Նաֆպակտոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Նաֆպակտոս
Դրոշ Զինանշան
Flag of Nafpaktia.svg
Emblem of the Municipality of Nafpaktia.svg
Nafpaktos old port.JPG
ԵրկիրՀունաստան Հունաստան
Կարգավիճակքաղաք
Մտնում էNafpaktia Municipality?
Բնակչություն13 415 մարդ (2011)
Սահմանակցում էPyllini?
Ժամային գոտիUTC+2 և UTC+03:00
Հեռախոսային կոդ26340
Փոստային ինդեքսներ30300
Կոորդինատներ: 38°23′30.000000101199″ հս․ լ. 21°49′39.000000100002″ ավ. ե. / 38.39166666669477479° հս․. լ. 21.82750000002777924° ավ. ե. / 38.39166666669477479; 21.82750000002777924
nafpaktos.gr

Նավպակտ կամ Նաֆպակտոս[1] (հուն․՝ Ναύπακτος[2]), քաղաք Հունաստանում, որը գտնվում է Կորնթոսյան ծովածոցի հյուսիսային ափին՝ ծովածոցի ելանցքից ոչ հեռու, Ռիո-Անտիրիո կամրջի մոտ: Քաղաքը տեղակայված է Արևմտյան Հունաստան պերիֆերիայի վարչական կենտրոնից՝ Պատրասից, 15 կմ հյուս-արևելք և Աթենքից 215 կմ արևմուտք: Համայնքի վարչական կենտրոնը՝ Նաֆպակտիան, մտնում է Արևմտյան Հունաստանի պերիֆերիայի կազմի մեջ գտնվող Էտոլիա և Ակարնանիա ծայրամասային միավորիների կազմի մեջ։ Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմում է 13415 մարդ[2]։ Երկրորդ խոշորագույն քաղաքն է ծայրամասային միավորների մեջ: Մակերեսը կազմում է 16725 կմ²[3]:

Քաղաքի անվանումը առաջացել է երկու հունարեն բառերի միավորումից՝ «նաֆս» (ναῦς)՝ նավ և «պիգնումի» (πήγνυμι)՝ «կառուցել», այսինքն՝ քաղաքի անունը կարելի է թարգմանել որպես տեղ, որտեղ կառուցում են նավեր:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգիոս Անեմոյաննիսի հուշարձանը բաստիոնի վրա՝ Նաֆպակտի նավահանգստի մուտքի մոտ: Հուշարձանի շարքում է նաև Լեպանտոյի ծովամարտի մասնակից Սերվանտեսը

Հունական առասպելի մեջ Նավպակտը եղել է վայր, որտեղ հերակլիդները շինել են իրենց նավատորմը, որ տեղափոխվեն Պելոպոնես: Պատմական ժամանակներում պատկանել է Լոկրիդա Օզոլսկայա մարզին: Մ.թ.ա․ 455 թվականին՝ Փոքր պելոպոնեսյան պատերազմի ժամանակ, Նավպակտում բնակություն են հաստատել Սպարտայի դեմ ապստամբած հելոտները, որոնք Մեսինայից էին: Պելոպոնեսյան պատերազմի ժամանակ, դառնալով Աթենքի դաշնակից, Նավպակտը հենակետային կարևոր դեր է խաղացել աթենացիների համար: Մ.թ.ա․ 429 թվականին քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել Նավպակտի ծովային ճակատամարտը, որը կարևոր դեր է խաղացել պատերազմի սկզբում: Պելոպոնեսյան պատերազմում Աթենքի պարտությունից հետո մեսինացիները աքսորվել են և քաղաքն անցել է լոկրերին: Այնուհետև քաղաքին տիրել են Ախեյայի բնակիչները, որոնցից քաղաքը խլել է թեբեացի զորահրամանատար Էպամինոնդը[4]: Մանտինեայի ճակատամարում Էպամինոնդի մահից և Թեբեի թուլացումից հետո ախեյացիները կրկին տիրել են քաղաքին:

Մ․թ․ա․ 340-ական թվականներին Մակեդոնիան ուժեղանում է և Փիլիպ II-ը նվաճում է Ֆոկիդան և մակեդոնական կայազոր է մտցնում Նավպակտ: Հետագա պատմական տվյալները հակասական են։ Ստրաբոնը գրում է, որ Նավպակտը, որը հանդիսացել է ախեյացիների տիրույթը, Փիլիպի կողմից տրվել է էտոլիացիներին։ Ի տարբերություն Ստրաբոնի՝ Թեոպոմպոսը ստիպում է Ֆիլիպի մեջ տեսնել Նավպակտի համար մղված մարտրում ախեյացիների դաշնակցի․ այստեղ ասվում է, որ Ֆիլիպի՝ քաղաքը գրավելուց հետո կամ ախեյացիներն են ոչնչացրել Նաֆպակտի ամբողջ կայազորը, կամ դա նրանց որոշմամբ արել է մակեդոնական թագավորը։ Այստեղից էլ ժամանակակից ուսումնասիրողների տարաբնույթ դատողությունները: Հեղինակների մեծամասնությունը, որ կարծում է, թե Ֆեոպոմպի ֆրագմենտում սխալ կա, հակված է մտածել (ավանդական տեսանկյունից), որ Նավպակտը, այնուամենայնիվ, մակեդոնական թագավորի կողմից տրվել է էտոլացիներին: Սակայն Է. Բոսվորտը այս առումով արտահայտել է մեկ այլ տեսակետ. պետք է վստահել Թեոպոմպոսին․ Ֆիլիպը չի կատարել իր խոստումը և Նավպակտը չի տվել էտոլիացիներին, և այդ ժամանակ նրանք են վերցել քաղաքը (մ.թ.ա 338/37 թվական, ձմեռ): Արդյունքում եղել է պատժիչ արշավանք, որը ոչնչացրել է էտոլիական կայազորը և Նավպակտը վերադարձրել ախեյացիներին (մ.թ.ա 337 թվական, գարուն): Էտոլիական միությունը այդ ժամանակ լուծարվել է: Նմանատիպ տեսակետը վերջերս քննադատության է արժանացել Ս. Կ. Սիզովի կողմից, որը, փաստորեն, հանգել է Նավպակտի ճակատագրի վերաբերյալ ավանդական տեսակետին[5]:

Մակեդոնիայի թուլացման հետևանքով մ.թ.ա․ 3-րդ դարում քաղաքը մտնում է Էտոլիական միության կազմի մեջ: Մ.թ.ա․ 191 թվականին հռոմեացիները էտոլիացիներին պաշարում են քաղաքում, ստիպում նրանց հանձնվել և քաղաքը մտցնում են Լոկրիդայի կազմի մեջ: Մ.թ.ա․ 2-րդ դարի վերջին քաղաքը մտնում է հռոմեական Ախայա նահանգի կազմի մեջ: Հուստինիանոս I կասրի կառավարման օրոք մ.թ. 553 թվականին երկրաշարժից քաղաքն ամբողջովին ավերվել է և կրկին վերաշինվել: Քաղաքը եղել է եկեղեցական կենտրոն, Նավպակտում է գտնվել միտրոպոլիտի աթոռանիստը: Նավպակտը մտնում էր բյուզանդական Նիկոպոլիս թեմի կազմի մեջ և Արևմտյան Հունաստանում առևտրական և կրոնական խոշոր կենտրոն էր:

Վենետիկյան ամրոց Նավպակտում

Միջին դարերում քաղաքը կոչվել է Լեպանտո: Խաչակրաց չորրորդ արշավանքից հետո՝ 1205 թվականին, քաղաքը մտել է Էպիրոսի հունական բռնապետության կազմի մեջ: Էպիրոսի բռնապետության քայքայումից հետո կարճ ժամանակով (1358-1374) քաղաքը մտել է Անգելոկաստրոնի և Լեպանտոյի բռնապետության կազմի մեջ, որտեղ եղել է երկու մայրաքաղաքներից մեկը: 1374 թվականին քաղաքը մտել է Արտայի բռնապետության կազմի մեջ, իսկ 1401 թվականին նվաճվում է Վենետիկի կողմից: Վենետիկցիները ամրացնում են քաղաքը և բլրի գագաթին կառուցում Կաստրոյի ամրոցը, որը 1477 թվականին կարողացավ դիմանալ Օսմանյան կայսրության քառամսյա պաշարմանը (ամրոցի պատերը և աշտարակները պահպանվել են մինչ օրս): Բայց 1499 թվականին, այնուամենայնիվ, քաղաքը նվաճվել է թուրքերի կողմից և դարձել Օսմանյան կայսրության մի մասը: 1571 թվականին աշխարհի պատմության ամենամեծ ծովային ծովամարտերից մեկը՝ Լեպանտոյի ծովամարտը, տեղի է ունեցել քաղաքի մոտ: Մի քանի տարի առաջ ծովային բաստոնի մուտքի մոտ գտնվող նավահանգստում կանգնեցվել է Սերվանտեսի հուշարձանը, որը եղել է ճակատամրտի մասնակից և 3 վերք ստացել և արդյունքում կորցրել է ձեռքը:

Հուշատաղտակ Նավպակտում՝ նվիրված Լեպանտոյի ծովամարտին

1674 թվականին վենետիկցիները հաջողությամբ կարողանում են հետ վերադարձնել Լեպանտոնը, բայց 1699 թվականի Կարլովիցի հաշտության պայմանագրով այն փոխանակում են Մորեայի հետ:

Նավպակտը եղել է Հունաստանի անկախության պատերազմի կենտրոններից մեկը: Այստեղ իր տանջալից մահն է կնքել Հունական հեղափոխության հերոս և հունական նավատորմի առաջին հրկիզանավորդներից մեկը՝ Գեորգիոս Անեմոյանիսը: 1829 թվականից քաղաքը մտնում է Հունաստանի անկախ հանրապետության կազմի մեջ:

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Բնակչություն, մարդ
1991 11191[6]
2001 13254[6]
2011 13415[2]
Նավահանգստի համայնապատկերը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Греция. Справочная карта. Масштаб 1: / Главный редактор Я. А. Топчиян. — М.: Роскартография, 2001. — (Страны мира. Европа). — 2000 экз.
  2. 2,0 2,1 2,2 Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός (греч.) (недоступная ссылка). Ελληνική Στατιστική Αρχή (2011). Дата обращения 4 июня 2017. Архивировано 25 декабря 2013 года.
  3. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 340. — ISSN 1106-5761.
  4. «Навпакт на Антиковедении» 
  5. Холод М. М. Тень Херонейского льва: утверждение македонского господства в Греции в 338 г. до н. э. // Проблемы античной истории : Сборник научных статей к 70-летию со дня рождения проф. Э. Д. Фролова / Под редакцией д-ра ист. наук А. Ю. Дворниченко. — СПб.: СПбГУ, 2003. — С. 185—218. — ISBN 5-288-03180-0.
  6. 6,0 6,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ Արխիվացված է օրիգինալից 2006-07-16-ին։ Վերցված է 2017-06-22