Նետում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեյսբոլիստը գնդակը նետելիս

Նետում, թեթև աթլետիկական, սկավառակի, նիզակի, մուրճի և այլ մարզական գործիքների նետման, ինչպես նաև գնդի հրման վարժություններ։ Նետումներն ընդգրկված են մարզական բազմամարտում և ՊԱՊ համալիրի նորմատիվներում։ Նպաստում են ուժի, ճարպկության, շարժումների արագության և կոորդինացիայի զարգացմանը, կիրառական բնույթի ունակությունների ձևավորմանը։

Սկավառակ, ոսպաձև, մետաղից օղագոտիով փայտյա գործիք։ Տրամագիծը՝ 21,9—22,1 սմ, քաշը՝ 2 կգ (տղամարդկանց համար) և 18,0—18,2 սմ, 1 կգ (կանանց համար)։ Նետում են 2,5 մ տրամագծով բետոնե հիմքով շրջանից։

Նիզակ, մետաղյա կամ մետաղից սուր ծայրակալով փայտյա ձող է, կենտրոնում պարանի փաթաթանով։ Քաշը՝ 0,8 կգ, երկարությունը՝ 2,6—2,7 մ (տղամարդկանց համար), 0,6 կգ և 2,2—2,3 մ (կանանց համար)։ Նետման վազքուղյակի երկարությունը՝ 30 մ-ից ոչ պակաս, լայնությունը՝ 4 մ։

Մուրճ, պողպատալարով բռնակին միացված 7,257 կգ քաշով մետաղե գունդ՝ 10,2-—12,0 սմ տրամագծով, 1,18—1,20 մ ընդհանուր երկարությամբ։ Նետումը իրագործվում է 2,135 մ տրամագծով շրջանից։

Գունդ, 7,257 կգ (տղամարդկանց համար) և 4 կգ (կանանց համար) քաշով ամբողջական մետաղյա գնդակ։ Հրում են 2,135 մ տրամագծով շրջանից։

Նռնակ, 700 գ քաշով, 236 մմ երկարությամբ (իրանի տրամագիծը՝ 50 մմ, բռնակինը՝ 30 մմ) մետաղյա կամ մետաղապատ փայտյա գործիք։

Սկավառակի և նիզակի նետման մրցումներն ընդգրկված էին հին հունական օլիմպիադաների ծրագրերում։ Նետումները մտնում են նաև ժամանակակից օլիմպիական խաղերի (սկավառակի նետում և գնդի հրում՝ 1896 թվականից, մուրճի նետում՝ 1900 թվականից, նիզակի՝ 1906 թվականից) և թեթե աթլետիկայի Եվրոպայի առաջնությունների ու միջազգային մրցումների ծրագրերում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 241