Նիլսինա Նիլսեն
| Նիլսինա Նիլսեն | |
|---|---|
| Ծնվել է | հունիսի 10, 1850[1] |
| Ծննդավայր | Սվեննբորգ, Սվենբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, DK[2] |
| Մահացել է | հոկտեմբերի 8, 1916[1] (66 տարեկան) |
| Մահվան վայր | Կոպենհագեն, DK[2] |
| Գերեզման | Բիսպերբերգ գերեզմանատուն[2][3] |
| Քաղաքացիություն | Դանիա |
| Կրթություն | Կոպենհագենի համալսարան (1877)[2] |
| Գիտական աստիճան | բժշկության թեկնածու[2] (հունվարի 23, 1885) և almen studentereksamen i Danmark? (1877) |
| Մասնագիտություն | բժիշկ, կանանց իրավունքների պաշտպան, ակադեմիկոս և ֆեմինիստ |
| Զբաղեցրած պաշտոններ | նախագահ |
Նիլսինա Նիլսեն (դանիերեն՝ Nielsine Nielsen, հունիսի 10, 1850[1], Սվեննբորգ, Սվենբորգ, Հարավային Դանիա տարածաշրջան, DK[2] - հոկտեմբերի 8, 1916[1], Կոպենհագեն, DK[2]), առաջին կին գիտնականն ու բժիշկը Դանիայում[4]։ 1885 թվականին ավարտել է համալսարանը, իսկ 1889 թվականին հիմնադրել է իր սեփական բժշկական հաստատությունը և աշխատել որպես բժիշկ։ Նիլսենը նաև ակտիվորեն մասնակցել է գենդերային հավասարության համար շարժմանը՝ աշխատելով Դանիայի կանանց ընկերությունում[4]։
Վաղ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլսինա Նիլսենը ծնվել է 1850 թվականի հունիսի 10-ին, Սվեննբորգում, որտեղ անցկացրել է իր մանկությունը, ունևոր նավի սեփականատեր Լարս Նիլսենի (1808-1886) և Կարեն Յենսենի (1811-1882) ընտանիքում։ Երեխա ժամանակ նրա եղբայրն ու քույրը մահացել են որովայնային տիֆից, ինչն էլ որոշ չափով ազդել է բժշկության հանդեպ նրա հետաքրքրության վրա։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1868 թվականին մանկավարժական կրթություն է ստացել Կոպենհագենի Ֆրյոկրներնի Վիլլեմոես-Քվիստգորդսի ինստիտուտում և մի քանի տարի աշխատել գավառում որպես տնային դաստիարակչուհի։ 1874 թվականին նամակագրական կապ է հաստատել շվեդ բժշկուհի Շարլոտա Յուլենի հետ, ով նրան խորհուրդ է տվել դիմել դանիացի խորհրդարանական Կ.Է.Ֆենգերին, ով աջակցում էր կանանց իրավունքների համար պայքարին, այդ թվում` օգնում էր առաջին դանիացի հեռագրական օպերատոր Մաթիլդա Ֆիբիգերին։ Ֆենգերը համալսարանում բժշկություն սովորելու նրա դիմումն ուղարկել է կրթության նախարարություն։ 1875 թվականին թագավորական հրամանագրով ընդունվել է օրենսդրություն, որը թույլ է տվել կանանց օգտվել համալսարանական կրթությունից։ 1877 թվականին Նիլսենը, Յոհաննա Գլիրուպի հետ միասին, ընդունվել են Դանիայի համալսարան` դառնալով առաջին երկու ուսանողուհիները։ Դանիայի կանանց ընկերությունը նրան մի փոքր նպաստ է տրամադրել, որպեսզի կարողանա սովորել։ 1885 թվականին Նիլսենը ստացել է թերապևետ բժշկի դիպլոմ։
Նիլսենը Կոպենհագենում իրեն դրսևորել է որպես գործնական բժիշկ։ Նիլսենը նախատեսել էր մասնագիտանալ գինեկոլոգիայի ոլորտում, բայց այդ ժամանակների միակ դանիացի գինեկոլոգ Ֆ. Հովիցը չի ընդունել նրան։ Այնուամենայնիվ, 1906 թվականին նա նշանակվել է սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների գծով համայնքային մասնագետ և զբաղվել է մարմնավաճառների իրավունքների պաշտպանությամբ։ Նիլսինա Նիլսենը ակտիվորեն ներգրավվել է կանանց շարժման մեջ` որպես Դանիայի կանանց ընկերության անդամ։ Քննադատելով այս կազմակերպության չափազանց զգույշ քաղաքականությունը՝ նա միացել է կանանց ավելի արմատական խմբերին։ 1893-1898 թվականներին Նիլսենը եղել է Կանանց սուֆրաժիստական ասոցիացիայի նախագահը (Kvindevalgretsforeningen): 1904 թվականին նա Լուիզա Նյորլունդի, Բիրգիտ Բերգ Նիլսենի և Ալվիլդա Հարբու Հոֆի հետ միասին դարձել են Լիբերալ կուսակցության առաջին կին անդամները։ 1907 թվականին նա դարձել է կանանց ընտրական իրավունքի ազգային ասոցիացիայի (Landsforbundet for Kvinders Valgret) համահիմնադիրներից մեկը[5]։
Ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Նիլսինա Նիլսենի պատվին է անվանակոչվել դեպի Ռիգսհոսպիտալետ գնացող ճանապարհը, որը Դանիայի ամենամեծ հիվանդանոցներից մեկն է և Կոպենհագենի ամենաբարձր մասնագիտացված հիվանդանոցը[6]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Windsor, Laura Lynn Women in medicine: an encyclopedia. — ABC-CLIO, 2002. — ISBN 9781576073933
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Dansk Biografisk Lexikon (դան.)
- 1 2 3 4 5 6 7 Dansk Biografisk Leksikon, 3. udgave (դան.) — 3 — 1984.
- ↑ gravsted.dk (դան.)
- 1 2 «Nielsine Nielsen». Den Store Danske (դանիերեն). Gyldendal. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ «Nielsine Nielsen». Dansk Kvindebiografisk Leksikon. 2003 թ․ մայիսի 15. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
- ↑ Larsen, Klaus. «Riget får landets første Nielsine Nielsens Vej [Rigshospitalet gets the first Nielsine Nielsens road in the country]». Ugeskriftet.dk. Ugeskriftet for Læger. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նիլսինա Նիլսեն» հոդվածին։ |
| ||||||
- Հունիսի 10 ծնունդներ
- 1850 ծնունդներ
- Դանիայում ծնվածներ
- Հոկտեմբերի 8 մահեր
- 1916 մահեր
- Կոպենհագեն քաղաքում մահացածներ
- Կոպենհագենի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Դանիացի ֆեմինիստներ
- Դանիացի սուֆրաժիստներ
- Դանիայի կին քաղաքական գործիչներ
- Դանիացի բժիշկներ
- Դանիացի գիտնականներ
- Իրավապաշտպաններ
- Կանանց իրավունքների իրավապաշտպաններ