Նիկոլոզ Բարաթաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox auteur.png
Նիկոլոզ Բարաթաշվիլի
ნიკოლოზ ბარათაშვილი.jpg
Ծնվել է դեկտեմբերի 4, 1817({{padleft:1817|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:4|2|0}})
Ծննդավայր Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանվել է հոկտեմբերի 9 (21), 1845 (27 տարեկանում)
Վախճանի վայր Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտություն բանաստեղծ և գրող
Լեզու վրացերեն[1] և ռուսերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Կրթություն Թիֆլիսի գիմնազիա
Ուշագրավ աշխատանքներ Q28096340? և Q28096342?
Nikoloz Baratashvili signature.svg
Նիկոլոզ Բարաթաշվիլի Վիքիդարանում
Nikoloz Baratashvili Վիքիպահեստում

Նիկոլոզ Մելիտոնի Բարաթաշվիլի (վրաց.՝ ნიკოლოზ მელიტონის ძე ბარათაშვილი, դեկտեմբերի 4, 1817({{padleft:1817|4|0}}-{{padleft:12|2|0}}-{{padleft:4|2|0}}), Թիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 9 (21), 1845, Գանձակ, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն), վրացի բանաստեղծ, վրացական ռոմանտիզմի ականավոր ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլոզ Բարաթաշվիլին ծնվել է 1817 թվականի դեկտեմբերի 4-ին Թիֆլիսում։ Նրա հայրը՝ Մելիտոն Բարաթաշվիլին (1795—1860), ծագում էր վրացական Բարաթաշվիլի իշխանական տոհմից, իսկ մայրը՝ Եփիմիան (1801—1849), ականավոր Օրբելիանի տոհմից։

Գրողը ունեցել է ծանր ճակատագիր։ Հիմա նա համարվում է «վրացական գրականության դասական», բայց նրա կենդանության օրոք ոչ մի բանաստեղծություն լույս չի տեսել։

1827 թվականին ընդունվել է Թիֆլիսի ազնվականական գիմնազիան, որն ավարտել է 1835 թվականին: Այդ կրթօջախում նրան դասավանդած ուսուցիչների մեջ էր նաև վրացի անվանի հասարակական-քաղաքական գործիչ, փիլիսոփա Սոլոմոն Դոդաշվիլին, որի հայացքների ազդեցությամբ պատանի Նիկոլոզի հոգին նույնպես տոգորվել է մարդասիրության և ազգային ազատագրության գաղափարներով: Լինելով աղքատացած ազնվականի զավակ և գտնվելով նյութական կարիքի մեջ՝ նա հարկադրված էր գիմնազիան ավարտելուց հետո պետական ծառայության ընդունվել դատա-պատժական էքսպեդիցիա կոչվող մի հիմնարկությունում որպես շարքային աստիճանավոր և ոչ թե, ինչպես ինքն էր ցանկանում, շարունակել ուսումը և բարձրագույն կրթություն ստանալ Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի համալսարանում:

Արդեն իսկ 1840-ական թվականների սկզբներին երիտասարդ Նիկոլոզը բանաստեղծի համբավ է ձեռք բերել, նախաձեռնել, կազմակերպել և ղեկավարել գրական մի խմբակ, որի անդամները հետագայում հիմնադրեցին վրացական առաջին մշտական գործող թատրոնը (1850 թվականին), սկսեցի հրատարակել «Ցիսկարի» ամսագիրը (1852 թվականից): Տաղանդավոր բանաստեղծի կյանքում ճակատագրական դեր է խաղացել նրա անպատասխան սերը իշխանուհի Եկատերինա Ալեքսանդրի Ճավճավաձեի՝ վրաց նշանավոր բանաստեղծ, իշխան Ալեքսանդր Գարսևանի Ճավճավաձեի դստեր նկատմամբ: Վերջինս, մերժելով պոետին, ամուսնացել է Մեգրելիայի տիրոջ՝ իշխան Դավիթ Դադիանիի հետ: Բարաթաշվիլին իր հույզերը, ապրումները, տվայտանքները անչափ հուզիչ, տպավորիչ կերպով արտահայտել է անպատասխան սիրո առարկային ձոնված բանաստեղծություններում, որոնք սիրային քնարերգության փայլուն նմուշներ են համարվում:

1844 թվականին՝ հոր վերջնականապես սնանկանալուց հետո Նիկոլոզն ստիպված էր ապրուստի միջոցներ հայթայթելու նպատակով լքել հայրենի երկրամասը և պետական ծառայության անցնել սկզբում՝ Նախիջևանում, ապա՝ Գանձակում, որտեղ զբաղեցրել է գավառակի պետի տեղակալի պաշտոնը: Կարճ ժամանակ անց հենց Գանձակում էլ հիվանդացել է մալարիայով, վախճանվել 27 տարեկան հասակում և թաղվել տեղի հայկական գերեզմանատանը: 1893 թվականի ապրիլի 25-ին նրա աճյունը տեղափոխել են հայրենիք և մեծ պատիվներով ու հանդիսություններով, հսկայական բազմության մասնակցությամբ վերահուղարկավորել Թիֆլիսի Դիդուբե թաղամասի գերեզմանատանը: Բայց դա էլ հանգուցյալ բանաստեղծի աճյունի վերջնական հանգրվանը չէր. 1938 թվականին նրա մասունքներն ամփոփվեցին Մթածմինդա սարի վրա՝ Վրաստանի հասրակական-քաղաքական և մշակութային մեծ գործիչների պանթեոնում:

Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլոզ Բարաթաշվիլու ստեղծագործություններին վրացի ընթերցողները բախտ են ունեցել առաջին անգամ ծանոթանալու բանաստեղծի վախճանվելուց յոթ տարի անց միայն, երբ վերջապես լույս ընծայվեցին նրա երկերից մի քանիսը: Պոետի բանաստեղծական ժառանգությունը բաղկացած է ընդամենը երեսունվեց բանաստեղծությունից և «Քարթլիի բախտը» պատմական պոեմից: Նրա ստեղծագործության ամենակատարյալ նմուշը, գլուխգործոցն է համարվում հզոր ներշնչանքով գրված «Մերանի» ծավալուն բանաստեղծությունը, որն այսօր էլ անչափ սիրված է վրացի, և ոչ միայն վրացի, ընթերցողների կողմից (այդ բանաստեղծությունը թարգմանված է շատ ու շատ ժողովուրդների լեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն): «Մերանի»-ի ողբերգական լավատեսությունը ռոմանտիկ հոգու մի ցնցող հռչակագիր է կարծես, եռանդուն, կայտառ, կենսահաստատ, հեղափոխական ոգով տոգորված հռչակագիր: «Մերանին» վրացական ռոմանտիզմի նշանակալից երկերից է, թերևս՝ ամենանշանակալիցը թե՛ ազգային ու փիլիսոփայական և թե՛ գեղարվեստական ու գեղագիտական տեսանկյունից:

Բրոքհաուզի և Էֆրոնի նշանավոր հանրագիտարանային բառարանում դեռևս տասնիններորդ դարի վերջին և քսաներորդ դարի սկզբին Նիկոլոզ Բարաթաշվիլու ստեղծագործության մասին գրվել է. «Անձնական կյանքում ունեցած ծանր անհաջողությունները և շրջապատող միջավայրի ոչնչականությունը թախծի, սևամաղձության կնիք են դրել ստեղծագործության վրա այս բանաստեղծի, որին «վրացական Բայրոն» պատվանունով են մեծարում: Իր դարաշրջանում, որը բնորոշվում էր լեռնցիների դեմ մղվող կռիվներով և մարտական սխրանքների նկատմամբ սքանչացումով, նա կոչ է անում՝ ձգտել մի ուրիշ, ավելի լավ փառքի՝ երջանիկ դարձնել իրենց գյուղացիներին: Նա ծարավի է ինքնազոհաբերման՝ հանուն հայրենիքի: Բարաթաշվիլու հոռետեսությունը չի տեղավորվում անձնական դժգոհության շրջանակներում, դա փիլիսոփայական բնույթ ունի և պայմանավորված է մարդկային հոգու համընդհանուր պահանջմունքներով: Բարաթաշվիլին վրաց առաջին բանաստեղծն ու մտածողն է, ով իր հոյակերտ ստեղծագործություններում մարմնավորել է արդարության և ազատության համամարդկային գաղափարները»:

«Քարթլիի բախտը» պոեմում հեղինակը ներկայացնում է վրաց արքա Հերակլ Երկրորդի և նրա առաջին նախարարի՝ Սոլոմոն Լեոնիձեի վեճը՝ կապված հայրենիքի ապագայի հետ: Վերջինս դեմ էր Ռուսաստանի հետ Վրաստանի միավորմանը, գտնում էր, որ միավորման դեպքում Վրաստանը կկորցնի իր ազգային ինքնությունը: Գրաճանաչ բոլոր վրացիներին է քաջածանոթ պոեմի կարևոր հատվածներից մեկը՝ Լեոնիձեի կնոջ ողբերգը, որտեղ ասվում է. «Քնքուշ սոխակը ի՝նչ հաճույք կարող է ստանալ իրեն մատուցվող պատիվներից, երբ վանդակված է, գերված»: Ե՛վ հեղինակի, և՛ ընթերցողի համակրանքը Սոլոմոնի կողմն է, սակայն ի վերջո գերակայում է պատմական օբյեկտիվ իրադրությունից բխած ռացիոնալ որոշումը:

Նիկոլոզ Բարաթաշվիլին հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վրացական պոեզիա», Երևան, 1983թ., Երևանի պետհամալսարանի հրատարակչություն, էջ 105-132

Հայերեն թարգմանությամբ, առանձին գրքով լույս է տեսել նաև Նիկոլոզ Բարաթաշվիլու ստեղծագործությունների հատընտիր ժողովածուն:

Նիկոլոզ Բարաթաշվիլի - «Հատընտիր», Երևան, 1968 թ., «Հայաստան» հրատարակչություն

     Թռչո՜ւմ է, տանո՜ւմ անդարձ-անուղի իմ նժույգը ինձ,
      Սև անգղն է միայն սարսուռ կռինչով կանչում իմ հետքից.
     Թռի՛ր, իմ նժույգ, օ՜,  չունի սահման քո սլացքը սեգ,
     Եվ հովին տալով՝ ցրիր խոհերիս փոթորիկը սև:
  Ճեղքի՛ր հողմը ժանտ, պատռի՛ր ջրերը, սավառնի՛ր գլխով ժայռ ու ձորերի,
  Թռի՛ր ու կարճի՛ր անհամբեր վազքիս ճամփեքին ընկած շարանն օրերի,
   Թռի՛ր, իմ թռչուն,  չփորձես ծածկվել ո՛չ գոռ հեղեղից, ո՛չ ցուրտ ու տապից,
  Որքան էլ հոգնած ու անուժ լինեմ՝ վազքդ չմեղմես, չխղճաս դու ինձ:
  Ավա՜ղ, հայրենի՛ք, հեռանում եմ ես, մտերիմներիս հրաժեշտ տալիս,
  Թող էլ չտեսնեմ հեգ ծնողներիս, չլսեմ շշունջն անուշիկ յարիս,
  Ուր գիշերն իջնի, այնտեղ լուսանա, այնտեղ էլ գտնեմ հայրենիք ու հող
  Եվ սրտիս անհուն գաղտնիքը պատմեմ միայն աստղերին ինձ հետ սլացող...
      Թող նետեմ ծովին հառաչը սրտիս՝ մասնիկը հոգուս,
      Եվ չքնաղագեղ մղումին քո սեգ՝ խենթ, փոթորկահույզ,
      Թռի՛ր, իմ նժույգ, օ՜, չունի՛ սահման քո սլացքը սեգ,
      Եվ հովին տալով՝ ցրիր խոհերիս փոթորիկը սև...
        /հատված Նիկոլոզ Բարաթաշվիլու ,,Մերանի,, բանաստեղծության՝ Հովհաննես Կարայանի թարգմանությունից/

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]