Նաջդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Նեջդից)
Նաջդի երեք գավառները Սաուդյան Արաբիայի քարտեզի վրա

Նաջդ կամ Նեջդ (արաբ․՝ نجد‎‎, բառացի՝ բարձունք), կենտրոնական տարածք Արաբական թերակղզում, մտնում է Սաուդյան Արաբիայի կազմի մեջ։ Սաուդցիների 28%-ը բնակվում է այդտեղ[1]։ Այն բաժանված է երեք հիմնական գավառների՝ Ռիադ (արաբ․՝ الرياض‎‎), ալ-Կասիմ (արաբ․՝ القصيم‎‎‎) և Հաիլ (արաբ․՝ حائل‎‎‎)։

Ժամանակին նաջդեցիները Սաուդյան Արաբիայի բնակչության ճնշող մեծամասնությունն են կազմել[2]։ Ի տարբերություն Արևելյան Արաբիայի՝ Հիջազի, Նաջդը հաճախ է ընկել օտար տիրապետության տակ։

Նաջդում է գտնվում Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադը (արաբ․՝ الرياض‎‎` դրախտ)։ Վաղ միջնադարում` 5-7-րդ դարերում, այստեղ են զարգացել նախաիսլամական շրջանի մշակույթը ու արաբական դիցաբանությունը, տեղի են ունեցել քաղաքական ու կրոնական տեղաշարժեր, որոնց արդյունքում ձևավորվել է Արաբական խալիֆայությունը։ Հետագայում՝ հարյուրավոր տարիներ անց, վահաբիական շարժման հիման վրա, այստեղ է ձևավորվել Սաուդյան Արաբիայի թագավորությունը։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուվեյկի լեռնաշղթա

Արաբերեն «նաջդ» անվանումը նշանակում է «բարձունք»։ Այս բառը նախկինում գործածվում էր ոչ միայն տվյալ հատվածի անվանման, այլև Արաբական թերակղզու մյուս բարձրադիր վայրերի համար։ Այնուամենայնիվ, դրանցից առավել հայտնի է կենտրոնական հատվածը, որը արևմուտքում սահմանափակված է Հիջազ լեռնաշղթայով, արևելքում՝ Բահրեյնի դաշտավայրով, իսկ հարավում Եմենն է։

Միջնադարյան արաբ աշխարհագրագետները բավական ժամանակ են ծախսել Հիջազի և Նաջդի հստակ սահմանը որոշելու համար։ Ընդհանուր առմամբ որոշվել էր, որ Նաջդի արևմտյան սահմանը համարվում է այն մասը, որտեղ Հիջազի արևմտյան լեռնափեշերն ու լավաներն են։ Արևելքում Նաջդի սահմանը հասնում է կարմրավուն դյուների նեղ հատվածին, որը հայտնի է որպես Դահնա անապատ (կամ Մեծ Նեֆուդ)։ Այն գտնվում է մայրաքաղաք ալ-Ռիադից 100 արևելք։ Նաջդի հարավային սահմանը միշտ համարվում էր Ռուբ ալ-Խալի (արաբ․՝ الربع الخالي‎‎` դատարկ քառորդ, քանի որ ավազածածկ է և զբաղեցնում է թերակղզու մեկ քառորդ մասը)։ Այդ մասում են գտնվում Ռանյա, Բիշա և Թաթլիթ վադիները։

Նաջդի հյուսիսային սահմանը հաճախ փոփոխվել է, և միջնադարյան աշխարհագրագետները քիչ ուշադրություն են դարձրել նրա կազմմանը։ Վաղ իսլամական շրջանում նույնիսկ հյուսիսային սահմանը հասցվում էր Եփրատ գետին` Միջագետքին։ Այնուամենայնիվ, Սիրիայի ու Իրաքի տարածքում գտնվող անապատները Նաջդի մյուս հատվածից անջատված են Մեծ Նեֆուդ անապատով։ Դրանց գլխավոր բնակիչները բեդուիններն (արաբ․՝ بدوي‎‎` թափառող) են, ովքեր ավելի կապված են սիրիացիների ու իրաքցիների հետ, քան սաուդցիների։ Այդ է պատճառը, որ «նաջդ» եզրույթը ավելի ուշ սկսել է գործածվել Նաջդի պլատոյի համար, որի բնական սահմանը Նեֆուդ անապատն է։

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

քարտեզ գավառ արաբերեն կենտրոն տարածք
կմ²
բնակչություն
2004
խտություն շրջաններ
Հաիլ արաբ․՝ حائل‎‎ Հաիլ 103.887 527.033 5,1 4
ալ-Կասիմ արաբ․՝ القصيم‎‎ Բուրեյդա 58.046 1.016.756 17,5 11
ալ-Ռիադ արաբ․՝ الرياض‎‎ Ռիադ 404.240 5.455.363 13,5 20

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչխարների հոտ Նաջդի հյուսիսում

Նաջդի պլատոն տատանվում է ծովի մակարդակից 762-1525 մ բարձրության սահմաններում՝ դեպի արևմուտք բարձրանալով։ Արևելյան հատվածի օազիսներում գտնվում են մի շարք բնակավայրեր, իսկ մնացած մասը մասամբ բնակեցվում է տեղից տեղ շարժվող բեդվիններով։ Նաջդը ամբողջությամբ գտնվում է արևադարձային գոտում։

Կլիման շոգ է և չորային, խիստ սակավ են անձրևները։ Տարածված են վադիները՝ գետահուներ, որոնց առկայությունը վկայում է ժամանակին այդտեղով հոսող ջրերով։ Տարածված են կիսաանապատները և անապատները։ Բնիկները հնուց զբաղվում են գյուղատնտեսությամբ` ոռոգովի երկրագործությամբ ու անասնապահությամբ։

Համեմատաբար տեղումնառատ են փետրվար (20 մմ) և մարտ (10 մմ) ամիսները, երբ թափվում են ամբողջ տեղումների 60 տոկոսը[3]։ Միջին ջերմաստիճանը 24 C է, հունվարին` 17 C, հուլիսին՝ 31 C։ Հաճախ առավելագույն ջերմաստիճանը կարող է գերազանցել 50 C-ը, իսկ ավազի վրա այն հասնում է 80 C-ի։ Նման պայմաններում եթե անձրև գա, ապա այն չհասած գետնին գոլորշիանում է, իսկ ձուն գետնին ընկնելիս անմիջապես վերածվում է ձվածեղի։

Այսպիսի կլիմայական պայմաններին հարմարված են խիստ սակավաթիվ բույսեր ու կենդանիներ։ Տեղ-տեղ հանդիպում են ուղտափուշ և օշինդր, անապատներում տարածվախ են սարդերը, մորմերը, օձերն ու կարիճները։ Օազիսներում հանդիպում են տարատեսակ արևադարձային բույսեր, բնակիչները զբաղվում են այգեգործությամբ, մասնավորապես արմավեբու աճեցմամբ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաջդի տարածքում՝ կենտրոնական և հյուսիսային Արաբիայում, մարդիկ բնակվել են դեռ հնադարում։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսած այդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր մահիկի» տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել է Հաբեշական բարձրավանդակում (Եթովպիա)։ Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիք են Շումերը (արաբ․՝ سومر‎‎, Սումեր), Աքքադը (արաբ․՝ أكد‎‎, Աքքադ), Բաբելոնիան (արաբ․՝ أكبلاد بابلد‎‎, Բիլադ Բաբել), Փյունիկիան (արաբ․՝ فينيقيا‎‎, Ֆինիկիա), Ասորեստանը (արաբ․՝ آشور‎‎, Աշշուր), Ասորիքի (արաբ․՝ سوريا‎‎, Սուրիա) և Միջագետքի (արաբ․՝ بلاد الرافدين‎‎‎, Բիլադ ալ-Ռաֆիդեյն) հռչակավոր քաղաք-պետությունները[4]։

Նաջդի դրոշը 1921 թվականին

Արաբական ցեղերը հայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որի հիմնադիրն Ադնանն էր[5], և հարավային, որի հիմնադիրն էր Կահտանը։ Հայտնի էին (արաբ․՝ بنو أسد‎‎, բանու ասադ)՝ առյուծի որդիներ, (արաբ․՝ بنو نسر‎‎, բանու նասր)՝ արծվի որդիներ, (արաբ․՝ تغليب‎‎, Թաղլիբ), (արաբ․՝ القريش‎‎, ալ-Կուրեյշ) և այլ ցեղերը Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպես նաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապես մեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։

18-րդ դարում Նաջդի պատմության մեջ բացվում է նոր էջ. այստեղ ծնունդ է առնում վահաբականությունը։ Ալ-Սաուդ ընտանիքի դրոշի ներքո հավաքվում են տեղական հզոր ցեղերը, որոնք միավորվում են մեկ պետության մեջ։ Սաուդցիները անգլիացիների օգնությամբ 19-րդ դարում կարողանում են դիմակայել Մուհամմադ Ալի փաշայի արշավանքներին։ 20-րդ դարում նրանց իշխանությունը հաստատվում է նաև Հիջազում, և քաղաքական քարտեզի վրա առաջանում է նոր պետություն՝ Սաուդյան Արաբիայի թագավորությունը։ Հետագայում նավթի հանքերի հայտնագործման շնորհիվ պետությունը զարգանում է. 21-րդ դարի սկզբին Սաուդյան Արաբիայի տարածքում էր գտնվում համաշխարհային նավթի 26 տոկոսը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Saudi Arabia Population Statistics 2011 (Arabic)"
  2. Fouad N. Ibrahim. "The Shiʻis of Saudi Arabia". pp. 56–57.
  3. Climate; Najd
  4. Robert G.Hoyland, Arabia and the Arabs, New York, 2001
  5. Негря Л. В. Общественный строй Северной и Центральной Аравии в 5-7 вв
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նաջդ» հոդվածին։