Դիտարկվող երևույթների որոշիչ պարամետրերից կազմված չափազուրկ կոմբինացիաները կոչվում են նմանության հայտանիշներ: Օրինակ, հիդրոմեխանիկայում նմանության կարևորագույն հայտանիշներն են Ռեյնոլդսի թիվը, Մախի թիվը, Ֆրուդի թիվը, Ստրուհալի թիվը, Պրանդտլի թիվը, Պեկլեի թիվը:
Նմանության հայտանիշների մեջ մտնող այն ֆիզիկական պարամետրերը, որոնք ունեն չափողականություն, նման համակարգերի համար կարող են ընդունել տարբեր արժեքներ, սակայն նմանության չափազուրկ հայտանիշները պետք է ունենան նույն արժեքը: Նման համակարգերի այս հատկության վրա է հիմնված մոդելավորումը: Եթե ուսումնասիրվող ֆիզիկական երևույթներում կամ համակարգերում տեղի ունի նմանության ոչ բոլոր հայտանիշների հավասարություն, ապա նմանությունը ոչ լրիվ է կամ մասնակի և առավել հաճախ է հանդիպում գործնականում:
Նմանության տեսության կիրառությունների ոլորտը չափազանց լայն է: Այն հնարավորություն է տալիս նախապես ընտրելու բարդ ֆիզիկական երևույթների որոշիչ չափազուրկ պարամետրերի համակարգը, ինչպես նաև հիմք է հանդիսանում փորձը ճիշտ դնելու և փորձի արդյունքները մշակելու համար:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гухман А. А. Введение в теорию подобия. — М.: Высшая школа, 1973. — 296 с.
- Клайн С. Дж. Подобие и приближенные методы. — М.: Мир, 1968. — 302 с.
- Седов Л. И. Методы подобия и размерности в механике. — М.: Наука, 1987. — 423 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 310)։ |