Նիսիկի-է

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Կայսերն ընտանիքի հետ վայելում է խաղաղության պահը», Յասուձի Ինոե, 1887 թ.

Նիսիկի-է (ճապ.՝ 錦絵, «դիպակե նկարներ», հայտնի է նաև որպես էդո-է), ճապոնական արվեստի ուկիյո-է ժանր, որն իրենից ներկայացնում է բազերանգ պատկերների փայտափորագրություն: Նիսիկի-է տեխնոլոգիան հայտնագործվել է 1760-ական թվականներին և մասսայականություն է ձեռք բերել նկարիչ Սուձուկի Հարունոբուի շնորհիվ, որը ստեղծել է նիսիկի-է տեխնիկայով բազմաթիվ աշխատանքներ 1765 թվականից հետո[1]:

«Ճապոնացի ռազմական սպաները քննարկում են մարտավարությունը», Միձունո Տոսիկատա

Մինչև նիսիկի-է տեխնոլոգիայի հայտնագործումը ուկիյո-է ժանրի բազմաթիվ աշխատանքներ տպագրվել են սև-սպիտակ տարբերակով, այնուհետև նկարազարդվել ձեռքով: Նիսիկի-է-ի երևան գալով փորագրությունները դարձան ավելի իրատեսական և արտահայտիչ[2]: Նիսիկի-է-ի համար օգտագործվում էին ջրային և բուսական հիմքով ներկանյութեր, որը հնարավորություն էր տալիս ստեղծել տարբեր բազմաթիվ երանգներ: Դրա շնորհիվ նկարիչները կարողանում էին պատկերել տարբեր նրբերանգներ և նուրբ գունային անցումներ, օրինակ արտացոլումը ջրում կամ հայելում, թափանցիկ գործվածքի տակ թաքցված առարկաների պատկերումը[2]: Նիսիկի-է-ի ստեղծման համար յուրաքանչյուր գույնի համար ստեղծվում է փայտի առանձին հատված, այնուհետև այն օգտագործվում է որպես դրոշմ: Կինրոկու ազգանունով փորագրողը համարվում է ծաղիկների առանձին տեսակների պատկերման համար օգտագործվող բազմաթիվ գույների համադրման տեխնոլոգիայի հայտնագործողը[1]: Նիսիկի-է տեխնիկայով առաջին աշխատանքները դարձան Էդոյի հարուստ արիստոկրատների խմբի կողմից պատվիրված օրացույցները[3]: Այս ոճը և տեխնիկան երբեմն անվանում են նաև Էդո-է (ճապ.՝ 江戸絵) ի պատիվ Էդո քաղաքի: Ուկիյո-է-ի վարպետներ Կացուշիքա Հոքուսայի և Ուտագավա Հիրոշիգեի ժամանակ դրոշմվածքների ստեղծման համար օգտագործվում էր շուրջ 20 տարբեր գույներ[2]: Նկարիչները փորձում էին միմյանց գերազանցել ոչ միայն գույներին տիրապետելու, այլև կատարյալ կոմպոզիցիաների ստեղծման գործում[2]:

Մեյձիի ժամանակաշրջանում նիսիկի-է տեխնիկայով աշխատանքներ էին կատարվում նորաձևության ուղղությունների, այլ երկրներից բերված ապրանքների, իրադարձությունների և այլ թեմաներով ստեղծագործությունների նկարազարդումների համար: Այդ ժամանակ մեծ կիրառություն ուներ թերթային նիսիկի-է (ճապ.՝ 新聞錦絵 սիմբուն նիսիկի-է) ոճը: Նկարիչ- փորագրիչները նկարազարդումներ էին կատարում Տոկիո Նիթինիթի Սիմբուն կամ Յուբին Հոթի Սիմբուն թերթերի հոդվածների համար:

Փայտափորագրական նկարազարդումները մեծ պահանջարկ ունեին առաջին ճապոնա-չինական պատերազմի տարիներին (1894-1895), պատերազմի 9 ամիսների ընթացքում ստեղծվեցին շուրջ 3 հազար փորագրություններ[4]: Այս նկարազարդումներում հիմնականում գովաբանում էին ճապոնական բանակին և նվաստացնում չինական զորքերին: Վառ գույները, հրապուրիչ սյուժեները և կատարման մատչելիությունը նիսիկի-է-ին դարձնում էին այլընտրանքային մրցակից այդ ժամանակներում նոր ի հայտ եկող սև և սպիտակ լուսանկարչության համար:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Forbes, Andrew ; Henley, David (2012). Suzuki Harunobu: 100 Beauties. Chiang Mai: Cognoscenti Books. ASIN: B00AC2NB8Y
  • Munsterberg, Hugo (1957). "The Arts of Japan: An Illustrated History." Tokyo: Charles E. Tuttle Company.
  • Paine, Robert Treat and Alexander Soper (1955). "The Art and Architecture of Japan." New Haven: Yale University Press.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Nishiki-e»։ Encyclopædia Britannica 
  2. 2,0 2,1 2,2 2,3 «The evolution of ukiyo-e and woodblock prints»։ Khan Academy 
  3. «Woodblock Prints in the Ukiyo-e Style» (անգլերեն)։ The Metropolitan Art Museum 
  4. Keene Donald (1983)։ Impressions of the Front։ Philadelphia: Philadelphia Museum of Art