Jump to content

Ներքին քնային զարկերակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ներքին քնային զարկերակ
Տեսակզարկերակներ և անատոմիական կառուցվածքների դաս
Ենթադասքնային զարկերակ, subdivision of common carotid artery?[1] և անհատական ​​անատոմիական կառուցվածք
Կազմված էքնային ծոց և carotid siphon?
Երակinternal jugular vein?
MeSHA07.015.114.186.200.230
Անատոմիայի հիմնարար մոդել3947
Անատոմիական տերմինոլոգիա 98A12.2.06.001
Նկարագրված էԳրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2]
 Arteria carotis interna Վիքիպահեստում

Ներքին քնային զարկերակ (լատիներեն՝ arteria carotis interna), գլխուղեղի առաջային և միջային հատվածների արյունամատակարարումն ապահովող պարանոցային զարկերակ[3]։

Ներքին և արտաքին քնային զարկերակները սկիզբ են առնում ընդհանուր քնային զարկերակի երկատման տեղից՝ պարանոցային ողերի C3 կամ C4 մակարդակում։ Ներքին քնային զարկերակը ապահովում է գլխուղեղի արյունամատակարարումը, ներառյալ՝ աչքերը[4], մինչդեռ արտաքին քնային զարկերակը սնուցում է գլխի այլ հատվածները՝ դեմքը, գլխամաշկը, գանգը և ուղեղաթաղանթները։

Անատոմիական տերմինաբանությունը (լատիներեն՝ Terminologia Anatomica) 1998 թվականին ներքին քնային զարկերակը բաժանել է չորս մասի՝ պարանոցային, վիմային, խորշիկավոր և ուղեղային[5][6]։

Սակայն կլինիկական պրակտիկայում ներքին քնային զարկերակի դասակարգումը սովորաբար հիմնված է 1996 թվականին Բութիլյեի առաջարկած համակարգի վրա[7], որը նկարագրում է ներքին քնային զարկերակի յոթ անատոմիական սեգմենտ (հատված)՝ յուրաքանչյուրին հերթականությամբ դասակարգելով հետևյալ կերպ՝

  • C1՝ պարանոցային (անգլ.՝ cervical),
  • C2՝ վիմային (անգլ.՝ petrous),
  • C3՝ պատռված անցքի (անգլ.՝ lacerum),
  • C4՝ խորշիկավոր (անգլ.՝ cavernous),
  • C5՝ սեպաձև (անգլ.՝ clinoid),
  • C6՝ ակնային (անգլ.՝ ophthalmic),
  • C7՝ կապակցող (անգլ.՝ communicating

Բութիլյեի անվանացանկը մինչ օրս լայնորեն կիրառվում է նյարդավիրաբույժների, նյարդաճառագայթաբանների և նյարդաբանների շրջանում։

Հատվածների բաժանումը հիմնված է ոչ թե զարկերակի անգիոգրաֆիկ պատկերի, այլ անատոմիական և միկրովիրաբուժական կողմնորոշիչների ու անատոմիայի վրա։ Ներքին քնային զարկերակի անատոմիական տարբերակների բացատրման համար մեծ արժեք ունի Պիեռ Լասժաունիասի[8] և իր գործընկերների առաջարկած այլընտրանքային սաղմնաբանական դասակարգման համակարգը։ Ավելի հին կլինիկական դասակարգումը, որը հիմնված է Ֆիշերի աշխատանքների վրա[9], ներկայումս ունի պատմական նշանակություն։

Ներքին քնային զարկերակ

Ներքին քնային զարկերակի հատվածներն են՝

  • Պարանոցային հատված կամ C1,
  • Վիմային հատված կամ C2,
  • Պատռված անցքի հատված կամ C3,

C2 և C3 սեգմենտները միասին կազմում են այսպես կոչված վիմային հատվածը,

  • Խորշիկավոր հատված կամ C4,
  • Սեպաձև հատված կամ C5,
  • Ակնային կամ վերսեպաձև հատված կամ C6,
  • Կապակցող կամ վերջնական հատված կամ C7:

C6 և C7 սեգմենտները միասին կազմում են հաճախ կիրառվող ուղեղային կամ վերսեպաձև հատվածը։

Ընթացք և մասեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխի ՄՌԱ-ում (մագնիսառեզոնանսային անգիոգրաֆիա) ուրվագծված են ներքին քնային զարկերակի հատվածները։

C1: Պարանոցային հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարանոցային 6-րդ ողի մակարդակում անոթների դասավորությունը նման է ներքին քնային զարկերակի դասավորությանը պարանոցային հատվածում։

Պարանոցային հատվածը կամ C1-ը, սկսվում է քնային զարկերակի երկատման տեղից և շարունակվում մինչև գանգի քնային խողովակը՝ լծային անցքի (jugular foramen) առաջային հատվածը[10]։

Իր սկզբնամասում ներքին քնային զարկերակը որոշ չափով լայնացած է։ Զարկերակի այս հատվածը հայտնի է որպես քնային ծոց կամ քնային կոճզեղ։ Պարանոցային հատվածի վերել մասը սկսվում է կոճղեզի հեռակա հատվածից, երբ անոթի պատերը միմյանց զուգահեռ են։

Ներքին քնային զարկերակը ուղղահայաց բարձրանում է քնային բունոցի մեջ և գանգ է մտնում քնային խողովակի միջով։ Այս ընթացքում այն գտնվում է պարանոցի վերին երեք ողերի լայնական ելունների առջևում։ Սկզբում այն համեմատաբար մակերեսային է՝ տեղակայված պարանոցի քնային եռանկյունում։ Այն գտնվում է արտաքին քնային զարկերակի հետևում և ներսայնորեն, ծածկված է կրծոսկրաանրակապտկաձև մկանով և խորանիստ փակեղով, ենթամաշկային մկանով և մաշկով։ Այնուհետև այն անցնում է հարականջային թքագեղձի տակ՝ հատվելով ենթալեզվային նյարդի, երկփոր մկանի, մախաթակորճային մկանի ծոծրակային զարկերակի և հետին ականջային զարկերակի հետ։ Ավելի վերին մակարդակում այն արտաքին քնային զարկերակից բաժանվում է մախաթալեզվային և մախաթըմպանային մկաններով, մախաթաձև ելունի ծայրով և մախաթակոճային կապանով, լեզվաըմպանային նյարդով և թափառող նյարդի ըմպանային ճյուղով։ Հետին մասում այն հարում է գլխի երկար մկանին, սիմպաթիկ ցողունի վերին պարանոցային հանգույցին և վերին կոկորդային նյարդին։ Կողմնային հատվածից այն հարում է ներքին լծային երակին և թափառող նյարդին, ընդ որում նյարդը գտնվում է զարկերակից հետ։ Ներսային կողմից այն հարում է ըմպանին, վերին կոկորդային նյարդին և ըմպանային վերել զարկերակին[11]։

Գանգի հիմային հատվածում լեզվաըմպանային, թափառող, հավելյալ և ենթալեզվային նյարդերը տեղակայված են զարկերակի և ներքին լծային երակի միջև։

Ի տարբերություն արտաքին քնային զարկերակի՝ ներքին քնային զարկերակը պարանոցի շրջանում ճյուղեր չի տալիս։

C2: Վիմային հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին քնային զարկերակի վիմային հատվածը կամ C2-ը քունքոսկրի վիմային մասի (բրգի) ներսում գտնվող հատվածն է: Այս հատվածը շարունակվում է մինչև պատռված անցքը[12]:

Վիմային հատվածը բաղկացած է երեք մասից՝

  • Ուղղահայաց հատված,
  • Ծնկային հատված,
  • Հորիզոնական հատված։

Երբ ներքին քնային զարկերակը մտնում է քունքոսկրի վիմային մասի խողովակի մեջ, այն սկզբում մի փոքր բարձրանում է վեր, ապա թեքվում դեպի առաջ և միջայնորեն։ Զարկերակը սկզբում գտնվում է խխունջի և թմբկաթաղանթի առջևում։ Թմբկաթաղանթից այն բաժանված է բարակ ոսկրային թիթեղով, որը երիտասարդների շրջանում ծակոտկեն է, իսկ տարեցների շրջանում հաճախ լինում է մասնակի ներծծված։ Առջևում այն բաժանված է եռվորյակ նյարդի հանգույցից բարակ ոսկրային թիթեղով, որը կազմում է հանգույցի փոսության հատակը և քնային խողովակի հորիզոնական հատվածի տանիքը։ Հաճախ այս ոսկրային թիթեղը լինում է թերի, այդ դեպքում հանգույցը զարկերակից բաժանվում է միայն թաղանթով։ Զարկերակը քնային խողովակի ոսկրային պատից բաժանված է կարծրենու (լատիներեն՝ dura mater) շարունակությամբ, շրջապատված է մի քանի մանր երակներով ու քնային հյուսակի (լատիներեն՝ plexus caroticus) թելերով։ Այս հյուսակը սկիզբ է առնում սիմպաթիկ ցողունի վերին պարանոցային հանգույցի վերել ճյուղից։

Ներքին քնային զարկերակի վիմային հատվածի ճյուղերն են՝

  • Վիդյան զարկերակ կամ թևակերպային խողովակի զարկերակ,
  • Քնաթմբկային զարկերակներ[13]։

C3: Պատռված անցքի հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատռված անցքի հատվածը (C3) կարճ հատված է, որը սկսվում է պատռված անցքից (լատիներեն՝ foramen lacerum) վեր և ավարտվում վիմալեզվային կապանի (անգլ.՝ petrolingual ligament) մոտ։ Պատռված անցքի հատվածը դեռևս համարվում է արտակարծրենային, քանի որ իր ամբողջ ընթացքում շրջապատված է վերնոսկրով և թելքավոր աճառով։ Անատոմիայի որոշ դասագրքերում սխալմամբ նշվում է, որ ներքին քնային զարկերակն անցնում է պատռված անցքի միջով։ Այս պնդումը լավագույն դեպքում կարող է մասնակիորեն համապատասխանել ճշմարտությանը, քանի որ այն անցնում է անցքի միայն վերին մասով՝ խորշիկավոր երակածոց (լատիներեն՝ sinus cavernosus) գնալու ճանապարհին։ Ըստ ընդունված մասնագիտական տեսակետի՝ այն չպետք է նկարագրել որպես պատռված անցքի միջով անցնող անոթ[14]։

C4: Խորշիկավոր երակածոց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Խորշիկավոր երակածոցի միջով անցնող ծնկային հատվածը։

Ներքին քնային զարկերակի խորշիկավոր հատվածը կամ C4-ը սկսվում է վիմալեզվային կապանից և ձգվում մինչև մոտակա կարծրենային օղակը, որը ձևավորվում է առաջային թեք ելունի միջային և վերնոսկրի ստորին հատվածից։ Խորշիկավոր հատվածը գտնվում է խորշիկավոր երակածոցում։ Այս մասում զարկերակը գտնվում է խորշիկավոր երակածոցը ձևավորող կարծրենու շերտերի միջև, սակայն ծածկված է երակածոցը ծածկող թաղանթով։ Այն սկզբում բարձրանում է դեպի հետին թեք ելունը, այնուհետև անցնում է առաջ՝ սեպոսկրի մարմնի կողքով, կրկին թեքվում է դեպի վեր՝ առաջային թեք ելունի միջային կողմում և թափանցում է ծոցի տանիքը կազմող կարծրենու միջով։ Խորշիկավոր հատվածի այս կորությունը կոչվում է քնային ծունկ։ Զարկերակի այս հատվածը շրջապատված է սիմպաթիկ ցողունի թելերով, իսկ նրա կողմնային հատվածում գտնվում է զատիչ նյարդը կամ VI գանգուղեղային նյարդը[15]։

Խորշիկավոր հատվածի ճյուղերն են՝

  • մենինգոէպիֆիզային ցողուն, նաև կոչվում է հետին ցողուն,
  • ստորին կողմնային ցողուն։

Խորշիկավոր հատվածից սկիզբ են առնում նաև փոքր պատճային զարկերակներ, որոնք ապահովում են խորշիկավոր ծոցի պատի արյունամատակարարումը[12]։

C5: Սեպաձև հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեպաձև հատվածը կամ C5-ը ներքին քնային զարկերակի մեկ այլ կարճ հատված է, որը սկիզբ է առնում այնտեղից, որտեղ զարկերակը դուրս է գալիս խորշիկավոր ծոցից կարծրենու մոտակա օղակի մոտ և տարածվում է մինչև կարծրենու հեռակա օղակը, որից հետո քնային զարկերակը համարվում է «ներկարծրենային» և մուտք է գործում ենթաոստայնային տարածություն:Սեպաձև հատվածը սովորաբար չունի ճյուղեր, թեև ակնային զարկերակը (անգլ.՝ ophthalmic artery) կարող է որոշ դեպքերում սկիզբ առնել սեպաձև հատվածից[13]:

C6: Ակնային հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակնային զարկերակը և իր ճյուղերը

Ակնային հատվածը կամ C6-ը տարածվում է կարծրենու հեռակա օղակից (որը շարունակվում է որպես ուղեղի մանգաղ (լատիներեն՝ falx cerebri) մինչև հետին հաղորդակցվող զարկերակի սկզբնավորումը: Ակնային հատվածն անցնում է տեսողական նյարդին զուգահեռ, որն այս կետում ընթանում է քնային զարկերակից վերև և միջայնորեն:

Ակնային հատվածի ճյուղերն են՝

  • ակնային զարկերակը,
  • մակուղեղային վերին զարկերակը[10]։

C7: Կապակցող հատված

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կապակցող հատվածը, կամ C7-ը անցնում է տեսողական և ակնաշարժ նյարդերի միջև և հասնում մինչև առաջային ծակոտկեն թիթեղ (անգլ.՝ anterior perforated substance)՝ կողմնային ուղեղային ակոսի միջային վերջավորության մոտ: Անգիոգրաֆիայով այս հատվածը տարածվում է հետին կապակցող զարկերակի սկզբնավորումից մինչև ներքին քնային զարկերակի երկատումը (բիֆուրկացիա):

Կապակցող հատվածի ճյուղերն են՝

  • հետին կապակցող զարկերակը (անգլ.՝ posterior communicating artery),
  • առաջային անոթենու զարկերակը (անգլ.՝ anterior choroidal artery):

Այնուհետև ներքին քնային զարկերակը բաժանվում է՝ առաջացնելով առաջային ուղեղային զարկերակը և միջին ուղեղային զարկերակը: Վիլիզյան օղն ապահովում է գլխուղեղի համակողմային շրջանառությունը[12]։

Ներքին քնային զարկերակի ճյուղերը հետևյալն են[16]՝

  • C1: պարանոցային հատվածում ճյուղեր չկան,
  • C2: վիմային հատվածի ճյուղեր,
    • քնաթմբկային զարկերակներ (անգլ.՝ caroticotympanic arteries),
    • վիդյան զարկերակ (անգլ.՝ vidian artery),
  • C3: պատռված անցքի հատվածում ճյուղեր չկան,
  • C4: խորշիկավոր հատվածի ճյուղեր,
    • մենինգոէպիֆիզային ցողունի ճյուղեր՝
      • վրանային հիմային ճյուղ (անգլ.՝ Tentorial basal branch),
      • վրանային եզրային ճյուղ (անգլ.՝ Tentorial marginal branch),
      • մենինգեալ ճյուղ (անգլ.՝ Meningeal branch)․ ապահովում է առաջային գանգափոսի արյունամատակարարումը,
      • լանջային ճյուղեր,
      • ստորին մակուղեղային զարկերակ (անգլ.՝ Inferior hypophyseal artery),
    • պատճային ճյուղեր (անգլ.՝ Capsular branches), սնում են խորշիկավոր երակածոցի պատը,
    • ստորին-կողմնային ցողունի ճյուղեր,
      • եռվորյակ հանգույցի ճյուղեր,
      • գանգի կլոր անցքի զարկերակ,
      • նյարդերը սնուցող զարկերակներ,
  • C5: սեպաձև հատվածում ճյուղեր չկան,
  • C6: ակնային հատվածի ճյուղեր,
    • ակնային զարկերակ (անգլ.՝ Ophthalmic artery),
    • վերին մակուղեղային զարկերակ (անգլ.՝ Superior hypophyseal artery),
  • C7: կապակցող հատվածի ճյուղեր,
    • հետին կապակցող զարկերակ (անգլ.՝ Posterior communicating artery),
    • առաջային անոթենու զարկերակ (անգլ.՝ Anterior choroidal artery),
    • առաջային ուղեղային զարկերակ (անգլ.՝ Anterior cerebral artery),
    • միջին ուղեղային զարկերակ (անգլ.՝ Middle cerebral artery):

Քնային հյուսակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիմպաթիկ ցողունը զարկերակի շուրջ ձևավորում է նյարդային հյուսակ, որը հայտնի է որպես քնային հյուսակ։ Ներքին քնային նյարդը մտնում է հյուսակի կազմում, սկսվում է վերին պարանոցային հանգույցից և ներքին քնային զարկերակին ուղեկցում դեպի գանգի խոռոչ[17]։

Ներքին քնային զարկերակների համար տեղեկատվական կաող են լինել դոպլեր ուլտրաձայնային հետազոտությունը, ՀՇ անգիոգրաֆիան կամ փուլային կոնտրաստային մագնիսառեզոնանսային շերտագրումը (PC-MRI):

Սովորաբար ներքին քնային զարկերակի արյան հոսքի արագությունները չափվում են առավելագույն սիստոլիկ արագությամբ և վերջնական դիաստոլիկ արագությամբ: Ըստ Ուլտրաձայնային հետազոտության ճառագայթաբանների միության՝ առողջ, առանց անոթի նեղացման անձանց շրջանում սիստոլիկ արագությունը պետք է լինի 125 սմ/վրկ-ից ցածր, իսկ վերջնական դիաստոլիկ արագությունը՝ 40 սմ/վրկ-ից ցածր[18]:

Հետազոտություններից մեկում պարզվել է, որ 20-39 տարիքային խմբի առողջ տղամարդկանց շրջանում սիստոլիկ արագության միջինում կազմել է 82 սմ/վրկ, իսկ սիստոլիկ արագությունը՝ 34 սմ/վրկ: 80-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց շրջանում սիստոլիկ արագությունը միջինում կազմել է 76 սմ/վրկ, իսկ վերջնական դիաստոլիկ արագությունը՝ 18 սմ/վրկ[19]:

Հավելյալ նկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. անատոմիայի հիմնարար մոդել
  2. http://www.bartleby.com/107/146.html
  3. «Carotid artery». WebMD. Վերցված է 2015 թ․ հուլիսի 28-ին.
  4. Kiel JW (2010). «The Ocular Circulation». Integrated Systems Physiology: From Molecule to Function to Disease. 3: 1–81. doi:10.4199/C00024ED1V01Y201012ISP012. PMID 21452447. «The arterial input to the eye is provided by several branches from the ophthalmic artery, which is derived from the internal carotid artery in most mammals.»
  5. «Internal Carotid Artery». www.meddean.luc.edu. Վերցված է 2021-07-09-ին.
  6. «Internal carotid artery» Դորլանդի բժշկական բառարանում
  7. Bouthillier, Alain; Harry van Loveren; Jefferey Keller (1996 թ․ մարտ). «Segments of the internal carotid artery: a new classification». Neurosurgery. 38 (3): 425–432. doi:10.1097/00006123-199603000-00001. PMID 8837792.
  8. Lasjaunias P, Santoyo-Vazquez A. Segmental agenesis of the internal carotid artery: angiographic aspects with embryological discussion. Anat Clin 1984;6:133–41
  9. Fischer E. Die Lageabweichungen der vorderen Hirnarterie im Gefa¨ssbild. Zentralbl Neurochir 1938;3:300 –13
  10. 1 2 Menshawi K, Mohr JP, Gutierrez J. A Functional Perspective on the Embryology and Anatomy of the Cerebral Blood Supply. J Stroke. 2015 May;17(2):144-58. [PMC free article] [PubMed]
  11. Nguyen JD, Duong H. StatPearls [Internet]. StatPearls Publishing; Treasure Island (FL): Aug 14, 2023. Anatomy, Head and Neck, Anterior: Common Carotid Arteries
  12. 1 2 3 Planas JH, Waseem M, Sigmon DF. StatPearls [Internet]. StatPearls Publishing; Treasure Island (FL): Apr 10, 2023. Trauma Primary Survey. [PubMed]
  13. 1 2 Nguyen JD, Duong H. StatPearls [Internet]. StatPearls Publishing; Treasure Island (FL): Aug 14, 2023. Anatomy, Head and Neck, Anterior: Common Carotid Arteries. [PubMed]
  14. TAUBER M, VAN LOVEREN H. R et al. The enigmatic foramen lacerum. Commentaries. Neurosurgery. 1999, vol. 44, no2, pp. 386-393
  15. Sethi D, Gofur EM, Munakomi S. StatPearls [Internet]. StatPearls Publishing; Treasure Island (FL): Jul 24, 2023. Anatomy, Head and Neck: Carotid Arteries. [PubMed]
  16. Osborn, Anne (1999). Diagnostic Cerebral Angiography (2nd ed.). Philadelphia, PA, USA: Lippincott Williams & Wilkins. ISBN 0-397-58404-0.
  17. Bouthillier A, van Loveren HR, Keller JT. Segments of the internal carotid artery: a new classification. Neurosurgery. 1996 Mar;38(3):425-32; discussion 432-3. [PubMed]
  18. Weerakkody, Yuranga (2010 թ․ ապրիլի 13). «Ultrasound assessment of carotid arterial atherosclerotic disease | Radiology Reference Article | Radiopaedia.org». Radiopaedia (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-03-08-ին.
  19. Nagai, Y.; Kemper, M. K.; Earley, C. J.; Metter, E. J. (1998). «Blood-flow velocities and their relationships in carotid and middle cerebral arteries». Ultrasound in Medicine & Biology. 24 (8): 1131–1136. doi:10.1016/s0301-5629(98)00092-1. PMID 9833581.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ներքին քնային զարկերակ» հոդվածին։