Jump to content

Նիկոլայ Բերզարին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նիկոլայ Բերզարին
մարդ Խմբագրել Wikidata
Սեռարական Խմբագրել Wikidata
ՔաղաքացիությունԽՍՀՄ Խմբագրել Wikidata
Alle­gian­ceԽՍՀՄ Խմբագրել Wikidata
ԱնձնանունՆիկոլայ Խմբագրել Wikidata
Ծննդյան օր1 ապրիլի 1904 Խմբագրել Wikidata
ԾննդավայրՍանկտ Պետերբուրգ Խմբագրել Wikidata
Մահվան օր16 հունիսի 1945 Խմբագրել Wikidata
Մահվան վայրԲեռլին Խմբագրել Wikidata
Մահվան հանգամանքմահը պատահարից Խմբագրել Wikidata
Մահվան պատճառճանապարհատրանսպորտային պատահար Խմբագրել Wikidata
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց Խմբագրել Wikidata
Number of children2 Խմբագրել Wikidata
Մասնագիտությունսպա Խմբագրել Wikidata
Զբաղեցրած պաշտոնCity Commandant Խմբագրել Wikidata
Գործունեության սկիզբ1918 Խմբագրել Wikidata
ԿուսակցությունԽՄԿԿ Խմբագրել Wikidata
Զինվորական կոչումգեներալ-գնդապետ Խմբագրել Wikidata
Commander of (DEPRECATED)27th Army, 34th Army (Soviet Union), 39th Army, 5th Shock Army Խմբագրել Wikidata
Ռազմական ստորաբաժանումԲանվորա-գյուղացիական Կարմիր բանակ Խմբագրել Wikidata
ԱնդամակցությունՀամԼԿԵՄ Խմբագրել Wikidata

Նիկոլայ Էրաստովիչ Բերզարին (ռուս.՝ Никола́й Эра́стович Берза́рин, ապրիլի 1, 1904(1904-04-01)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն[2] - հունիսի 16, 1945(1945-06-16)[2][1], Բեռլին, Գերմանիան 1945-1949 թվականներին[2]), խորհրդային զինվորական հրամանատար: Կարմիր բանակի 27-րդ, 34-րդ, 39-րդ և 5-րդ հարվածային բանակների հրամանատարը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Խորհրդային զորքերի կողմից գրավված Բեռլինի առաջին կոմենդանտը և Բեռլինի կայազորի պետը (24 ապրիլի 1945 - 16 հունիսի 1945 թվական): Գեներալ-գնդապետ (20 ապրիլի 1945 թվական): Խորհրդային Միության հերոս (6 ապրիլի 1945):

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլայ Էրաստովիչ Բերզարինը ծնվել է 1904 թվականի ապրիլի 1-ին Սանկտ Պետերբուրգ քաղաքում՝ բանվորի և կարուհու ընտանիքում: Նիկոլայը, նրա եղբայրը և երեք քույրերը մնացին առանց ծնողների. հայրը մահացել է 1917 թվականին, մայրը՝ 1918 թվականին:

Քաղաքացիական պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին ընդունվել է Պետրոգրադի տարրական դպրոցի երեկոյան դասընթացներին, ավարտել է կրթությունը «կազմարար» մասնագիտությամբ:

1918 թվականի հոկտեմբերի 14-ին Բերզարինը կամավոր միացավ Կարմիր բանակին և մարտնչեց Հյուսիսային ռազմաճակատում սպիտակգվարդիականների և անգլիական զորքերի դեմ: Այնուհետև ծառայել է Պետրոգրադյան մարտական հատվածում: 1921 թվականին մասնակցել է Կրոնշտադտյան ապստամբության ճնշմանը, իսկ գնդացրային ջոկատի պետի օգնականի և դասակի հրամանատարի պաշտոնով՝ Ամուրյան նահանգում ապստամբական ջոկատների ջախջախմանը Զազեյսկի ապստամբության ժամանակ 1924 թվականին: 1923 թվականին ավարտել է Պետրոգրադի հրամանատարական կազմի դասընթացները:

Համամիութենական Լենինյան կոմունիստական երիտասարդական միության անդամ 1922 թվականից: Համամիութենական Կոմունիստական կուսակցության (բոլշևիկյան) անդամ 1926 թվականից: 1924 թվականի մարտից հրամանատարել է 2-րդ Ամուրյան հրաձգային դիվիզիայի 5-րդ Ամուրյան հրաձգային գնդի գնդային դպրոցի դասակը:

Միջպատերազմական շրջան

[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին ամուսնացել է խնայողական դրամարկղերի աշխատակից Նատալյա Պրոսինյուկի հետ. ամուսնության մեջ նրանք ունեցել են երկու դուստր՝ Լարիսա (1926 թվականին) և Իրինա (1938 թվականին):

1925 թվականին ավարտել է Կոմինտերնի անվան Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի «Վիստրել» հրամանատարական կազմի կատարելագործման հրաձգային-մարտավարական դասընթացների գնդացրային դասընթացները, 1927 թվականին՝ Սիբիրյան զինվորական օկրուգի հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները (Օմսկ): 1927 թվականին վերադարձել է Սիբիր, որտեղ հրամանատարել է դասակ: 1928 թվականի հոկտեմբերին նշանակվում է Իրկուտսկի հրամանատարական կազմի դասընթացների դասարանային հրամանատար: Ակտիվորեն մասնակցում է Չին-Արևելյան երկաթուղային մարտերին, որից հետո երկար տարիներ շարունակում է ծառայությունը Հեռավոր Արևելքում: 1931 թվականի ապրիլից հրամանատարել է վաշտ, 1932 թվականի մարտից եղել է Իրկուտսկի հետևակային հրամանատարների պատրաստման դասընթացների կուսակցական բյուրոյի պատասխանատու քարտուղար, 1933 թվականի հուլիսից ծառայել է Խաբարովսկում Հատուկ կարմիր դրոշի Հեռավոր Արևելյան բանակի շտաբում որպես մարտական պատրաստության բաժնի պետի օգնական և հատուկ հանձնարարությունների հրամանատար: 1935 թվականի փետրվարից՝ Հատուկ կարմիր դրոշի Հեռավոր Արևելյան բանակի 26-րդ հրաձգային դիվիզիայի 77-րդ հրաձգային գնդի հրամանատար: 1937 թվականի օգոստոսին նշանակվել է Հատուկ կարմիր դրոշի Հեռավոր Արևելյան բանակի Պրիմորսկի զորքերի խմբի շտաբի 2-րդ բաժնի պետ:

1938 թվականի հուլիս-օգոստոսին հրամանատարել է Հատուկ կարմիր դրոշի Հեռավոր Արևելյան բանակի 32-րդ հրաձգային դիվիզիան, որը մասնակցել է Խասան լճի մոտ մարտերին[3]: 1938 թվականի դեկտեմբերին նշանակվել է նույն բանակի 59-րդ հրաձգային կորպուսի հրամանատար, իսկ 1940 թվականի հուլիսին՝ Հեռավոր Արևելյան ռազմաճակատի 1-ին Կարմրադրոշ բանակի հրամանատարի տեղակալ: 1941 թվականի մայիսի 28-ից՝ Բալթյան Հատուկ զինվորական օկրուգի 27-րդ բանակի հրամանատար:

Հայրենական մեծ պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայրենական մեծ պատերազմին Բերզարինը մասնակցել է Բալթյան Հատուկ զինվորական օկրուգի 27-րդ բանակի հրամանատարի պաշտոնում, մասնակցել է Բալթյան պաշտպանական գործողությանը, այնուհետև պաշտպանվել է Սելիգեր լճի շրջանում՝ Հյուսիսարևմտյան ռազմաճակատի կազմում: 1941 թվականի դեկտեմբերից հրամանատարել է Հյուսիսարևմտյան ռազմաճակատի 34-րդ բանակը. մասնակցել է 1942 թվականի Դեմյանսկի գործողությանը: 1942 թվականի հոկտեմբերից եղել է 61-րդ բանակի հրամանատարի տեղակալ, 1943 թվականի մարտից՝ 20-րդ բանակի հրամանատարի տեղակալ: 1943 թվականի հունվարի 4-ից՝ Արևմտյան ռազմաճակատի 20-րդ բանակի զորքերի հրամանատար: 1943 թվականի մարտին Վյազմայի տակ ծանր վիրավորվել է, որից հետո մինչև 1943 թվականի օգոստոսը գտնվել է զինվորական հոսպիտալում:

1943 թվականի սեպտեմբերից՝ 39-րդ բանակի հրամանատար Արևմտյան, Կալինինյան և 1-ին Բալթյան ռազմաճակատներում: Մասնակցել է 1943-1944 թվականներին ձմեռային հարձակողական մարտերին վիտեբսկյան ուղղությամբ (Վիտեբսկի հարձակողական գործողություն):

1944 թվականի մայիսի 30-ից՝ 3-րդ Ուկրաինական ռազմաճակատի և 1-ին Բելառուսական ռազմաճակատի (1944 թվականի հոկտեմբերից) 5-րդ հարվածային բանակի հրամանատար: Աչքի է ընկել հարձակողական գործողություններում՝ Յասսի-Կիշինևյան գործողությունում (նրա բանակը ազատագրել է Կիշինևը), Վիսլա-Օդերյան գործողությունում (Բերզարինի բանակը ճեղքել է գերմանական պաշտպանությունը և ապահովել է ռազմաճակատի հարվածային խմբավորման՝ 2-րդ գվարդիական տանկային բանակի մուտքը ճեղքման մեջ), Կյուստրինի շրջանում պլացդարմի պահպանման և ընդլայնման գործողությունում, Բեռլինյան գործողությունում: Բեռլինի մոտակայքում Բերզարինի բանակը հարձակվում էր ռազմաճակատի գլխավոր հարվածային խմբավորման կազմում, իսկ Բեռլինի գրոհման ժամանակ Բերզարինի հրամանատարությամբ 5-րդ հարվածային բանակին հանձնարարվել էր առանձնահատուկ կարևորության մարտական խնդիր՝ տիրել քաղաքի կենտրոնում գտնվող կառավարական թաղամասերին, այդ թվում՝ ռայխի կանցլերությանը, որտեղ գտնվում էր Հիտլերի ռազմակայանը: Բերզարինի հարվածային բանակը ապրիլի 21-ին մտավ Բեռլինի Մարցան (գերմ.՝ Marzahn) թաղամասը:

Նիկոլայ Էրաստովիչ Բերզարինը եղել է Կոմունիստական կուսակցության նվիրված զավակ, Հայրենիքի նվիրյալ, փորձառու, կամային, կարգապահ հրամանատար: Հրամանատարելով բանակներ՝ Ն. Է. Բերզարինը Յասսի-Կիշինևյան, Վիսլա-Օդերյան, Բեռլինյան և այլ գործողություններում իրեն դրսևորել է որպես տաղանդավոր զինվորական գործիչ: Գործողությունների մշակմանը և զորքերի ղեկավարմանը վերաբերվում էր խորաթափանց, ստեղծագործաբար կատարելով բարձրագույն հրամանատարության հրամանները:
- Խորհրդային Միության քառակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Ժուկով Գ. Կ. «Հուշեր և խոհեր»: Հատոր 2։ 3-րդ հրատարակություն։ Մ.: Նովոստի մամուլի գործակալության հրատարակչություն։ 1978 թվական։ էջ 308:

Բեռլինի կոմենդանտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարշալ Ժուկովը 1945 թվականի ապրիլի 24-ին Բերզարինին նշանակել է Բեռլին քաղաքի առաջին խորհրդային կոմենդանտ և խորհրդային կայազորի պետ:

Հաշվի առնելով 5-րդ հարվածային բանակի առավել հաջող առաջխաղացումը, ինչպես նաև դրա հրամանատար՝ Խորհրդային Միության հերոս, գեներալ-գնդապետ Ն. Է. Բերզարինի հատկապես նշանավոր անձնական հատկանիշները, ապրիլի 24-ին հրամանատարությունը նրան նշանակեց Բեռլինի առաջին խորհրդային կոմենդանտ և խորհրդային կայազորի պետ:
- Խորհրդային Միության քառակի հերոս, Խորհրդային Միության մարշալ Ժուկով Գ. Կ. «Հուշեր և խոհեր»: Հատոր 2։ 3-րդ հրատարակություն։ Մ.: Նովոստի մամուլի գործակալության հրատարակչություն, 1978 թվական։ Էջ 308:

1945 թվականի ապրիլի 28-ին հրապարակվեց Բերզարինի ստորագրած թիվ 1 հրամանը՝ «Բեռլինում ամբողջ իշխանության՝ խորհրդային ռազմական կոմենդատուրայի ձեռքերում անցնելու մասին»: Քաղաքային կոմենդատուրան տեղակայվեց Լիխտենբերգ (գերմ.՝ Lichtenberg) թաղամասում, մինչդեռ խորհրդային կայազորի շտաբ-կայանը, որը նույնպես ենթարկվում էր նրան, գտնվում էր Կարլսհորստ թաղամասում:

Բերզարինին հաջողվեց արագ կազմակերպել Բեռլինի սովյալ քաղաքացիական բնակչության մատակարարումը հիմնական սննդամթերքով: Գործի անցան դաշտային խոհանոցներ, որոնք բեռլինցիներին ապահովում էին անվճար տաք սննդով, մինչև ութ տարեկան երեխաներին նաև կաթ էին տալիս: Վերականգնվեց Կարլսհորստի էլեկտրակայանի աշխատանքը, սկսվեց կամուրջների, էլեկտրահաղորդման գծերի, տրանսպորտային ուղիների, ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնումը[4]:

Ն. Է. Բերզարինը Բեռլինի կոմենդանտի պաշտոնում պաշտոնավարել է 54 օր:

1945 թվականի հունիսի 16-ին Բերզարինը զոհվել է ավտովթարի ժամանակ Շլոսշտրասե և Վիլհելմշտրասե խաչմերուկում (այժմ՝ Ամ-Տիրպարկ և Ալֆրեդ-Կովալկե-Շտրասե) Բեռլինի Ֆրիդրիխսֆելդե թաղամասում:

Նրա մահը ծնեց մահվան մի քանի վարկած, լուրեր և առասպելներ: Առաջին վարկածի համաձայն, վթարի պատճառը եղել է այն, որ գեներալ Բերզարինը, որը մինչ այդ Բեռլինում երթևեկում էր երկանիվ ամերիկյան «Harley» մոտոցիկլետով, այդ առավոտ առաջին անգամ նստեց նախորդ օրը նրան նվիրված տրոֆեական գերմանական «Zündapp KS 750» մոտոցիկլետի ղեկին, որը նաև կողային կցորդ ուներ, և չկարողացավ կառավարել այն: Շլոսշտրասե-Վիլհելմշտրասե խաչմերուկում խորհրդային բեռնատարների շարասյուն էր հատում ճանապարհը՝ շինանյութով: Գեներալի մոտոցիկլը 70 կմ/ժ արագությամբ մոտեցավ խաչմերուկին, և գեներալ Բերզարինը, որոշելով սլանալ շարասյան միջով, արագություն հավաքեց: Սակայն կցորդով մոտոցիկլ վարելու հմտությունների բացակայությունը իրեն զգացնել տվեց, Բերզարինը կորցրեց կառավարումը և, բախվելով բեռնատարի ձախ կողին, ստացավ գլխի և կրծքի բազմաթիվ ծանր վնասվածքներ, որոնցից տեղում մահացավ: Նրա հետ մահացավ նաև նրա օգնականը, ով նստած էր մոտոցիկլի կցորդում: Այս տարբերակը ներկայացվել է Ստալինին որպես պաշտոնական հաղորդագրություն:

Ըստ գերմանացի պատմաբան-հետազոտող, Բերզարինի մասին կենսագրական գրքի հեղինակ, Կարլսհորստի Գերմանա-ռուսական թանգարանի տնօրեն Պետեր Յանիվկայության, Բերզարինի արյան մեջ հերձման ժամանակ հայտնաբերվել են նաև ալկոհոլի հետքեր: Այսինքն հնարավոր է, որ նա գտնվել է ոչ սթափ վիճակում:

Ըստ մեկ այլ վարկածի, որը նույնպես հնչեցրել է Պետեր Յանը, վթարի ականատեսի ցուցմունքների համաձայն, ոչ մի բեռնատարների շարասյուն չի եղել: Բերզարինի մոտոցիկլը լրիվ արագությամբ բախվել է առջևի անիվով բարձր քարե եզրաքարին, և մոտոցիկլավարը, դուրս է թռչել մոտոցիկլից:

Երրորդ վարկածը գալիս է Ֆրից Կովիրշկեից՝ Բեռլինի խոշոր ձեռնարկատեր Ֆրից Աշինգերի վարորդից, որի հետ Բերզարինը ստիպված էր գործեր ունենալ, որոնք կապված էին քաղաքի պարենային մատակարարման հետ: Մի անգամ գեներալը «Աշինգեր» ֆիրմայից իր համար վերցրել է թանկարժեք մարզական «Horch» IA-7001 համարանիշներով: Շուտով նրա «Horch»-ը մահացու ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի է ենթարկվել Բեռլինի մոտակայքում AFUS մրցարշավային ավտոճանապարհին[5][6][7][8]:

Որոշ անգլալեզու աղբյուրներ ասում են, որ գեներալ Բերզարինի մահվան մեղավորները եղել են «Վերվոլֆ»-ի մարտիկները[9]:

Գեներալ Ի. Ա. Սերովը, այդ ժամանակ ՍՎԱԳ-ի Գլխավոր պետի տեղակալը, «Գրություններ ճամպրուկից» գրքում (Մ.: Աբրիս, 2017, էջ 299) գրում է, որ «Բերզարինը մեծ արագությամբ գլխով բախվեց առջևում ընթացող «Ստուդեբեքեր»-ին և մահացավ»[10]:

Բեռլինի առաջին կոմենդանտին վերջին ճանապարհ ուղեկցելու էր եկել քաղաքի քաղաքացիական բնակչության շուրջ հազար ներկայացուցիչ:

Թաղված է Մոսկվայում՝ Նովոդևիչյե գերեզմանատանը[11]:

  • Ն. Է. Բերզարինը Բեռլին քաղաքի պատվավոր քաղաքացի է: Այս կոչումը նրան շնորհվել է հետմահու ԳԴՀ-ի կառավարության կողմից 1975 թվականին: Գերմանիայի միավորումից հետո, 1992 թվականին, Բերզարինը հանվել է պատվավոր քաղաքացիների ցուցակից մի շարք այլ խորհրդային զինվորական գործիչների հետ միասին: Թեժ քննարկումներից հետո, 2003 թվականի փետրվարի 11-ին Բեռլինի Սենատը, կառավարող քաղաքապետ Կլաուս Վովերայթի միջնորդությամբ, Բերզարինին վերադարձրեց Բեռլինի պատվավոր քաղաքացու կոչումը՝ նյութերի լրացուցիչ ուսումնասիրության հիման վրա:
  • Բեռլինի Ֆրիդրիխսհայն թաղամասում նրա անունով է կոչվել հրապարակ (գերմ.՝ Bersarinplatz):
  • 2005 թվականի ապրիլից Բեռլինի Մարցան-Հելլերսդորֆ վարչական օկրուգում Բերզարինի անունն է կրում կամուրջը (գերմ.՝ Nikolai-Bersarin-Brücke)[12]:
  • 2020 թվականի հունիսի 24-ին Բեռլինում հանդիսավորությամբ բացվեց գեներալ Բերզարինի հուշատախտակը:
  • Բերզարինի անունը կրում են փողոցներ.
  • ինչպես նաև փողոցներ մերձավոր արտերկրում.
  • 1999 թվականի սեպտեմբերին Բեռլին-Կարլսհորստի ռուս-գերմանական թանգարանում բացվեց փաստագրական ցուցահանդես՝ նվիրված գեներալ Բերզարինի կյանքին և նրա գործունեությանը կոմենդանտի պաշտոնում: Թանգարանի տնօրեն, պատմաբան Պետեր Յանը ասում էր[13].
    Ես ծնվել եմ Բեռլինի մոտակայքում և փաստացի բեռլինցի եմ կյանքիս վեցերորդ ամսից: Իհարկե, ինձ հատկապես հետաքրքրում է այն ամենը, ինչ կապված է հայրենի քաղաքի պատմության հետ: Իսկ դրանում դժվար է գտնել ավելի դրամատիկ ժամանակաշրջան, քան 1945 թվականի ապրիլի վերջը - մայիսի սկիզբը: Հետևաբար, չի կարող ուշադրություն չգրավել այն մարդու կերպարը, ով այդ ժամանակ իր «հրամանատարության» տակ վերցրեց ամբողջ քաղաքը, ղեկավարեց այնտեղ մնացած երկու միլիոն բնակիչների կյանքը։
  • 2005 թվականի հունիսի 16-ին, Բերզարինի մահվան վաթսուներորդ տարելիցին, վթարի վայրում տնկվել է կեչի, 2013 թվականի հունիսի 24-ին այստեղ տեղադրվել է հուշաքար[14]:
  • 2019 թվականին Մերձդնեստրի փոստը թողարկել է փոստային նամականիշ՝ նվիրված Ն. Է. Բերզարինի ծննդյան 115-ամյակին:
  • 2020 թվականին, Հաղթանակի և Նիկոլայ Բերզարինի մահվան 75-ամյակի տարելիցին, առաջին կոմենդանտի հիշատակին և Բեռլինի վերականգնմանը նվիրվեց «Նիկոլայ Բերզարինի վերջին սխրանքը» նախագիծը, որը ներառում էր ցուցահանդեսներ Մոսկվայում և Բեռլինում, մանկական շախմատային մրցաշարեր, արտագնա դասեր[15]:
  • 2020 թվականի դեկտեմբերի 9-ին նրա անունով է կոչվել Սանկտ Պետերբուրգի այգին[16]:
  • Նիկոլայ Բերզարինի անունը որպես կեղծանուն է վերցրել գերմանացի կատարող Թոմաս Բյուկերը իր երաժշտական նախագծի համար (գերմ.՝ Bersarin Quartett)[17]։

Պարգևներ և կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորհրդային Միության հերոս (1945 թվականի ապրիլի 6)
Լենինի շքանշան, երկու անգամ (1945 թվականի փետրվարի 21, ապրիլի 6)
Կարմիր Դրոշի շքանշան, երեք անգամ (1938 թվականի հոկտեմբերի 25, 1944 թվականի նոյեմբերի 3, 1950 թվականի սեպտեմբերի 2)
Սուվորովի շքանշան, 1-ին աստիճան (1945 թվականի մայիսի 29)
Սուվորովի շքանշան, 2-րդ աստիճան (1943 թվականի ապրիլի 9)
Կուտուզովի շքանշան, 1-ին աստիճան (1943 թվականի սեպտեմբերի 22)
Կարմիր Աստղի շքանշան (1941 թվականի փետրվարի 22)
«Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ (1944 թվականի մայիսի 1)
«Վարշավայի ազատագրման համար» մեդալ (1945 թվականի հունիսի 9)
«Բեռլինի գրավման համար» մեդալ (1945 թվականի հունիսի 9)
«Գերմանիայի նկատմամբ հաղթանակի համար Մեծ Հայրենական պատերազմի ընթացքում» մեդալ (1945 թվականի մայիսի 9)
«Աշխատավորների և գյուղացիների Կարմիր բանակի 20 տարին» հոբելյանական մեդալ (1938 թվականի փետրվարի 22)
Պատվո լեգեոն, հրամանատար (Ֆրանսիա)

Պատվավոր քաղաքացիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հիշատակի ցուցատախտակ Բերսարինպլացում, Բեռլինի Ֆրիդրիխսհայն թաղամասում

1975 թվականին Բերսարին հետմահու շնորհվեց Արևելյան Բեռլինի պատվավոր քաղաքացի կոչումը։ Գերմանիայի վերամիավորումից հետո 1992 թվականին նա պաշտոնապես հեռացվեց Բեռլինի պատվավոր քաղաքացիների ցուցակից՝ Բեռլինի Սենատի որոշմամբ։

2003 թվականին Բեռլինի Ներկայացուցիչների պալատի որոշմամբ վերականգնվեց նրա պատվավոր քաղաքացիությունը՝ հաշվի առնելով բնակչության մատակարարման գործում նրա վաստակը։ Վերաշնորհման ընդդիմախոսները պնդում էին, թե Բերսարինը ստալինիստ էր և մասնակից էր ԽՍՀՄ պատերազմի հանցագործություններին՝ լինելով պատասխանատու 1940 թվականին 47,000 բալթների արտաքսման համար։ Սակայն այս մեղադրանքները հետագայում հերքվեցին, քանի որ պարզվեց՝ այդ ժամանակ Բերսարինը տեղակայված է եղել Վլադիվոստոկում։[18]

1947 թվականից մինչև 1991 թվականը Բեռլինի Ֆրիդրիխսհայն թաղամասի Պետերբուրգեր փողոցը, Ներքին օղակաձև ճանապարհի հատվածը, կոչվել է «Բերսարինի փողոց», իսկ Բերսարինպլաց հրապարակը մինչ օրս կրում է նրա անունը։ 2005 թվականի ապրիլին Բեռլինի Մարցան թաղամասում նրա անունով կոչվել է ճանապարհային կամուրջ,[19] այն վայրում, որտեղ 1945 թվականին նրա բանակը հասել էր Բեռլինի սահմաններին։ 2005 թվականին տնկված մի կեչի և հուշաքարը նշում են նրա մոտոցիկլետային վթարի (հավանական) վայրը։

Զինվորական կոչումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մայոր (17.02.1936)
  • Գնդապետ (15.06.1937)
  • Կոմբրիգ (31.12.1938)
  • Գեներալ-մայոր (04.06.1940)
  • Գեներալ-լեյտենանտ (28.04.1943)
  • Գեներալ-գնդապետ (20.04.1945)

Նիկոլայ Էրաստովիչ Բերզարինը դարձավ գեղարվեստական ֆիլմի հերոսի («գեներալ Բերյոզով», որտեղ նրա դերը խաղացել է դերասան Վյաչեսլավ Շալևիչը) նախատիպը՝ «Կոդային անվանում՝ «Հարավային որոտ»» (ռեժիսոր՝ Նիկոլայ Գիբու, «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիա, 1980)[20]:

1970 թվականին Ռիգայի կինոստուդիան թողարկեց «Վերջին կոմենդանտ» վավերագրական ֆիլմը: Ռեժիսոր՝ Շնեյդերով:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 TracesOfWar
  2. 1 2 3 Берзарин Николай Эрастович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  3. ↑ Силаев А. Д. «Уссурийский тигр» — комендант Берлина // Военно-исторический журнал. — 2011. — № 7. — С. 29-32.
  4. ↑ Первый комендант Берлина генерал-полковник Николай Эрастович Берзарин
  5. ↑ Смерть коменданта. Как погиб Николай Берзарин. Авария или убийство? Факты и гипотезы. Արխիվացված 2013-10-03 Wayback Machine
  6. ↑ Фрайгер Рут Вервольф. Осколки коричневой империи. — М.: Яуза, 2007. — (Война и они). — ISBN 5-903339-05-0
  7. ↑ welt.de: Mythos Bersarin: Unfall oder Mord? Արխիվացված 2019-04-19 Wayback Machine(գերմ.)
  8. ↑ Die WELT: Kai Ritzmann. Mythos Bersarin: Unfall oder Mord? Արխիվացված 2019-04-19 Wayback Machine(գերմ.)
  9. ↑ ««Оборотни» в действии или «Вервольф»». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. ↑ Лариса Векслер Первый комендант Берлина — Генерал Берзарин // ПАРТНЁР : журнал. — 2004. — № 6 (81). Архивировано из первоисточника 24 նոյեմբերի 2020.
  11. ↑ … Где нынче крест и тень ветвей…: мемориальная скульптура Новодевичьего Некрополя. — Москва: Penates-Пенаты, 2005. — С. 62.
  12. ↑ Именно в этом историческом месте 21 апреля 1945 года, на перекрёстке улиц Ланцбергер-аллее и Цосенерштрассе, первые советские подразделения пересекли тогдашнюю границу Берлина, пробиваясь к рейхстагу в центре столицы Третьего рейха. Инициатива переименовать мост, который до сих пор назывался Вуле-брюкке, принадлежит районным властям Марцана (Владимир Смелов. ИТАР-ТАСС. 31.05.2005).
  13. ↑ «ИСТОРИЯ / Газета "Своими Именами" №9 от 19.10.2010». www.razlib.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 16-ին.
  14. ↑ Яков Черкасский (2014 թ․ մարտի 28). «Неволя и величие генерал-полковника Берзарина». он-лайн версия бумажного еженедельника «Русская Германия». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 17-ին.
  15. ↑ «Последний подвиг Николая Берзарина». www.facebook.com (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 26-ին.
  16. ↑ «Постановление Правительства Санкт-Петербурга от 09.12.2020 № 1044» (PDF). Արխիվացված (PDF) օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 7-ին.
  17. ↑ «Bersarin Quartett». soundup.world (ռուսերեն). Վերցված է 2024 թ․ մարտի 29-ին.(չաշխատող հղում)
  18. ↑ «Ավելի ուշ պարզվեց, որ ռուսը այդ ժամանակ Բալթյան երկրներում չէր, այլ Սիբիրի Վլադիվոստոկ քաղաքում է եղել»
  19. ↑ Presse- und Fototermin: 60. Jahrestag – Feierstunde mit Senator für Wissenschaft, Forschung und Kultur, Dr. Thomas Flierl, Bezirksbürgermeister Dr. Uwe Klett, Botschaftern und weiterer politischer Prominenz am 21. April vor dem ersten befreiten Haus ...(չաշխատող հղում)
  20. ↑ Кодовое название — «Южный гром». Тридцать лет спустя Արխիվացված 2013-01-26 Wayback Machine // Независимая Молдова

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Великая Отечественная. Командармы. Военный биографический словарь. — М.; Жуковский: Кучково поле, 2005.
  • Баринов В. А. Трагические судьбы красных командиров. — Москва: Вече, 2015. — С. 88—128. — 380 с. — (Военный архив). — ISBN 978-5-4444-3639-4. 
  • Дайнес В. О. Командармы 1941 года: доблесть и трагедия. — Москва: Вече, 2017. — С. 90—115, 386. — 413 с. — (Вся правда о войне). — ISBN 978-5-4444-5731-3. 
  • Левашов М. Комендант Берлина. — М.: Советская Россия, 1965. — 264 с.
  • Малашенко Е. И. Командующие фронтами и армиями в годы Великой Отечественной войны, 1941—1945. — Москва: Вече, 2015. — С. 169—171. — 285 с. — ISBN 978-5-4444-2828-3. 
  • Попов А. Н. Русский Берлин. — Москва: Вече, 2010. — С. 223—225. — 392 с. — (Русские за границей).; ISBN 978-5-9533-4275-9. 
  • Скоробогатов В. Е. Генерал Берзарин. Дойти до Берлина. — М.: Эксмо, 2007. — 380 с.
  • Скоробогатов В. Е. Берзарин. — Москва: Молодая гвардия, 2012. — 363 с. — (Жизнь замечательных людей. Серия биографий; Вып. 1549 (1349)). — ISBN 978-5-235-03499-0.
  • Peter Jahn. Bersarin Nikolaj. — Elefanten Press, Berlin, 1999. — ISBN 3-88520-753-2.
  • Главный миф XX века / Дмитрий Лысков. — М.: Эксмо: Яуза, 2010. — 286 с. — (1937. Большой террор). — ISBN 978-5-699-40066-9.
  • Соловьёв Д. Ю. Все генералы Сталина. Том 2. — М., 2019. — С. 48—49. — ISBN 9785532106444. 
  • Կաղապար:Книга:Wer war wer in der DDR