Նեոֆրեյդիզմ
Նեոֆրեյդիզմ, (հին հունարեն՝ neo-նոր+ֆրեյդիզմ)՝ նեոֆրոյդիզմ, ուղղություն ժամանակակից փիլիսոփայության և հոգեբանության մեջ, տարածում է ստացել գլխավորապես ԱՄՆ-ում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ական թվականների վերջերին նեոֆրեյդիզմը առանձնացել է ուղղափառ ֆրեյդիզմից (Հոռնի, Սալլիվան, Ֆրոմ և ուրիշներ) և ձևավորվել պսիխոանալիզի և ամերիկական սոցիոլոգիական ու ազգաբանական ուսմունքների միավորման պրոցեսում։ Նեոֆրեյդականները ֆրեյդիզմի ժամանակակից կողմնակիցներն են, որոնք, անփոփոխ թողնելով Զիգմունդ Ֆրեյդի հիմնական իդեալիստական գիծը, հրաժարվում են մարդկային կյանքի բոլոր երևույթներում սեռական աստառ տեսնելու միտումից և որոշ մեթոդաբանական ոչ էական առանձնահատկություններից։ Նեոֆրեյդիզմի ելակետը, այսպես կոչված, սոցիալական (Ֆրոմ) կամ մշակութային (Կարդիներ) դետերմինիզմի սկզբունքն է, որն, ի տարբերություն Զ․ Ֆրեյդի բիոլոգիզմի, անձի ձևավորման գործում վճռական է համարում միջավայրի ազդեցությունը, պսիխոանալիզի ծանրության կենտրոնը ներհոգեկան երևույթներից տեղափոխում է միջանձնային հարաբերությունների վրա, չի ընդունում լիբիդոն և սուբլիմացիան։ Հոգեկան նորմերը մեկնաբանվում են որպես անհատի հարմարվողականություն սոցիալական միջավայրին, իսկ «սոցիալական նույնականության» ամեն մի խախտում դիտվում որպես ախտաբանություն։ Նեոֆրեյդիզմը ժխտում է սոցիալական այն օբյեկտիվ օրինաչափությունները, որոնք հոգեբանության օրենքներ չեն։ Այն կամ բոլորովին մերժում է անգիտակցականի դերը, կամ էլ դիտում որպես կապող օղակ սոցիալական և հոգեկան կառուցվածքների միջև։
Նեոֆրեյդիզմը ըստ Սալլիվանի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Սալլիվանի հոգեկանում չկա ոչինչ, բացի այլ անձանց և օբյեկտների նկատմամբ ունեցած հարաբերություններից կամ միջանձնային իրավիճակների փոխարկումից։ Անձի գոյությունը, որպես այդպիսին, դիտվում է առասպել կամ պատրանք, իսկ անձը՝ սոցիալական շփման պրոցեսում առաջ եկած աղճատված կամ ֆանտաստիկ կերպարների («պերսոնիֆիկացիաների») միջև հաստատված կապերի և հարաբերությունների ամբողջություն։ Նեոֆրեյդիզմը ամբողջական կուռ ուսմունք չէ։
Նեոֆրեյդիզմը ըստ Հոռնի
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոռնին, ի տարբերություն Սալլիվանի (որն անհատին ձուլում է միջանձնային միջավայրին), մարդու մեջ ընդունում է ինքնաշարժման հնարավորությունը («ինքնիրականացման ձգտում»)։
Նեոֆրեյդիզմը ըստ Ֆրոմի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրոմը զարգացնում է սոցիալ-քննադատական մարդաբանական տեսությունը և նեոֆրեյդիզմը դարձնում ուտոպիական «կոմունիտար սոցիալիզմի» ուսմունք։
Նեոֆրեյդիզմը ըստ Միդի և Կարդիների
[խմբագրել | խմբագրել կոդը]Մ․ Միդի, Կարդիների և ուրիշների աշխատություններում նեոֆրեյդիզմը միավորվում է մշակութային մարդաբանության հետ՝ հաճախ հանգելով մշակութային ռելյատիվիզմի (հարաբերապաշտության), առանձին մշակույթների հոգեբանական անհամաչափելիության գաղափարներին։ Հոգեախտաբանության հարցերը զարգացրել է Հոռնին։ Նևրոզի իռացիոնալ բնույթը դիտելով որպես հասարակության իռացիոնալ կողմերի արտացոլում՝ նևրոզի շարժիչ ուժը համարում է թշնամական միջավայրի առաջ բերած «հիմնական վախի» վիճակ։ Որպես վախի արդյունք առաջանում են հակազդող տարբեր պաշտպանական մեխանիզմներ՝ ա․ ռացիոնալիզացիա կամ նևրոտիկ վախի ձևափոխում՝ արտաքին, միշտ չափազանցվող, վտանգի հանդեպ տածվող ռացիոնալ սարսափի, բ․ վախի ճնշում, որի ժամանակ այն փոխարինվում է այլ ախտանիշներով, գ․ վախի «անզգայացում», ուղղակի՝ ալկոհոլի օգնությամբ, կամ փոխաբերական՝ արտաքին բուռն գործունեության ձևով, դ․ փախուստ վախ հարուցող իրադարձությունից։ Պաշտպանության այս ձևերից են ծնվում 4 «մեր ժամանակի մեծ նևրոզները»․ ա․ կապվածության նևրոզը (ամեն գնով սիրո և հավանության արժանանալու ձգտումը), բ․ իշխանության նևրոզը (իշխանության և համբավի հետամուտ լինելը), գ․ հնազանդության նևրոզը (ավտոմատ կոնֆորմիզմ), դ․ նևրոտիկ մեկուսացումը կամ փախուստը հասարակությունից։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 231)։ |