Նետոչկա Նեզվանովա
Նետոչկա Նեզվանովա ռուս.՝ Неточка Незванова | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | վիպակ |
Ձև | վեպ |
Հեղինակ | Ֆեոդոր Դոստոևսկի[1] |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Հրատարակվել է | 1849 |
Նախորդ | Նմանակը |
Հաջորդ | Ստեպանչիկովո գյուղն ու դրա բնակիչները |
Netochka Nezvanova |
Նետոչկա Նեզվանովա, XIX դարի ռուս գրող Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկու անավարտ վեպը, որը հեղինակը հետագայում վերափոխել է պատմվածքի։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1847 թվականի սկզբներին Դոստոևսկին պատրաստվել էր գնալ Իտալիա, որտեղ պլանավորել էր «Սովրեմեննիկ» ամսագրի համար վեպ գրել։ 1846 թվականի հոկտեմբերի 7-ին եղբորը՝ Միխայիլին գրած նամակում գրողը հայտնել է, որ նախատեսված ստեղծագործության առաջին մասը պլանավորել է գրել Իտալիայում և արտասահմանից ուղարկել՝ ամսագրում տպագրելու։ Վեպի երկրորդ մասը Դոստոևսկին մտադիր էր գրել նույն վայրում և անձամբ ներկայացնել վերադառնալուց անմիջապես հետո։ Հեղինակը հույս է ունեցել, որ աշնանը կհասցնի գրելու ևս երկու մաս և ավարտել վեպը։ «Ե՛վ սյուժեն (նախաբանը), և՛ միտքը իմ գլխում է», - պատմել է Դոստոևսկին եղբորը։ Հոկտեմբերի վերջին գրողը կրկին հայտնել է մտահղացված վեպի մասին, որը մտադրվել էր գրել ողջ հաջորդ տարին, որպեսզի ավելի ուշ հրատարակվեր «Խեղճ մարդիկ» վեպի և «Նմանակը» վիպակի հետ միասին։ Դոստոևսկին մտահղացված նոր ստեղծագործության հետ 1846 թվականի աշնանը «թարմ, հեշտ ու հաջող» աշխատել է «Տանտիրուհին» ստեղծագործության վրա՝ չնայած նրան, որ նոր վեպի գաղափարը ավելի էր հափշտակել գրողին[2]։
Նոյեմբերի 26-ին եղբորը գրած նամակում Դոստոևսկին հայտնել է «Սովրեմեննիկ» ամսագրի հետ աշխատանքների դադարեցման և «Հայրենական գրառումներ»[3] ամսագրի հետ սերտ կապերի հաստատման մասին՝ Նեկրասովի հետ վիճելու պատճառով. «Ես վերջնականապես գժտվել եմ «Սովրեմեննիկ»-ի հետ՝ ի դեմս Նեկրասովի։ Միևնույն ժամանակ Կրաևսկին, ուրախացած այդ առիթով, ինձ գումար տվեց և դրանից բացի խոստացավ, որ մինչև դեկտեմբերի 15-ը իմ փոխարեն կվճարի բոլոր պարտքերը։ Դրա փոխարեն մինչև գարուն ես կաշխատեմ նրա համար»[2]։
Այդ ժամանակ գրողը աշխատել է «Տանտիրուհին» ստեղծագործության վրա, որը, ինչպես ինքն է բնորոշել, «աշխատանք է սուրբ արվեստի համար, սուրբ աշխատանք, մաքուր, սրտի պարզությամբ, որը երբեք այդպես չէր թրթռացել ու չէր շարժվել» Դոստոևսկու մոտ, և որը գրողը ծրագրել էր ավարտել 1847 թվականի հունվարին։ Այս աշխատանքը վերջնականապես ընդհատել է «Նետոչկա Նեզվանովա» վեպի գաղափարը, որի անվանումը առաջին անգամ ի հայտ է եկել 1846 թվականի դեկտեմբերի 17-ին[3]։ Ֆինանսական դժվարությունների պատճառով Դոստոևսկին չէր կարողացել մեկնել արտասահման, ինչպես պլանավորել էր նախօրոք[2]։
Հենց նույն նամակից (1846 թվականի դեկտեմբերի 17) հետևել է, որ Դոստոևսկին պլանավորել էր առաջին մասի աշխատանքները ավարտել արդեն 1847 թվականի հունվարի 5-ին, քանի որ «պարտավորվել է հանձնել Կրաևսկուն»։ Այդ ժամանակ հեղինակը պլանավորել էր գրել վեպ՝ բաղկացած երեք մասից, որի հաջողությունը կապել է ընթերցողների հետ. «Ինձ անընդհատ թվում է, որ ես գործընթաց եմ սկսել մեր ամբողջ գրականության, ամսագրերի, գրաքննադատների հետ, և «Հայրենական գրառումներ» ամսագրում իմ՝ երեք մասից կազմված վեպով ես այս տարի ևս հաստատում եմ իմ առաջնայնությունը՝ ի հեճուկս իմ չկամեցողների»[2]։ 1847 թվականի առաջին կեսին գրված նամակները պատմում են Դոստոևսկու՝ ստեղծագործության վրա ակտիվ աշխատանքի և նրա՝ վեպը աշնանն ավարտելու հույսերի մասին։ «Այն (վեպը) կեզրափակի տարին, ժամանակին կկատավի բաժանորդագրումը, և գլխավորը, եթե այժմ չեմ սխալվում, տարվա մեծարժեք գործը կլինի»[4]։ Այնուամենայնիվ, այլ ստեղծագործությունների վրա աշխատանքները շեղել են գրողին վեպի աշխատանքներից[5]։ Այնուամենայնիվ, այդ ժամանակ զուգահեռ աշխատանքներ է տարվել «Տանտիրուհին» երկի վրա, որի շուտափույթ ավարտի մասին հայտնել է Դոստոևսկին 1847 թվականի հոկտեմբերի 9-ին գրած նամակում[3]։ 1847 թվականին «Նետոչկա Նեզվանովա» վեպը այդպես էլ չի ավարտվել[5]։
1848 թվականին Պետրաշևսկու խմբակի հավաքների ժամանակ (նա հաճախել է մինչև 1848 թվականի նոյեմբեր ամիսը) Դոստոևսկին հատվածներ է կարդացել «Նետոչկա Նեզվանովա» վեպից։ Պյոտր Սեմյոնով-Տյան-Շանսկու հուշերի հիման վրա հեղինակի ստեղծագործության հետազոտողները կարծում են, որ տարվա կեսին ստեղծագործության մեծ մասը արդեն գրված է եղել։ Բացի այդ, վեպի առաջին ունկնդիրները նշել են, որ հաղորդված տարբերակը եղել է «ավելի հագեցած, քան այն տպագրվել է» հետո[5]։ Վեպի սևագիր տարբերակներում վեպը պատմվել է հեղինակի կողմից, բայց արդեն ամսագրային տարբերակով պատմողը Նետոչկան էր, իսկ վեպը ձեռք է բերել «Մի կնոջ պատմություն» ենթավերնագիրը։ Բացի դրանից, փոխվել է մտահղացված ստեղծագործության սյուժեն և ծավալը։ Երեք հրապարակված հատվածները վերնագրվել են հետևյալ կերպ՝ «Մանկություն», «Նոր կյանք», «Գաղտնիք», որոնք դարձել են միմյանցից ավելի անկախ՝ պահպանելով պատկանելությունը վեպին ։ Ընդհանուր առմամբ ծրագրվել էր ավելի քան վեց մաս[5]։
1849 թվականի հունվարի 8-ին Պետերբուրգի գրաքննության կոմիտեի կողմից թույլատրվել է վեպի առաջին մասի տպագրությունը։ Առաջին անգամ տպագրվել է «Հայրենական գրառումներ» ամսագրի 1849 թվականի առաջին համարում [6]։ 1849 թվականի փետրվարի 1-ին Դոստոևսկին Կրաևսկուն խոստացել էր, որ 1849 թվականի հուլիսին տպագրված կլինեն վեպի «առաջին վեց մասերը»։ Վերանայումից հետո հեղինակը վեպից կրճատել է մեկուկես տպագրված թերթ[5]։ Փետրվարի 10-ին հավանության է արժանացել երկրորդ մասի տպագրությունը, որը լույս է տեսել «Հայրենական գրառումներ» ամսագրի երկրորդ համարում։ Արդեն փետրվարի 15-ին Դոստոևսկին խոստացել էր ներկայացնել երրորդ մասը՝ հույս ունենալով դրա դիմաց ստանալ 100 ռուբլի[7]։ Սակայն նույնիսկ մարտի վերջին հեղինակը հասցրել է ավարտել միայն երկու գլուխներից առաջինը ։ Հույս ունենալով երրորդ մասն ամբողջությամբ տպագրել ամսագրի ապրիլյան համարում՝ Դոստոևսկին սկսել է մաս առ մաս այն ուղարկել խմբագրություն, բայց չի հասցրել ավարտել։ 1849 թվականի մարտի 31-ին Կրաևսկուն գրած նամակում գրողը խոստացել էր ապրիլի 10-ին ներկայացնել արդեն չորրորդ մասը, իսկ ապրիլի 15-ին՝ հինգերորդը։ Բայց արդյունքում գրողը ոչինչ չէր ուղարկել, իսկ ապրիլի 23-ին ձերբակալվել էր[8]։ 1849 թվականի ապրիլի 30-ին թույլատրվել էր տպագրել անավարտ վեպի երրորդ մասը՝ առանց Դոստոևսկու ստորագրության[6]։ Երրորդ մասը հրատարակվել է «Հայրենական գրառումներ» ամսագրի մայիսյան համարում (1849 թվական)[8]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նետոչկա Նեզվանովայի կյանքը ներկայացվում է 8 տարեկանից մինչև 17 տարեկանը։ Սկզբում աղջիկը ապրում էր մոր և խորթ հոր` Եֆիմովի հետ պետերբուրգյան մեծ տան ձեղնահարկի խցիկում։ Խորթ հայրը տաղանդավոր ջութակահար էր, բայց միևնույն ժամանակ մեծամիտ, կոպիտ ու անպարկեշտ մարդ էր, որն ապրում էր «չարագործ» կնոջ հաշվին, ով իբր թե կործանել էր իր տաղանդը։ Չհասկանալով նրանց անկեղծ փոխհարաբերությունը` Նետոչկա Նեզվանովան ամուր կապվում է «հոր» հետ և երազում հիվանդ մոր մահից հետո նոր ու երջանիկ կյանք սկսել նրա հետ կարմիր վարագույրներով առանձնատանը, որը երևում էր նրանց պատուհանից։ Օգտվելով Նետոչկա Նեզվանովայի կույր սիրուց՝ Եֆիմովը ստիպում է նրան խաբել մորը և տալ իրեն վերջին կոպեկները՝ հանրահայտ ջութակահար Ս-ցայի համերգի տոմս գնելու համար։ Ցնցված մայրը հենց այդ երեկո մահանում է։ Խորթ հայրը, խելագարության մոլուցքի մեջ, հեռանում է Նետոչկա Նեզվանովայի հետ՝ վերջինիս մանկական երազանքին ընդառաջ գնալով։ Սակայն հետո լքում է նրան, թողնում փողոցում։ Նետոչկա Նեզվանովայի հետագա կյանքը անցնում է «կարմիր վարագույրներով տանը», ուր նրան ընդունում են խղճահարությունից դրդված։ Իսկ հետո ապրում է Ալեքսանդրա Միխայլովնայի մոտ, ով ուրախությամբ ստանձնում է «որբի» մոր դերը և մեծ ջանքեր է նվիրում նրա դաստիարակությանը։ Հասակ առած Նետոչկա Նեզվանովան մուտք է գործում տնային գրադարան, ծանոթանում վեպերին, որոնց «կախարդական նկարները» նրան տանում են հեռու իր շուրջը տիրող «մռայլ միապաղաղությունից»։ Ունենալով «հրաշալի» ձայն՝ 16 տարեկանից սկսում է սովորել կոնսերվատորիայում։ Դիպվածը օգնում է նրան ներթափանցել տան գաղտնիքի մեջ. մի գրքի մեջ նա գտնում է ոմն Ս. Օ.-ի վաղուց մոռացված նամակը՝ հասցեագրված Ալեքսանդրա Միխայլովնային։ Նրանց «անմեղ» սերը դառնում է «չարության ու ծիծաղի» առարկա հանրության համար։ Ամուսինը «պաշտպանում» է կնոջը, սակայն այդ ժամանակից ի վեր բարոյապես տանջում է իր «մեծահոգությունից» ճնշված կնոջը։ Նետոչկա Նեզվանովան նրա նկատմամբ տածում է բացահայտ ատելություն, վերջինս էլ փորձում է զրպարտել նրան կնոջ աչքերում՝ սիրեկանի հետ նամակագրական կապ ունենալու մեջ մեղադրելով։ Բուռն տեսարանի պահին նա չի խնայում կնոջ զգացմունքները, որին ի պատասխան Նետոչկա Նեզվանովան ուղղակիորեն բացահայտում է նրա կեղծավորությունը և պատրաստվում է հավիտյան լքել նրանց տունը։
Գործող անձինք
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպի գործող անձանցից մեկը հանդիսանում է Օվրովը՝ Պյոտր Ալեքսանդրովիչի օգնականը։ Պահպանված ոչ մեծ ձեռագիր հատվածի հիման վրա Դոստոևսկու ստեղծագործության ուսումնասիրողները եկել են այն եզրահանգման, որ սկզբնապես տվյալ գործող անձը՝ Օվրովը, ստեղծվել է որպես հերթական «երազող», ում դերը պետք է լիներ բավականաչափ ծանրակշիռ։ Հեղինակի վաղ մտահղացումից պարզ է դառնում, որ հատկապես այդ հերոսն է Նետոչկայի փոխարեն գտել անծանոթի՝ իր բնավորությանը մոտ ու հասկանալի «եղբայրական երկու սրտերի միության» գաղափարով նամակը։ Սոլոմինան ենթադրել է, որ Դոստոևսկին մտահղացել է բարդ փոխհարաբերություններ Օվրովի և Նետոչկայի միջև։ Վերջնական տարբերակում, սակայն, Օվրովի կերպարը չի բացահայտվել։ Ստեղծագործությունը ավարտվել է Օվրովի և Նետոչկայի առաջին հանդիպումով[5]։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տառապող երեխայի թեման մշտապես է Դոստոևսկու ստեղծագործության մեջ։ Նետոչկա Նեզվանովան շատ առումներով «ազատագրված» կանանց կերպարի նախատիպն է, ինչպիսիք են Նատաշա Իխմենևան («Նվաստացվածներն ու անարգվածները»), Դունյա Ռասկոլնիկովան («Ոճիր և պատիժ»), Ագլայա Եպանչինան («Ապուշը»), Կատերինա Նիկոլաևնա Ախմակովան («Դեռահասը») և այլք։
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia, 1968.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Соломина, 1972, էջ 494
- ↑ 3,0 3,1 3,2 Фридлендер, 1972, էջ 507
- ↑ Соломина, 1972, էջ 494-495
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Соломина, 1972, էջ 495
- ↑ 6,0 6,1 Соломина, 1972, էջ 492
- ↑ Соломина, 1972, էջ 495-496
- ↑ 8,0 8,1 Соломина, 1972, էջ 496
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соломина Н. Н. Примечания // Ф. М. Достоевский. Полное собрание сочинений в тридцати томах / под ред. А. С. Долинина и Е. И. Кийко. — Ленинград: Наука, 1972. — Т. 2. — 528 с. — 200 000 экз.
- Фридлендер Г. М. Примечания // Ф. М. Достоевский. Полное собрание сочинений в тридцати томах / под ред. Г. М. Фридлендера. — Ленинград: Наука, 1972. — Т. 1. — 520 с. — 200 000 экз.
- Фридлендер Г. М. Примечания // Ф. М. Достоевский. Полное собрание сочинений в 15 томах / под ред. Н. Ф. Будановой. — Ленинград: Наука, 1988. — Т. 2. — С. 562-576. — 592 с. — 500 000 экз.
- Мочульский К. В. Достоевский. Жизнь и творчество. Париж, 1947
- Нечаева B.C. Ранний Достоевский (1821—1849). М., 1979.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Նետոչկա Նեզվանովա». «Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի։ Կյանքի և ստեղծագործության անթոլոգիա». Վերցված է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին.
- «Ֆ. Ստելլովսկու առանձին հրատարակություն (1866)». Ցանցային հրատարակություն «Ֆեոդոր Միխայլովիչ Դոստոևսկի։ Կյանքի և ստեղծագործության անթոլոգիա». Վերցված է 2017 թվականի սեպտեմբերի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նետոչկա Նեզվանովա» հոդվածին։ |