Ներառական կրթություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Ներառական կրթություն (ֆր.՝ Inclusif – ներփակված, լատին․՝ include - ներառված), կրթական համակարգ, որն ուղղված է հավասար կրթության ապահովմանը և հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող մարդկանց ներգրավվածության ապահովմանը։ Ներառական կրթությունը ավելի մատչելի և հասանելի է դարձնում կրթությունը բոլորի համար։
Մարդկության զարգացման ընթացքում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ձևավորումն ու սահմանումն անցել են երկար ճանապարհ՝ խղճահարությունից մինչև սոցիալական բազմաթիվ ծառայությունների մատուցում։ Այսօր աշխարհն արդեն ընդունում է հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման գաղափարը։ Հայաստանի Հանրապետությունը 2010 թվականին վավերացնելով ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիան, ստանձնել է միջազգային պարտավորություն՝ գործող օրենսդրությունը համապատասխանեցնել կոնվենցիայի դրույթներից բխող պահանջներին։
Հաշմանդամություն. անձի՞, թե՞ սոցիալական խնդիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս հաշմանդամության ընկալման վերաբերյալ գոյություն ունեն և պրակտիկայում կամա թե ակամա կիրառվում են երկու մոդելներ՝ բժշկական ու բարեգործական և սոցիալական, որոնցից յուրաքանչյուրը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչն է որոշիչ «հաշմանդամ» բառի մեջ։
Բժշկական մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում խորհրդային ժամանակներից ի վեր հաշմանդամությունը համարվել է և համարվում է անձի խնդիրը, որը նշանակում է, որ հաշմանդամությունը «հիվանդություն» է, որի պատճառով անձի կենսագործունեությունը սահմանափակվում է, և, հետևաբար, ջանքերն ուղղվում են անձի վիճակի բարելավմանը։ Այսինքն՝ եթե կենտրոնանանք միայն առողջական խնդիրների վրա և հաշմանդամություն ունեցող մարդուն դիտարկենք առաջին հերթին որպես հիվանդի, ապա նրա վիճակի բարելավմանն ուղղված գործողությունները կկրեն հիմնականում բժշկական և բարեգործական բնույթ (ֆիզիկական վերականգնում, բուժում, բարեգործական օգնություն)։ Այս մոդելի վրա հիմնված մոտեցման արդյունքում հաշմանդամություն ունեցող մարդը զրկվում է իր կյանքի համար ինքնուրույն որոշումներ կայացնելու և իր սեփական ընտրությունը կատարելու հնարավորությունից, դառնում է «հիվանդ», «խնամյալ»։ Նրա փոխարեն որոշում են կայացնում ուրիշները (խնամողը, ընտանիքը, հասարակությունը)։ Հասարակությունը սահմանափակում է նրա կրթության, մասնագիտության, աշխատանքի և այլ հնարավորությունները, քանի որ նա հիվանդ է և ունի հիմնականում բուժման, խնամքի և հոգածության կարիք։ Հաշմանդամություն ունեցող մարդու կյանքը կախված է մնում ուրիշների կարծիքներից և եզրակացություններից, որն էլ հանգեցնում է նրա սոցիալական մեկուսացմանը և խոչընդոտում է նրա լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքին Այսպիսով բժշկական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը դիտարկվում է որպես անձի խնդիր, և պետության քաղաքականությունն ու ջանքերն ուղղվում են անձի բուժմանը, վերականգնմանը, հատուկ խնամքին և աջակցությանը։
Սոցիալական մոդել
[խմբագրել | խմբագրել կոդը]Չբացառելով հաշմանդամության բժշկական մոդելի կարևորությունը՝ հաշմանդամության սոցիալական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է որպես հասարակության սոցիալ-մշակութային արժեքների հետևանք։ Այս մոտեցումը բացարձակապես կառուցված է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա և կոչ է անում ստեղծել հավասար հնարավորություններ և լիարժեք մասնակցություն հասարակության բոլոր քաղաքացիների համար։ Հաշմանդամության սոցիալական մոդելը կենտրոնանում է արգելքների և խոչընդոտների վերացման վրա և վստահում է հաշմանդամություն ունեցող մարդու՝ որպես երկրի լիարժեք քաղաքացու կարողություններին և ներուժին։ Ավելին, այս մոդելը կոչ է անում հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցությանը երկրի զարգացման գործընթացներին։ Հաշմանդամություն ունեցող մարդիկ պետք է առաջնային և կարևոր մասնակցություն ունենան իրենց խնդիրների լուծմանն ուղղված օրենքների, քաղաքականությունների, ռազմավարությունների և գործընթացների մշակմանը, իրականացմանը, մոնիթորինգին և գնահատմանը։ Սոցիալական մոտեցման դեպքում հաշմանդամություն ունեցող մարդկանց կյանքի որակը բարելավելու գործողություններն ուղղված են այն բանին, որպեսզի վերացվեն բոլոր ներքին ու արտաքին խոչընդոտները, որոնք խանգարում են հասարակության կյանքին նրանց ներգրավմանը։ Սոցիալական մոտեցման կիրառումը կհանգեցնի հաշմանդամություն ունեցող մարդկանց հնարավորությունների հավասարեցմանը մյուս բոլոր մարդկանց հետ և նրանց համար ճանապարհ կբացի դեպի լիարժեք կյանք։ Այսպիսով, սոցիալական մոդելի տեսանկյունից հաշմանդամությունը սահմանվում է որպես անձի առողջական խնդիրների հետևանքով ձեռք բերած ֆունկցիոնալ սահմանափակումների և միջավայրային և վերաբերմունքի, արգելքների/խոչընդոտների փոխազդեցության հետևանք։ Հետևաբար, հաշմանդամության խնդիրների լուծմանն ուղղված քաղաքականությունը պետք է հիմնականում կենտրոնանա միջավայրային խոչընդոտների վերացմանը և հավասար հնարավորությունների ստեղծմանը։
Սոցիալական մոդելի վրա հիմնված մոտեցումը կազմում է ներառական կրթության առանցքը, քանի որ այն ենթադրում է՝ բոլոր երեխաների կրթական կարիքների հավասար գնահատում. դպրոցի ուսումնական և մշակութային, համայնքային միջոցառումներին բոլոր երեխաների ներգրավվածության աստիճանի բարձրացում. կրթական քաղաքականության վերանայում և համապատասխանեցում բոլոր երեխաների կարիքներին. ուսումնական գործընթացներում առկա խոչընդոտների վերացում և նրանում բոլոր աշակերտների ներգրավում. երեխաների գիտելիքների, կարողությունների և հմտությունների միջև առկա տարբերությունները ոչ թե որպես դժվար հաղթահարվող բարդության, այլ որպես կրթական գործընթացին նպաստող հանգամանքի ընդունում.սեփական համայնքում կրթություն ստանալու բոլոր երեխաների իրավունքի հավասար պաշտպանություն և հարգանք. դպրոցական պայմանների բարելավում. հասարակության ժողովրդավարական և մարդասիրական արժեհամակարգի ձևավորման գործում դպրոցների դերի կարևորում.կրթությունը որպես հասարակության մեջ բոլոր մարդկանց լիարժեք ներառման և ինքնադրսևորման կարևորագույն բաղադրամասի ճանաչում։
Ներառական կրթությունը Հայաստանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրավական հիմքեր և առկա վիճակը
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց կրթության իրավունքի ճանաչումը ամրագրված է Հայաստանի Սահմանադրության 35-րդ հոդվածով, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք։ Հայաստանում հիմնական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլորի համար։ Համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի, որն ընդունվել է 1999 թվականին, «Պետությունը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող քաղաքացիների զարգացման առանձնահատկություններին համապատասխան կրթություն ստանալու և սոցիալական հարմարվածությունն ապահովելու նպատակով»։ Միաժամանակ նշված օրենքում ամրագրված է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը, ծնողների ընտրությամբ, կարող է իրականացվել ինչպես ընդհանուր հանրակրթական, այնպես էլ հատուկ դպրոցներում՝ հատուկ ծրագրերով։ Նշված օրենքը հնարավորություն տվեց հասարակական կազմակերպություններին հանրակրթական դպրոցներում իրականացնելու ներառական կրթության ծրագրեր։ 2001 թվականից «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության, դանիական «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներն իրականացնում են ներառական կրթություն։ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի հիման վրա 2000 թ. Երևանի Դերենիկ Դեմիրճյանի անվան 27-րդ միջնակարգ դպրոցում մեկնարկեց ներառական կրթության փորձնական ծրագիրը, իսկ 2001-2005 թթ. ընթացքում ներառական կրթություն իրականացվել է փորձնական կարգով 5 հանրակրթական դպրոցում։ 2005 թվականին ընդունվեց «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքը։ Խորհրդային հասարակարգում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը հիմնականում կազմակերպվում էր գիշերօթիկ դպրոցներում։ Հայաստանի կողմից ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային միանալուց հետո սկսվել է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգված գործընթացը հանրապետությունում։ Հանրակրթական համակարգին զուգընթաց հանրապետությունում ընթացել են նաև հատուկ կրթության (գիշերօթիկ դպրոցների) համակարգի բարեփոխումներ։ Արժևորելով կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման, դաստիարակության, բնականոն զարգացման և սոցիալական ինտեգրման խնդիրները՝ հատուկ ուսումնական հաստատությունների բարեփոխումները հիմնված են երկու հիմնարար սկզբունքների վրա՝ կրթության մատչելիություն և որակ։ Հետևաբար, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին՝ իրենց անհատական կրթական կարիքին համապատասխան, ներառական որակյալ կրթությամբ ապահովելը դարձել է օրակարգային հարց։ Այս ուղղությունների իրականացման նպատակով ընդունվել են մի շարք իրավական ակտեր, փոփոխություններ են առաջարկվել «Կրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին» և «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքներում, 2005 թ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքի ընդունումով սահմանվեց «ներառական կրթություն» հասկացությունը։ Համաձայն նշված օրենքի՝ «Ներառական կրթությունը՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության համար առանձնահատուկ պայմանների ապահովման միջոցով նրանց համատեղ ուսուցումն է հանրակրթական հաստատություններում նման պայմանների կարիք չունեցող անձանց հետ»։ 2007 թվականից սկսած ընդլայնվում է պետականորեն ճանաչված ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների ցանցը։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում 117 հանրակրթական դպրոցներ իրականացնում են ներառական կրթություն, այնտեղ սովորում են շուրջ 2700 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ։
Ներառական կրթության զարգացմանը զուգահեռ հանրապետությունում նվազում է հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների թիվը։ 2002 թ. հանրապետությունում գործում էին 52 հատուկ դպրոցներ, որտեղ սովորում էր շուրջ 10.000 երեխա։ Այսօր հանրապետությունում գործում են 23 հատուկ դպրոցներ, որտեղ սովորում է շուրջ 2300 սովորող։ Ե՛վ երեխայի բնականոն զարգացման տեսանկյունից, և՛ սոցիալ-տնտեսական պայմաններից ելնելով՝ նպատակահարմար է հատուկ կրթական ծառայությունների ապակենտրոնացումը։ Դա հնարավորություն է տալիս կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն ու դաստիարակությունը կազմակերպել առանց երեխային պարտադրաբար ընտանիքից անջատելու՝ ապահովելով նրա համակողմանի հասարակական զարգացումը և նրան ներառելով հանրակրթական ուսումնական հաստատություն։ Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցման կազմակերպման ռազմավարությունը կառուցվում է հետևյալ ելակետային դրույթների հիմքի վրա.
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները մյուսների հետ հավասար իրավունքներ ունեն հանրակրթական հաստատության ընտրության և պարտադիր պետական կրթական ծրագրերի յուրացման հարցերում,
- կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներն իրավունք ունեն օգտվելու հատուկ մանկավարժական, առողջապահական, հոգեբանական, սոցիալական և այլ ծառայություններից՝ անկախ նրանց ընտրած ուսումնական հաստատության տիպից,
- երեխայի համակողմանի բնականոն զարգացման տեսանկյունից նախընտրելի է նրա կրթության կազմակերպումը առանց ընտանիքից և հասարակությունից նրա առանձնացման։
Այս իմաստով հատուկ հանրակրթական համակարգում ընթացող բարեփոխումներն առաջնահերթ են։ 2007 թ. ստեղծվել է Երևանի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնը։ Այս կառույցի ստեղծման հիմնական նպատակն էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաների բացահայտումը և նրանց դուրսբերումը հատուկ դպրոցներից, որը հաջողությամբ իրականացվեց։ Անցած 5 տարիների ընթացքում գնահատման արդյունքների հիման վրա հատուկ դպրոցների 1-6-րդ դասարաններից դուրս են բերվել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք չունեցող երեխաները, և կանխվել է նման երեխաների մուտքը հատուկ դպրոցներ։ Արդյունքում՝ հատուկ դպրոցներում 2007 թ. սովորող շուրջ 5000 աշակերտի փոխարեն այսօր ունենք շուրջ 2300 աշակերտ։ Զարգացումները գնահատման կենտրոնի առաջ դրեցին նոր մարտահրավերներ, այն է՝ երեխայի կրթական կարիքների գնահատում՝ արդյունավետ կրթության կազմակերպման նպատակով։ Անհրաժեշտ է մշակել նոր չափանիշներ՝ հիմնված երեխայի ֆունկցիոնալ կարիքների վրա։ Այդ պարագայում երեխայի անհատական ուսումնական պլաններն էլ կմշակվեն երեխայի իրական կրթական կարիքների գնահատման արդյունքում և կնպաստեն երեխայի զարգացմանը։ Հաշմանդամության գնահատման այդպիսի միասնական մոդել է առաջարկում մշակել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի աջակցությամբ։ Մոդելի մշակման համար ստեղծվել է համատեղ աշխատանքային խումբ։ Այսօր, համաձայն վիճակագրության, Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում սովորում են շուրջ 2700 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, իսկ հատուկ դպրոցներում՝ հատուկ հանրակրթական դպրոցներում՝ շուրջ 2300 երեխա։ Փաստորեն, հանրապետության շուրջ 8000 հաշմանդամություն ունեցող երեխաներից ՀՀ ԿԳՆ տեսադաշտում են շուրջ 5000-ը։ Սակայն չունենք հստակ վիճակագրական տվյալներ, թե ճանաչված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներից քանի՞սն են ճանաչված հաշմանդամություն ունեցող երեխաներ։ Համաձայն ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի կողմից կատարված «Խոսքը ներառման մասին է» (Հաշմանդամություն ունեցող երեխաների համար կրթական, առողջապահական և սոցիալական պաշտպանության ծառայությունների մատչելիությունը Հայաստանում) հետազոտության՝ հանրապետության հաշմանդամություն ունեցող երեխաների 75%-ը սովորում է հանրակրթական դպրոցներում։ Համաձայն ՀՀ կառավարության 25.08.2005 թ. N1365-Ն որոշման՝ հանրակրթական դպրոցում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխան ֆինանսավորվում է բարձրացված չափաքանակով։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. ապրիլի 8-ի N 439 որոշմամբ հաստատվել է հանրակրթության պետական մեկ ընդհանուր չափորոշիչ բոլոր սովորողների համար։ Ըստ այդ փաստաթղթի՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը արդյունավետ կազմակերպելու նպատակով հանրակրթության ծրագրի բովանդակությունը հարմարեցվում է նրանց ընկալման և մտավոր գործունեության կարողություններին։ 2011 թվականից ՀՀ կառավարության հունվարի 27-ի N 46-Ն որոշմամբ «Հույսի կամուրջ» ՀԿ-ի և դանիական «Առաքելություն Արևելք» միջազգային կազմակերպության հետ համատեղ Տավուշի մարզում իրականացվում է հանրակրթության համակարգում համընդհանուր ներառման ծրագիր, և ներդրվել է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսավորման փորձնական կարգը։
ՀՀ Ազգային ժողովը 2012 թ. հոկտեմբերին առաջին ընթերցմամբ ընդունել է «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսվում է հանրակրթության համակարգում անցում կատարել համընդհանուր ներառական կրթության՝ կիրառելով երեխայի կրթական կարիքներին արձագանքման եռաստիճան համակարգ։ Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է «Կրթություն բոլորի համար» հռչակագրի, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի և «Սոցիալական խարտիայի» պահանջներով, որոնց միանալով Հայաստանը պարտավորվել է ապահովել կրթության հավասար հնարավորություն բոլորի, այդ թվում՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։ Օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն միջազգային պարտավորություններով, այլև Հայաստանի Հանրապետությունում կրթության զարգացման 2011-2015 թթ. պետական ծրագրով սահմանված ներառական կրթության ընդլայնման, հատուկ դպրոցների օպտիմալացման, յուրաքանչյուր երեխայի կրթության առանձնահատուկ պայմանի կարիքի բացահայտման, գնահատման ու դրան համապատասխան կրթության կազմակերպման արդյունավետ մեխանիզմների ներդրման միտումով։ Արդյունքում կունենանք երեխայի անհատական տարբերություններից ու հաշմանդամությունից անկախ՝ կրթության իրավունքի միասնական իրավական կարգավորում, որը կերաշխավորի բոլորի համար կրթության հավասարության իրավունքը։
Ներառական կրթության անհրաժեշտությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներառական կրթությունը` կրթություն է բոլորի համար։
[խմբագրել | խմբագրել կոդը]Երբ կրթությունը ներառական է, ապա դրանից շահում են երեխան, ընտանիքը, պետությունը և հասարակությունը։ Այն կրթության կազմակերպման գործընթաց է, որի հիմքում բոլոր երեխաների, այդ թվում նաև՝ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթություն ստանալու իրավունքն է։ Այն արձագանքում է բոլոր սովորողների բազմազան կարիքներին, մեծացնում է նրանց մասնակցությունը ուսումնական, մշակութային և համայնքային կյանքին և նվազեցնում է կրթությունից նրանց դուրս մնալը։ Ներառական կրթությունը ենթադրում է կրթական գործընթաց, որն ուղղված է բոլոր սովորողների կարիքներին, ներառյալ հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներ, բռնությունների ենթարկվող երեխաներ, աշխատող երեխաներ, փախստական կամ տեղահանված երեխաներ, միգրանտներ, աղքատ և չքավոր երեխաներ, լեզվական փոքրամասնություններ, ազգային փոքրամասնություններ, հակամարտությունների հետևանքով որբացած երեխաներ և այլն։
Ներառական կրթությունը ենթադրում է համակարգի, այլ ոչ թե երեխայի հարմարեցում։
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներառական կրթությունը հաշմանդամության սոցիալական մոդելի յուրօրինակ ածանցյալն է։ Այն ընդունում է, որ բոլոր երեխաները տարբեր են, իսկ դպրոցներն ու հանրակրթական համակարգը պետք է հարմարվեն բոլոր սովորողների մտավոր, հոգեկան և ֆիզիկական զարգացման կարիքներին և անհատական պահանջմունքներին։ Սակայն ներառում չի նշանակում բոլորին ձուլելու կամ միատեսակ դարձնելու ձգտում։ Այն ընդունում է, որ երեխաները սովորում են տարբեր արագությամբ, իսկ ուսուցիչներին անհրաժեշտ են հատուկ հմտություններ՝ ուսուցման գործընթացի ճկունությունն ապահովելու համար։ Պարզապես երեխաներին անհրաժեշտ է հասկանալի, մատչելի դասավանդում։ Իսկ դա իր հերթին ենթադրում է երեխայի առանձնահատկություններին, անհատական կրթական պահանջմունքներին, զարգացման տեմպերին, ընդունակություններին և կարողություններին համապատասխանող տարբեր մեթոդների օգտագործում։
Ներառումը հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հնարավորություն է տալիս կրթություն ստանալ իրենց համայնքներում և չմեկուսանալ ընտանիքներից։ Համայնքից և ընտանիքից հեռու՝ հատուկ դպրոցներում երեխաներին տեղավորելը հակասում է ընտանիքի և համայնքի կյանքին մասնակցության նրանց իրավունքին։ Ընտանիքից ու համայնքից հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բաժանումը հաճախ վկայում է հասարակության մեջ նման մարդկանց նկատմամբ գոյություն ունեցող նախապաշարումների մասին։ Ներառական կրթությունը կարող է բարձրացնել կրթության որակը բոլորի համար։ Ներառական կրթությունը կարող է կրթական պրակտիկայում փոփոխությունների կատալիզատոր հանդիսանալ, որը կհանգեցնի կրթության որակի բարձրացմանը։ Հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ներառումը հանրակրթական դպրոցներ կստիպի ուսուցիչներին մշակել նոր՝ դեպի երեխան կողմնորոշված ուսուցման և ուսումնառության մեթոդներ, ապահովել մեծ թվով մասնակիցների ընդգրկվածություն ուսումնական գործընթացում։ Դրանից օգուտ կստանան բոլոր երեխաները։ Բազմաթիվ ուսուցիչներ կարծում են, որ կրթական հատուկ կարիքներով երեխաների ուսուցման համար իրենց անհրաժեշտ կլինեն «հատուկ հմտություններ»։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ հատուկ կարիքներով երեխաներին հանրակրթական գործընթացի մեջ ներգրավելու համար ընդամենը անհրաժեշտ է որակյալ, հասկանալի և մատչելի դասավանդում, որը և նպաստում է աշակերտների ակտիվության բարձրացմանը։ Սա այն է, ինչ պետք է անի ուսուցիչը՝ բոլոր երեխաներին որակյալ կրթություն տալու համար։ Ներառական կրթության անցնում են բազմաթիվ երկրներ՝ կրթության համեմատաբար համեստ բյուջեով և տեխնիկական միջոցների փոքր ծավալով։ Այս գործունեության դրական արդյունքներից են դասավանդման որակի բարձրացումն ու սովորողների ձեռքբերումները (այդ թվում նաև՝ կրթական գործընթացից դուրս մնացած և ցածր առաջադիմությամբ աշակերտների թվի նվազեցումը)։
Ներառական կրթությունն օգնում է հաղթահարելու խտրականությունը։
[խմբագրել | խմբագրել կոդը]Հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող երեխաների նկատմամբ կանխակալ վերաբերմունքը բավական ամուր է արմատավորված։ Պատճառներն են՝տեղեկատվության բացակայությունը նրանց մասին ունեցած գիտելիքների, նրանց հարևանությամբ ապրելու փորձի բացակայությունը կամ պակասը։ Նման պատճառներով ստեղծված կարծրատիպերը կոտրելը բավական դժվար է։ Սակայն փորձը ցույց է տալիս, որ բարենպաստ մթնոլորտում երեխաները ավելի հանգիստ, քան մեծահասակները, ընդունում են տարբերությունները։ Երեխաները մեր ապագա ծնողներն են, ուսուցիչները, փաստաբանները և քաղաքական գործիչները։ Եթե հաշմանդամություն ունեցող երեխաները ևս հաճախեն նույն դպրոցը, ինչ մնացածները, ապա բոլորի մեջ կձևավորվի անկանխակալ վերաբերմունք հաշմանդամություն ունեցող բոլոր մարդկանց նկատմամբ, և կարմատավորվի այն գիտակցությունը, որ հաշմանդամություն ունեցող մարդիկ հասարակության լիիրավ անդամներ են։
Ներառական կրթության մարտահրավերները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներառական կրթության համակարգի զարգացում, բոլոր աշակերտների լիարժեք մասնակցություն, հավասար հնարավորությունների ստեղծում և անհատական մոտեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ներառական կրթությունը լավագույն լուծումներն է առաջարկում հանրակրթական համակարգին և կարող է ապահովել, որ բավարարվեն բոլոր սովորողների կրթական կարիքները։ Միևնույն ժամանակ, ներառական կրթությունը չի կարող զարգանալ հանրակրթության համակարգից դուրս, առանձին։ Այն չի կարող դիտարկվել որպես առանձին, առանձնահատուկ հարց կամ ոլորտ, այլ պետք է դիտարկվի որպես ամբողջ դպրոցական համակարգի զարգացման սկզբունք։
- Որոշիչ է այն հարցը, թե ինչպես է առանձին վերցրած աշակերտի համար ապահովվում, որ նա ստանա իր կարողություններին և կարիքներին համապատասխան որակյալ կրթություն։ Եթե համակողմանի դիտարկենք աշակերտին, ապա դասարանական աշխատանքների պլանավորման ժամանակ վճռորոշ գործոն է համարվում դասարանում աշակերտի լիարժեք մասնակցությունն ապահովելու համար հնարավորությունների ստեղծումը։
- Մարդիկ տարբեր են, դա բնական է և ցանկացած հասարակություն դարձնում է ավելի հարուստ, և, հետևաբար, պետք է իր արտացոլումը գտնի նաև դպրոցում։ Դպրոցները պետք է ապահովեն բոլոր երեխաների մասնակցությունը՝ օգտագործելով տարբեր աշխատանքային մոտեցումներ, հնարքներ և, իհարկե, անհատական մոտեցում։
- Ներառական կրթություն նշանակում է, որ դպրոցը կարողանում է լավ կրթություն տրամադրել բոլոր երեխաներին, անկախ նրանց տարատեսակ կարողություններից։ Բոլոր երեխաները պետք է հարգալից վերաբերմունքի արժանանան և ստանան հավասար հնարավորություններ համատեղ սովորելու համար։
- Ներառական կրթությունը շարունակական գործընթաց է, ուստի ուսուցիչները պետք է առավել ակտիվ և գիտակից աշխատեն՝ ներառական կրթության նպատակներին հասնելու համար։
Ներառական որակյալ կրթություն. համագործակցություն, հավասարություն և մասնակցություն։ Երեք քայլ, որ տանում է դեպի իրական ներառում։
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թե ինչ խորությամբ է առանձին աշակերտը դիտարկվում որպես դժվարություններ ունեցող, կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով։ Հատկապես անհրաժեշտ է նշել, որ դպրոցի միջավայրը՝ կազմակերպվածությունը, կիրառվող մեթոդները, տիրող վերաբերմունքը, կարող է կենտրոնական դեր ունենալ աշակերտի անհատական որակները դժվարությունների վերագրելու հարցում։
- Կարևորն այն է, որ ախտորոշումը, որն ընդգծում էր աշակերտի թերությունները, այլևս չի դիտարկվելու։ Հիմնական մոտեցումը պետք է բխի այն գաղափարի ընդունումից, որ յուրաքանչյուր աշակերտ կարող է սովորել և ստեղծագործել։ Դպրոցը պետք է պատասխանատվություն կրի ստեղծելու այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր աշակերտ կարողանա սովորել և ստեղծագործել։ Դպրոցի միջավայրը պետք է միտված լինի զարգացնելու յուրաքանչյուր աշակերտի ներուժը և կարողությունները։
- Հաջորդ մոտեցումը չմեկուսացնելու սկզբունքն է, որը ներառական որակյալ կրթության գաղափարախոսության երրորդ հիմնաքարն է և վերաբերում է բոլոր սովորողների կարիքներին։ Բոլոր խնդիրներն իրենց հանգուցալուծումները պետք է ստանան դպրոցի ներսում։ Կազմակերպվածությունն ու ռեսուրսների հատկացումը պետք է բավարար չափով ճկուն լինեն, որպեսզի հնարավոր լինի անհրաժեշտ աջակցությունը տրամադրել անմիջապես դասարանում։ Կրթության հետ կապված խնդիրները, որ աշակերտները կարող են ունենալ, պետք է շարունակաբար քննարկվեն դպրոցի մանկավարժների և հատուկ մանկավարժական աջակցության թիմի անդամների հետ համատեղ։ Դրա նպատակն է հնարավորինս վաղ կանխել հնարավոր խնդիրները՝ արագ առաջարկելով հնարավոր լուծումներ։
Բացի վերը նշված երեք «հիմնաքարերից», շատ որոշիչ է, որ դպրոցի անձնակազմն իր աշխատանքում որդեգրի երեք առավելապես կարևոր հասկացություններ, որոնք պետք է վեր դասվեն ուսումնական ծրագրից։ Դրանք որակյալ կրթության իրական երեք ցուցանիշներն են՝ մասնակցություն, համագործակցություն և հավասարություն։ Դրանք պետք է ուղղորդող սկզբունքներ լինեն կրթության պլանավորման և իրականացման բոլոր գործընթացներում։ Երբ բոլոր սովորողների համար ապահովված է լիարժեք մասնակցության և համագործակցության միջավայր, և բոլորն ունեն զարգանալու հավասար հնարավորություններ, ապա կարելի է ասել, որ կրթությունը բարձր որակի է։
Կրթության իրավունքը վերաբերում է բոլորին
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յուրաքանչյուր ոք պետք է իրավունք ունենա սովորելու հանրակրթական դպրոցում՝ իր կարողություններին ու կարիքներին համապատասխան։ Սկզբունքորեն այդ կարիքները պետք է բավարարվեն հանրակրթական դպրոցում և պետք է հստակ ըմբռնել, որ այս իրավունքն ապահովելը դպրոցի և պետության պատասխանատվության տակ է։
- Ցավոք, բազմաթիվ երեխաներ դեռևս դուրս են մնացել կրթությունից կամ մեկուսացվել են կրթական համակարգում, հատկապես հիմա, երբ ներառական կրթության գաղափարը դեռ լիովին չի ընդունվել Հայաստանի Հանրապետության դպրոցների և հասարակության կողմից։ Հատուկ դպրոցները չեն կարող այս հարցի լուծում հանդիսանալ։ Շատ փոքր է այն երեխաների թիվը, որոնց կարելի է առաջարկել, որ սովորեն հատուկ դպրոցներում։ Հատուկ դպրոցները չեն կարող առանձնացված ծառայություններ լինել, դրանք պետք է շատ ակտիվ դերակատարություն ունենան դպրոցների զարգացման գործընթացում՝ որպես հանրակրթական դպրոցներին աջակցություն մատուցող ծառայությունների կենտրոններ։
- Դպրոցների շենքերի մատչելիությունը, ինչպես նաև հատուկ նյութերի և սարքավորումների առկայությունը պետք է ապահովված լինեն այնպես, որ խոչընդոտ չհանդիսանան որևէ երեխայի դպրոցում սովորելու համար։
- Հատուկ և հանրակրթական դպրոցների միջև առկա պատնեշը տարիների ընթացքում աստիճանաբար կկորցնի իր արդիականությունը դպրոցական համակարգի համար, որտեղ յուրաքանչյուր բաղադրիչ կստանձնի իր կարևոր դերը բոլոր երեխաներին անհրաժեշտ ծառայություններ մատուցելու նպատակով։ Մասնագիտական տեսանկյունից դա կապահովի դասավանդման որակի բարելավում, երբ տարբեր բնագավառների մանկավարժների փորձառությունն ու մոտեցումները հնարավոր կլինի ինտեգրել։
- Աշակերտի և նրա կրթության համար արդեն պատասխանատվություն կկրի հանրակրթական դպրոցի ուսուցիչը։ Ռեսուրս-ուսուցիչների առկայությունը չի ենթադրի, որ նրանք կարող են ստանձնել այդ պարտականությունը հանրակրթական դպրոցի ուսուցչի փոխարեն։
- Յուրաքանչյուր դպրոցի տնօրեն պատասխանատու կլինի, որ դպրոցի ծրագրերն ու դպրոցը մատչելի լինեն բոլոր երեխաների համար, հաշվի առնեն երեխաների կարիքները, պարբերաբար վերամշակվեն, իրականանան և գնահատվեն։ Նման ծրագրերի և դրանց գնահատման արդյունքները կխթանեն դասավանդման նոր մոտեցումներ և ծրագրեր։ Այն փաստը, որ ուսուցիչները համատեղ ուժերով, համատեղ քննարկմամբ կառաջարկեն մեթոդներ ու լուծումներ դասավանդման կոնկրետ խնդրի հաղթահարման, կոնկրետ աշակերտի կարիքներին համապատասխան ուսուցումը կազմակերպելու համար, կարևոր մաս կկազմի դասավանդման որակը բարելավելու գործընթացում։
- Անկախ այն հանգամանքից, թե որքանով արդյունավետ ուսում է ստանում աշակերտը դպրոցում, ընտանիքի մասնակցությունը համարվում է անփոխարինելի պայման, եթե մենք ցանկանում ենք ապահովել, որ երեխայի ստացած գիտելիքները կիրառվեն տանը կամ իրական կյանքի այլ իրավիճակներում։ Փորձը ցույց է տալիս, որ ընտանիքի անդամները կարող են կարևոր ռեսուրս լինել, եթե պատշաճ կերպով տեղեկացվեն, նախապատրաստվեն, նրանց վստահություն և հավատ ներշնչվի, և ոչ մի ջանք չպետք է խնայել ուղղելու և ուղղորդելու նրանց աջակցությունը երեխայի հետ աշխատանքում։
- Ամբողջ կրթության նպատակը պետք է ուղղված լինի անհատի կարիքներին, և շատ կարևոր է, որպեսզի գնահատման ռազմավարությունը մշակված լինի առաջընթացի գնահատումը խթանելու նպատակով։ Գնահատումը պետք է ուղղված լինի դրական զարգացումները բացահայտելուն։
Բաց և ճկուն ուսումնական ծրագրերը կարևոր են դպրոցների զարգացման համար
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շատ կարևոր է, որ ուսումնական ծրագրերը լինեն բավարար չափով ճկուն, և ուսուցիչներին տրվի դրանք երեխաների անհատական կարիքներին համապատասխանեցնելու, լուծումներ գտնելու հնարավորություն, որպեսզի յուրաքանչյուր երեխա ստանա իր կարիքներին և կարողություններին համապատասխան կրթություն։ Ուսուցումը պետք է խթանի և ոչ թե խոչընդոտի երեխայի զարգացումը։
- Հանրահայտ ճշմարտություն է, որ մարդիկ տարբեր են, սակայն դա միշտ անտեսվում է ուսումնական ծրագիր կազմելիս, երբ ենթադրվում է, որ բոլոր երեխաները պետք է կարողանան նույն բանը սովորել, նույն գործիքներով ու նույն մեթոդներով։ Բոլոր երեխաների, հատկապես հաշմանդամություն ունեցող և օժտված երեխաների համար շատ կարևոր է, որ ուսումնական ծրագիրը հստակ նպատակներ սահմանի նրանց կրթության համար, իսկ ուսուցիչներն ազատ լինեն ընտրելու այն ուղիներն ու մեթոդները, որով նրանք կապահովեն այդ նպատակներին հասնելը։
- Դպրոցներին պետք է աջակցություն ցուցաբերվի որոշակի առարկաների կամ ուսուցման մեթոդների փոփոխության հարցում և այդ աջակցությունը պետք է զուգորդվի համապատասխան հմտությունների զարգացման հետ։ Հատուկ ուշադրություն պետք է դարձվի այդ կարիքների բավարարման համար անհրաժեշտ ռեսուրսների ապահովմանը։