Նիկոլա Տեսլայի թանգարան
Նիկոլա Տեսլայի թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Բելգրադ |
Ղեկավարության նստավայր | Բելգրադ, Սերբիա |
Հիմնադրված է | դեկտեմբերի 5, 1952 |
Կայք | nikolateslamuseum.org |
Նիկոլա Տեսլայի թանգարան (սերբ.՝ Музеј Николе Тесле / Muzej Nikole Tesle), գիտական թանգարան Բելգրադի կենտրոնական մասում: Ամբողջությամբ նվիրված է սերբ ֆիզիկոս, գյուտարար Նիկոլա Տեսլային:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը հիմնադրվել է 1952 թվականի դեկտեմբերի 5-ին Հարավսլավիայի կառավարության որոշմամբ: Տեղակայված է Բելգրադի Պրոլետարների բրիգադի փողոցի երկհարկանի առանձնատանը, որ կառուցվել է 1927 թվականին սերբ ճարտարապետ Դրաժիչ Բրաշովանի նախագծով:
Թանգարանի առաջին հարկում ներկայացված են Նիկոլա Տեսլայի հեղինակած սարքերի մոդելներ, ինչպես նաև գիտնականի կյանքին ու գործունեությանը վերաբերող նյութեր, փաստաթղթեր:
Երկրորդ հարկում պահպանվում են Տեսլայի ձեռագրերը, գրառումների տետրերը, նամակները, անձնական գրադարանի գրքերը և ուրիշ այնպիսի նյութեր, որոնցով կարելի է ուսումնասիրել ֆիզիկոսի ստեղծագործական ժառանգությունը:
Թանգարանի հավաքածուն ընդհանուր առմամբ ներառում է 160.000 բնօրինակ փաստաթուղթ, մոտ 2.000 գիրք և ամսագիր, 1.200 տեխնիկական գյուտ, Նիկոլա Տեսլային պատկանող մի քանի հազար լուսանկար, գծագիր, նկար, անձնական իրեր:
Նիկոլա Տեսլայի բոլոր փաստաթղթերն ու անձնական իրերը, Տեսլայի վերջին ցանկության համաձայն, 1949 թվականին Բելգրադին է փոխանցել Սավա Կոսանովիչը:
Ներկայումս թանգարանը միակն է աշխարհում, որտեղ պահվում են մեծ գիտնականի բնօրինակ փաստաթղթերն ու անձնական իրերը: Այդ պատճառով թանգարանն ամեն կերպ աջակցում է Տեսլայի թողած ժառանգությունն ուսումնասիրողներին` տրամադրելով փաստաթղթերն ուսումնասիրելու հնարավորություն[1]: