Նեյթհոտեպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեյթհոտեպ
Ծնվել է՝անհայտ[1]
Մահացել է՝մ.թ.ա. 31-րդ դար[1]
Naqada
ԵրկիրՀին Եգիպտոս
ՏոհմFirst Dynasty of Egypt?
քաղաքական գործիչ
ԵրեխաներHor-Aha? և Benerib?
Նեյթհոտեպը հիերոգլիֆներում
R24
R4

Նեյթհոտեպ
Նեյթը ողորմած է

Նեյթհոտեպ (անգլ.՝ Neithhotep) կամ Նեյթ-հոտեպ, հին եգիպտական թագուհի, որն ապրել ու իշխել է առաջին արքայատոհմի գահակալության տարիներին և որոշ ժամանակ համարվել է տղամարդ ղեկավար։ Նրա արտասովոր մեծ մաստաբան և մի քանի կնիքների վրա հայտնաբերված նրա անունը ներառող թագավորական սերեխը եգիպտագետներին և պատմիչներին հանգեցրել էին այն սխալ համոզմունքին, թե նա կարող էր դեռևս անհայտ փարավոն լինել[2]։

Վաղ եգիպտական գրվածքների վերծանման զարգացմանը զուգահեռ գիտնականները հասկացել են, որ Նեյթհոտեպն իրականում յուրահատուկ կարգավիճակ ունեցող կին է եղել և հետագայում համարվել է միասնական Եգիպտոսի առաջին փարավոն Նարմերի կինն ու Հոր-Ահայի մայրը[2]։ Ավելի ուշ շրջանի հայտնագործությունները հուշել են, որ հնարավոր է Նեյթհոտեպը եղած լինի Հոր-Ահայի կինն ու հաջորդ փարավոն Ջերի մայրն ու համառեգենտը։ Հնագիտական վկայությունները նաև փաստել են, որ հնարավոր է նա իշխած լինի որպես փարավոն իր իրավունքով՝ որպես այդպիսին դառնալով պատմության մեջ հայտնի առաջին կին միապետը[3]։

Ինքնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյթհոտեպի անունը կապված է հին եգիպտական պատերազմի և որսի աստվածուհի Նեյթի հետ և նշանակում է «Նեյթը ողորմած է»։ Սա ավանդույթ է եղել, որը հատկապես կիրառվել է առաջին արքայատոհմի գահակալության ընթացքում․ շատ թագուհիներ (ինչպիսին է մեկ այլ կին-փարավոն ու Նեյթհոտեպի ազգական Մեռնեյթ/Մերիթնեյթը) և արքայադուստրեր (ինչպիսիք են Ահա-Նեյթը, Հեր-Նեյթը, Նախթ-Նեյթը և Քա-Նեյթը) նույնպես ունեցել են այդ աստվածուհու հետ կապված անուններ[4]։

Տիտղոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասի կնիք թագուհի Նեյթհոտեպի անունով, Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարան

Որպես թագուհի Նեյթհոտեպը կրել է մի քանի էլիտար և բարեպաշտ տիտղոսներ[5]՝

  • Կանանցից ամենաառաջինը (արաբ․՝ Khenty wat‎‎)
  • Երկու տիկնանց ընկերակից (արաբ․՝ Semat Nebty‎‎)

Հնարավոր է, որ Նեյթհոտեպն ունեցած լինի այլ արքայական տիտղոսներ, սակայն դրանք դեռևս բացահայտված չեն։ Նրա կառավարման ժամանակահատվածի թագավորների ու թագուհիների տիտղոսները դեռևս հայտնի չեն, քանի որ հիերոգլիֆների զարգացման այդ վաղ շրջանում եգիպտացիները հավանաբար չեն իմացել, ինչպես գրել որոշ տիտղոսներ։ Հնարավոր է նաև, որ թագուհիների արքայատոհմային դերերի հավատամքն այնպիսին չի եղել, ինչպիսին Մերիթնեյթի ժամանակներում[2][6]։

Վավերացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյթհոտեպի անունը հայտնաբերվել է Հելուանում, Աբիդոսում և Նեգադայում, կավե կնիքների, փղոսկրյա պիտակների ու քարե ամանների արձանագրությունների վրա։ Իրերի մեծ մասը գտնվել է նրա դամբարանում և Ահայի ու Ջերի դամբարաններում։ Կավե մի քանի կնիքների վրա Նեյթհոտեպի անունը վերցված է կրկնակի սերեխի մեջ, իսկ միաձուլված սերեխների միջև գտնվում է Նեյթի աստվածային անունը[4][5]։ Մեկ անսովոր կնիքի վրա անունը նշված է որպես Նեթեպյու[7]։

Նոր բացահայտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյթհոտեպի անվան բացահայտման նոր վայր է հանդիսացել Սինայի թերակղզին, որտեղ ժայռափորագրություններից մի քանիսը թվագրվում են փարավոններ Իրի-Հորի, Նարմերի, Ջերի ու Ռանեբի գահակալության տարիներով։ Ջեր փարավոնի մի փորագրություն իր ձախ կողմում պատկերում է արքայական տոնական նավակների երթ, աջ կողմում՝ Ջերի անունով արքայական սերեխ, որի վրա կանգնած Հորոս-բազեն բռնել է պատերազմական մական և ծեծում է ծնկի եկած թշնամուն։ Նեյթհոտեպի անունը գրված է ձախ կողմում՝ անկյունագծով, սերեխի վերևում[3]։

Պատմական գնահատականներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մաստաբայի հայտնագործումից հետո Նեյթհոտեպը համարվել է տղամարդ ղեկավար․ նրա արտասովոր մեծ մաստաբան և մի քանի կնիքների վրա հայտնաբերված անունը ներառող թագավորական սերեխը եգիպտագետներին և պատմիչներին հանգեցրել էին այն սխալ համոզմունքին, թե նա կարող էր դեռևս անհայտ փարավոն լինել։ Այնուամենայնիվ, երբ զարգացել է վաղ եգիպտական գրվածքների վերծանումը, գիտնականները հասկացել են, որ Նեյթհոտեպն իրականում արտասովոր կարգավիճակ ունեցող կին ազնվական է եղել։ Դա հասկանալով՝ գիտնականները նրան դիտարկել են որպես Նարմեր փարավոնի կին ու Հոր-Ահայի մայր[2]։ Այս տեսակետը հիմնված է եղել նրա դամբարանում հայտնաբերված Նարմերի ու Ահայի սերեխները պատկերող կավե կնիքների վրա[4]։

Նեյթհոտեպի անունը հայտնաբերվել է մի քանի կավե կնիքների վրա, սերեխի մեջ․ այդպես պատկերվել են հիմնականում տղամարդ ղեկավարները միայն։ Բացի այդ, նրա դամբարանն արտասովոր չափսերի է և ունի իր սեփական պաշտամունքային հատվածը․ նման դեպք ահյտնի է միայն թագուհի Մերիթնեյթի հետ կապված[4]։ Եվ երրորդ, Սինայի թերակղզու փորագրությունները, որոնք բացահայտել են, որ Նեյթհոտեպը կազմակերպել է արշավանք Վադիով՝ փորձելով հանքաքար արդյունահանել ու անասնակեր հայթայթել։ Սակայն այսպիսի գործողության համար արքայական իշխանություն էր անհրաժեշտ, որը պարզապես թագուհի-կոնսորտը չէր կարող ունենալ, բացառությամբ այն դեպքի, երբ ինքն է իրականում հանդիսացել անկախ, ամբողջովին լիազորված ղեկավար[8]։

Նեյթհոտեպ թագուհու դեպքը զարմանալի նմանություններ ունի թագուհի Մերիթնեյթի հետ, որն արքայական պարտականությունները կատարել է իր դեռևս անչափահաս որդու՝ Դենի փոխարեն։ Այս ենթադրությունը եգիպտագետներին հանգեցրել է այն մտքին, որ հավանաբար Նեյթհոտեպն զբաղեցրել է փարավոնի պաշտոնն իր մանկահասակ որդու փոխարեն՝ որպես փոխարինող փարավոն․ մի բան, որն ինչպես այժմ է հայտնի, լայնորեն տարածված է եղել վաղ եգիպտական ժամանակներում։ Վաղ ժամանակներում արքայատոհմերը հիմնադրվել են արքայական ծագմամբ մայրերի կողմից, ոչ թե հորից որդուն ժառանգելով[5][9]։

Որոշ գիտնականններ նույնիսկ Նեյթհոտեպին նույնացնում են չարագուշակ Թետի փարավոնի հետ, որն ընդգրկված է Ռամեսսայդ թագավորի ցուցակներում ու որի մասին անուղղակիորեն նշված է հանրահայտ Պալերմոյի արձանագրության մեջ։ Պալերմոյի արձանագրության մեջ փարավոններ Ահայի ու Ջերի գահակալության արանքում առկա է միջթագավորության շրջան․ առաջին այունակում նշված են «մահվան կրկնակի տարեթվեր», որոնց միջև անհամապատասխանությունը կազմում է մեկ տարի, մեկ ամիս և տասնհինգ օր։ Այսպիսի կարճ ժամանակահատվածը «իրական» փարավոնի համար չափազանց կարճ կլիներ, հետևաբար այն ավելի համապատասխանում է իսկական փարավոնին փոխարինած որևէ մեկի, որն ինչպես այժմ ապացուցվել է, թագուհի Նեյթհոտեպն է եղել։ Այսպիսով, Պալերմոյի արձանագրության չարագուշակ գրանցումը իրոք, կարող է հղում լինել Նեյթհոթեպ թագուհու միջանկյալ գահակալմանը։ Սա կարող է նաև բացատրել, թե ինչու առաջին արքայատոհմի ոչ մի ժամանակակից արտեֆակտ չի նշում Թետի թագավորական անունը, այլ ուրիշ անուններ՝ Իթեթջ ու Իթա[8][10]։

Նեյթհոտեպ թագուհուն Թետի I-ին հավասարեցնելը միանշանակ չի ընդունվել։ Եգիպտգետներ Վերներ Կայզերն ու Վալտեր Էմերին ուշադրություն են հրավիրել Նարմերից մինչև Դեն բոլոր թագավորների անուններով մի քանի կավե կնիքների բեկորների վրա։ Այսպիսի կնիքներ հայտնաբերվել են Դեն փարավոնի և Մերիթնեյթ թագուհու դամբարաններում և դրանք բոլորն իրենց ցուցակներն սկսում են Նարմերի անվամբ, որը Նեյթհոտեպի ամուսինն էր։ Կայզերն ու Էմերին սա համարում են ապացույց այն բանի, որ Նարմերը, ոչ թե Հոր-Ահան է եղել առաջին արքայատոհմի հիմնադիրը։ Բացի այդ, Կայզերը մատնանշում է կնիքի բեկորներ, որոնց վրա Մենջ անունը նշված է Նարմերի սերեխի կողքին։ Այսպիսով, գոնե նույն կերպ հնարավոր է, որ Նարմերը նույն Մենեսը եղած լինի, որն էլ իր հերթին կնշանակի, որ «Թետի» գրված քարտուշային անունը պատկանում է Հոր-Ահային, ոչ թե թագուհի Նեյթհոտեպին[10]։

Դամբարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Նեյթհոտեպին վերագրվող մաստաբա, որը ենթադրաբար կառուցվել է Հոր-Ահայի կողմից

Նեյթհոտեպի դամբարանը հայտնաբերվել է 1897 թվականին ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Նեգադայում։ Հնագետն ընդամենը 15 օր է պեղել կառույցը։ Դամբարանը կրկին ուսումնասիրվել է 1898 թվականին գերմանացի հնագետ Լյուդվիգ Բորխարդտի կողմից։ 1904 թվականին Ջոն Գարստանգը վերապեղել է դամբարանն ու հայտնաբերել նախորդ պեղումներից մնացած հարյուրավոր առարկաներ, որոնցից մոտավորապես երկու հարյուրն այժմ գտնվում են Լիվերպուլի համալսարանին պատկանող Գարստանգի թանգարանում։

Այդ վերնաշենքը բաղկացած էր ցեխից ստացված աղյուսներից պատրաստված մի հսկայական մաստաբայից, որի արտաքին պատերը խորշեր ունեին․ այժմ ամբողջովին ավերված է ժամանակա-պայմանային էրոզիայի պատճառով։ Հսկայական չափսերի պաճառով համարվել է փարավոն Մենեսի դամբարանը[2]։ Դամբարանի վայրի ընտրությունը կարող է ենթադրել, որ Նեյթհոտեպը կապեր է ունեցել Նեգադայի իշխող շրջանակներում, այլ ոչ թե սերել է Ստորին Եգիպտոսից, ինչպես ավանդաբար ենթադրվել է առանց որևէ ապացույցի։ Մի ժամանակ այն կարծիքն է եղել, թե Նեյթհոտեպն ամուսնացել է Նարմերի հետ՝ փորձելով նպաստել վերջինիս կողմից Եգիպտոսի միավորմանը[4][5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://pantheon.world/profile/person/Neithhotep
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Toby A. H. Wilkinson: Early Dynastic Egypt - Strategy, Security and Society. Routledge, London 1999, 0-415-26011-6, p. 5,p.26 & 174.
  3. 3,0 3,1 Owen Jarus: Name of queen Neith-hotep found at Wadj Ameyra. In: Live Science, 19. January 2016 (online). (Englisch)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Toby A. H. Wilkinson: Early Dynastic Egypt - Strategy, Security and Society. Routledge, London 1999, 0-415-26011-6, p. 70 & 291.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Joyce A. Tyldesley: Chronicle of the Queens of Egypt: From Early Dynastic Times to the Death of Cleopatra. Thames & Hudson, 2006, 0500051453, p. 26-28.
  6. Ludwig David Morenz: Bild-Buchstaben und symbolische Zeichen: die Herausbildung der Schrift in der hohen Kultur Altägyptens (Orbis biblicus et orientalis, vol. 205). Vandenhoeck & Ruprecht, Fribourg/Göttingen 2004, 3525530625, p. 79.
  7. Walter Bryan Emery: Ägypten – Geschichte und Kultur der Frühzeit. Fourier, Wiesbaden 1964, 0-415-18633-1, p. 28.
  8. 8,0 8,1 Joachim Willeitner: Die erste Frau auf dem Pharaonenthron. In: Spektrum der Wissenschaft, 16. March 2016 (online). (German)
  9. Silke Roth: Die Königsmütter des Alten Ägypten von der Frühzeit bis zum Ende der 12. Dynastie. Harrassowitz, Wiesbaden 2001, 3-447-04368-7, p. 31-33.
  10. 10,0 10,1 Werner Kaiser: Zum Siegel mit frühen Königsnamen von Umm el-Qaab. In: Mitteilungen des Deutschen Archäologischen Instituts, Abteilung Kairo (MDAIK), vol. 43. von Zabern, Mainz 1987, p. 115-121.