Նենսի Գրեյս Ռոման (աստղադիտակ)
| Կոչվել է ի պատիվ | Նենսի Ռոման | |
|---|---|---|
| Երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Ծագման երկիր | Ամերիկայի Միացյալ Նահանգներ | |
| Նշանակալից իրադարձություն | rocket launch | |
| Սկիզբ | Kennedy Space Center Launch Complex 39A | |
| Space launch vehicle | Falcon Heavy | |
| Սպասարկող | ՆԱՍԱ | |
| Launch contractor | SpaceX | |
| UTC date of spacecraft launch | 30 օգոստոսի 2026 | |
| Parent astronomical body | Երկիր | |
| Lagrangian point | L2 Earth-Sun | |
| Type of orbit | Հալո ուղեծիր | |
| Արտադրող | Goddard Space Flight Center, Exelis Inc., Ռեակտիվ շարժման լաբորատորիա | |
| Շարժիչ | solar cell panel, լիթիում-իոնային մարտկոց, thruster | |
| Օգտակար բեռ | 2191 կիլոգրամ | |
| Զանգված | 4166 կիլոգրամ | |
| Տրամագիծ | 2,36 մետր | |
| Պաշտոնական կայք | link | |
«Նենսի Գրեյս Ռոման» տիեզերական աստղադիտակ, (անգլ.՝ Nancy Grace Roman Space Telescope, անգլ.՝ Roman Space Telescope, RST, անվանման նախկին տարբերակը՝ անգլ.՝ Wide Field Infrared Survey Telescope) լայնադաշտ ինֆրակարմիր աստղադիտարան, ՆԱՍԱ-ի վեցերորդ «Մեծ աստղադիտարանը», որը 2010 թվականին ԱՄՆ-ի Ազգային հետազոտական խորհրդի Տասնամյա հետազոտության հանձնաժողովի կողմից առաջարկվել է որպես աստղագիտության հաջորդ տասնամյակի գլխավոր առաջնահերթություն։ 2016 թվականի փետրվարի 17-ին «WFIRST»-ը պաշտոնապես նշանակվել է որպես ՆԱՍԱ-ի առաքելություն[1]։ 2020 թվականի մայիսին այն անվանվել է Նենսի Ռոմանի պատվին՝ ՆԱՍԱ-ի առաջին կին ղեկավարներից մեկի անունով[2]։
«RST» աստղադիտարանի ալիքային ընդգրկույթը 0,48 մկմ-ից (տեսանելի ճառագայթում, կապույտ) մինչև 2,3 մկմ է (մոտ ինֆրակարմիր), և այն կկարողանա կատարել ինչպես «Հաբլ» տիեզերական աստղադիտակի, այնպես էլ 2021 թվականի դեկտեմբերի 25-ին արձակված «Ջեյմս Ուեբ» աստղադիտարանի որոշ առաջադրանքներ։ «RST»-ը պետք է ստանա էկզոմոլորակների առաջին ուղղակի լուսանկարները, բացահայտի մութ էներգիայի էությունը և օգնի հասկանալ, թե ինչպես է նյութը բաշխված տիեզերքում։
2026 թվականի օգոստոսի 30-ին աստղադիտակը հաջողությամբ արձակվել է Քենեդու տիեզերական կենտրոնից՝ №39A արձակման համալիրից, «Falcon Heavy» հրթիռի օգնությամբ[3][4][5]։
Ծրագրի պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստղադիտակի մշակում
[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010 թվականի օգոստոսի 16-ին ԱՄՆ-ի գիտությունների ակադեմիաների Ազգային հետազոտական խորհուրդը (NRC) հրապարակել է հաջորդ տասնամյակի աստղագիտության և աստղաֆիզիկայի հետազոտական ուղղությունների վերաբերյալ զեկույցը։ Մեկ միլիարդ դոլար գերազանցող խոշոր տիեզերական նախագծերի շարքում առաջնահերթություն տրվել է «WFIRST» տիեզերական ինֆրակարմիր աստղադիտարանին՝ 1,3 մետր տրամագծով հայելիով և 1,6 միլիարդ դոլար գնահատվող բյուջեով[6]։
- 2010 թվականին ձևավորվել է «WFIRST» նախագծի Գիտական սահմանման աշխատանքային խումբը (Science Definition Team, SDT)։
- 2012 թվականի հունիսի 5-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Ռազմատիեզերական հետախուզության ազգային վարչությունը (NRO) ՆԱՍԱ-ին նվիրել է աստղադիտակների երկու հիմք, որոնք ի սկզբանե նախատեսվել է օգտագործել ուղեծրից Երկրի մակերևույթին հետևելու համար։ Սակայն հետախուզական ծրագրերի փոփոխության պատճառով արդեն ստեղծված սարքավորումները ճանաչվել են հնացած և այլևս պահանջված չեն եղել։ Գլխավոր հայելու չափով դրանք համապատասխանել են «Հաբլ» աստղադիտակին (2,4 մետր), սակայն ունեցել են մոտ 100 անգամ ավելի մեծ տեսադաշտ[7]։ Նվիրաբերված հիմքերից մեկը, համապատասխան արդիականացումից հետո, որոշվել է օգտագործել որպես «WFIRST» նախագծի հիմք։
- 2016 թվականի փետրվարի 19-ին «WFIRST» նախագիծը հաստատվել է լիարժեք արտադրության և արձակման համար՝ առավելագույնը 3,2 միլիարդ դոլար բյուջեով[8]։
- 2017 թվականի հոկտեմբերի 19-ին ՆԱՍԱ-ն հրապարակել է հիմնական աշխատանքային խմբից անկախ մասնագետների զեկույցը, որի համաձայն՝ աստղադիտակի արժեքը կկազմի 3,9–4,2 միլիարդ դոլար։ Բացի այդ, անկախ փորձագետները կասկածի տակ են դրել մասնագետների որոշ առանցքային որոշումներ. օրինակ՝ պսակագրաֆի (կորոնոգրաֆի) իրականացումը ավելի բարդ էր, քան նախատեսել է «JPL»-ը։ Նույնը վերաբերվել է ապագա աստղադիտակի որոշ այլ տարրերի։
- 2019 թվականի օգոստոսի 28-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ ապագա աստղադիտակի նախնական նախագծի փորձաքննության (preliminary design review, PDR) փուլը հաջողությամբ ավարտվել է[9][10]։
- 2019 թվականի սեպտեմբերի 24-ին JPL-ը հայտարարել է պսակագրաֆի նախնական նախագծի հաջող փորձաքննության մասին։ Այդ գործիքը պետք է պաշտպանի ապագա աստղադիտակի բարձր զգայունությամբ օպտիկան։ Այսպիսով, հաստատվել է սարքի թռիչքային նմուշի հավաքման պատրաստվածությունը[11][12][13]։
- 2020 թվականի սեպտեմբերի 3-ին պատրաստվել է աստղադիտակի գլխավոր՝ 2,4 մետրանոց հայելին։ Այն «Հաբլի» հայելու չափն ունի, սակայն կշռում է դրա քաշի մեկ քառորդից էլ պակաս՝ 186 կգ։ «Հաբլի» հայելու քաշը 828 կգ է[14]։
- 2021 թվականի մայիսի 6-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է պսակագրաֆի նախագծի վերլուծության ավարտի մասին (Critical Design Review փուլ), որով հաստատվել է դրա վերջնական տեսքը։ Այդ ժամանակ մասնագետները պետք է անցնեին գործիքի թռիչքային տարբերակի պատրաստմանն ու հավաքմանը[15][16]։
- 2021 թվականի սեպտեմբերի 29-ին ՆԱՍԱ-ն հայտարարել է աստղադիտակի նախագծային և փորձակոնստրուկտորական բոլոր աշխատանքների ավարտի մասին (Critical Design Review փուլ)։ Սպասվել է, որ թռիչքային սարքավորումները և գիտական գործիքները պատրաստ կլինեն 2024 թվականին, որից հետո կսկսվեն ամբողջ աստղադիտակի հավաքումն ու փորձարկումները[17][18]։
- 2025 թվականին սկսվել է աստղադիտակի հավաքումը[19]։
- 2025 թվականի ապրիլին Դոնալդ Թրամփը առաջարկել է չեղարկել աստղադիտակի արձակումը[20]։
Նախապատրաստում և արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]Արձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տիեզերական գործակալության նախնական ծրագրերի համաձայն՝ «WFIRST»-ի կառուցումը սկզբնապես նախատեսվել է սկսել 2019 թվականին, սակայն անորոշ նախագծային կարգավիճակի պատճառով այն հետաձգվել է մի քանի տարով։
- 2018 և 2019 թվականներին ԱՄՆ-ի իշխանությունները փորձել են ամբողջությամբ դադարեցնել նախագծի իրականացումը՝ կապված «Արտեմիս» լուսնային ծրագրի» իրականացման ուղղությամբ առաջնահերթությունների փոփոխության հետ։ Այս առաջարկները դժգոհություն է առաջացրել գիտական հանրության, ինչպես նաև բազմաթիվ կոնգրեսականների և սենատորների շրջանում, և արդյունքում նախագիծը հաջողվել է պահպանել։
- 2020 թվականի սկզբին աստղադիտակի արձակումը նախատեսվել է իրականացնել 2026 թվականի հոկտեմբերին։
- 2021 թվականի սեպտեմբերին աստղադիտակի արձակումը նախատեսվել է իրականացնել ոչ ուշ, քան 2027 թվականի մայիսը՝ «Delta IV Heavy» կրող հրթիռով։
- 2022 թվականի հուլիսի 19-ին ՆԱՍԱ-ն հաղորդել է, որ աստղադիտակի՝ 2026 թվականի հոկտեմբերին նախատեսվող արձակման համար ընտրվել է «Falcon Heavy» գերծանր կրող հրթիռը, որը պատկանում է «SpaceX» ընկերությանը։ Պայմանագրի արժեքը կկազմի 255 միլիոն ԱՄՆ դոլար։
- 2026 թվականի օգոստոսի 30-ին այն հաջողությամբ արձակվել է Falcon Heavy կրող հրթիռով՝ Ֆլորիդայի Քանավերալ հրվանդանում գտնվող «LC-39A» արձակման համալիրից[21]։
Գիտական գործիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Wide-Field Instrument (WFI, լայնադաշտային գործիք), «Lockheed Martin» ընկերության կողմից մշակված լայնանկյուն, 288 մեգապիքսելանոց բազմասպեկտրային տեսախցիկ է, որն աշխատում է ինֆրակարմիր տիրույթում։ Պատկերների հստակությունը մոտ կլինի «Հաբլ» տիեզերական աստղադիտակի լուսանկարների հստակությանը, սակայն «WFIRST»-ի մեկ լուսանկարում կներառվի երկնքի մոտ 0,28 քառակուսի աստիճան տարածք, ինչը մոտ 100 անգամ ավելի մեծ է, քան «Հաբլի» դեպքում։ «WFI»-ում կիրառվում են այնպիսի տեխնոլոգիական լուծումներ, որոնք ընկերությունն արդեն օգտագործել է «Ջեյմս Ուեբ» տիեզերական աստղադիտակի վրա տեղադրված մերձակա ինֆրակարմիր տիրույթի «NIRCam» տեսախցիկում։ Սակայն «WFI»-ի կիզակետային մատրիցան մոտ 200 անգամ ավելի մեծ է, քան «NIRCam»-ինը։ Դա հնարավորություն կտա ստանալ աստղային դաշտերի համայնապատկերային պատկերներ։ «WFI»-ն կօգտագործվի մութ էներգիայի ուսումնասիրության և գրավիտացիոն միկրոլինզավորման մեթոդով էկզոմոլորակների որոնման համար։ Սպասվում է, որ սարքավորումը մեկ տարուց ավելի ժամանակահատվածում յուրաքանչյուր 15 րոպեն մեկ կկարողանա դիտարկել ավելի քան 200 միլիոն աստղ։
Coronagraphic Instrument (CGI, կորոնագրաֆ), փոքր տեսադաշտով բարձր կոնտրաստային կորոնագրաֆ, որը տեսանելի է լույսից մինչև մերձակա ինֆրակարմիր տիրույթն ընդգրկող սպեկտրոմետրերով։ Այն նաև օգտագործում է աստղերի լույսը ճնշելու նոր տեխնոլոգիա։ Սարքը բաղկացած է մի քանի լույս չթափանցող էկրաններից և երկու փոքր ճկուն հայելիներից, որոնց մակերևույթի ձևը հնարավոր է փոխել Երկրից տրվող հրամաններով։ Բորտային համակարգիչը կկարգավորի հայելիների մակերևույթի երկրաչափությունը այնպես, որ սարքը կարողանա աստղի լույսը նվազեցնել առնվազն 100 միլիոն անգամ։ Դա հնարավորություն կտա հայտնաբերել մեծ մոլորակներ, որոնք պտտվում են աստղի շուրջը՝ նրանից ավելի քան 0,15 անկյունային վայրկյան հեռավորության վրա։
Նախագծի արժեքի գնահատում և ֆինանսավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին, երբ ԱՄՆ զինված ուժերը դեռ չէին տրամադրել NASA-ին 2,4 մետր տրամագծով հայելին, նախագիծը գնահատվել է 1,6 միլիարդ դոլար։
2017 թվականի հոկտեմբերի 19-ին NASA-ն հրապարակել է հիմնական աշխատանքային խմբից անկախ մասնագետների պատրաստած զեկույցը, որի համաձայն՝ աստղադիտակի արժեքը կկազմի 3,9-4,2 միլիարդ դոլար։
2019 թվականի սկզբի դրությամբ «WFIRST»-ի աշխատանքային խումբը աստղադիտակի ստեղծման արժեքը գնահատել է 3,2 միլիարդ դոլար։ Արժեքի զգալի աճը պայմանավորված է եղել մի քանի գործոններով՝ 2010 թվականի սկզբնական ծրագրերից ի վեր գնաճով (+700 միլիոն դոլար), կորոնագրաֆի ավելացմամբ (+500 միլիոն դոլար), հիմնական գիտական ծրագրի իրականացման ծախսերով (+100 միլիոն դոլար), ինչպես նաև սկզբնապես նախատեսված 1,3 մետր տրամագծով հայելու փոխարեն ԱՄՆ զինված ուժերի տրամադրած 2,4 մետր տրամագծով հայելու օգտագործման հետ կապված ծախսերով (+300 միլիոն դոլար)[22]։
2020 թվականին, մինչև COVID-19 համավարակի սկսվելը, «Նենսի Գրեյս Ռոման» աստղադիտարանի ամբողջ կենսաշրջանի ծախսերը գնահատվել են 3,9 միլիարդ դոլար։ 2021 թվականի մարտին համավարակի ազդեցության հետևանքով աստղադիտարանի արժեքն ավելացել է ևս 400 միլիոն դոլարով[23]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «NASA Introduces New, Wider Set of Eyes on the Universe» (Press release). 2016-02-18. Արխիվացված է օրիգինալից 2016-02-22-ին. Վերցված է 2016-02-18-ին.
- ↑ «NASA Telescope Named For 'Mother of Hubble' Nancy Grace Roman» (անգլերեն). NASA.gov. 2020-05-20. Արխիվացված օրիգինալից 2020-05-20-ին. Վերցված է 2020-08-12-ին.
- ↑ «The Nancy Grace Roman Space Telescope has launched». The Planetary Society (անգլերեն). Վերցված է 2026-08-30-ին.
- ↑ Cartier, Kimberly M. S. (2026-08-30). «Roman Telescope Begins Quest to Reveal Evolving Universe». Eos (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-08-30-ին.
- ↑ Warren, Haygen (2026-08-29). «NASA, SpaceX successfully launch the Nancy Grace Roman Space Telescope from Florida». NASASpaceFlight.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-08-30-ին.
- ↑ «В США предлагают пустить $2 млрд на поиски экзопланет и темной энергии». РИА Новости. 2010-08-16. Արխիվացված օրիգինալից 2019-09-03-ին. Վերցված է 2019-09-03-ին.
- ↑ «В США предлагают пустить $2 млрд на поиски экзопланет и темной энергии». РИА Новости. 2010-08-16. Արխիվացված օրիգինալից 2019-09-03-ին. Վերցված է 2019-09-03-ին.
- ↑ «США запустят космическую обсерваторию WFIRST в середине 20-х годов». РИА Новости. 2016-02-19. Արխիվացված օրիգինալից 2019-09-03-ին. Վերցված է 2019-09-03-ին.
- ↑ «NASA защитило эскизный проект телескопа WFIRST». N+1. 2019-09-03. Արխիվացված օրիգինալից 2019-09-03-ին. Վերցված է 2019-09-03-ին.
- ↑ «Telescope for NASA's WFIRST Mission Advances to New Phase of Development». NASA. 2019-08-28. Արխիվացված օրիգինալից 2020-11-07-ին. Վերցված է 2019-09-03-ին.
- ↑ «WFIRST Space Telescope Fitted for 'Starglasses'». Jet Propulsion Laboratory. 2019-09-24. Արխիվացված է օրիգինալից 2019-09-25-ին. Վերցված է 2019-09-25-ին.
- ↑ «NASA защитило проект коронографа телескопа WFIRST». N+1. 2019-09-25. Արխիվացված օրիգինալից 2019-09-25-ին. Վերցված է 2019-09-25-ին.
- ↑ «Инженеры NASA завершили работу над защитой для телескопа WFIRST». ТАСС. 2019-09-25. Արխիվացված օրիգինալից 2019-09-25-ին. Վերցված է 2019-09-25-ին.
- ↑ «Optics». science.nasa.gov (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2024-04-23-ին. Վերցված է 2024-04-12-ին.
- ↑ «NASA приступило к сборке коронографа телескопа «Роман»». N+1. 2021-05-07. Արխիվացված օրիգինալից 2021-05-07-ին. Վերցված է 2021-05-07-ին.
- ↑ «Nancy Grace Roman Space Telescope». Twitter. 2021-05-06. Արխիվացված օրիգինալից 2021-05-07-ին. Վերցված է 2021-05-07-ին.
- ↑ «NASA завершило проектирование телескопа «Роман»». N+1. 2021-09-30. Արխիվացված օրիգինալից 2021-10-01-ին. Վերցված է 2021-10-01-ին.
- ↑ «NASA Confirms Roman Mission's Flight Design in Milestone Review». NASA. 2021-09-29. Արխիվացված օրիգինալից 2021-10-01-ին. Վերցված է 2021-10-01-ին.
- ↑ «Roman Science Operations Center Newsletter №1 (March 2025)». Արխիվացված օրիգինալից 2025-03-21-ին. Վերցված է 2025-03-21-ին.
- ↑ «Trump Trying to Cancel NASA's Successor to the James Webb Space Telescope, Even Though It's Already Built». Արխիվացված օրիգինալից 2025-04-28-ին. Վերցված է 2025-05-04-ին.
- ↑ «NASA Awards Launch Services Contract for Roman Space Telescope». NASA (անգլերեն). 2022-07-19. Արխիվացված օրիգինալից 2022-08-07-ին. Վերցված է 2022-08-07-ին.
- ↑ «The Wide Field Infrared Survey Telescope: 100 Hubbles for the 2020s». Arxiv.org. 2019-02-14. Արխիվացված օրիգինալից 2019-04-28-ին. Վերցված է 2019-09-06-ին.
- ↑ «Pandemic causes delay and cost increase for NASA's Roman Space Telescope». Space News. 2021-09-30.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Nancy Grace Roman Space TelescopeԱրխիվացված 2021-04-05 Wayback Machine, NASA
- Wide-Field InfraRed Survey Telescope (WFIRST) Mission and Synergies with LISA and LIGO-VirgoԱրխիվացված 2018-09-30 Wayback Machine, 2014
- Телескоп Nancy Grace Roman раскроет тайны ВселеннойԱրխիվացված 2021-05-28 Wayback Machine
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նենսի Գրեյս Ռոման (աստղադիտակ)» հոդվածին։ |
| ||||||